ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/0049/02/08
դատարանի որոշում 2009 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/0049/02/08
Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան
Դատավորներ` Գ. Մատինյան
Ե. Խունդկարյան
ՈՐՈՇՈՒՄ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի հունիսի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ավետիկ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2008 թվականի որոշման դեմ` ըստ Կարինե Մխիթարյանի հայցի ընդդեմ Ավետիկ Գրիգորյանի` պատճառված վնասի հատուցման և վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կարինե Մխիթարյանը պահանջել է բռնագանձել Ավետիկ Գրիգորյանից 1.031.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցման գումար, ինչպես նաև 20.700 ՀՀ դրամ` որպես վճարված պետական տուրքի գումար:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 02.04.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.06.2008 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ավետիկ Գրիգորյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 62-րդ հոդվածի 5-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել գործին մասնակցող անձանց բացատրությունները և ձեռք բերված գրավոր ապացույցները: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է Ավետիկ Գրիգորյանի կողմից Դատարան ներկայացված «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագիտական եզրակացությունը, չնայած նրան, որ վերաքննիչ բողոքում հստակ նշվել է այդ հանգամանքի կարևորության մասին: Վերաքննիչ դատարանը, ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ կետի` նախապես հաստատված ապացույցի ուժ է տվել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 26.10.2007 թվականի թիվ 2-2074 եզրակացությանը, դրա հիմքում ընկած փորձագիտական եզրակացություններին:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ առկա են հակասություններ դատաավտոտեխնիկական երկու փորձագետների եզրակացություններում և չի նշանակել կրկնակի փորձաքննություն:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.06.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 26.10.2007 թվականի թիվ 2-2074 եզրակացության համաձայն` Ավետիկ Գրիգորյանը 14.09.2007 թվականին տեղի ունեցած ավտովթարի փաստի առթիվ ենթարկվել է վարչական պատասխանատվության` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Կարինե Մխիթարյանին, ի թիվս այլ անձանց, վերապահվել է քաղաքացիական հայցի իրավունք ընդդեմ Ավետիկ Գրիգորյանի: Նշված եզրակացության հիմքում դրվել է դատաավտոտեխնիկական թիվ 32450708 եզրակացությունը, ըստ որի` առաջադրված պայմաններում «Գազ-31105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի հետ ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել, և նրա կողմից թույլ տրված այնպիսի գործողություններ, որոնք տեխնիկական տեսակետից հակասեին ՃԵԿ-ի պահանջներին և պայմանավորած լինեին տվյալ ընդհարման առաջացումը, չեն դիտվում (գ.թ. 7-9):
2) ՀՀ ոստիկանության փորձագիտական վարչության փորձագետի 08.10.2007 թվականի թիվ 775-ԱՊ ապրանքագիտական եզրակացության համաձայն` վթարի հետևանքով «Գազ 31105-120» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառվել է 1.031.000 ՀՀ դրամ վնաս (գ.թ. 12-16):
3) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 10.12.2007 թվականի Հմ 07-0094Պ փորձագիտական եզրակացության համաձայն` «Գազ-31105» մակնիշի ավտոմեքենայի արագությունն ընդունել 60 կմ/ժ սահմանում (ըստ նրա վարորդի ցուցմունքի) անընդունելի է, քանի որ արգելակման հետքից հետո մնացորդային 4 կմ/ժ արագությամբ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային բախվելուց հետո, որը եղել է շարժման մեջ, չէին կարող առաջանալ այնպիսի դեֆորմացիաներ, որոնք նկարագրված են մեքենան զննող նախորդ ավտոտեխնիկական և ապրանքագիտական փորձագետների կողմից: Տեխնիկական տեսակետից, տվյալ կոնկրետ պարագայում, «Գազ-31105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, երթևեկելով 56 կմ/ժ-ից բարձր արագությամբ թույլ է տվել գործողություններ, որոնք հակասում են ՃԵԿ-ի կանոնների 68-րդ կետի պահանջներին: «Գազ-31105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կունենար տեխնիկական հնարավորություն կանխելու «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի հետ ընդհարումը, եթե «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի ընթացքի ուղղության դեպի ձախ շեղվելու պահին ավտոմեքենան գտնվեր թույլատրելի արագության դեպքում (60 կմ/ժ) կանգ առման համար անհրաժեշտ 45 մետրից ավելի հեռու տարածության վրա և չէր ունենա ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորություն, եթե «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի ընթացքի ուղղության դեպի ձախ շեղվելու պահին ավտոմեքենան գտնվեր կանգ առման համար անհրաժեշտ 45 մետրից ավելի մոտ տարածության վրա (գ.թ. 29-45):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տես` Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի` վնասի հատուցման պահանջի մասին, թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Սույն քաղաքացիական գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն իրավական հարցադրումը, թե արդյո՞ք առկա է «Գազ-31105» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մեղքը ավտովթարի առաջացման հարցում:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` 1. գրավոր ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով ապացույցի հասկացությունը, սպառիչ սահմանել է դրանց տեսակները, այն է` գրավոր ապացույցները, փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները և գործին մասնակցող անձանց ցուցմունքները: Ընդ որում, դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` եթե դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միևնույն հարցի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության):
Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, հիմք է ընդունել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 26.10.2007 թվականի թիվ 2-2074 եզրակացությունը, դրանում շարադրված ՀՀ ոստիկանության փորձագիտական վարչության 08.10.2007 թվականի փորձագետի թիվ 775-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունն ու թիվ 32450708 դատաավտոտեխնիկական եզրակացությունը, հաստատված է համարել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մեղավորությունը և «Գազ-31105» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը նրա գործողությունների հետևանքով նյութական վնաս պատճառելու հանգամանքը:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 10.12.2007 թվականի թիվ 07-0094Պ փորձագիտական եզրակացությանը, նշել է, որ այդ եզրակացության համաձայն` վթարն առաջացել է Ավետիկ Գրիգորյանի վարած ավտոմեքենայի և «Գազ 31105» ավտոմեքենայի ընդհարման հետևանքով:
Մինչդեռ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի թիվ 07-0094Պ փորձագիտական եզրակացության և ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 26.10.2007 թվականի թիվ 2-2074 եզրակացության հիմքում դրված դատաավտոտեխնիկական թիվ 32450708 եզրակացության միջև առկա են հակասություններ:
Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 26.10.2007 թվականի թիվ 2-2074 եզրակացության հիմքում դրված դատաավտոտեխնիկական թիվ 32450708 եզրակացության համաձայն` առաջադրված պայմաններում «Գազ-31105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի հետ ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել, և նրա կողմից թույլ տրված այնպիսի գործողություններ, ինչպիսիք տեխնիկական տեսակետից հակասեին ՃԵԿ-ի պահանջներին և պայմանավորած լինեին տվյալ ընդհարման առաջացումը, չեն դիտվում, իսկ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի թիվ 07-0094Պ փորձագիտական եզրակացության համաձայն` «Գազ-31105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, երթևեկելով 56 կմ/ժ-ից բարձր արագությամբ, թույլ է տվել գործողություններ, որոնք հակասում են ՃԵԿ-ի կանոնների 68-րդ կետի պահանջներին և «Գազ-31105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կունենար տեխնիկական հնարավորություն կանխելու «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի հետ ընդհարումը, եթե ավտոմեքենան ընթանար թույլատրելի արագությամբ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված երկու փորձագիտական եզրակացությունների միջև հակասությունների առկայության պայմաններում չի պարզվել «Գազ-31105» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մեղքի առկայությունը կամ բացակայությունը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 26.10.2007 թվականի թիվ 2-2074 և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 10.12.2007 թվականի Հմ 07-0094Պ փորձագիտական եզրակացություններում առկա հակասությունները բավարար հիմք են դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով հայեցողական լիազորությունն իրականացնելու և կրկնակի փորձաքննություն նշանակելու` վթարի առաջացման հարցում կողմերի մեղքի առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև պատասխանատվության չափը պարզելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Ե. Սողոմոնյան