Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 31.07.1997 ԹՎԱԿԱՆԻ Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 31.07.1997 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 314 ՈՐՈՇՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի վճիռ              Վարչական գործ թիվ ՎԴ/0470/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/0470/05/08                             2008 թ.

Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 22.05.2008 թվականի վճռի և 26.06.2008 թվականի լրացուցիչ վճռի դեմ` ըստ հայցի «Կայարանշին» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն)` Ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության Սպանդարյանի բաժնի 28.11.2007 թվականի թիվ 1109800 ակտը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է վերացնել Ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության Սպանդարյանի բաժնի 28.11.2007 թվականի թիվ 1109800 ակտը:

Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 22.05.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Լրացուցիչ դիմումով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է կայացնել լրացուցիչ վճիռ Ընկերության ներկայացուցչին վճարված 240.000 ՀՀ դրամը Հայաստանի Հանրապետությունից բռնագանձելու մասին:

Դատարանի 26.06.2008 թվականի լրացուցիչ վճռով դիմումը բավարարվել է մասնակիորեն` 200.000 ՀՀ դրամի չափով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը չի կիրառել ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման)» կարգի (այսուհետ` Կարգ) 5-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը, որը պետք է կիրառեր և սխալ է մեկնաբանել նույն Կարգի 2-րդ մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն Ընկերության կողմից շինհրապարակ տեղափոխված մեխը, ամրանը և բետոնը, ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշման 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, համարել է գրանցման ոչ ենթակա, քանի որ դրանք ոչ թե ապրանք կամ պատրաստի արտադրանք են, այլ հումք, նյութ:

Նշված դրույթի կիրառման համար անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայությունը` գույքը պատրաստի ապրանք կամ պատրաստի արտադրանք չհանդիսանալը և այն ներտնտեսական (նույն հասցեի տարածքում) տեղափոխումը: Մինչդեռ Դատարանն Ընկերության կողմից որպես ապրանք ձեռք բերած և պահեստ մուտք եղած մեխը, բետոնը և ամրանը դիտել է որպես հումք` հաշվի առնելով Ընկերության ձեռնարկատիրական գործունեության բնույթը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 22.05.2008 թվականի վճիռը և 26.06.2008 թվականի լրացուցիչ վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ծառայության պետի 12.11.2007 թվականի թիվ 1109800 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում իրականացվել է ստուգում:

2) 28.11.2007 թվականի թիվ 1109800 ստուգման ակտով Ընկերությանն առաջադրվել է 6.348.300 ՀՀ դրամի հարկային պարտավորություն` տեղափոխվող ապրանքները սահմանված կարգով չգրանցելու համար: Ակտով սահմանվել է, որ Ընկերությունը 2007 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ապրանքային պահեստից շինարարական հրապարակ է տեղափոխել 12.696.600 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ապրանքներ` դրանք չգրանցելով առաքվող-տեղափոխվող ապրանքների գրանցման գրքում: Ավելին, Ընկերությունը չի ունեցել Ծառայության կողմից հաստատված գրանցման գիրք:

3) Ընկերության և «Սրետենկա-Կոնսուլ» ՍՊԸ-ի միջև 28.03.2008 թվականին կնքվել է փաստաբանական ծառայություն մատուցելու պայմանագիր, որի գինը կազմել է 240.000 ՀՀ դրամ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշմամբ հաստատված Կարգի 5-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն` տնտեսվարող սուբյեկտների կողմից առաքումների գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են իրենց կողմից առաքվող կամ իրենց մոտից տեղափոխվող ամբողջ արտադրանքը և ապրանքները, բացառությամբ նույն կարգի 2-րդ կետի 2-րդ մասում նշվածների:

Առաքվող ապրանքը ներառում է իրացման համար չնախատեսված ապրանքների (պատրաստի արտադրանքի) տրամադրումը (հատկացումը, բացթողումը, այլ ձևով օտարումը, այդ թվում` անհատույց):

Տեղափոխվող ապրանքը ներառում է տնտեսական տեղաշարժի ենթարկվող (պատրաստի արտադրանքի` պահեստից կամ այլ վայրերից ֆիրմային խանութ, պահեստից վաճառքի կետ կամ այլ վայր (պահեստ և այլն) տեղափոխվող) ապրանքը (պատրաստի արտադրանքը), ինչպես նաև մաքսատուն կամ մաքսային կետ տեղափոխվող կամ ի պահ հանձնվող ապրանքը:

Նույն որոշման 2-րդ կետի համաձայն` առաքումների գրանցման գրքում չի գրանցվում պատրաստի արտադրանք կամ ապրանք չհանդիսացող գույքի ներտնտեսական (նույն հասցեի տարածքում) տեղափոխումը, խողովակաշարերով, էլեկտրահաղորդման, էլեկտրակապի գծերով արտադրանքի առաքումը, տարածման նպատակով մամուլի տեղափոխումը, վերանորոգման և համանման այլ ծառայությունների մատուցման ու աշխատանքների կատարման ժամանակ պահեստամասերի կամ երաշխիքային ժամկետ ունեցող տեխնիկայի տեղափոխումը, տնտեսվարող սուբյեկտների հիմնական միջոցների, փոքրարժեք և արագամաշ առարկաների, բլանկների ու ձևաթղթերի տեղափոխումը:

Վերոնշյալից հետևում է, որ Կարգի 2-րդ մասի կիրառման համար անհրաժեշտ է երկու վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Դրանք են` գույքի պատրաստի արտադրանք կամ ապրանք չհանդիսանալը և դրա ներտնտեսական (նույն հասցեի տարածքում) տեղափոխումը:

Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերությունը շինարարական կազմակերպություն է, որն իրականացրել է ոչ պատրաստի արտադրանք ապրանքի (հումքի) ներտնտեսական տեղափոխություն: Հետևաբար` Ընկերության կողմից պահեստից նույն հասցեում գտնվող շինհրապարակ տեղափոխվող ամրանը, մեխը և բետոնը պատրաստի ապրանք չէ, ուստի այն ենթակա չէ գրանցման առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցման գրքում:

Մինչդեռ սույն գործով Դատարանը չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձրել ապրանքը նույն հասցեով տեղափոխված լինելու հանգամանքը, որը համապատասխան գրանցման գրքում գրանցում չկատարելու համար պարտադիր վավերապայման է:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Դատարանի վճիռը և լրացուցիչ վճիռը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 22.05.2008 թվականի վճիռը և 26.06.2008 թվականի լրացուցիչ վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Ե. Խունդկարյան

Վ. Աբելյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2008
N ՎԴ/0470/05/08
Որոշում