ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 3-20 (ՏԴ)
Քաղաքացիական գործ թիվ Տ2-71 2008 թ.
Նախագահող դատավոր` Վ. Ասլանյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ս. ՕՀԱՆՅԱՆԻ
2008 թվականի փետրվարի 1-ին,
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 08.08.2007 վճռի դեմ` ըստ ՀՀ գլխավոր դատախազության հայցի ընդդեմ «Վանաձորի ոչ ալկոհոլային խմիչքների և գարեջրի գործարան» ՓԲ ընկերության (այսուհետ` Ընկերություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 9.560.900 ՀՀ դրամը:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Տնտեսական դատարան) 08.08.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Տնտեսական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված դատաքննությանը մասնակից դարձվելու անձի իրավունքը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սույն գործով որպես ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ լիազորված էր մասնակցելու Լոռու մարզի դատախազի տեղակալը, սակայն վերջինս պատշաճ կարգով չի ծանուցվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, որի պատճառով զրկվել է իր պահանջների հիմքում ընկած հանգամանքները դատարանում ապացուցելու հնարավորությունից: Փաստորեն, Տնտեսական դատարանը գործը քննել է հայցվորի ներկայացուցչի բացակայությամբ:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 08.08.2007 թվականի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Սույն գործի դատաքննությանը որպես ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ լիազորված էր մասնակցելու Լոռու մարզի դատախազի տեղակալը (գ.թ. 4):
2) 20.04.2007 թվականի (գ.թ. 78) և 31.05.2007 թվականի (գ.թ. 80) դատական նիստի և ժամանակի մասին Տնտեսական դատարանը ծանուցել է Լոռու մարզի դատախազությանը:
3) 25.07.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Լոռու մարզի դատախազի տեղակալին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ: Տնտեսական դատարանը գործը քննել է նրա բացակայությամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը նշված հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, իսկ 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Սույն գործի դատաքննությանը որպես ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ լիազորված էր մասնակցելու Լոռու մարզի դատախազի տեղակալը (գ.թ. 4): 20.04.2007 թվականի (գ.թ. 78) և 31.05.2007 թվականի (գ.թ. 80) դատական նիստի և ժամանակի մասին Տնտեսական դատարանը ծանուցել է Լոռու մարզի դատախազությանը: 25.07.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Լոռու մարզի դատախազի տեղակալին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ: 25.07.2007 թվականին (գ.թ. 84) նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցումն ուղարկվել է ոչ թե Լոռու մարզի դատախազության, այլ ՀՀ Գլխավոր դատախազության հասցեով: Մինչդեռ, գործում առկա արձանագրության համաձայն Տնտեսական դատարանը որոշել էր «գործի քննությունը հետաձգել և նշանակել 25.07.2007 թվականին ժամը 11-ին, որի մասին պատշաճ ծանուցել կողմերին» (գ.թ. 92):
i
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ սահմանադրության 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը, այնուամենայնիվ Տնտեսական դատարանը գործը քննել է որպես ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ լիազորված Լոռու մարզի դատախազի տեղակալի բացակայությամբ:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում:
Տնտեսական դատարանում գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն Տնտեսական դատարանի վճիռը բեկանելու համար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 08.08.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ Հյուսիսային քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Դատավորներ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ս. ՕՀԱՆՅԱՆ