Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 93-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ Արմավիրի մարզի առաջին              Քաղաքացիական գործ թիվ 3-1453 (Ա)

    ատյանի դատարանի վճիռ                                         2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 2-2036/2006 թ.

Նախագահող դատավոր` Ա. Ադամյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ս. Գյուրջյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կարինե Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 22.11.2006 թվականի վճռի դեմ` ըստ Հեղինե Գրիգորյանի, Էդիկ և Նունե Նիկողոսյանների հայցի ընդդեմ Կարապետ և Հասմիկ Նիկողոսյանների, Կարինե Սարգսյանի և Արմավիրի նոտարական տարածքի նոտարի` գործարքն անվավեր ճանաչելու և իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Հեղինե Գրիգորյանը, Էդիկ և Նունե Նիկողոսյանները պահանջել են անվավեր ճանաչել Կարինե Սարգսյանի հետ 28.02.2006 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև պայմանագրի հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 22.11.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Սարգսյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հայցադիմումը և կից փաստաթղթերը պատշաճ ձևով չի ուղարկել պատասխանողին: Դատարանը քայլեր չի ձեռնարկել հայտնաբերելու պատասխանողի բնակության վայրը: Մասնավորապես, հայցվորներին հայտնի էր Կարինե Սարգսյանի ՌԴ Մոսկվա քաղաքի հասցեն, հետևաբար, Դատարանը հնարավորություն ուներ կատարելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի պահանջը:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածը, «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, պատասխանողների ծխի անդամ հանդիսանալն ապացուցված համարելով, վճռի հիմքում դրել է Էդիկ Նիկողոսյանի` Դատարանում արված հայտարարությունը, հաշվի չառնելով, որ վերջինս հանդիսանում է գործի ելքով շահագրգիռ անձ:

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Էդիկ Նիկողոսյանը չի հանդիսացել պատասխանողներ Կարապետ և Հասմիկ Նիկողոսյանների ծխի անդամ, այդ պատճառով էլ չի մասնակցել վիճելի տան և տնամերձի սեփականաշնորհմանը:

3) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ գույքի նախկին սեփականատերերն Էդիկ Նիկողոսյանի և նրա անչափահաս զավակների հետ նոտարական կարգով վավերացված որևէ պայմանագիր չի կնքել` բնակելի տարածության օգտագործման իրավունք տրամադրելու վերաբերյալ, հետևաբար, նրանց մոտ չէր կարող առաջանալ բնակելի տարածության օգտագործման իրավունք:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 22.11.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`

22.11.2006 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Կարինե Սարգսյանին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ: Դատարանը գործը քննել է վերջինիս բացակայությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից անձի ողջամիտ ժամկետում գործի հրապարակային քննության իրավունքը:

i

Ի ապահովումն նշված նորմերի իրացվելիության` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ դատարանի պարտականությունը պատասխանողին պատշաճ ձևով ուղարկել հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) քաղաքացիական իրավունքների և պարտականությունների առնչությամբ ծագած վեճերով արդար դատաքննության իրավունքի ապահովման տեսանկյունից իր նախադեպային իրավունքում առանձնացնում և պարզաբանում է այդ իրավունքի կարևոր բաղադրիչների` կողմերի հավասարության և մրցակցային դատավարության պահանջների էությունը: Այսպես, Եվրոպական դատարանը (Ռաֆիներիս Գրեկ Ստրան է Ստրատիս Անդրեադիսը ընդդեմ Հունաստանի, 09.12.1994) գործով նշել է, որ դատական քննության ընթացքում կողմերի հավասարությունը նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմի պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը (ներառյալ` ապացույցները) այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ:

Եվրոպական դատարանն իր պրակտիկայում արձանագրել է նաև, որ Կոնվենցիան կոչված է ապահովելու ոչ թե իրավունքի տեսական առկայությունը, այլ դրա պրակտիկ կիրառությունը և արդյունավետությունը (Իմբրիոսիան ընդդեմ Շվեյցարիայի, գործ N 13972/88, 24.11.1993 թվական):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասը, Կարինե Սարգսյանին զրկել է դատարանում իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունից: Արդյունքում խախտվել է անձի` Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված «հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը» (արդար դատաքննության իրավունք):

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ և երրորդ հիմքերին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի դատավարական իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք չեն կարող քննարկվել Վճռաբեկ դատարանի կողմից:

Վերը շարադրված պատճառաբանությունների հիման վրա` Վճռաբեկ դատարանը բողոքի առաջին հիմքը հիմնավոր է համարում և դիտում է որպես բավարար հիմք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 22.11.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

Ս. Սարգսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.10.2007
N 3-1453 (Ա)
Որոշում