ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 3-37 (ՏԴ)
Քաղաքացիական գործ թիվ Տ-2777 2008 թ.
Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի փետրվարի 29-ին
դռնբաց դատական նիստում` քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 06.12.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Քրիդենս Սիսթեմզ Արմենիա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Ծառայության` Ծառայության եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչության 04.07.2007 թվականի թիվ 1700450 ուսումնասիրության արձանագրությունը մասնակի անվավեր ճանաչելու և Ծառայության գանգատարկման հանձնաժողովի 24.08.2007 թվականի թիվ 175/1 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը խնդրել է մասնակիորեն անվավեր ճանաչել Ծառայության եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչության կողմից 04.07.2007 թվականին կազմված թիվ 1700450 ուսումնասիրության արձանագրությունը և անվավեր ճանաչել Ծառայության գանգատարկման հանձնաժողովի 24.08.2007 թվականի թիվ 175/1 որոշումը:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Դատարան) 06.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`
Դատարանը չի կիրառել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, 20-րդ հոդվածի գ) կետը, 43.1 հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ կառավարության 25.08.1998 թվականի թիվ 525 որոշման 3-րդ կետը, ՀՀ պետական եկամուտների նախարարի 02.05.2004 թվականի թիվ 02/577 հրամանի 16.1 կետը, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերողը վերոնշյալը հիմնավորում է հետևյալ փաստարկներով.
Ծառայության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ընկերությանը մատակարարված ծառայությունների դիմաց դուրս գրված որոշ հաշիվ-ապրանքագրերում իրավաբանական հասցեի փոխարեն նշված է գործունեության հասցեն, այսինքն` դրանք լրացվել են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի պահանջների խախտմամբ:
Ընկերության կողմից 3.584.000 ՀՀ դրամ դեբետացված ավելացված արժեքի հարկի գումարի վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվել, հետևաբար այն որպես գերավճար ենթակա չէ հաշվանցման:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանը.
Ընկերության կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում Ընկերության իրավաբանական հասցեի փոխարեն գործունեության հասցեի գրառումն անհնարին չի դարձնում գործարքի կողմերի, էության կամ գործարքի դիմաց վճարման ենթակա հատուցման գումարի որոշումը, որը պահանջում է ՀՀ կառավարության 02.12.2004 թվականի թիվ 1923 որոշումը: Վերոնշյալ գործարքների վերաբերյալ կողմերի միջև առկա են ՀՀ կառավարության 25.08.1998 թվականի թիվ 525 որոշման պահանջներին համապատասխան կազմված գրավոր պայմանագրեր:
ՀՀ ՊԵՆ նախարարի 02.05.2002 թվականի թիվ 02/577 հրամանի 10.2 հոդվածի համաձայն` ևս պարտադիր պայման է հանդիսանում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի գ) կետով նախատեսված պահանջը, սակայն նույն հրամանի 16.1 հոդվածը հստակ սահմանում է, որ հաշվարկային փաստաթղթերում օրենքով սահմանված տվյալներից մեկի կամ մի քանիսի (բացառությամբ առանձին տողով նշված ավելացված արժեքի հարկի գումարի) բացակայությունը հիմք չէ դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը որպես հարկային հաշիվ չդիտարկելու համար:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
1) Ծառայության պետի 20.06.2007 թվականի թիվ 1700450 հանձնարարագրի համաձայն` Ծառայության աշխատակիցների կողմից Ընկերությունում կատարվել է 01.01.2003 թվականից մինչև 31.01.2007 թվականն ընկած ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկի գծով առաջացած դեբետային մնացորդի (գերավճարի) ուսումնասիրություն:
2) ՈՒսումնասիրության արդյունքում 04.07.2007 թվականին կազմվել է թիվ 1700450 ուսումնասիրության արձանագրությունը, որի համաձայն` ուսումնասիրվող ժամանակաշրջանում ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած դիմումով պահանջված ավելացված արժեքի գերավճարի 65.848.500 ՀՀ դրամ գումարից ենթակա է սահմանված կարգով հաշվանցման 34.576.800 ՀՀ դրամ, ուսումնասիրությամբ չի հաստատվել 31.271.700 ՀՀ դրամը:
3) Ընկերությանը մատակարարված ծառայությունների դիմաց դուրս գրված որոշ հաշիվ-ապրանքագրերում իրավաբանական հասցեի փոխարեն նշված է գործունեության հասցեն:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման դեպքում ԱԱՀ վճարողների մոտ դրանց հետ կապված ձեռք բերված ապրանքների և մատուցված ծառայությունների գծով մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման) սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
Նույն օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` ավելացված արժեքի հարկ վճարողներն ավելացված արժեքի հարկով ապրանքներ մատակարարելու և ծառայություններ մատուցելու դեպքում պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվներ: Հարկային հաշիվ է համարվում ապրանքների մատակարարումը կամ ծառայությունների մատուցումը հաստատող սահմանված կարգի հաշվարկային փաստաթուղթը` լրացված սույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն:
Սույն քաղաքացիական գործով Ընկերությունում կատարված ուսումնասիրության արձանագրությունը կազմելու ժամանակ գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` հարկային հաշվի մեջ պարտադիր նշվում են հետևյալ տվյալները և վավերապայմանները` ապրանք առաքող կամ ծառայություն մատուցող անձի անվանումը և իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը և ազգանունը, բնակության վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը, ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը` ՀՀ կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանված լինելու դեպքում, ապրանքներ կամ ծառայություններ ստացող անձի անվանումը կամ իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը և ազգանունը, բնակության վայրը, ապրանքների անվանումը և քանակը, կամ ծառայությունների տեսակը և ծավալը, ապրանքների գինը և ընդհանուր արժեքը կամ մատուցվող ծառայությունների սակագինը և հատուցման ընդհանուր գումարը, հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:
i
ՀՀ կառավարության 25.08.1998 թվականի թիվ 525 որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետի համաձայն` հաշվարկային փաստաթուղթը հարկ վճարողի իրականացրած գործարքը հաստատող` հարկման հիմք հանդիսացող (ծախսերը հիմնավորող) հաշվարկային փաստաթուղթ է:
Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հարկային հաշիվը հաշվարկային փաստաթուղթ է, որը պետք է բավարար տեղեկություններ պարունակի պարզելու համար գործարքի էությունը (ապրանքների անվանացանկն ու քանակը կամ ծառայության տեսակն ու ծավալը), գործարքի կողմերը, ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառությունը:
Սույն քաղաքացիական գործով Ծառայության աշխատակիցների կողմից հաշվանցում կատարելը մերժելու հիմք է հանդիսացել հարկային հաշիվներում իրավաբանական հասցեի փոխարեն գործունեության հասցեն նշված լինելը:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության ներկայացրած հարկային հաշիվներում իրավաբանական հասցեի փոխարեն գործունեության հասցեն նշելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ գործարքի կողմերին, ինչպես նաև նրանց միջև կնքված գործարքի էությունը պարզելու համար, հետևաբար հաշվանցում իրականացնելիս չի կարող հիմք հանդիսանալ այդ փաստաթղթերը հարկային հաշիվ չդիտարկելու համար:
Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում նաև ՀՀ կառավարության 25.08.1998 թվականի թիվ 525 որոշմամբ սահմանված կարգի 3-րդ կետը, համաձայն որի` նույն կարգի 2-րդ կետի բ), գ), դ), ե) ենթակետերի որոշ վավերապայմաններ (այդ թվում` ակտիվներ վաճառող (տրամադրող) կամ ծառայություն մատուցող և ստացող իրավաբանական անձի, իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության լրիվ անվանումը) հաշվարկային փաստաթղթերում արտացոլված չլինելու դեպքում այդ ենթակետերի պահանջները համարվում են բավարարված, եթե առկա է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կողմերի միջև կնքված գրավոր պայմանագիր, որում արտացոլված են այդ վավերապայմանները, իսկ հաշվարկային փաստաթղթերում առկա է հատուցման ենթակա ընդհանուր գումարը, գործարքն իրականացրած հարկ վճարողների լիազորված անձանց պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունն ու ստորագրությունը և կատարված է հղում պայմանագրի ամսաթվին:
Սույն քաղաքացիական գործով առկա են ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված փաստաթղթերը: Մասնավորապես, գործում առկա են համապատասխան պայմանագրերը, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթեր, որոնցում արտացոլված են ավելացված արժեքի հարկի հաշվանցման համար անհրաժեշտ տվյալները:
Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ տնտեսական դատարանի 06.12.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան