04.05.2024 -
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2002 թվականի ապրիլի 16-ին
ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու իրավական հիմքերը, դոնորի, ռեցիպիենտի և բժշկական հաստատությունների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կարգավորում է փոխպատվաստման հետ կապված հարաբերությունները:
Սույն օրենքի դրույթները չեն տարածվում մարդու վերարտադրողականության գործընթացի հետ առնչվող օրգանների, դրանց մասերի ու հյուսվածքների (ձվաբջիջ, ձվարաններ, ամորձիներ, սերմնահեղուկ, էմբրիոններ), արյան և դրա բաղադրամասերի վրա:
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
փոխպատվաստում` բացակայող կամ ախտաբանական գործընթացի հետևանքով վնասված հյուսվածքների կամ օրգանների փոխարինումը սեփական կամ այլ օրգանիզմից վերցված հյուսվածքներով կամ օրգաններով.
հյուսվածք` ծագման, կառուցվածքի և ֆունկցիաների միասնությամբ միավորված, կազմավորված բջիջների և արտաբջջային նյութի ընդհանրություն.
օրգան` տարբեր հյուսվածքներից բաղկացած (որոնցից մեկը գլխավորն է` առաջատարը) և որոշակի ձև ունեցող մարմնի մաս, որը տարբերվում է իր հստակ կառուցվածքով, օրգանիզմում զբաղեցրած որոշակի տեղով և կենսագործունեությամբ.
ուղեղի մահ` գլխուղեղի կենսագործունեության լրիվ և անդառնալի դադարում, որը գրանցվում է աշխատող սրտի և թոքերի արհեստական օդափոխության պայմաններում. ↩
մարդու օրգանների և (կամ) հյուսվածքների կենդանի դոնոր` փոխպատվաստման նպատակով իր օրգանները և (կամ) հյուսվածքները սույն օրենքով սահմանված կարգով կամովին տրամադրող ֆիզիկական անձ.
մարդու օրգանների և (կամ) հյուսվածքների դիակային դոնոր` մարդու դիակ, որից վերցվել են օրգաններ և (կամ) հյուսվածքներ ուղեղային մահվան` առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) սահմանած կարգով մահվան փաստի հաստատումից հետո, ինչպես նաև կենսաբանական մահից հետո. ↩
ռեցիպիենտ` ֆիզիկական անձ, որին բուժական նպատակով պետք է փոխպատվաստվեն օրգաններ և (կամ) հյուսվածքներ.
փոխպատվաստման օրգաններ` կենդանի կամ դիակային դոնորի այն օրգանները, հյուսվածքները կամ դրանց մասերը, որոնք կարող են օգտագործվել փոխպատվաստման նպատակով.
կենսաբանական մահ` օրգանիզմի բոլոր հյուսվածքներում և բջիջներում կենսաբանական և ֆիզիոլոգիական գործունեության լրիվ և անդառնալի դադարում:
(1-ին հոդ. փոփ. 11.04.24 ՀՕ-144-Ն օրենք)
i
Հոդված 2. |
Փոխպատվաստման պայմանները |
Կենդանի դոնորից կամ դիակից փոխպատվաստում կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ բժշկական այլ միջոցառումները չեն կարող երաշխավորել հիվանդի կյանքի փրկությունը և առողջության վերականգնումը:
Կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները և հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելն արգելվում է:
Սույն օրենքի իմաստով` շահույթ է համարվում անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը:
(2-րդ հոդ. փոփ. 19.03.09 ՀՕ-66-Ն, 21.03.18 ՀՕ-159-Ն օրենքներ)
i
Հոդված 2.1. |
Օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր |
Օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրը ապահովում է սույն ոլորտում տեղեկատվական միասնական համակարգը, որտեղ գրանցվում են հետևյալ տեղեկությունները.
ա) օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման դեպքերը.
բ) օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների վերաբերյալ տեղեկատվությունը.
գ) տեղեկատվություն այն անձանց վերաբերյալ, որոնք կենդանության օրոք հրաժարվել են հանդես գալ որպես դոնոր:
Օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
Օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրում գրանցված տեղեկությունները համարվում են բժշկական գաղտնիք և կարող են տրամադրվել փոխպատվաստման օրգաններ և հյուսվածքներ վերցնող և դրանց մշակմամբ ու փոխպատվաստմամբ զբաղվող լիցենզավորված բժշկական հաստատություններին և սույն օրենքով նախատեսված դեպքերում:
(2.1-ին հոդ. լրաց. 19.03.09 ՀՕ-66-Ն, 21.03.18 ՀՕ-159-Ն օրենքներ)
i
Հոդված 3. |
Փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկը |
i
Կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկը սահմանում է լիազոր մարմինը: ↩
Կենդանի դոնորից փոխպատվաստման նպատակով կարող է վերցվել միայն զույգ օրգաններից մեկը, կենտ օրգանի մասը կամ հյուսվածքը, որոնց բացակայությունը չի կարող առաջացնել դոնորի կյանքի համար վտանգ ներկայացնող փոփոխություններ:
Մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների ցանկերը սահմանում է լիազոր մարմինը:
(3-րդ հոդ. փոփ. 03.10.11 ՀՕ-256-Ն, 21.03.18 ՀՕ-159-Ն, 11.04.24 ՀՕ-144-Ն օրենքներ)
i
Հոդված 4. |
Փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնող, մշակող և փոխպատվաստում իրականացնող բժշկական հաստատությունները |
Փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելն ու մշակելը, ինչպես նաև փոխպատվաստելը թույլատրվում է միայն համապատասխան լիցենզավորված բժշկական հաստատություններում:
i
Փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու, պահպանելու և տեղափոխելու կանոնները, ինչպես նաև փոխպատվաստումն իրականացնելու կարգը սահմանում է լիազոր մարմինը: ↩
(4-րդ հոդ. փոփ. 21.03.18 ՀՕ-159-Ն, 11.04.24 ՀՕ-144-Ն օրենքներ)
i
Հոդված 5. |
Փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացությունը |
Փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն տալու կարգը սահմանում է լիազոր մարմինը:
(5-րդ հոդ. փոփ. 21.03.18 ՀՕ-159-Ն օրենք)
Հոդված 6. |
Ռեցիպիենտի համաձայնությունը փոխպատվաստման համար |
Փոխպատվաստումն իրականացվում է ռեցիպիենտի գրավոր համաձայնությամբ, ինչպես նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բժշկական միջամտության համար համաձայնություն տալու կարգավորումների համաձայն: ↩
Վիրահատությանը նախորդող 15-օրյա ժամկետում ռեցիպիենտը գրավոր նախազգուշացվում է սպասվելիք վիրահատական միջամտության հետ կապված հնարավոր բարդությունների մասին:
(3-րդ մասն ուժը կորցրել է 04.05.2024 թվականից` 11.04.24 ՀՕ-144-Ն օրենք) ↩ ↩
Առանց ռեցիպիենտի, նրա ծնողների կամ նրա շահերի օրինական ներկայացուցչի համաձայնության ռեցիպիենտին փոխպատվաստումը կարող է կատարվել, երբ փոխպատվաստման հետաձգումն սպառնում է ռեցիպիենտի կյանքին: ↩
(6-րդ հոդվածը փոփ. 07.02.24 ՀՕ-57-Ն, 11.04.24 ՀՕ-144-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 2.
ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻՑ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼԸ
i
Հոդված 7. |
Դիակային դոնորից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու համաձայնության նախապայմանը |
ԻՐՏԵԿ |
7-րդ հոդվածն այն մասով, որով առնչվում է Հայաստանում չիրականացվող փոխպատվաստման հանգամանքներում դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելուն, 14.09.2010 թվականից ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասին և 14-րդ հոդվածին հակասող և անվավեր` 14.09.10 ՍԴՈ-913: |
Փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ներկայացրել է իր անհամաձայնությունը մահից հետո հանդես գալու` որպես օրգանների և հյուսվածքների դոնոր: ↩
Օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրում նրա` որպես դիակային դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնության բացակայության դեպքում փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ կարող են վերցվել նրա հարազատների (ազգականների) համաձայնությամբ հետևյալ առաջնահերթությամբ. ↩
ա) ամուսինը,
բ) չափահաս երեխան,
գ) ծնողներից մեկը,
դ) հարազատ եղբայրը կամ քույրը,
ե) հայրական կամ մայրական կողմի պապը կամ տատը:
Միևնույն առաջնահերթությամբ մի քանի հարազատների առկայության դեպքում բավարար են նրանցից մեկի տեղեկացվածությունը և համաձայնությունը:
Յուրաքանչյուր ոք մահից հետո դոնոր հանդես գալու իր գրավոր անհամաձայնությունը լիազոր մարմնի հաստատած կարգով ներկայացնում է իր ընտանեկան բժշկին կամ տեղամասային թերապևտին, որը գրանցվում է նրա բժշկական փաստաթղթերում և մուտքագրվում էլեկտրոնային առողջապահության համակարգ: ↩
Անձի դիակային դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնության վերաբերյալ տեղեկությունը ընտանեկան բժիշկը կամ տեղամասային թերապևտը լիազոր մարմնի հաստատած կարգով փոխանցում է օրգանների ու հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր: ↩
Փոխպատվաստման նպատակով մինչև 18 տարեկան երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի դիակից օրգաններ և հյուսվածքներ կարող են վերցվել միայն նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ:
Լիազոր մարմնի սահմանած կարգով բնակչության շրջանում իրականացվում է տեղեկատվության տրամադրում օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման նշանակության, դոնորության նախապայմանների և փոխպատվաստմանն առնչվող այլ հարցերի շուրջ, ինչպես նաև որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի, դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնություն տալու իրավունքի վերաբերյալ:
(7-րդ հոդ. փոփ. 19.03.06 ՀՕ-66-Ն, 11.04.24 ՀՕ-144-Ն օրենքներ)
i
Հոդված 8. |
Մահվան փաստի հաստատումը |
Փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ կարող են վերցվել մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը հաստատելուց հետո: Ուղեղային մահվան փաստը հաստատում է բժշկական հանձնաժողովը, որի կազմն ու գործունեության կարգը սահմանում է լիազոր մարմինը: Բժշկական հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել փոխպատվաստում իրականացնող բժիշկները և փոխպատվաստման աշխատանքների հետ կապված այլ անձինք: ↩
(8-րդ հոդ. փոփ. 11.04.24 ՀՕ-144-Ն օրենք)
i
Հոդված 9. |
Դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվությունը |
Դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգը և պայմանները սահմանում է լիազոր մարմինը:
Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջվում է դատաբժշկական փորձաքննության անցկացում, ապա թույլտվություն պետք է տրվի նաև դատաբժշկական փորձագետի կողմից:
(9-րդ հոդ. փոփ. 21.03.18 ՀՕ-159-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 3.
ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼԸ
i
Հոդված 10. |
Փոխպատվաստման նպատակով կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու պայմանները |
Ռեցիպիենտին փոխպատվաստելու նպատակով կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելը թույլատրվում է, եթե`
ա) վիրահատությանը նախորդող 15-օրյա ժամկետում դոնորը գրավոր նախազգուշացվում է սպասվելիք վիրահատական միջամտությամբ փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հետ կապված հնարավոր բարդությունների մասին.
բ) դոնորն իրենից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու համար կամովին և գիտակցաբար տվել է գրավոր համաձայնություն.
i
գ) դոնորը անցել է բազմակողմանի բժշկական հետազոտություն, և առկա է կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու եզրակացությունը նրանից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին: Եզրակացություն տալու կարգը սահմանում է լիազոր մարմինը:
Արգելվում է փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից:
Փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(10-րդ հոդ. փոփ. 21.03.18 ՀՕ-159-Ն օրենք)
i
Հոդված 11. |
Կենդանի դոնորների ընտրության շրջանակների սահմանափակումները |
Փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելը քաղաքացուց (կենդանի դոնորից) չի թույլատրվում, եթե`
ա) չի լրացել անձի 18 տարին (բացառությամբ ոսկրածուծի փոխպատվաստման դեպքի). ↩
բ) (կետն ուժը կորցրել է 04.05.2024 թվականից` 11.04.24 ՀՕ-144-Ն օրենք) ↩
գ) անձը հղի է. ↩
դ) անձը պատիժ է կրում ազատազրկման, բացառությամբ, եթե ռեցիպիենտն ազատազրկված անձի մերձավոր ազգականն է (ծնող, զավակ, ամուսին, քույր, եղբայր). ↩
ե) պատանդ է.
զ) (կետն ուժը կորցրել է 04.05.2024 թվականից` 11.04.24 ՀՕ-144-Ն օրենք) ↩
է) անձը օրենքով սահմանված կարգով ճանաչված է անգործունակ:
Օրգաններ վերցնելը չի թույլատրվում, եթե պարզվել է, որ դրանք պատկանում են անձի, որը տառապում է ռեցիպիենտի կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող հիվանդությամբ:
Կենդանի դոնորին օրգաններ տալու համաձայնությանը հարկադրող ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ազատազրկման վայրում գտնվող անձից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու պայմանները, ինչպես նաև օրգանը և (կամ) հյուսվածքը վերցնելուց հետո ազատազրկման վայրում գտնվող անձի բժշկական օգնության և խնամքի մատուցման պայմանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(11-րդ հոդ. փոփ. 19.03.09 ՀՕ-66-Ն, 03.10.11 ՀՕ-261-Ն, 07.02.24 ՀՕ-57-Ն, 11.04.24 ՀՕ-144-Ն օրենքներ)
Հոդված 12. |
Կենդանի դոնորի իրավունքները |
Օրգան և (կամ) հյուսվածք փոխպատվաստելու համար համաձայնություն տված դոնորն իրավունք ունի`
ա) բուժհաստատությունից պահանջել լիարժեք տեղեկատվություն սպասվելիք վիրահատական միջամտությամբ օրգան և (կամ) հյուսվածք վերցնելու հետևանքով ծագող հնարավոր բարդությունների մասին.
բ) վիրահատության հետ կապված բարդությունների դեպքում ստանալ անվճար համապատասխան բուժում, որի կազմակերպումն իրականացնում է այն բժշկական հաստատությունը, որտեղ կատարվել է վիրահատությունը:
գ) օրգանը կամ հյուսվածքը վերցնելուց հետո լիազոր մարմնի սահմանած կարգով գտնվելու շարունակական (դիսպանսերային) հսկողության մեջ:
(12-րդ հոդ. լրաց. 11.04.24 ՀՕ-144-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 3.1.
ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
(3.1-ին գլուխը լրաց. 21.03.18 ՀՕ-166-Ն օրենք)
Հոդված 12.1. |
Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու նկատմամբ պետական վերահսկողությունը |
Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
(12.1-րդ հոդ. լրաց. 21.03.18 ՀՕ-166-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 4.
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 13. |
Պատասխանատվությունը դոնորի և ռեցիպիենտի տվյալները հրապարակելու համար |
Դոնորին և ռեցիպիենտին վերաբերող տեղեկությունները բժշկական գաղտնիք են:
Բժիշկներին, բժշկական հաստատության այլ աշխատակիցներին արգելվում է դոնորի և (կամ) ռեցիպիենտի կամքին հակառակ վերջիններիս մասին տվյալներ հրապարակելը: Այդ տվյալները հրապարակող (տարածող) անձինք ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Դատարանին, դատախազությանը, նախաքննության մարմնին դոնորի և ռեցիպիենտի մասին տվյալներ, տեղեկանքներ և փաստաթղթեր են տրվում միայն նրանց կողմից քննվող քրեական վարույթի կամ քաղաքացիական գործի կապակցությամբ: ↩
(13-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-227-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)
Հոդված 14. |
Բժշկական հաստատության պատասխանատվությունը |
Եթե դոնորի կամ ռեցիպիենտի առողջությանը վնաս է հասցված օրգան և (կամ) հյուսվածք վերցնելու կամ փոխպատվաստման պայմանների ու կարգի խախտման պատճառով, ապա բժշկական հաստատությունը կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(14-րդ հոդ. փոփ. 21.03.18 ՀՕ-166-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 5.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 15. |
Միջազգային պայմանագրերի գործողությունը |
Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և սույն օրենքի նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
(15-րդ հոդ. փոփ. 21.03.18 ՀՕ-159-Ն օրենք)
Հոդված 15.1. |
Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում |
Սույն օրենքի պահանջները խախտելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
(15.1-ին հոդ. լրաց. 21.03.18 ՀՕ-159-Ն օրենք)
Հոդված 16. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հարյուր ութսուն օր հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
Երևան 11 մայիսի 2002 թ. ՀՕ-324
|