Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 175-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քրեական և  զինվորական գործերով                     ՎԲ-133/07

վերաքննիչ դատարանի որոշում կայացրած կազմը`

նախագահող դատավոր` Ս. Ավետիսյան

    դատավորներ`        Հ. Տեր-Ադամյան

                       Ռ. Ափինյան                 

           

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

           

           13 հուլիսի 2007 թ.                       ք. Երևան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Հ. Ղուկասյանի

                                              Մ. Սիմոնյանի

                                              Ս. Օհանյանի

                   

                   քարտուղար                  Ք. Մարտիրոսյանի         

                   մասնակցությամբ

                   դատախազ                    Դ. Դավթյանի

 

դռնբաց դատական նիստում, քննելով Էմմա Կարապետյանի վերաբերյալ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Դանիելյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն իր 2007 թվականի մարտի 26-ի որոշմամբ մերժել է ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ Էմմա Կարապետյանի բերած բողոքը:

Է. Կարապետյանի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական կարգով ստուգման ենթարկելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 26-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2007 թվականի մայիսի 14-ին բեկանել է այն և որոշումն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն` Է. Կարապետյանի դիմումն ըստ էության քննելու և որոշում կայացնելու համար:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2007 թ. հունիսի 29-ի որոշմամբ 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ընդունվել է վարույթ:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

 

30.01.07 թվականին Է. Կարապետյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և պատճառաբանելով, որ «դատարանն իր նկատմամբ թույլ է տվել Սահմանադրության և օրենքի բազում խախտումներ»` խնդրել է գործը քննել և օգնել վերականգնելու իր իրավունքները:

Համաձայն Է. Կարապետյանի դիմումի` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ այդ նույն դատարանի 20.07.1999 թվականի վճռով սեփականության իրավունքով իրենց պատկանող երեք սենյականոց բնակարանն արդեն բաժանված է եղել իր ու նախկին ամուսնու միջև, այն է` երկու սենյակը հատկացվել է իրեն և որդուն, մեկ սենյակը` նախկին ամուսնուն, իսկ կոմունալ և օժանդակ հարմարությունները թողնվել է ընդհանուր օգտագործման, խախտելով ՀՀ Սահմանադրության 31-րդ, 97-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 91-րդ հոդվածների պահանջները` 2004 թվականի հոկտեմբերի 26-ին անօրինական կարգով բավարարել է նախկին ամուսնու քաղհայցը` բնակարանը հրապարակային սակարկությամբ վաճառելու մասին:

Ըստ նրա դիմումի` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ ու ՀՀ վճռաբեկ դատարանները Սահմանադրության և օրենքների խախտմամբ առաջին ատյանի դատարանի 26.10.2004 թվականի վճիռը թողել են անփոփոխ և 12.07.05 թվականին բնակարանը հրապարակային սակարկությամբ վաճառվել է: Իր խնդրանքը` վճռի կատարումը հետաձգելու մասին, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի պետի կողմից մերժվել է, քանի որ ծառայությունը «ներքին համաձայնության» է եկել բնակարանի նոր գնորդ Ս. Սահակյանի հետ:

23.05.2005 թվականին դիմել է ՀՀ ԿԱԱԳ կադաստրի պետական կոմիտեի «Նոր Նորք» տարածքային ստորաբաժանում` Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 20.07.1999 թվականի թիվ 2-67 վճռով իրեն ու որդուն տրված բնակտարածության սեփականության իրավունքը գրանցելու համար, սակայն դարձյալ մերժվել է, ընդ որում` գրությամբ:

Դրանից հետո, դարձյալ անտեսելով դատարանի 20.07.1999 թվականի վճռի գոյությունը, նույն դատարանը «ոտնահարելով» իր և որդու սահմանադրական իրավունքը` բավարարել է Ս. Սահակյանի հայցն իրենց բնակարանից վտարելու մասին: Այդ վճիռը ևս թողնվել է անփոփոխ ու չնայած իր կողմից ներկայացվել են դիմումներ, որ նույն բնակարանի վերաբերյալ գոյություն ունեն երկու իրար հակասող վճիռներ ու կատարողական ակտեր, առանց բնակարանն ազատելու համար ժամանակ տալու, ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները վտարել են իրենց սեփական տնից` չվճարելով անգամ բնակարանի վաճառքից ստացված գումարի իրենց բաժնեմասը:

Բնակարանի աճուրդն անվավեր ճանաչելու և Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 20.07.1999 թվականի վճռի կատարումը պարտադրելու մասին իր 15.06.06 թվականի հայցադիմումին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանն ընթացք չի տվել:

Հաշվի առնելով, որ ինքն ու իր որդին «դատարանի և արդարադատության զոհեր են», իսկ ԴԱՀԿ ծառայությունն իրենց վտարել է բնակարանից օրենքի «բազում խախտումներով», իսկ Ս. Սահակյանն էլ անօրինական ճանապարհով է դարձել իր բնակարանի սեփականատերը, օգտվելով այն փաստից, որ վերջինս դեռ չի բնակվում այդ բնակարանում` «կոտրելով դուռը» մուտք է գործել իր բնակարան:

Նրա դիմումին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Զ. Թադևոսյանը 2007 թվականի փետրվարի 5-ի գրությամբ պատասխանել է, որ դատարանի վճիռն ակնհայտ անօրինական համարվել չի կարող, քանի որ դրա օրինականությունը ստուգվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի կողմից ու այն թողնվել է անփոփոխ:

Պատճառաբանելով, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի կողմից գրությամբ իրեն տրված պատասխանն անհիմն է ու չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից` Է. Կարապետյանը դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` պարտադրելու ՀՀ գլխավոր դատախազությանն իր դիմումում հայտնած նյութերով քրեական գործ հարուցելու խնդրանքով:

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքաբերը, գտնելով, որ վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, խնդրում է բեկանել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 14-ի ՔԳՀ-38/07 գործով կայացված որոշումը և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 26-ի որոշմանը:

Համաձայն բողոքի` վերաքննիչ դատարանը Է. Կարապետյանի բողոքը բավարարելիս պատճառաբանել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պարտավոր էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը պահպանելով կայացներ նույն օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը, ինչը քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից չի արվել և դիմողին պատասխան է տրվել գրությամբ, սակայն վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ ՀՀ գլխավոր դատախազություն մուտք եղած Է. Կարապետյանի 2007 թվականի հունվարի 30-ի դիմումը հանցագործությունների մասին հաղորդում չի պարունակում, հետևաբար, այն որպես հաղորդում չի կարող համարվել:

Դիմելով ՀՀ գլխավոր դատախազություն` Է. Կարապետյանը խնդրել է թիվ 04-3305 քաղաքացիական գործը քննող դատավորներին անօրինական վճիռ կայացնելու համար ենթարկել պատասխանատվության այն դեպքում, երբ ինչպես այդ վճռի հիմնավորվածությունը, այնպես էլ նրա կատարման հետ կապված գործընթացների օրինականությունը ստուգվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի կողմից ու չի բեկանվել, ինչն ակնհայտորեն վկայել է ՀՀ քրեական օրենսգրքի 352-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության մասին:

Բացի այդ, վերաքննիչ դատարանն անտեսել է, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի` հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքների կապակցությամբ դատարանի ընդունվող որոշումները չեն կարող վերանայվել վերադաս դատարանի կողմից, որի մասին նշվել է նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից 2007 թվականի մարտի 26-ին կայացված որոշման մեջ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.

Բողոք բերած անձի կողմից Վճռաբեկ դատարանին առաջադրված հարցերը հանգում են հետևյալին.

1. Իրավապահ մարմիններին հասցեագրված այն դիմումները, որոնք իրենց մեջ չեն պարունակում օրենքով նախատեսված առիթներն ու հիմքերը կարո՞ղ են համարվել հանցագործության մասին հաղորդում:

2. Հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքների կապակցությամբ դատարանի ընդունվող որոշումները ենթակա են բողոքարկման վերաքննիչ դատարան, թե ոչ:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի` քրեական գործ կարող է հարուցվել օրենքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում: Քրեական գործ հարուցելու առիթներ են հանցագործության մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև լրատվական միջոցների հաղորդումները, հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործությունների մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը:

Հանցագործության մասին հաղորդումը որպես քրեական գործ հարուցելու առիթ իրենից ներկայացնում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի գրավոր կամ բանավոր դիմումը քրեական հետապնդում իրականացնող մարմնին` կոնկրետ հանցագործության տարրեր պարունակող նախապատրաստվող կամ կատարած հանցագործության մասին տեղեկատվությամբ:

Առիթը պայման է, որի առկայության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց մտնել իրավահարաբերությունների մեջ, կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբնական փուլի գործունեություն:

Քրեական գործի հարուցման առիթները պետք է բովանդակեն տեղեկություն հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին: Միայն այս դեպքում դրանք կարող են հիմք հանդիսանալ ստուգելու և քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու որոշում ընդունելու համար: Այսինքն` քրեական գործ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ ոչ թե ցանկացած, այլ միայն հանցագործության մասին արված հաղորդումը:

Ինչպես երևում է ՀՀ գլխավոր դատախազությանը հասցեագրված Է. Կարապետյանի դիմումից` այն կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին որևէ տեղեկատվություն չի պարունակում, որն անհրաժեշտ պայման է, որպեսզի ֆիզիկական և իրավաբանական անձի կողմից ներկայացված դիմումը համարվի հանցագործության մասին հաղորդում: Դրանում միայն թվարկված են նրա բնակարանի բաժանման, այն հրապարակային սակարկություններով վաճառելու, արդեն վաճառված բնակարանից նրա ընտանիքը վտարելու վերաբերյալ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի և ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի համապատասխան վճիռները և դրանք անփոփոխ թողնելու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները, ինչպես նաև այդ վճիռներն ի կատար ածելու գործընթացն ու դրանց տրված Է. Կարապետյանի գնահատականները:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ բերված Է. Կարապետյանի բողոքը, իրավացիորեն մերժել է այն` պատճառաբանելով, որ ՀՀ գլխավոր դատախազին հղած Է. Կարապետյանի դիմումը հանցագործության մասին հաղորդում չի համարվում:

Բողոքատուն Վճռաբեկ դատարանի առջև ըստ էության դրել է նաև հետևյալ հարցը. ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ բերված Է. Կարապետյանի բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ենթակա՞ է արդյոք բողոքարկման վերաքննիչ դատարան, թե ոչ:

Նախկինում ընդունված որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած մոտեցման հիման վրա` վերաքննիչ բողոքարկման կանոններով վերանայման ենթակա որոշումն առնվազն պետք է համապատասխանի քրեական դատավարության օրենսգրքի հետևյալ երկու չափանիշներին` կայացված լինի առաջին ատյանի դատարանի կողմից, և բացառի գործով վարույթը սկսելը կամ շարունակելը կամ գործը լուծի ըստ էության (տե՛ս Ա. Քրմոյանի վերաբերյալ գործով որոշում, կայացվել է 27.02.2007 թ., կետ 4.1, Հ. Միրզոյանի վերաբերյալ գործով որոշում, կայացվել է 04.05.2007 թ., կետ 4.1):

Տվյալ գործով Է. Կարապետյանի բողոքը մերժելու մասին որոշումը կայացվել է առաջին ատյանի դատարանի կողմից, և այն բացառում է գործով վարույթը սկսելը, հետևաբար, ենթակա է բողոքարկման վերաքննիչ դատարան:

Դատարանն անհիմն է համարում բողոք բերած անձի այն փաստարկը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի կառուցվածքից բխում է, թե հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքներով առաջին ատյանի դատարանի որոշումները չեն կարող բողոքարկվել վերաքննիչ դատարան: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածը, ամրագրելով դատական վերահսկողության երկու առանձին ոլորտ (նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասեր), հատուկ սահմանում է դրանցից միայն առաջինով կայացված` առաջին ատյանի դատարանի որոշումները վերաքննիչ դատարան բողոքարկելու հնարավորություն (նույն հոդվածի 3-րդ մաս):

Սակայն նշված օրենսդրական կարգավորումից հնարավոր չէ եզրահանգել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումները ենթակա չեն բողոքարկման վերաքննիչ դատարան: Նման եզրահանգման համար անհրաժեշտ էր, որ օրենքում սահմանված լիներ հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքների քննության արդյունքում առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումները վերաքննիչ դատարան բողոքարկելու ուղղակի արգելք: Իսկ այդպիսի արգելող նորմ ո՛չ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածում և ո՛չ էլ որևէ այլ հոդվածով ամրագրված չէ:

Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10-րդ կետով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 384-րդ հոդվածով ամրագրված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքներով առաջին ատյանի դատարանի որոշումները, որոնք բացառում են գործով վարույթը սկսելը կամ շարունակելը կամ գործը լուծում են ըստ էության, ենթակա են բողոքարկման վերաքննիչ դատարան:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Բեկանել ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ Էմմա Կարապետյանի բողոքը մերժելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 26-ի որոշումը բեկանելու վերաբերյալ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 14-ի որոշումը և օրինական ուժ տալ Է. Կարապետյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 26-ի որոշմանը:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ղուկասյան

Մ. Սիմոնյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.07.2007
N ՎԲ-133/07
Որոշում