020.1251.190116
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
«ԲԵՐՄԱ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 95-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
19 հունվարի 2016թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմողի` «Բերմա» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Գ. Հակոբյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Հ. Սարդարյանի,
համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Բերմա» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը «Բերմա» ՓԲԸ-ի` 2015 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը /այսուհետ` ՀՀ ՎԴՕ/ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013թ. դեկտեմբերի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2013թ. դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 7-ին:
Ընդունման պահից ի վեր օրենսգիրքը փոփոխվել և լրացվել է չորս անգամ /ԱԺ 21.06.2014 ՀՕ-99-Ն, ԱԺ 21.06.2014 ՀՕ-89-Ն, ԱԺ 17.12.2014 ՀՕ-250-Ն, ԱԺ 18.05.2015 ՀՕ-66-Ն օրենքներով/, բայց 95-րդ հոդվածը մնացել է անփոփոխ:
ՀՀ ՎԴՕ` «Գործի վարույթը վերսկսելը» վերտառությամբ 95-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«1. Գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո»:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին:
2011թ. «Բերմա» ՓԲԸ-ում /այսուհետ` Ընկերություն/ հարկային մարմինների կողմից իրականացված ստուգման արդյունքում կազմվել է թիվ 1001329 ստուգման ակտը, որն Ընկերության կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական դատարանում (վարչական գործ ՎԴ/5803/05/12): Միևնույն ժամանակ, հարկային մարմինը վերը նշված ակտով սահմանված գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել վարչական դատարան (վարչական գործ ՎԴ3/0314/05/12): Այդ գործով հայցի ապահովման համար Ընկերության գույքի վրա արգելանք է դրվել: Վերջինիս վարույթը 06.12.2012թ. Ընկերության միջնորդության հիման վրա ՀՀ վարչական դատարանի կողմից կասեցվել է մինչև ՎԴ/5803/05/12 վարչական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
Ընկերությունը վճարել է ակտով առաջադրված ընդհանուր գումարը և մարել պարտավորությունն ամբողջությամբ, որի մասին Արտաշատի տարածքային հարկային տեսչության կողմից 22.05.2014թ. տրվել է համապատասխան տեղեկանք:
26.05.2014թ. Ընկերությունը միջնորդություն է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ՎԴ3/0314/05/12 գործի վարույթը վերսկսելու, հայցի ապահովման միջոցը վերացնելու և գործը կարճելու մասին: Ի պատասխան նշված միջնորդության` Ընկերությունն ստացել է ՆԴԴ-9/3-Ե-151/14 26.05.2014թ. գրությունն այն մասին, որ ՎԴ3/0314/05/12 գործը չի կարող վերսկսվել, քանի դեռ ՎԴ/5803/05/12 վարչական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ չի մտել, և որ հայցի ապահովման միջոցը վերացնելու և գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդություններին վարչական դատարանը կանդրադառնա գործի վարույթը վերսկսելուց հետո:
08.08.2014թ. Ընկերությունը կրկին միջնորդություն է ներկայացրել վարչական դատարանին ՎԴ3/0314/05/12 գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու համար, ի պատասխան որի` գրությամբ հայտնել են, որ միջնորդությանը կանդրադառնան ՎԴ3/0314/05/12 գործը վերսկսելուց հետո:
02.02.2015թ. Ընկերությունը նորից միջնորդել է ՎԴ3/0314/05/12 գործը վերսկսել: Վարչական դատարանի դատավորը 06.02.2015թ. գրությամբ կրկին տեղեկացրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո, իսկ դրանք 06.02.2015 թվականի դրությամբ դեռևս վերացված չեն:
Վարչական դատարանի նշված գրության դեմ 03.03.2015թ. Ընկերությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որի ընդունումը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.03.2015թ. որոշմամբ մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշման դեմ Ընկերության ներկայացրած վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժվել է ՀՀ վճռաբեկ դատարանի 15.04.2015թ. որոշմամբ:
ՎԴ/5803/05/12 վարչական գործի քննությունը ՀՀ վարչական դատարանում դեռևս չի ավարտվել:
3. Դիմողը գտնում է, որ ՀՀ ՎԴՕ 95-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների պահանջներին:
Դիմողը վկայակոչում է ՀՀ սահմանադրական դատարանի (ՍԴՈ-719, ՍԴՈ-922, ՍԴՈ-1074), ինչպես նաև ՄԻԵԴ-ի և ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներում արտահայտած դիրքորոշումները: Դիմողը, վերլուծելով ՍԴՈ-719 որոշումը, կատարել է հետևյալ եզրահանգումները` «կասեցված կամ ընդհատված վարույթների պարագայում ... Դատարանի կայացրած որոշումները կամ գործողությունները պետք է ունենան բողոքարկման հնարավորություն, ինչի պարագայում բողոքարկման ենթակա պետք է լինի գործը ողջամիտ ժամկետում չվերսկսելու կամ վերսկսելը մերժելու Դատարանի ակտերը կամ գործողությունները, ... մինչև այլ գործով վերջնական դատական ակտի կայացումը կասեցված գործի համատեքստում ենթադրում է, որ գործը պետք է վերսկսվի անկախ այլ գործով վերջնական դատական ակտի կայացումը, եթե գործի հանգամանքների բերումով գործի քննությունն արդեն հնարավոր է դարձել առանց այլ գործով դատական ակտի ակնկալումը, որովհետև կասեցված գործի և մյուս քննվող գործերի միջև պատճառական կապը վերանում է»:
Դիմողը վկայակոչում է ՀՀ վճռաբեկ դատարանի ԵԱՔԴ/0169/02/09 որոշումը, ըստ որի` գործի վարույթը կասեցնելու և մեկ այլ գործի միջև պետք է լինի պատճառական փոխկապակցվածություն, մինչդեռ նույն տրամաբանությունը չի դրված գործը վերսկսելու վերաբերյալ դատական պրակտիկայում:
Դիմողի կարծիքով` ՀՀ ՎԴՕ 95-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` գործի վերսկսման ընդհանուր կանոնը դատական պրակտիկայում ստացել է այնպիսի նեղ ձևական մեկնաբանություն և նորմատիվ իմաստ, որ «կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալ» եզրույթը նշանակում է գործը կասեցնող դատական ակտում նշված հանգամանքը, իսկ իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված գործի կասեցումն այլևս անիմաստ և ոչ անհրաժեշտ դարձնող այլ հանգամանքների պարագայում գործի վերսկսելը բացառվում է:
4. Ըստ պատասխանողի` ՀՀ ՎԴՕ-ն առանձնացնում է գործի վարույթը կասեցնելու պարտադիր և ֆակուլտատիվ հիմքեր: Անկախ հիմքերի պարտադիր կամ ոչ պարտադիր լինելուց, այդ հիմքերի և վարույթի միջև պետք է լինի փոխադարձ այնպիսի կապ, որն օբյեկտիվորեն անհնարին է դարձնում գործով արդարացի և լիարժեք որոշում կայացնելու հնարավորությունը:
Ինչ վերաբերում է գործի վարույթը կասեցնելու ժամկետին, ապա պատասխանողը գտնում է, որ այն որոշվում է այն հանգամանքների վերանալու պահով, որոնք արգելակում են վարույթի շարժը և դատարանը հնարավորություն չունի ի սկզբանե որոշելու վարույթի կասեցման ժամկետը:
Պատասխանողի կարծիքով` վարույթի կասեցման հիմքերը պետք է ուղղակի պատճառահետևանքային կապի մեջ լինեն դատարանի կողմից քննվող գործի հետ և կանխորոշիչ նշանակություն ունենան տվյալ գործի արդյունքների համար: Ավելին, վարույթի կասեցման ինստիտուտը հնարավորություն է տալիս խուսափել իրար հակասող դատական ակտերից, ինչը հետագայում նաև նշված դատական ակտերի բեկանման հիմք կարող է հանդիսանալ:
Պատասխանողը պնդում է, որ դիմողի իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորված չէ վիճարկվող նորմերի սահմանադրականությամբ և բացակայում է անմիջական պատճառահետևանքային կապը վիճարկվող նորմերի և դիմողի իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև:
5. ՀՀ սահմանադրական դատարանը նշում է, որ դիմումի մուտքագրման պահին գործել է 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով կատարված փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը և դիմողը վիճարկվող իրավադրույթը վիճահարույց է համարում Սահմանադրության այդ խմբագրությամբ 18 և 19-րդ հոդվածներին համապատասխանության տեսանկյունից:
2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված փոփոխություններով Սահմանադրության` «Սահմանադրության առանձին դրույթների ուժի մեջ մտնելը» վերտառությամբ 209-րդ հոդվածը նախատեսում է Սահմանադրության 1-3-րդ գլուխների ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում Սահմանադրության փոփոխությունները հրապարակվելու հաջորդ օրվանից, այսինքն` 2015 թվականի դեկտեմբերի 22-ից: Որոշումը կայացնելու և հրապարակելու պահին դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներին վերաբերող` ՀՀ Սահմանադրության հոդվածներն են համապատասխանաբար` 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերը:
6. ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` «Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել`
«... յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անհատական դիմում կարող է ներկայացվել ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որևէ օրենքի դրույթ, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, և որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը:
Սահմանադրական դատարանը 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված ՀՀ սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին որպես պարտադիր պայման համարվող պահանջներն ինքնանպատակ չեն: Դրանք կոչված են ապահովելու սահմանադրական արդարադատություն իրականացնելու սահմանադրական դատարանի պատշաճ և արդյունավետ գործառույթի իրականացումը` դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին:
7. Սույն դիմումի ուսումնասիրության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.
ա) ներկայացված դիմումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին,
բ) դիմողի իրավունքների հնարավոր խախտումները պայմանավորված չեն վեճի առարկա նորմի սահմանադրաիրավական բովանդակությամբ կամ դրանց տրված որևէ կոնկրետ մեկնաբանությամբ,
գ) դիմումով բարձրացված հարցը սահմանադրականության խնդիր չի բովանդակում, այլ առնչվում է օրենքի նորմի այնպիսի կիրառմանը, որը հանգեցրել է դատական հայեցողության սահմանների ոչ համարժեք ընկալմանը:
Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման` «... բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը` գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:
8. Սահմանադրական դատարանը միաժամանակ հարկ է համարում նշել, որ դիմողի կողմից վիճարկվող դրույթին համանման իրավակարգավորում է նախատեսված նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 260-րդ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածներով:
Բոլոր դեպքերում դատարանի իրավասությանն է վերապահված գնահատելու, թե արդյոք հնարավոր է տվյալ գործի քննությունը մինչև այլ` սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործով կամ հարցով որոշում կայացնելը: Սակայն գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքի վերանալու հարցը պարզելիս բոլոր ատյանների դատարաններն իրենց իրավասության շրջանակներում պարտավոր են ոչ միայն ստուգել սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշման կայացված կամ դեռևս չկայացված լինելը, այլ նաև այդ որոշման բացակայության պայմաններում գործի վարույթը վերսկսելու հնարավորության հարցը, ինչը կնպաստի անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և ողջամիտ ժամկետում գործի քննության սահմանադրական իրավունքների երաշխավորմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ կետերի, 60-րդ հոդվածի 1-ին կետի, 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. «Բերմա» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
19 հունվարի 2016 թվականի
ՍԴՈ-1251