ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԼԴ/3377/02/14
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/3377/02/14 2019թ.
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան
Դատավորներ` Ա. Խառատյան
Մ. Հարթենյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2019 թվականի մարտի 27-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի (այսուհետ` Հիմնարկ) ընդդեմ Կարինե Ստեփանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.07.2018 թվականի որոշման դեմ Կարինե Ստեփանյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հիմնարկը պահանջել է Կարինե Ստեփանյանից բռնագանձել 7.183.525 ՀՀ դրամ` որպես անօրինական գործունեության հետևանքով պատճառված վնասի հատուցում:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Զաքարյան) (այսուհետ` Դատարան) 25.05.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Կ. Չիլինգարյան, Մ. Հարթենյան, Հ. Ենոքյան) 23.07.2015 թվականի որոշմամբ Կարինե Ստեփանյանի միջնորդությունը` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ, մերժվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.10.2015 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կարինե Ստեփանյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Կ. Չիլինգարյան, Լ. Գրիգորյան, Ա. Պետրոսյան) 30.11.2015 թվականի որոշմամբ Կարինե Ստեփանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.01.2016 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կարինե Ստեփանյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.06.2018 թվականի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.01.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և վերացվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` Կարինե Ստեփանյանի վերաքննիչ բողոքը` բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով առանց ժամկետի տրամադրման վերադարձնելու վերաբերյալ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.07.2018 թվականի «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Կարինե Ստեփանյանի կողմից 02.11.2015 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Ստեփանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, նոր հանգամանքի հիմքով վերանայելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, դրա բեկանման հիմքում դրել է ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1290 որոշումը, որով սույն գործի լուծման համար տրվել էին առանցքային նշանակություն ունեցող մեկնաբանություններ և իրավական վերլուծություններ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը թիվ ՍԴՈ-1290 որոշմանը տվել է միանգամայն այլ մեկնաբանություն, որը չի բխում տվյալ որոշման իմաստից և անտեսել է, որ Կարինե Ստեփանյանը պետք է հնարավորություն ունենա բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձվելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու համար, քանի որ հակառակ դեպքում դատական պաշտպանությունից օգտվելու վերջինիս սահմանադրական իրավունքը կշարունակի մնալ խախտված:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածը չէր սահմանում, թե ինչ գործողություններ և ինչ ժամկետներում պետք է կատարվեն, եթե ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից միջանկյալ դատական ակտի բողոքարկումը մերժվում է:
Տվյալ դեպքում իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետի ընթացքում Կարինե Ստեփանյանն իրացրել է իր վճռաբեկության կարգով բողոքարկման իրավունքը, որպիսի պայմաններում այդ ժամկետը չէր կարող համարվել բաց թողնված, ուստի նշված պատճառաբանությամբ կրկին բերված վերաքննիչ բողոքին կից Կարինե Ստեփանյանը չէր ներկայացրել բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդություն: Բացի այդ, եթե անգամ համարվի, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց է թողնվել, ապա վերը շարադրված փաստերից հետևում է, որ այդ ժամկետը բաց թողնելու պատճառը տեղի է ունեցել ոչ բողոք բերողի մեղքով:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, 31.07.2018 թվականի որոշմամբ կրկին վերադարձնելով վերաքննիչ բողոքը, Կարինե Ստեփանյանին զրկել է սահմանադրորեն երաշխավորված դատական պաշտպանության իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.07.2018 թվականի որոշումը:
i
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից բողոքարկվող դատական ակտում իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2018 թվականի թիվ ԼԴ/3377/02/14 քաղաքացիական գործով որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ հոդվածի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերադասության կարգով վերանայումն արդար դատաքննության կարևորագույն երաշխիքներից է և նպատակ ունի ապահովելու օրինականության սկզբունքի պահպանումը քաղաքացիական դատավարությունում: Նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայման վարույթն իր բնույթով բացառիկ է` հաշվի առնելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշը և իրավական որոշակիության սկզբունքը, ուստի այս վարույթի շրջանակներում վերանայման ու բեկանման ենթակա է այն դատական ակտը, որի օրինականությունը և հիմնավորվածությունը որոշակի նոր հանգամանքների ի հայտ գալու հետևանքով կասկածի տակ է դրվում:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրն իրավահարաբերության ծագման պահին գործող կարգավորումներով, ի թիվս այլնի, որպես նոր հանգամանք դիտել է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, որով հակասահմանադրական և անվավեր է ճանաչվել տվյալ քաղաքացիական գործով դատարանի կողմից կիրառված օրենքի դրույթը կամ այն ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում ՀՀ սահմանադրական դատարանը, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ: Այլ կերպ, եթե դատարանը կիրառել էր այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական, կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակությանը չեն համապատասխանում, ապա դատական ակտը ենթակա էր վերանայման նոր հանգամանքի հիմքով:
i
ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2015 թվականի որոշմամբ Կարինե Ստեփանյանի միջնորդությունը` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ, մերժվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Միաժամանակ սահմանվել է երկշաբաթյա ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 3-րդ, գ.թ. 22-24):
Սույն որոշման դեմ Կարինե Ստեփանյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունումը մերժվել է` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.10.2015 թվականի որոշմամբ (հատոր 3-րդ, գ.թ. 60-62):
02.11.2015 թվականին Կարինե Ստեփանյանը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին օրենքով սահմանված կարգով և չափով կցել է նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը (հատոր 3-րդ, գ.թ. 71-80, 83-84):
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2015 թվականի որոշմամբ Կարինե Ստեփանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է (հատոր 3-րդ, գ.թ. 85-86), իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.01.2016 թվականի որոշմամբ վերը նշված որոշման դեմ Կարինե Ստեփանյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 108-111):
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.06.2018 թվականի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.01.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և վերացվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` Կարինե Ստեփանյանի վերաքննիչ բողոքը` բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով առանց ժամկետի տրամադրման վերադարձնելու վերաբերյալ (հատոր 4-րդ, գ.թ. 13-26):
i
ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով իրավահարաբերության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի, 207-րդ հոդվածի 1-ին կետի և 213-րդ հոդվածի 3-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ արձանագրել է. «ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով (2015 թվականի խմբագրությամբ) նախատեսված` դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, ի թիվս այլնի, կարող է ապահովվել այն դեպքերում, երբ առկա են բաց թողնված ժամկետի վերականգնման մասին միջնորդությունը վերադաս դատարանի կողմից պարտադիր քննության առարկա դարձնելու օրենսդրական երաշխիքներ: ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածը (2015 թվականի խմբագրությամբ) սահմանում է. «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»: Սահմանադրության հիշատակված դրույթների համատեքստում վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու հնարավորություն թույլ չտալու հանգամանքը: Այդ իմաստով` Սահմանադրական դատարանը հիմնավոր է համարում դիմող և պատասխանող կողմերի մոտեցումն այն հարցում, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված իրավակարգավորումն անձանց համար ստեղծում է դատարանի մատչելիության իրավունքի պաշտպանության խոչընդոտներ և չի հետապնդում որևէ իրավաչափ ողջամիտ նպատակ: Նման սահմանափակման անհամաչափությունն առավել ակնհայտ է դառնում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածով նախատեսված այլ հիմքերի հետ (օրինակ` բողոքաբերի կողմից պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելը, վերաքննիչ բողոքում նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումներ չներկայացնելը, բողոքաբերի պահանջը չներկայացնելը, վերաքննիչ բողոքը չստորագրելը) համադրման պարագայում, որոնց դեպքում նախատեսվում է թույլ տրված խախտումը շտկելու և վերաքննիչ բողոքը վերստին ներկայացնելու հնարավորություն: «Կարևորելով քաղաքացիական գործերով դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը, համապատասխան օրենսդրական համալիր կանոնակարգումը, բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունների համար պատշաճ իրավակարգավորված ընթացակարգ նախատեսելու անհրաժեշտությունը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման բացով պայմանավորված` բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու հնարավորության բացառումն իրավակիրառ պրակտիկայում կարող է հանգեցնել անձի` արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների խախտման»:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետը ճանաչել 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.06.2018 թվականի որոշմամբ արձանագրվել է, որ «... Հ սահմանադրական դատարանի 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետն այն մասով, որը չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն, 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» 27.01.2016 թվականի որոշման վերանայման հիմք, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանի նշված որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել Վերաքննիչ դատարանի 30.11.2015 թվականի որոշմամբ կիրառված իրավանորմը, իսկ այդ որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը միաժամանակ արձանագրել է, որ «տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը 30.11.2015 թվականի որոշմամբ Կարինե Ստեփանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն հիմքով, որ ի խախտումն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կանոնի, վերաքննիչ բողոքը բերվել է օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո և չի պարունակում այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն: Նպատակ ունենալով վերականգնելու Կարինե Ստեփանյանի խախտված սահմանադրական իրավունքը և հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմի ազդեցությունը սույն գործի քննության ընթացքի վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Կարինե Ստեփանյանը պետք է հնարավորություն ունենա բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու: Ընդ որում, հենց այդ հնարավորության բացառումն է եղել խնդրո առարկա իրավանորմը հակասահմանադրական ճանաչելու պատճառը...»:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանի «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.07.2018 թվականի որոշմամբ Կարինե Ստեփանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է առանց ժամկետի տրամադրման: Նշված որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «ՀՀ Սահմանադրական դատարանի 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշման բովանդակությունից ակնհայտ է, որ այն վերաբերում է բացառապես դատական ակտի դեմ առաջին անգամ ներկայացված բողոքը վերադարձնելու դեպքին (...): Նկարագրված դեպքն ամենևին չի կարող նույնացվել այն դեպքի հետ, երբ բողոք բերած անձն արդեն իսկ օգտվել է առկա խախտումները վերացնելու և երկշաբաթյա ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորությունից, բայց խախտումներն ամբողջությամբ չի վերացրել կամ թույլ է տվել նոր խախտում, որպիսի վերացնելու համար նոր ժամկետի տրամադրումը դուրս է ՀՀ սահմանադրական դատարանի 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշման գործողության տիրույթից, ուստի երկրորդ դեպքի համար այդ որոշումը կիրառելի չէ»: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «(...) տվյալ դեպքում առկա է երկրորդ դեպքը, այն է` վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքը վճարված չլինելու և պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվելու պայմաններում պատասխանողի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 23.07.2015 թվականի որոշմամբ վերադարձվելուց հետո նա ոչ միայն ունեցել է խախտումները վերացնելու և երկշաբաթյա ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն, այլև փաստացի իրացրել է այդ հնարավորությունից օգտվելու իր իրավունքը, բայց երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո և առանց այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության: Այսինքն վերաքննիչ բողոքը կրկին ներկայացրել է նոր խախտմամբ, որպիսին վերացնելու նոր ժամկետ տրամադրվել չէր կարող ու չի տրամադրվել»:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ «Կարինե Ստեփանյանի 02.11.2015 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին Վերաքննիչ դատարանի 30.11.2015 թվականի որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2018 թվականի որոշմամբ վերացվելուց հետո` այդ բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծման պահի դրությամբ, իրավիճակը չի փոխվել` առկա է բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո և առանց այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության կրկին ներկայացված վերաքննիչ բողոք, որը ենթակա է վերադարձման» (հատոր 4-րդ, գ.թ. 34-38):
i
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի:
Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն inter alia պահանջում է, որ դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61), միաժամանակ նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է` դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքը պահանջում է, որ կողմերից ոչ մեկը չունենա իրավունք պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում` ուղղակի գործի կրկնակի քննության և գործով նոր ակտի կայացման նպատակով: Այսինքն` հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա կրկնակի քննության համար: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքներում:
Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ ներառվում են հետևյալ դրույթները.
- դատարանների կողմից կայացված վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները ենթակա չեն վերանայման,
- անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն,
- կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով,
- վերջնական դատական ակտի վերանայումը նահանջ չէ իրավական որոշակիության սկզբունքից, եթե այն իրականացվում է դատական սխալի, արդարադատության սխալ իրականացման ուղղման նպատակով,
- վերանայումը չի կարող լինել բողոքարկման քողարկված ձև, իսկ գործի նկատմամբ կողմերի հակադիր հայացքների առկայությունն ինքնին չի կարող հիմք ծառայել վերջնական դատական ակտի վերանայման համար:
Իրավական որոշակիության դրույթներին լիարժեք չափով չհամապատասխանող դատավարության փուլերի առկայությունը բերում է գործի քննության ժամկետների ավելացմանը, ինչն ակնհայտորեն հետապնդվում է գործերի քանակի աճով, ինչում Եվրոպական դատարանը տեսնում է ողջամիտ ժամկետներում դատական վեճերի քննության սկզբունքի խախտում (տե՛ս, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան ու Միշա Վարդանյանների և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելիություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը: Պարտադիրության հատկանիշը ենթադրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում (տե՛ս, Անժելա և Նունե Հարությունյաններն ընդդեմ Բեգլար Մկրտումյանի թիվ ԵԱԴԴ/0913/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.06.2018 թվականի որոշումը, օրինական ուժի մեջ մտնելով, կայացման պահից դարձել է պարտադիր դրա հասցեատերերի համար, որոնք իրենց գործունեության ընթացքում պարտավոր էին հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: Ըստ այդմ էլ` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշի հիմքով այն պարտադիր էր նաև Վերաքննիչ դատարանի համար` տվյալ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներով հանդերձ: Այսինքն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, 25.06.2018 թվականի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով վերանայելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.01.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և վերացնելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` Կարինե Ստեփանյանի վերաքննիչ բողոքը` բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով առանց ժամկետի տրամադրման վերադարձնելու վերաբերյալ, ՀՀ սահմանադրական դատարանի 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները կիրառելի է համարել Կարինե Ստեփանյանի բողոքարկած դատական ակտի նկատմամբ, որպիսի պայմաններում այն չէր կարող կասկածի տակ դրվել Վերաքննիչ դատարանի կողմից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.07.2018 թվականի որոշմամբ առանց ժամկետի տրամադրման վերադարձնելով Կարինե Ստեփանյանի վերաքննիչ բողոքը, խախտել է դատական ակտի պարտադիրության և իրավական որոշակիության սկզբունքները` արդյունքում սահմանափակելով Կարինե Ստեփանյանի դատական պաշտպանության իրավունքը:
Ավելին, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում:
i
ՀՀ սահմանադրական դատարանը, 07.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1344 որոշմամբ անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 4-րդ կետի սահմանադրականությանը, արձանագրել է, որ տվյալ նորմը սահմանում է վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով անմիջականորեն բողոքարկելու իրավական հնարավորություն: Ընդ որում նման իրավակարգավորումը չպետք է բացառի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման վերանայումից հետո վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը մերժելու դեպքում անձի դատական պաշտպանության իրավունքի հետագա իրացման հնարավորությունը: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է. «(...) վերաքննիչ դատարանի` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո, մի կողմից, վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելը և այն կրկին ներկայացնելը և մյուս կողմից` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելն օրենսդրի կողմից անձին տրված հավասարազոր իրավական հնարավորություններ են: (...) օրենսգրքի 213-րդ հոդվածի ուսումնասիրությունը վկայում է, որ (...) գործով բարձրացված սահմանադրականության հարցով իրավակարգավորման բաց առկա է: (...) Մասնավորապես, իրավական անդրադարձ չի կատարվել այն հարցերին, թե ո՞ր պահից պետք է հաշվարկվի և ինչքա՞ն պետք է լինի վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին ներկայացնելու ժամկետը բոլոր այն դեպքերում, երբ վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկվելու արդյունքում կատարած վերանայումից հետո մերժում է վճռաբեկ բողոքը»:
Վերը նշվածի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը հանգել է այն հետևության, որ մինչև ՀՀ ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանի` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերանայելուց հետո վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, բողոքաբերը պետք է հնարավորություն ունենա այդ որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել` առաջնորդվելով դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ օրենսդիրը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կարգավորելով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով անմիջականորեն բողոքարկելու կարգը, դրանում չի նախատեսել այնպիսի իրավակարգավորում, որը հնարավորություն կտա որոշելու վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին ներկայացնելու ժամկետը բոլոր այն դեպքերում, երբ վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկվելու արդյունքում կատարած վերանայումից հետո մերժում է նաև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են արդյունավետ իրավական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որի կարևոր բաղադրիչներից մեկը, ի թիվս այլնի, բողոքարկման իրավունքն է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում էական է, թե սույն քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.10.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը ստանալուց հետո արդյո՞ք բողոքաբերը երկշաբաթյա ժամկետում է վերացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2015 կողմից մատնանշված վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները և կրկին վերաքննիչ բողոք ներկայացրել է:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Կարինե Ստեփանյանն օրենքով սահմանված ժամկետում ներկայացրել է վճռաբեկ բողոք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2015 թվականի որոշման դեմ, որի վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.10.2015 թվականի որոշմամբ մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.10.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը Կարինե Ստեփանյանին ուղարկելու համար, փոստային ծառայությանն է հանձնվել 23.10.2015 թվականին (հիմք` փոստային անդորրագիր, հատոր 3-րդ, գ.թ. 63), այնուհետև Կարինե Ստեփանյանը, վերացնելով Վերաքննիչ դատարանի կողմից դատարանի վերը նշված որոշմամբ մատնանշված թերությունը, այն է` վերաքննիչ բողոքին կցելով օրենքով սահմանված չափով և կարգով վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը, 02.11.2015 թվականին (հիմք` փոստային ծրար, հատոր 3-րդ, գ.թ. 84) կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք:
Այսինքն` Կարինե Ստեփանյանը, ստանալով 07.10.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, վերացրել է վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները և կրկին բերված վերաքննիչ բողոքը ներկայացրել է երկշաբաթյա ժամկետում` պահպանելով ՀՀ սահմանադրական դատարանի 07.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1344 որոշման մեջ իրավական դիրքորոշմամբ արձանագրված ժամկետը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ բողոքը ներկայացվել է սահմանված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո և առանց այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարինե Ստեփանյանի կողմից վերաքննիչ բողոք ներկայացվել է երկշաբաթյա ժամկետում, ուստի կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ժամկետը բաց թողնված չլինելու պարագայում, բացակայել է նաև անհրաժեշտությունը ներկայացնել միջնորդություն` բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված սահմանափակումը հանգեցրել է Կարինե Ստեփանյանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակմանը` խաթարելով այդ իրավունքի բուն էությունը: Արդյունքում Կարինե Ստեփանյանը զրկվել է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից, քանի որ գործնականում չի ապահովվել բողոքարկման ընթացակարգի միջոցով ենթադրյալ դատական սխալի բացահայտումը և ուղղումը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2018 թվականի «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԼԴ/3377/02/14
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/3377/02/14 2019թ.
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան
Դատավորներ` Ա. Խառատյան
Մ. Հարթենյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
2019 թվականի մարտի 27-ին
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) գրավոր ընթացակարգով քննելով Կարինե Ստեփանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.07.2018 թվականի որոշման դեմ ըստ հայցի «ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի (այսուհետ` Հիմնարկ) ընդդեմ Կարինե Ստեփանյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, որոշել է. վճռաբեկ բողոքը բավարարել` վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2018 թվականի «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված հիմքով և կարգով Վճռաբեկ դատարանի դատավորներ Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս, Է. Սեդրակյանս և Ն. Տավարացյանս ներկայացնում ենք հատուկ կարծիք` դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ համաձայն չլինելու պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանի կողմից ընդունված որոշմամբ արձանագրվել է հետևյալը.
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հիմնարկը պահանջել է Կարինե Ստեփանյանից բռնագանձել 7.183.525 ՀՀ դրամ` որպես անօրինական գործունեության հետևանքով պատճառված վնասի հատուցում:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Զաքարյան) (այսուհետ` Դատարան) 25.05.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Կ. Չիլինգարյան, Մ. Հարթենյան, Հ. Ենոքյան) 23.07.2015 թվականի որոշմամբ Կարինե Ստեփանյանի միջնորդությունը` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ, մերժվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.10.2015 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կարինե Ստեփանյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Կ. Չիլինգարյան, Լ. Գրիգորյան, Ա. Պետրոսյան) 30.11.2015 թվականի որոշմամբ Կարինե Ստեփանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.01.2016 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կարինե Ստեփանյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.06.2018 թվականի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.01.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և վերացվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` Կարինե Ստեփանյանի վերաքննիչ բողոքը` բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով առանց ժամկետի տրամադրման վերադարձնելու վերաբերյալ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.07.2018 թվականի «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Կարինե Ստեփանյանի կողմից 02.11.2015 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Ստեփանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, նոր հանգամանքի հիմքով վերանայելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, դրա բեկանման հիմքում դրել է ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1290 որոշումը, որով սույն գործի լուծման համար տրվել էին առանցքային նշանակություն ունեցող մեկնաբանություններ և իրավական վերլուծություններ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը թիվ ՍԴՈ-1290 որոշմանը տվել է միանգամայն այլ մեկնաբանություն, որը չի բխում տվյալ որոշման իմաստից և անտեսել է, որ Կարինե Ստեփանյանը պետք է հնարավորություն ունենա բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձվելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու համար, քանի որ հակառակ դեպքում դատական պաշտպանությունից օգտվելու վերջինիս սահմանադրական իրավունքը կշարունակի մնալ խախտված:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածը չէր սահմանում, թե ինչ գործողություններ և ինչ ժամկետներում պետք է կատարվեն, եթե ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից միջանկյալ դատական ակտի բողոքարկումը մերժվում է:
Տվյալ դեպքում իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետի ընթացքում Կարինե Ստեփանյանն իրացրել է իր վճռաբեկության կարգով բողոքարկման իրավունքը, որպիսի պայմաններում այդ ժամկետը չէր կարող համարվել բաց թողնված, ուստի նշված պատճառաբանությամբ կրկին բերված վերաքննիչ բողոքին կից Կարինե Ստեփանյանը չէր ներկայացրել բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդություն: Բացի այդ, եթե անգամ համարվի, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց է թողնվել, ապա վերը շարադրված փաստերից հետևում է, որ այդ ժամկետը բաց թողնելու պատճառը տեղի է ունեցել ոչ բողոք բերողի մեղքով:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, 31.07.2018 թվականի որոշմամբ կրկին վերադարձնելով վերաքննիչ բողոքը, Կարինե Ստեփանյանին զրկել է սահմանադրորեն երաշխավորված դատական պաշտպանության իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.07.2018 թվականի որոշումը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը և Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2015 թվականի որոշմամբ Կարինե Ստեփանյանի միջնորդությունը` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ, մերժվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Միաժամանակ սահմանվել է երկշաբաթյա ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 3-րդ, գ.թ. 22-24):
Սույն որոշման դեմ Կարինե Ստեփանյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունելը մերժվել է` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.10.2015 թվականի որոշմամբ (հատոր 3-րդ, գ.թ. 60-62):
02.11.2015 թվականին Կարինե Ստեփանյանը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին օրենքով սահմանված կարգով և չափով կցել է նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը (հատոր 3-րդ, գ.թ. 71-80, 83-84):
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2015 թվականի որոշմամբ Կարինե Ստեփանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է (հատոր 3-րդ, գ.թ. 85-86), իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.01.2016 թվականի որոշմամբ վերը նշված որոշման դեմ Կարինե Ստեփանյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 108-111):
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.06.2018 թվականի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.01.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և վերացվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` Կարինե Ստեփանյանի վերաքննիչ բողոքը` բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով առանց ժամկետի տրամադրման վերադարձնելու վերաբերյալ (հատոր 4-րդ, գ.թ. 13-26):
ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով իրավահարաբերության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի, 207-րդ հոդվածի 1-ին կետի և 213-րդ հոդվածի 3-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ արձանագրել է. «ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով (2015 թվականի խմբագրությամբ) նախատեսված` դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, ի թիվս այլնի, կարող է ապահովվել այն դեպքերում, երբ առկա են բաց թողնված ժամկետի վերականգնման մասին միջնորդությունը վերադաս դատարանի կողմից պարտադիր քննության առարկա դարձնելու օրենսդրական երաշխիքներ: ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածը (2015 թվականի խմբագրությամբ) սահմանում է. «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»: Սահմանադրության հիշատակված դրույթների համատեքստում վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու հնարավորություն թույլ չտալու հանգամանքը: Այդ իմաստով` Սահմանադրական դատարանը հիմնավոր է համարում դիմող և պատասխանող կողմերի մոտեցումն այն հարցում, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված իրավակարգավորումն անձանց համար ստեղծում է դատարանի մատչելիության իրավունքի պաշտպանության խոչընդոտներ և չի հետապնդում որևէ իրավաչափ ողջամիտ նպատակ: Նման սահմանափակման անհամաչափությունն առավել ակնհայտ է դառնում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածով նախատեսված այլ հիմքերի հետ (օրինակ` բողոքաբերի կողմից պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելը, վերաքննիչ բողոքում նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումներ չներկայացնելը, բողոքաբերի պահանջը չներկայացնելը, վերաքննիչ բողոքը չստորագրելը) համադրման պարագայում, որոնց դեպքում նախատեսվում է թույլ տրված խախտումը շտկելու և վերաքննիչ բողոքը վերստին ներկայացնելու հնարավորություն: «Կարևորելով քաղաքացիական գործերով դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը, համապատասխան օրենսդրական համալիր կանոնակարգումը, բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունների համար պատշաճ իրավակարգավորված ընթացակարգ նախատեսելու անհրաժեշտությունը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման բացով պայմանավորված` բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու հնարավորության բացառումն իրավակիրառ պրակտիկայում կարող է հանգեցնել անձի` արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների խախտման»:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետը ճանաչել 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.06.2018 թվականի որոշմամբ արձանագրվել է, որ «... ՀՀ սահմանադրական դատարանի 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետն այն մասով, որը չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն, 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» 27.01.2016 թվականի որոշման վերանայման հիմք, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանի նշված որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել Վերաքննիչ դատարանի 30.11.2015 թվականի որոշմամբ կիրառված իրավանորմը, իսկ այդ որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը միաժամանակ արձանագրել է, որ «տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը 30.11.2015 թվականի որոշմամբ Կարինե Ստեփանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն հիմքով, որ ի խախտումն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կանոնի, վերաքննիչ բողոքը բերվել է օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո և չի պարունակում այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն: Նպատակ ունենալով վերականգնելու Կարինե Ստեփանյանի խախտված սահմանադրական իրավունքը և հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմի ազդեցությունը սույն գործի քննության ընթացքի վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Կարինե Ստեփանյանը պետք է հնարավորություն ունենա բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու: Ընդ որում, հենց այդ հնարավորության բացառումն է եղել խնդրո առարկա իրավանորմը հակասահմանադրական ճանաչելու պատճառը...»:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանի «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.07.2018 թվականի որոշմամբ Կարինե Ստեփանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է առանց ժամկետի տրամադրման: Նշված որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «ՀՀ Սահմանադրական դատարանի 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշման բովանդակությունից ակնհայտ է, որ այն վերաբերում է բացառապես դատական ակտի դեմ առաջին անգամ ներկայացված բողոքը վերադարձնելու դեպքին (...): Նկարագրված դեպքն ամենևին չի կարող նույնացվել այն դեպքի հետ, երբ բողոք բերած անձն արդեն իսկ օգտվել է առկա խախտումները վերացնելու և երկշաբաթյա ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորությունից, բայց խախտումներն ամբողջությամբ չի վերացրել կամ թույլ է տվել նոր խախտում, որպիսի վերացնելու համար նոր ժամկետի տրամադրումը դուրս է ՀՀ սահմանադրական դատարանի 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշման գործողության տիրույթից, ուստի երկրորդ դեպքի համար այդ որոշումը կիրառելի չէ»: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «(...) տվյալ դեպքում առկա է երկրորդ դեպքը, այն է` վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքը վճարված չլինելու և պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվելու պայմաններում պատասխանողի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 23.07.2015 թվականի որոշմամբ վերադարձվելուց հետո նա ոչ միայն ունեցել է խախտումները վերացնելու և երկշաբաթյա ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն, այլև փաստացի իրացրել է այդ հնարավորությունից օգտվելու իր իրավունքը, բայց երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո և առանց այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության: Այսինքն վերաքննիչ բողոքը կրկին ներկայացրել է նոր խախտմամբ, որպիսին վերացնելու նոր ժամկետ տրամադրվել չէր կարող ու չի տրամադրվել»:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ «Կարինե Ստեփանյանի 02.11.2015 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին Վերաքննիչ դատարանի 30.11.2015 թվականի որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2018 թվականի որոշմամբ վերացվելուց հետո` այդ բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծման պահի դրությամբ, իրավիճակը չի փոխվել` առկա է բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո և առանց այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության կրկին ներկայացված վերաքննիչ բողոք, որը ենթակա է վերադարձման» (հատոր 4-րդ, գ.թ. 34-38):
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.06.2018 թվականի որոշումը, օրինական ուժի մեջ մտնելով, կայացման պահից դարձել է պարտադիր դրա հասցեատերերի համար, որոնք իրենց գործունեության ընթացքում պարտավոր էին հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: Ըստ այդմ էլ` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշի հիմքով այն պարտադիր էր նաև Վերաքննիչ դատարանի համար` տվյալ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներով հանդերձ: Այսինքն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, 25.06.2018 թվականի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով վերանայելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.01.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և վերացնելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` Կարինե Ստեփանյանի վերաքննիչ բողոքը` բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով առանց ժամկետի տրամադրման վերադարձնելու վերաբերյալ, ՀՀ սահմանադրական դատարանի 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները կիրառելի է համարել Կարինե Ստեփանյանի բողոքարկած դատական ակտի նկատմամբ, որպիսի պայմաններում այն չէր կարող կասկածի տակ դրվել Վերաքննիչ դատարանի կողմից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.07.2018 թվականի որոշմամբ առանց ժամկետի տրամադրման վերադարձնելով Կարինե Ստեփանյանի վերաքննիչ բողոքը, խախտել է դատական ակտի պարտադիրության և իրավական որոշակիության սկզբունքները` արդյունքում սահմանափակելով Կարինե Ստեփանյանի դատական պաշտպանության իրավունքը:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել, որ օրենսդիրը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կարգավորելով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով անմիջականորեն բողոքարկելու կարգը, դրանում չի նախատեսել այնպիսի իրավակարգավորում, որը հնարավորություն կտա որոշելու վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին ներկայացնելու ժամկետը բոլոր այն դեպքերում, երբ վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկվելու արդյունքում կատարած վերանայումից հետո մերժում է նաև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են արդյունավետ իրավական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որի կարևոր բաղադրիչներից մեկը, ի թիվս այլնի, բողոքարկման իրավունքն է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտել է, որ տվյալ դեպքում էական է, թե սույն քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.10.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը ստանալուց հետո արդյո՞ք բողոքաբերը երկշաբաթյա ժամկետում է վերացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2015 կողմից մատնանշված վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները և կրկին վերաքննիչ բողոք ներկայացրել է:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով Կարինե Ստեփանյանն օրենքով սահմանված ժամկետում ներկայացրել է վճռաբեկ բողոք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2015 թվականի որոշման դեմ, որի վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.10.2015 թվականի որոշմամբ մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.10.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը Կարինե Ստեփանյանին ուղարկելու համար, փոստային ծառայությանն է հանձնվել 23.10.2015 թվականին (հիմք` փոստային անդորրագիր, հատոր 3-րդ, գ.թ. 63), այնուհետև Կարինե Ստեփանյանը, վերացնելով Վերաքննիչ դատարանի կողմից դատարանի վերը նշված որոշմամբ մատնանշված թերությունը, այն է` վերաքննիչ բողոքին կցելով օրենքով սահմանված չափով և կարգով վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը, 02.11.2015 թվականին (հիմք` փոստային ծրար, հատոր 3-րդ, գ.թ. 84) կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք:
Այսինքն` Կարինե Ստեփանյանը, ստանալով 07.10.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, վերացրել է վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները և կրկին բերված վերաքննիչ բողոքը ներկայացրել է երկշաբաթյա ժամկետում` պահպանելով ՀՀ սահմանադրական դատարանի 07.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1344 որոշման մեջ իրավական դիրքորոշմամբ արձանագրված ժամկետը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ բողոքը ներկայացվել է սահմանված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո և առանց այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարինե Ստեփանյանի կողմից վերաքննիչ բողոք ներկայացվել է երկշաբաթյա ժամկետում, ուստի կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ժամկետը բաց թողնված չլինելու պարագայում, բացակայել է նաև անհրաժեշտությունը ներկայացնել միջնորդություն` բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված սահմանափակումը հանգեցրել է Կարինե Ստեփանյանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակմանը` խաթարելով այդ իրավունքի բուն էությունը: Արդյունքում Կարինե Ստեփանյանը զրկվել է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից, քանի որ գործնականում չի ապահովվել բողոքարկման ընթացակարգի միջոցով ենթադրյալ դատական սխալի բացահայտումը և ուղղումը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտել է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Գտնում ենք, որ վերաքննիչ դատարանի եզրահանգումն իրավաչափ է, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.07.2018 թվականի որոշմամբ առանց ժամկետի տրամադրման վերադարձնելով Կարինե Ստեփանյանի վերաքննիչ բողոքը, խախտել է դատական ակտի պարտադիրության և իրավական որոշակիության սկզբունքները` արդյունքում սահմանափակելով Կարինե Ստեփանյանի դատական պաշտպանության իրավունքը, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 4-կետի համաձայն` վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում: Վճռաբեկ դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված սահմանափակումը հանգեցրել է Կարինե Ստեփանյանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակմանը` խաթարելով այդ իրավունքի բուն էությունը: Արդյունքում Կարինե Ստեփանյանը զրկվել է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից, քանի որ գործնականում չի ապահովվել բողոքարկման ընթացակարգի միջոցով ենթադրյալ դատական սխալի բացահայտումը և ուղղումը:
Գտնում ենք, որ «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 31.07.2018 թվականի որոշմամբ Կարինե Ստեփանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է առանց ժամկետի տրամադրման, քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանի 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշման բովանդակությունից ակնհայտ է, որ այն վերաբերում է բացառապես դատական ակտի դեմ առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու դեպքին, մինչդեռ Վերաքննիչ դատարանը Կարինե Ստեփանյանի կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքը քննելիս այլևս չէր կարող առաջնորդվեր ՀՀ Սահմանադրական դատարանի 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ հայտնած դիրքորոշմամբ, այն պայմաններում, երբ վերաքննիչ բողոք բերած անձն արդեն իսկ օգտվել է Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրած խախտումները վերացնելու և երկշաբաթյա ժամկետում վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու հնարավորությունից, բայց խախտումներն ամբողջությամբ չի վերացրել կամ թույլ է տվել նոր խախտում, ինչը վերացնելու համար նոր ժամկետի տրամադրումը դուրս է ՀՀ Սահմանադրական դատարանի 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշման բովանդակությունից:
Բացի այդ, հավելում ենք, որ Վերաքննիչ դատարանի որոշման բողոքարկումը վճռաբեկության կարգով ինքնաբերաբար չի երկարացնում օրենքով կամ դատարանի կողմից սահմանված ժամկետները, այլ կարող է բաց թողած ժամկետի պատճառները հարգելի ճանաչելու միջնորդությունը բավարարելու հիմք հանդիսանալ: Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձի 02.11.2015 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելիս իրավացիորեն գտել է, որ այն ներկայացվել է բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո և առանց բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդության, որը ենթակա է վերադարձման, իսկ թույլ տրված նոր խախտումը վերացնելու համար նոր ժամկետի տրամադրում օրենքով սահմանված չէ: Հետևաբար գտնում ենք, որ հիմնավոր են Վերաքննիչ դատարանի վերոնշյալ պատճառաբանություններն այն մասին, որ երկրորդ անգամ վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքի համար ՀՀ Սահմանադրական դատարանի 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշումը կիրառելի չէ և տվյալ դեպքում առկա է երկրորդ դեպքը, այն է` վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքը վճարված չլինելու և պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվելու պայմաններում պատասխանողի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 23.07.2015 թվականի որոշմամբ վերադարձվելուց հետո վերջինս ոչ միայն ունեցել է արձանագրված խախտումները վերացնելու և երկշաբաթյա ժամկետում վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն, այլև փաստացի իրացրել է այդ հնարավորությունից օգտվելու իր իրավունքը, մինչդեռ կրկին վերաքննիչ բողոք է բերել երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո և առանց դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության: Այսինքն` վերաքննիչ բողոքը կրկին ներկայացրել է նոր խախտմամբ, ինչն էլ նշանակում է, որ նոր խախտումը վերացնելու նոր ժամկետ տրամադրվել չէր կարող ու չի տրամադրվել:
Նման պայմաններում գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը չի կարող գնահատվել որպես անձի իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման դեմ դատական պաշտպանության արդյունավետ միջոցից զրկում, քանի որ Կարինե Ստեփանյանի 02.11.2015 թվականի կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին Վերաքննիչ դատարանի 30.11.2015 թվականի որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2018 թվականի որոշմամբ վերացվելուց հետո, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս առկա էր բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո և առանց այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության կրկին ներկայացված վերաքննիչ բողոք, որը ենթակա է վերադարձման, որպիսի հիմնավոր եզրակացման էլ հանգել է Վերաքննիչ դատարանը:
Վերոգրյալի համատեքստում արձանագրում ենք, որ բողոքաբերի կողմից իր դատավարական իրավունքի իրացմանն ուղղված գործողությունների թերի և ոչ պատշաճ կատարումը չի կարող դիտվել անձի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում և արդարադատության բուն էության խաթարում:
Դատավորներ` Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան