ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 3-1849 (ՏԴ)
Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան 2006 թ.
Քաղաքացիական գործ թիվ Տ-1614/2006 թ.
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
2006 թ. սեպտեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 29.05.2006 թվականի վճռի դեմ` ըստ դիմումի անհատ ձեռնարկատեր Լևոն Առաքելյանի ընդդեմ Ծառայության Մաշտոցի հարկային տեսչության (այսուհետ` Հարկային տեսչություն)` 21.04.2006 թվականի թիվ 2304576 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Լ. Առաքելյանը խնդրել է անվավեր ճանաչել Հարկային տեսչության 21.04.2006 թվականի թիվ 2304576 ստուգման ակտը:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Դատարան) 29.05.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:
Դիմող կողմը ներկայացված վճռաբեկ բողոքին ներկայացրել է պատասխան:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
1) Դատարանը չի կիրառել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ, 19-րդ, 94-րդ հոդվածների և «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանում է հետևյալ փաստարկով:
Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ստուգողների կողմից 18.04.2006 թվականին կազմված արձանագրության մեջ նշված է, որ Լևոն Առաքելյանը 2006 թվականի հունվարից կազմակերպել է ավտոկանգառ 600 քմ տարածքի վրա, որի համար հարկային մարմին չի ներկայացրել ելակետային տվյալների հայտարարություն: Ավտոկանգառում որպես հսկիչ աշխատում է քաղաքացի Նվեր Շահբազյանը, որը ստորագրել է արձանագրությունը:
Վճռաբեկ բողոք բերող անձը խնդրել է բեկանել Դատարանի 29.05.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.
i
Դատարանը վճռի նկարագրական և պատճառաբանական մասերում անդրադարձել է 18.04.2006 թվականի արձանագրությանը, վճռում նշվել է, որ արձանագրությունը, որը դրվել է 21.04.2006 թվականի ստուգման ակտի հիմքում, կազմել և ստորագրել են Հարկային տեսչության 18.04.2006 թվականի թիվ 2304576 հանձնարարագրում չնշված, հետևաբար ստուգում իրականացնելու իրավունք չունեցող տեսուչները: Խախտվել է նաև «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, ստուգման արդյունքում 18.04.2006 թվականին հայտնաբերելով խախտում` կազմվել է ոչ թե ակտ, այլ արձանագրություն, այն չի հանձնվել տնտեսվարող սուբյեկտին, իսկ ստուգման ակտը կազմվել է 21.04.2006 թվականին: Դատարանը վճիռ կայացնելիս կիրառել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը, ինչպես նաև «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի «Ա» և «Բ» կետերը և չի խախտել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ, 19-րդ, 94-րդ հոդվածների և «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջները:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Հարկային ծառայության պետի 18.04.2006 թվականի թիվ 2304576 հանձնարարագրով տեսուչներ Ա. Կարապետյանին, Հ. Մինասյանին, Օ. Ասատրյանին և Ռ. Խաչատրյանին հանձնարարվել է անհատ ձեռնարկատեր Լ. Առաքելյանի մոտ հաստատագրված վճարների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների ճշտության ստուգում իրականացնել:
2) Ստուգմանը մասնակցել են նաև հանձնարարագրում չնշված տեսուչներ Տ. Գևորգյանը և Ա. Գևորգյանը:
3) 18.04.2006 թվականից մինչև 21.04.2006 թվականը կատարված ստուգման արդյունքում 21.04.2006 թվականին կազմվել է թիվ 2304576 ստուգման ակտը: Անհատ ձեռնարկատեր Լ. Առաքելյանի մոտ արձանագրվել է խախտում, որի համար առաջարկվել է պետական բյուջե վճարել 986,9 հազար ՀՀ դրամ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր, որտեղ նշվում են ստուգում իրականացնող մարմնի անվանումը, ստուգվող տնտեսվարող սուբյեկտի լրիվ անվանումը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգման հարցերը, ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման իրավական հիմքերը: Հրամանում կամ հանձնարարագրում չնշված պաշտոնատար անձինք չեն կարող մասնակցել ստուգմանը:
Լ. Առաքելյանի մոտ հաստատագրված վճարների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների ճշտության ստուգմանը մասնակցել են ստուգում կատարելու մասին 18.04.2006 թվականի թիվ 2304576 հանձնարարագրում չնշված պաշտոնատար անձինք` Հարկային տեսչության սոցիալական վճարների և եկամտահարկի բաժնի տեսուչներ Տ. Գևորգյանը և Ա. Գևորգյանը, որոնք ստորագրել են արձանագրությունը, այսինքն` ստուգումն իրականացվել է դրա համար պատշաճ լիազորություն չունեցող անձանց կողմից և կատարվել է օրենքի պահանջների խախտմամբ:
i
«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի «ա» և «բ» կետերի համաձայն` ավտոկանգառ է համարվում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված տարածքը, իսկ ավտոկանգառների գործունեություն է համարվում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար հատուցման դիմաց անվտանգության ապահովումը: Ստուգման ակտով, այնուհետև` դատաքննության ընթացքում հարկային տեսչությունը չի ապացուցել անհատ ձեռնարկատիրոջ մոտ ավտոկանգառի գործունեության համար «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի «ա» և «բ» կետերով սահմանված էական պայմանների առկայությունը: Սույն եզրահանգումը բխում է քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կանոնից, որի համաձայն պետական մարմնի ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը քննելիս նշված ակտն ընդունելու համար հիմք ծառայած հանգամանքների ապացուցման պարտականությունը դրվում է ակտն ընդունած մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վրա:
Այսպիսով, վիճարկվող վճռում և սույն վճռաբեկ բողոքի պատասխանում նշված «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտումը և հարկման օբյեկտի բացակայությունը 18.04.2006 թվականի թիվ 2304576 ստուգման ակտն անվավեր ճանաչելու բավարար հիմքեր են, իսկ Դատարանը սույն վեճը լուծելիս կիրառել է տվյալ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի նորմերը` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը և «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի «ա» և «բ» կետերը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն բողոքն անհիմն է և Դատարանի վճիռը բեկանելու հիմքեր առկա չեն:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1.Վճռաբեկ բողոքը մերժել` ՀՀ տնտեսական դատարանի 29.05.2006 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ