040.0617.180511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մայիսի 2011 թվականի N 617-Ն
i
«ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԳԼՈԲԱԼԱՑՎՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 111-Ն որոշման N 2 հավելվածի 31-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2011 թվականի մայիսի 26-27-ը Երևանում կազմակերպել «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» թեմայով միջազգային համաժողով:
2. Հաստատել «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» թեմայով միջազգային համաժողովի կազմակերպման ծրագիրը` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի մայիսի 5-ի
N 617-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ «ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԳԼՈԲԱԼԱՑՎՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Աշխարհի շուրջ 50 պետություն ունի սփյուռք և սփյուռքի հետ աշխատանքների կազմակերպման պետական մարմին: Այդ մարմինները մինչև այժմ համատեղ որևէ հավաք կամ խորհրդակցություն չեն անցկացրել, չնայած, որ սփյուռքների հիմնախնդիրները շատ տեղերում նույնն են:
Հայկական տարբեր համայնքներում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության հիմնական գործառույթներն իրականացնելիս ինչպես նախարարությունը, այնպես էլ համայնքային կառույցներն ու կազմակերպություններն առնչվում են այլ ժողովուրդների սփյուռքների հետ, որոնք միմյանց հետ գրեթե չեն համագործակցում: Այդ իսկ պատճառով, տարբեր սփյուռքների միջև համագործակցության անհրաժեշտություն է առաջանում ինչպես համայնքային, այնպես էլ տարածաշրջանային ու համաշխարհային մակարդակներով:
Համաժողովն անցկացվելու է Երևանում, 2011 թվականի մայիսի 26-27-ը, որին մասնակցելու է 50 մասնակից:
II. ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
2. Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել հետևյալ հիմնախնդիրները`
1) պետություն - սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները.
2) սփյուռք ունեցող պետությունների միջև համագործակցության հարցը` ի շահ սփյուռքներում ազգային ինքնության պահպանման և համայնքային կյանքի զարգացման.
3) սփյուռք ունեցող պետությունների և սփյուռքի գտնվելու վայրի պետությունների միջև սերտ կապերի հաստատման հարցը` ի շահ արտերկրում բնակվող հայրենակիցների և հյուրընկալ պետության.
3) սփյուռքը Միավորված ազգերի կազմակերպության հոգածության առարկա դարձնելու, նրա իրավունքների և պարտականությունների մասին համապատասխան փաստաթղթի ստեղծման աշխատանքների կազմակերպման հարցը.
4) ազգային սփյուռքների միջև ուղղակի համագործակցության հարցը` ի շահ ժողովրդավարական արժեքների զարգացման, մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության և ազգային ինքնության հարատևման:
III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
3. Ակնկալվող արդյունքներն են`
1) սփյուռք ունեցող պետությունների միջև փորձի փոխանակումը.
2) սփյուռք ունեցող պետությունների միջև համագործակցության ձևաչափի մշակումը.
3) սփյուռք ունեցող պետության և սփյուռքի գտնվելու վայրի պետության միջև համագործակցության ձևաչափի մշակումը.
4) միջկառավարական պայմանագրերի կնքման հնարավորությունների քննարկումը.
5) համաժողովի մասնակիցների կողմից Միավորված ազգերի կազմակերպությանը` սփյուռքի մասին հռչակագիր մշակելու և ընդունելու վերաբերյալ նյութերի քննարկումը և պատրաստումը.
6) համաժողովը խթան կհանդիսանա սփյուռքի վերաբերյալ միջազգային փաստաթղթի մշակման համար, քանի որ մինչ այժմ նման փաստաթուղթ չկա:
IV. ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
4. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման` ծրագիրը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով իրականացնելու է «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
i
5. Համաժողովի կազմակերպման և անցկացման համար պահանջվող գումարը կազմում է Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված 08 բաժնի, 02 խմբի, 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Հայաստանի Հանրապետությունում համահայկական խորհրդաժողովների անցկացում» միջոցառման շրջանակներում` 3969800 դրամ:
(5-րդ կետը փոփ. 26.01.12 թիվ 64-Ն որոշում)