ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/1944/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ/1944/05/08 2008 թ.
Նախագահող դատավոր` Ք. Մկոյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Ե. Խունդկարյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի դեկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 04.07.2008 թվականի վճռի դեմ` ըստ Ռուբեն Գինոսյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` պետական մարմնի ակտը մասնակի վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ռուբեն Գինոսյանը պահանջել է վերացնել Քաղաքապետարանի 11.02.2008 թվականի թիվ 02/18-Գ-358 գրության երկրորդ պարբերության «սակայն 62-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն չի կարող փոխանցվել սեփականության իրավունքով» մասը:
Վարչական դատարանի 04.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ռուբեն Գինոսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Դատարանը սխալ է մեկնաբանել «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ կառավարության 24.09.2001 թվականի թիվ 896 որոշմամբ հաստատված «Ոչ հիմնական շինությունների տեղադրման կարգի» 2-րդ կետը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.
Դատարանն անտեսել է, որ 22,3 քմ մակերեսով հողամասը ծանրաբեռնված է ոչ թե կառույցով, այլ դրա վրա տեղակայված է սեփականության իրավունքով Ռուբեն Գինոսյանին պատկանող 19,11 քմ մակերեսով մետաղական կրպակ:
Ավելին, 26.11.2005 թվականին ուժի մեջ մտած «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բովանդակությունից հետևում է, որ սեփականության իրավունքով ենթակա են փոխանցման այն հողամասերը, որոնք զբաղեցված են հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար նախատեսված և սահմանված կարգով կառուցված շենքերով, շինություններով: Վերը նշվածից երևում է, որ օտարման ենթակա են միայն կառուցված հիմնական շենքերով ու շինություններով ծանրաբեռնված հողերը, մինչդեռ սույն գործով վեճի առարկա հողամասը զբաղեցված է ոչ թե կառուցված հիմնական շինությամբ, այլ ոչ հիմնական շինություն համարվող, սպասարկման համար տեղադրված մետաղական կրպակով:
Բացի այդ, ՀՀ կառավարության 24.09.2001 թվականի թիվ 896 որոշմամբ հաստատված «Ոչ հիմնական շինությունների տեղադրման կարգի» 2-րդ կետի համաձայն` Ռուբեն Գինոսյանի կրպակը համարվում է ոչ թե կառուցված, այլ տեղադրված ոչ հիմնական շինություն, հետևաբար դրանով զբաղեցված շինությունը ենթակա չէ սեփականության իրավունքով փոխանցման:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 04.07.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Ռուբեն Գինոսյանի վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.
Բողոք բերողը արհեստականորեն նեղացրել է «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հասկացությունների շրջանակը, քանի որ վկայակոչված նորմում բառացի և տառացի խոսքը գնում է շինության մասին, առանց տարբերակելու հիմնականը և ոչ հիմնականը:
Բացի այդ, կրպակը հողի մեջ ունի հիմքեր, պահանջում է թաց շինարարական պրոցեսներ` հողին ամրակցված է բետոնացման միջոցով, չի կարող անջատվել առանց եռակցման միջոցով կտրման և մետաղի ջարդոնի վերածման, անջատման դեպքում կդադարի կրպակ լինելուց:
Ավելին, ոչ հիմնական շինություն լինելու դեպքում կրպակի նկատմամբ սեփականության իրավունքը 2004 թվականին չէր կարող որպես անշարժ գույք գրանցվել կադաստրում:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Ռուբեն Գինոսյանին 13.12.2004 թվականին տրված սեփականության իրավունքի վկայականի համաձայն` Ռուբեն Գինոսյանը Երևանի Ավան-Առինջ թաղամասի 3/2 շենքի մոտ գտնվող 19,11 քմ մակերեսով կրպակի սեփականատերն է: Վարձակալության հանձնված 22,3 քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, օգտագործման նպատակը` կրպակի կառուցման և սպասարկման, իսկ 19,11 քմ մակերեսով շենքի նպատակային նշանակությունը` հասարակական, օգտագործման նպատակը` կրպակ (գ. թ. 11):
2. Երևանի քաղաքապետի տեղակալ Կ. Դավթյանի 11.02.2008 թվականի թիվ 02/18-Գ-358 գրության համաձայն` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 13.12.2004 թվականի թիվ 1286611 վկայականի վարձակալությամբ տրամադրված 22,3 քմ մակերեսով հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, սակայն 62-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն չի կարող փոխանցվել սեփականության իրավունքով (գ. թ. 15):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
«ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 04.10.2005 թվականի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերից օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած իրավաբանական և ֆիզիկական անձանց, ներառյալ` օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով ձեռք բերված (բացառությամբ օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի)` սույն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում են հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար նախատեսված և սահմանված կարգով կառուցված, այդ թվում` կիսակառույց շենքերով, շինություններով զբաղեցված հողամասերը` անկախ շենքերի, շինությունների ավարտվածության աստիճանից:
i
ՀՀ հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` կառուցապատված հողամասերի փոխանցումը սեփականության իրավունքով իրականացվում է քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան` նախատեսվող նպատակային նշանակության հաշվառմամբ: Հողամասի ընթացիկ օգտագործումը նախատեսվածին չհամապատասխանելու դեպքում մասնավորեցում չի կատարվում:
Սույն գործի փաստերի համաձայն` վեճի առարկա հողամասը Ռուբեն Գինոսյանի սեփականության իրավունքով փոխանցումը մերժվել է ՀՀ հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 11-րդ կետի հիմքով: Գործի քննության ընթացքում Քաղաքապետարանը մերժումը հիմնավորել է այն հանգամանքով, որ սույն գործով շինության` կրպակի օգտագործումը չի համապատասխանում հողամասի նպատակային նշանակությանը:
Մինչդեռ վճռաբեկ բողոքը բերվել է այն հիմքով, որ վեճի առարկա հողամասը զբաղեցված է ոչ թե կառուցված հիմնական շինությամբ, այլ ոչ հիմնական շինություն համարվող, սպասարկման համար տեղադրված մետաղական կրպակով, որը սույն գործով քննության առարկա չի դարձվել:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքում բարձրացված հարցադրումները Վարչական դատարանում գործի քննության ժամանակ չեն բարձրացվել, քանի որ դրանք չեն հանդիսացել սույն գործով վեճի առարկա հողամասը Ռուբեն Գինոսյանին սեփականության իրավունքով փոխանցելը մերժելու հիմք, վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը քննության առարկա չի դարձնում:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վարչական դատարանի 04.07.2008 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Ե. Խունդկարյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան