Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՌԵՑԻԴԻՎԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քրեական                             ԿԴ1/0059/15/13        

դատարանի որոշում

Գործ թիվ ԿԴ1/0059/15/13

Նախագահող դատավոր` Մ. Արղամանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Օհանյանի   

                                              Հ. Ասատրյանի  

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

 

                   քարտուղարությամբ           Հ. Պետրոսյանի

 

    2014 թվականի հոկտեմբերի 31-ին             ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սամվել Գրիգորի Բալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի ապրիլի 1-ի որոշման դեմ դատախազ Ա. Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի (այսուհետ նաև` ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ) պետը որոշում է կայացրել դատապարտյալ Սամվել Բալյանի նկատմամբ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը (այսուհետ նաև` Համաներման ակտ) չկիրառելու վերաբերյալ:

2. 2013 թվականի դեկտեմբերի 20-ին դատապարտյալ Ս. Բալյանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի պետի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը և իր նկատմամբ կիրառել Համաներման ակտը:

Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ դատապարտյալ Ս. Բալյանի դիմումը մերժվել է:

3. Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ա. Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի փետրվարի 18-ի որոշումը:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի ապրիլի 1-ի որոշման դեմ դատախազ Ա. Հովհաննիսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հունիսի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. 2013 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի պետը կայացրել է որոշում` դատապարտյալ Ս. Բալյանի նկատմամբ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը չկիրառելու վերաբերյալ պատճառաբանելով, որ դատապարտյալ Ս. Բալյանը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել ծանր և երկու անգամ միջին ծանրության հանցագործությունների համար, որոնք մարված չեն, և դա հանդիսանում է առանձնապես վտանգավոր ռեցիդիվ, ուստի Համաներման ակտի 9-րդ կետի 5-րդ ենթակետի հիման վրա` դատապարտյալ Սամվել Բալյանի նկատմամբ համաներումը կիրառելի չէ (տե՛ս նյութեր, թերթ 4):

6. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի փետրվարի 18-ի որոշման համաձայն` «Դատարանը, ուսումնասիրելով դատապարտյալ Սամվել Բալյանի վերաբերյալ ինֆորմացիոն կենտրոնի կողմից տրված դատվածության վերաբերյալ պահանջագիրը և գնահատելով նրա կողմից կատարված հանցանքների ռեցիդիվը, արձանագրում է, որ Սամվել Բալյանը կատարել է միջին ծանրության, իսկ նախկինում դատապարտված է եղել մեկ անգամ ծանր, երեք անգամ միջին ծանրության և մեկ անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություններ կատարելու համար:

Դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Սամվել Բալյանի արարքում առկա է հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվ:

(...)

[ՈՒ]ստի Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում նրա նկատմամբ կիրառելի չէ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թ. հոկտեմբերի 03-ին ընդունված «ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը:

(...) ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ վարչակազմի 2013թ. դեկտեմբերի 18-ի որոշումը կայացվել է օրենքով սահմանված կարգով: (...)» (տե՛ս նյութեր, թերթ 15-18):

7. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի ապրիլի 1-ի որոշման համաձայն` «(...) Սամվել Բալյանը նախկինում մեկ անգամ կատարել է ծանր, երեք անգամ միջին ծանրության և մեկ անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություններ, իսկ վերջին անգամ դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` ազատազրկման 5 տարի ժամկետով, որը համարվում է միջին ծանրության հանցագործություն:

(...)

Տվյալ դեպքում օրենսդրի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում»ցանկացած հաջորդականությամբ» բառակապակցության օգտագործումը վկայում է այն մասին, որ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի առկայության համար ոչ թե պարտադիր է միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության միաժամանակյա առկայություն, այլ երեք անգամից ոչ պակաս դրանց ցանկացած հաջորդականություն, ինչը Սամվել Բալայանի դեպքում առկա է:

Վերաքննիչ քրեական դատարանը գտնում է որ վերոնշյալ փաստական հանգամանքների պայմաններում հանցագործությունների ռեցիդիվն առանձնապես վտանգավոր գնահատելիս Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը թույլ չի տվել նյութական իրավունքի խախտում, դատարանի 18.02.2014 թ-ի որոշումը օրինական ու հիմնավորված է և այն բեկանելու հիմքեր առկա չեն, ուստի դատախազի վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման» (տե՛ս նյութեր, թերթ 75-81):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

8. Վճռաբեկ բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել Ս. Բալյանի արարքում առանձնապես վտանգավոր ռեցիդիվի առկայության փաստը` խախտելով ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջը:

Բողոքաբերը փաստարկել է, որ առանձնապես վտանգավոր ռեցիդիվն առկա է, երբ դիտավորությամբ հանցանք կատարած անձը նախկինում երեք անգամից ոչ պակաս կատարել է միջին, ծանր և առանձնապես ծանր հանցագործություն: Այսինքն` ռեցիդիվը գնահատելիս վերը նշված երեք հանցագործությունները պետք է միաժամանակ առկա լինեն, և այդ հանցագործությունների համար անձը նախկինում դատապարտված լինի:

Բողոքաբերը նշել է, որ օրենսդիրը ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «ցանկացած հաջորդականություն» հասկացությունն օգտագործել է` ելնելով այն տրամաբանությունից, որ անձը կարող է նախկինում երեք անգամից ոչ պակաս, ըստ տեսակների` ցանկացած հաջորդականությամբ (հերթականությամբ) ազատազրկման դատապարտված լինի, օրինակ` դատապարտված լինի առանձնապես ծանր, ծանր և միջին ծանրության հանցագործությունների համար: Այսինքն` տվյալ պարագայում հանցագործության տեսակային հաջորդականությունը (հերթականությունը) որևէ նշանակություն չի կարող ունենալ, այլ միայն բավարար է, որ ցանկացած հաջորդականությամբ վերը նշված երեք տեսակի հանցագործություններն էլ առկա լինեն:

Բողոքաբերը փաստարկել է նաև, որ հոդվածի ձևակերպման տրամաբանությունից ելնելով` կարելի է հասկանալ, որ օրենսդիրը «ցանկացած հաջորդականություն» բառակապակցությունը շարադրել է հանցագործությունների երեք տեսակները թվարկելուց առաջ, այսինքն` հաջորդականությունը բխում է հանցագործությունների տարբեր տեսակների միմյանց հաջորդումից, այլ ոչ թե նույնատեսակ հանցագործությունների հաջորդումից: Հակառակ մոտեցման պարագայում «ցանկացած հաջորդականություն» եզրույթը ձևական բնույթ կկրի:

9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի փետրվարի 18-ի և Վերաքննիչ դատարանի 2014 թվականի ապրիլի 1-ի որոշումներն ու գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության, կամ կայացնել նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի առկայությունը որոշելու հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ դատապարտյալ Ս. Բալյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելի չէ, քանի որ նրա արարքում առկա է հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվ:

i

12. ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի, մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:

Համաներման ակտը կիրառելու առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վ. Ավետիսյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) Համաներման ակտի կիրառումը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում: Ընդ որում, համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն» (տես Վարուժան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման 16-րդ կետը):

13. Համաներման ակտի 9-րդ կետի 5-րդ ենթակետը նախատեսում է համաներումը չկիրառել հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում:

ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն`

«1. Հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար:

(...)

3. Հանցագործությունների ռեցիդիվն առանձնապես վտանգավոր է համարվում անձի կողմից`

1) դիտավորությամբ այնպիսի հանցանք կատարելու դեպքում, որի համար նա դատապարտվում է ազատազրկման, եթե անձը նախկինում երեք անգամից ոչ պակաս ցանկացած հաջորդականությամբ ազատազրկման է դատապարտվել միջին ծանրության դիտավորյալ հանցագործության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար.

2) այնպիսի ծանր հանցանք կատարելու դեպքում, որի համար նա դատապարտվում է ազատազրկման, եթե անձը նախկինում երկու անգամ ազատազրկման է դատապարտվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար.

3) առանձնապես ծանր հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար:

4. Այն հանցանքների համար դատվածությունը, որը հանվել կամ մարվել է օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև այն հանցանքները, որոնք կատարվել են մինչև անձի տասնութ տարին լրանալը, ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում»:

ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ հանցագործությունների ռեցիդիվը բնութագրվում է.

1) քանակական հատկանիշով (երկու կամ ավելի հանցանք կատարելը),

2) որակական հատկանիշներով, որոնք են`

ա) միայն դիտավորությամբ հանցանքներ (տարաբնույթ, նույնական կամ համանման) կատարելը,

բ) այդ հանցագործությունները հաջորդաբար և ժամանակային ընդմիջմամբ կատարելը,

գ) նախկինում կատարված հանցանքի (հանցանքների) համար չհանված կամ չմարված դատվածության առկայությունը, պայմանով, որ այդ հանցանքը (հանցանքները) կատարվել է (են) անձի տասնութ տարին լրանալուց հետո: Ընդ որում` մինչև տասնութ տարին լրանալը անձի կողմից կատարած հանցանքները ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում:

Հոդվածի բովանդակությունից հետևում է նաև, որ օրենսդիրն առանձնացրել է ռեցիդիվի հետևյալ տեսակները հասարակ, վտանգավոր և առանձնապես վտանգավոր: Այդպիսի տարանջատման հիմքում ընկած են նախկինում, ինչպես նաև նոր կատարված հանցագործությունների տեսակները, նախկինում կատարված հանցագործությունների քանակը, հանցագործության համար նշանակված պատժի տեսակը և այլն:

14. Ռեցիդիվի տեսակները բնութագրվում են նույն հատկանիշներով, ինչ որ ռեցիդիվն ընդհանրապես: Միևնույն ժամանակ դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները:

Մասնավորապես, առանձնապես վտանգավոր ռեցիդիվը նույնպես ենթադրում է նախկինում կատարված հանցագործության համար անձի դատապարտված լինելը: Դրա հետ մեկտեղ այն ունի մի շարք լրացուցիչ հատկանիշներ, որոնք են.

- այդ հասկացությունը կազմող հանցագործությունների բարձր հանրային վտանգավորությունը,

- նոր հանցագործության տեսակը,

- դրանով պայմանավորված նախկինում կատարված հանցագործությունների որոշակի քանակը,

- ինչպես նոր կատարված, այնպես էլ նախկինում կատարված հանցագործությունների համար նշանակված պատժի տեսակը:

Ընդ որում, ինչքան ծանր է հանցագործությունը, այնքան քիչ քանակի դատվածություն է անհրաժեշտ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի առկայության համար:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված են առանձնապես վտանգավոր ռեցիդիվի ենթատեսակները: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես վտանգավոր ռեցիդիվի տեսակն առկա է այն դեպքում, երբ

ա) անձը կատարել է ցանկացած տեսակի դիտավորյալ հանցանք, բ) նախկինում երեք կամ ավելի անգամ կատարել է հանցագործություն, գ) նախկինում կատարված հանցագործությունների կազմում պետք է լինեն միջին ծանրության դիտավորյալ, ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ,

դ) ինչպես նոր, այնպես էլ նախկինում կատարած հանցագործությունների համար անձը դատապարտվել է ազատազրկման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի այս տեսակի առկայության համար նախկինում կատարած միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակային հաջորդականությունը որևէ նշանակություն չունի, բավարար է, որ ցանկացած հաջորդականությամբ վերը նշված երեք տեսակի հանցագործություններն էլ առկա լինեն: Նշված դիրքորոշման համար հիմք է հանդիսանում այն, որ օրենսդիրը «ցանկացած հաջորդականություն» բառակապակցությունը շարադրել է հանցագործությունների երեք տեսակները թվարկելուց առաջ: Այսինքն` հաջորդականության վերաբերյալ օրենսդրի պահանջը վերաբերում է հանցագործությունների տարբեր տեսակներին, քանի որ նույնատեսակ հանցագործությունների հաջորդականության մասին օրենսդրական կարգավորում նախատեսելը որևէ իրավական նպատակ չի կարող հետապնդել:

Հակառակ մեկնաբանության դեպքում, եթե առանձնապես վտանգավոր ռեցիդիվի առկայության համար ոչ թե միջին, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների միաժամանակյա առկայությունը, այլ երեք անգամից ոչ պակաս դրանցից ցանկացածի առկայությունը բավարար համարվի, կատարված հանցագործությունների վտանգավորության բնույթի և աստիճանի գնահատման առումով անձանց համար անհավասար պայմաններ կստեղծեն, ինչով էլ կխախտվեն արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքները:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` հանցագործությունների ռեցիդիվը վտանգավոր է համարվում ծանր հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում ազատազրկման է դատապարտվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար: Դրանից հետևում է, որ եթե անձը նախկինում դատապարտվել է ազատազրկման առանձնապես ծանր հանցագործության համար և հետո կատարել է ծանր հանցանք, ապա այդ դեպքում առկա է վտանգավոր ռեցիդիվը: Իսկ եթե անձը նախկինում երեք անգամ ազատազրկման է դատապարտվել միջին ծանրության հանցագործությունների համար և հետո կատարել է ոչ մեծ ծանրության հանցանք, ապա դա պետք է դիտվի որպես առանձնապես վտանգավոր ռեցիդիվ: Ստացվում է, որ կատարված հանցագործությունների տեսակի, մասնավորապես` վտանգավորության բնույթի և աստիճանի գնահատման առումով անհավասար պայմաններ են ստեղծվում:

Օրենքի այդպիսի մեկնաբանությունը կարող է հանգեցնել մեկ այլ անթույլատրելի իրավիճակի, երբ նախկինում երեք անգամ միջին ծանրության հանցանք կատարած անձը և նախկինում երեք անգամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձը ռեցիդիվի գնահատման տեսանկյունից դիտարկվեն նույն հարթության վրա և արժանանան միևնույն իրավական գնահատականի:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2013 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի պետը կայացրել է դատապարտյալ Ս. Բալյանի նկատմամբ համաներում չկիրառելու վերաբերյալ որոշում` պատճառաբանելով, որ դատապարտյալ Ս. Բալյանի արարքում առկա է առանձնապես վտանգավոր ռեցիդիվ, ուստի Համաներման ակտի 9-րդ կետի 5-րդ ենթակետի հիման վրա` նրա նկատմամբ համաներումը կիրառելի չէ (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Դատապարտյալ Ս. Բալյանը դիմում է ներկայացրել Առաջին ատյանի դատարան խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի պետի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը և իր նկատմամբ կիրառել Համաներման ակտը:

Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ դատապարտյալ Ս. Բալյանը կատարել է միջին ծանրության հանցագործություն, իսկ նախկինում դատապարտված է եղել մեկ անգամ ծանր, երեք անգամ միջին ծանրության և մեկ անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություններ կատարելու համար, այսինքն` նրա արարքում առկա է հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվ, հետևաբար նրա նկատմամբ Համաներման ակտը կիրառելի չէ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Իր հերթին, Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում առկա «ցանկացած հաջորդականությամբ» հասկացությունը վկայում է այն մասին, որ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի առկայության համար ոչ թե պարտադիր է միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության միաժամանակյա առկայությունը, այլ երեք անգամից ոչ պակաս դրանց ցանկացած հաջորդականություն, ինչն առկա է Ս. Բալյանի պարագայում (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով 12-15-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները դատապարտյալ Ս. Բալյանի արարքում առանձնապես վտանգավոր ռեցիդիվը գնահատելիս վկայակոչել են նաև նրա կողմից նախկինում ոչ մեծ ծանրության հանցանք կատարելը, մինչդեռ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի առկայությունը գնահատելիս հաշվի առնվող նախկինում կատարված հանցագործությունների տեսակները հստակ սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ մասով, որոնց կազմում ոչ մեծ ծանրության հանցագործության տեսակն ընդգրկված չէ: Հետևաբար, նախկինում այդպիսի հանցագործության կատարումը դատապարտյալ Ս. Բալյանի արարքում առանձնապես վտանգավոր ռեցիդիվի գնահատման հարցում որևէ իրավական նշանակություն չի կարող ունենալ:

Ինչ վերաբերում է Ս. Բալյանի կողմից նախկինում երեք անգամ միջին ծանրության, մեկ անգամ ծանր հանցագործություն կատարելուն, իսկ վերջին կատարածը ոչ մեծ ծանրության հանցագործություն լինելուն, ապա նրա կողմից նախկինում նաև առանձնապես ծանր հանցագործություն կատարված չլինելու պայմաններում հանցագործությունների այդ համակցությունը ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով չի կարող հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվ գնահատվել:

18. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավորված չեն ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ դատապարտյալ Ս. Բալյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելի չէ, քանի որ նրա արարքում առկա է հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվ: Այդ առումով ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է:

Հիմք ընդունելով վերը շարադրված եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով թույլ է տրվել նյութական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Նշված հանգամանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի հիման վրա հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

19. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Սամվել Գրիգորի Բալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի ապրիլի 1-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ`  Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
31.10.2014
N ԿԴ1/0059/15/13
Որոշում