Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ Ծ ...

 

 

102.0195.231111

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»        11            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10211495

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

21 նոյեմբերի 2011 թվականի N 195-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

(2-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 4
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՄՈՏ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՀԱԿԵՏՈՒՄ

 

53. Արտադրական կամ աշխատանքային տեղամասում աշխատանքներ իրականացնող կալանավորված անձանց և դատապարտյալների անվտանգության ապահովումն իրականացվում է` արտադրական տեղամասում և մուտքի կամ մուտքերի մոտ նշանակված պահակետերով, ընդ որում` արտադրական կամ աշխատանքային տեղամասում նշանակված պահակետում այն իրականացվում է տեղաշարժմամբ, այնպես, որ նրա հսկողության տակ գտնվող անձինք մշտապես գտնվեն տեսադաշտում:

54. Արտադրական կամ աշխատանքային տեղամասում պահակետ նշանակված ծառայողը`

1) հսկողություն է սահմանում աշխատավայրում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների վարքագծի նկատմամբ` վերջիններիս կողմից փախուստ կամ այլ իրավախախտումներ կատարելը բացառելու նպատակով.

2) թույլ չի տալիս, որպեսզի աշխատանքի դուրս բերված անձինք փորձեն կապ հաստատել այլ կալանավորված անձանց, դատապարտյալների և այլ անձանց հետ.

3) հետևում է, որպեսզի կալանավորված անձինք կամ դատապարտյալները առանց թույլտվության չլքեն աշխատավայրը, իսկ նման փաստերի հայտնաբերման դեպքում զեկուցում է պահախմբի պետին կամ նրա օգնականին.

4) աշխատանքի ավարտից հետո անցկացնում է կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակի հաշվառում:

55. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասից դուրս աշխատանքներ իրականացնելու նպատակով դատապարտյալների պահպանությունն ապահովող ծառայողը պետք է ապահովված լինի մարտական զենքով:

56. Ոչ հերթափոխային աշխատանքային ռեժիմը սահմանվում է Հիմնարկի համար սահմանված աշխատանքային ժամերին, Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովումը կազմակերպելու վերաբերյալ հրամանի համաձայն պահպանությունը ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկվելով:

57. Պահպանությունն ապահովող հերթապահ խմբի համապատասխան ծառայողների կողմից կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդման ընթացքում միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի բացառվի`

1) փախուստ կամ ծառայողների և այլ անձանց վրա հարձակում կամ այլ իրավախախտում կատարելը.

2) ուղեկցորդման ճանապարհին որևէ առարկային տիրելը, որը կարող է նրա կողմից օգտագործվել փախուստ, ուղեկցորդումն իրականացնող անձանց վրա հարձակում, սպանություն կամ ինքնասպանություն կամ այլ իրավախախտում կատարելու համար.

3) այլ անձանց, այդ թվում` այլ կալանավորված անձանց և դատապարտյալների հետ հաղորդակցվելը.

4) ուղեկցորդվողների ինքնագլուխ շարքից դուրս գալը կամ շարքում ծխելը:

58. ՈՒղեկցորդումն իրականացվում է այն հաշվարկով, որ մեկ կալանավորված անձին կամ դատապարտյալին ուղեկցորդեն նվազագույնը երկու ծառայող, երկուսից վեց կալանավորված անձին կամ դատապարտյալին` նվազագույնը չորս ծառայող, յոթից տասներկու կալանավորված անձին կամ դատապարտյալին` նվազագույնը վեց ծառայող: Անհրաժեշտության դեպքում բարձր ռիսկայնության կալանավորված անձի կամ դատապարտյալի ուղեկցորդումն իրականացվում է երկու ծառայողի կողմից` օգտագործելով ձեռնաշղթա, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ոտնաշղթա: Փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներին ուղեկցորդելու համար` մեկ դատապարտյալին` առնվազն երեք ծառայող, երկու դատապարտյալին` առնվազն չորս ծառայող, իսկ ուղեկցորդման ղեկավարումն իրականացնում է պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետի օգնականը: Տրանսպորտային միջոցով ուղեկցորդման դեպքում կազմավորվում է պահախումբ` նվազագույնը չորս ծառայողից:

59. ՈՒղեկցորդման ընթացքում ծառայողներից մեկը գնում է առջևից, զննելով երթուղին և առաջնորդելով կալանավորված անձանց կամ դատապարտյալներին այնպես, որ վերջիններս իրեն հետևեն երկուսից երեք մետր հեռավորությամբ: Կալանավորված անձանցից կամ դատապարտյալներից մեկ մետր հեռավորությամբ հետևում են մյուս ծառայողները, հնարավորության դեպքում` նաև կողքից: Պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետը կամ նրա օգնականը տեղաշարժվում է խմբի վերջից:

 

ԳԼՈՒԽ 5
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԿԱՊԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿԻ ՄՈՏ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՀԱԿԵՏՈՒՄ

 

60. Կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի մոտ նշանակված պահակետի ծառայողը`

1) շահագործում և պահպանում է կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցները աշխատանքային վիճակում` համաձայն շահագործման կանոնների.

2) հետևում է սարքավորումների ցուցիչներին և աշխատանքին, վերացնում աշխատանքի ընթացքում առաջացած պարզ անսարքությունները, եթե դա չի խոչընդոտում իր անմիջական պարտականությունների կատարմանը.

3) անհապաղ զեկուցում է պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցներից ստացված ձայնային ազդանշանների, ահազանգման համակարգի անսարքությունների, պահակետերում նշանակված ծառայողներից ստացված տեղեկությունների և զեկույցների վերաբերյալ.

4) անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցներից ստացված ահազանգերի հաշվառման մատյանում գրառումներ է կատարում ընդունված ազդանշանների, անսարքությունների և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ.

5) երրորդ աստիճանի տագնապ հայտարարելու կամ ահազանգման համակարգից ազդանշան ստանալու դեպքում, զեկուցելով պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին, այդ մասին տեղեկացնում է տվյալ պահակետի և հարևան պահակետերի ծառայողներին.

6) հեռախոսակապի միջոցով պահակետից ընդունված կանչի դեպքում նախապես պարզում է դրա պատճառները, որից հետո այդ մասին զեկուցում պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին.

7) պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետի ցուցումով միացնում և անջատում է պահպանության արտաքին օբյեկտների և դրանց հարող տարածքների լուսավորությունը.

8) կապը և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցները սնուցող էլեկտրացանցի խափանման դեպքում սարքավորումները անհապաղ միացնում է պահեստային էլեկտրացանցին կամ սնուցման ավտոմատ աղբյուրին և այդ մասին զեկուցում պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին:

61. Կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի մոտ նշանակված պահակետն ընդունելիս, պահակետն ընդունող ծառայողը, փոխարինվող ծառայողի հետ ստուգում է ղեկավարման վահանակի սարքինությունը, բաշխիչ վահանակը, լուսավորությունը, ակումուլյատորային ինքնավար սնուցման աղբյուրը և առկա այլ սարքավորումները: Տվյալ սարքավորումների անսարքությունների բացակայության դեպքում պահակետի ընդունում-հանձնումն ավարտվում է ծառայողների զեկույցով` համապատասխանաբար իրենց պահախմբի պետերին և պահակետի ընդունման-հանձնման վերաբերյալ գրառումով` «Անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցներ շահագործման հաշվառման» մատյանում (Ձև 3), որում ստորագրում են պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետերը:

62. Կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի մոտ նշանակված պահակետի ծառայողին արգելվում է տագնապ հայտարարելու պատճառները ճշտելու և պարզելու նպատակով զանգահարել պահակետ, որտեղից ստացվել է տագնապ հայտարարելու ազդանշանը:

63. Կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի մոտ նշանակված պահակետի ծառայողը պետք է ապահովված լինի նաև մարտական զենքով, եթե տվյալ պահակետը տեղակայված չէ կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում:

 

ԳԼՈՒԽ 6
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀՍԿԻՉ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԿԵՏՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՀԱԿԵՏՈՒՄ. ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ԿԱՐԳԸ

 

64. Յուրաքանչյուր անձի մուտքը Հիմնարկ նախապես համաձայնեցվում է տվյալ Հիմնարկի իրավասու պաշտոնատար անձի հետ` Հիմնարկի վարչական տարածքի մուտքում կամ վարչական մասնաշենքում (եթե այդպիսիք առկա են) տեղակայված հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողի միջոցով, բացառությամբ օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց և տվյալ Հիմնարկի ծառայողների ու վարձու աշխատողների:

i

65. Յուրաքանչյուր այցելու Հիմնարկի վարչական մասնաշենք մուտք գործելու նպատակով վարչական տարածքի մուտքում կամ վարչական մասնաշենքում տեղակայված հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողին է ներկայացնում իր ծառայողական վկայականը կամ անձը հաստատող փաստաթուղթը:

(65-րդ կետը փոփ. 25.12.2018 թիվ 631-Ն հրաման)

i

66. Հսկիչ անցագրային կետում պահակետ նշանակված ծառայողը, համապատասխան համաձայնությունն ստանալուց հետո, այցելուների գրանցման մատյանում (Ձև 7) գրանցում է այցելուի ծառայողական վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները` նշելով Հիմնարկի վարչական մասնաշենք մուտք գործելու ժամը և րոպեն, բացառությամբ տվյալ Հիմնարկի ծառայողների և վարձու աշխատողների: Այցելուին` Հիմնարկում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում կրելու նպատակով հանձնվում է անցաթուղթ, որի վրա գրված է «ԱՅՑԵԼՈՒ» բառը:

(66-րդ կետը փոփ. 25.12.2018 թիվ 631-Ն հրաման)

i

67. Հիմնարկի ծառայողը և վարձու աշխատողը Հիմնարկի վարչական տարածք կամ վարչական մասնաշենք մուտք են գործում տվյալ` Հիմնարկի վարչական տարածքի մուտքում կամ վարչական մասնաշենքում տեղակայված հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողին ներկայացնելով ծառայողական վկայականը:

(67-րդ կետը փոփ. 25.12.2018 թիվ 631-Ն հրաման)

68. Յուրաքանչյուր անձի մուտքը Հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս իրականացվում է սահմանված կարգով տրված թույլտվության հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց և տվյալ Հիմնարկի ծառայողների ու վարձու աշխատողների: Հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս մուտքի և ելքի իրավունքը չի ենթադրում կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ տեսակցություն ունենալու իրավունք: Կալանավորված անձանց և դատապարտյալների հետ տեսակցությունները տրամադրվում են օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

69. Հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս այցելուների մուտքը, որպես կանոն, իրականացվում է աշխատանքային օրերին` ժամը 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի իրավունք ունեցող անձանց համար կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս մուտք գործելու ժամանակացույց չի սահմանվում:

i

70. Յուրաքանչյուր այցելու, բացառությամբ տվյալ Հիմնարկի ծառայողների և վարձու աշխատողների, Հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս մուտք գործելիս այդ գոտուն հարակից հսկիչ անցագրային կետ է հանձնում «Ա» ձևի (Ձև 8) անցագիրը, իր ծառայողական վկայականը կամ անձը հաստատող փաստաթուղթը:

(70-րդ կետը փոփ. 25.12.2018 թիվ 631-Ն հրաման)

i

71. Օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձինք հսկիչ անցագրային կետում ծառայողին են ներկայացնում ծառայողական վկայականը կամ կարգավիճակը և անձը հաստատող փաստաթուղթը:

(71-րդ կետը փոփ. 25.12.2018 թիվ 631-Ն հրաման)

72. Հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողը`

i

1) սահմանված կարգով ապահովում է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը Հիմնարկ.

2) ստուգում է հսկիչ անցագրային կետի դռների, դրանց փականների, պատուհանների վանդակաճաղերի սարքին լինելը և ընդունման արդյունքների ու հայտնաբերված թերությունների վերաբերյալ զեկուցում պահպանությունն ապահովող հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին.

3) հսկիչ անցագրային կետի անձանց և տրանսպորտային միջոցների համար նախատեսված մուտքերը օգտագործում է իրենց նպատակին համապատասխան.

4) թույլ չի տալիս անձանց մուտքը պահակետային սենյակ, բացառությամբ պահպանությունն ապահովող հերթապահ տվյալ խմբում ընդգրկված պահախմբի պետի, նրա օգնականի և այն անձանցից, որոնց նրանք ուղեկցում են.

5) թույլ չի տալիս կալանավորված անձանց և դատապարտյալներին օրենսդրությամբ արգելված առարկաների և իրերի, ինչպես նաև զենք-զինամթերքի, հատուկ միջոցների, տեխնիկական և բջջային կապի միջոցների, ֆոտոխցիկի, տեսախցիկի, վիդեո-աուդիո ձայնագրող սարքերի և նկարահանող այլ տեխնիկայի, թունավոր, պայթուցիկ նյութերի և հեղուկների, թմրանյութերի, ալկոհոլային խմիչքների և ալկոհոլային բաղադրություն պարունակող նյութերի ներթափանցումը, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

6) կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս մուտք գործող տվյալ Հիմնարկի ծառայողից, վարձու աշխատողից վերցնում, իսկ դուրս գալուց` վերադարձնում է անցագիրը.

7) կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս մուտք գործող Վարչության ծառայողից վերցնում է ծառայողական վկայականը` տալով ժետոն, իսկ դուրս գալուց` վերադարձնում է այն` ստանալով ժետոնը.

8) կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս մուտք գործող այցելուից ժամանակավոր ի պահ է վերցնում անձնագիրը (անձը հաստատող այլ փաստաթղթեր) և անցագիրը, գրանցում համապատասխան մատյանում և նրան հանձնում սահմանված կարգի անցաթուղթը, իսկ դուրս գալուց վերցնում անցաթուղթը և վերադարձնում անձնագիրը (անձը հաստատող փաստաթղթերը).

9) կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասից սահմանված ժամկետից ուշացումով դուրս եկող անձանց դուրս է թողնում միայն ուշացման պատճառները պարզելուց հետո` պահպանությունն ապահովող հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետի թույլտվությամբ.

10) իր մոտ պահում է դատապարտյալների ցուցակը, որոնց թույլատրված է կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասից դուրս բերել տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար` նրանց լուսանկարներով, ինչպես նաև Վարչության և Հիմնարկի համապատասխան պաշտոնատար անձանց ստորագրությունների նմուշները.

11) վարում է տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի հաշվառման մատյանը (Ձև 9) և պահակետային ամփոփագիրը (Ձև 10):

(72-րդ կետը փոփ. 25.12.2018 թիվ 631-Ն հրաման)

73. Հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողը թույլ չի տալիս, որպեսզի հսկիչ անցագրային կետի անցուղային միջանցքով այցելուի մուտքի ժամանակ միջանցքում միաժամանակ գտնվեն երեքից ավելի չափահաս անձինք, ինչպես նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի և ծառայողի միաժամանակյա տեղաշարժը այլ անձանց հետ`

1) բացում է անցուղային միջանցքի մուտքի դուռը և այցելուին ներս թողնելուց հետո փակում այն.

2) ստուգում է անցագիրը և անձը հաստատող փաստաթղթերը, համոզվում դրանց իսկության, անցագրի ճիշտ ձևակերպման մեջ, ստուգում դրանց պատկանելիությունը ներկայացնողին և համեմատում անցագիրը առկա նմուշների հետ.

3) այցելուին առաջարկում է անցնել մետաղափնտրիչ սարքով, հարցման միջոցով նախապես ճշտում այցելուի մոտ զենք-զինամթերքի առկայությունը, ընդ որում` առկայության դեպքում զեկուցում այդ մասին պահպանությունն ապահովող հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին և նրա հանձնարարությամբ ընդունում զենքը-զինամթերքը ժամանակավոր պահման, գրանցում այն ժամանակավոր ի պահ հանձնված զենք-զինամթերքի հաշվառման մատյանում (Ձև 11) և փոխարենը տալիս համապատասխան ժետոն.

4) այցելուին առաջարկում է թողնել արգելված իրերը հատուկ առանձնացված տեղում, բացում միջանցիկ դուռը և այցելուի ներս մտնելուց հետո փակում այն.

5) փաստաթղթերի իսկության կասկածի դեպքում (ջնջում, ուղղում, կնիքի ոչ հստակություն, անհամապատասխանություն նմուշին, լուսանկարի անփույթ սոսնձվածք և այլն) զեկուցում է պահպանությունն ապահովող հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին և հետագայում գործում նրա ցուցումի համաձայն:

74. Հիմնարկում արգելված իրերի և առարկաների ներթափանցումը կանխելու նպատակով, իրականացվում է Հիմնարկի տարածք մուտք գործող այցելուների անձնական խուզարկություն և նրանց իրերի, հագուստի զննություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշմամբ սահմանված կարգով:

75. Տվյալ Հիմնարկի ծառայողները և վարձու աշխատողները Հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս մուտք գործելիս կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասին հարակից հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողին են հանձնում տվյալ Հիմնարկի պետի կողմից տրված անցաթուղթը (Ձև 12):

76. Հիմնարկի կամ Վարչության կողմից նշանակված պահախումբը կամ ոստիկանական ուղեկալը, որը ժամանել է ավտոմոբիլով, հիմնարկի տարածք է թողնվում առանց անցագրի պահախմբի (ուղեկալի) ղեկավարի փաստաթղթերը ստուգելուց հետո: Պահախմբի կամ ոստիկանական ուղեկալի ելքը կալանավորված անձանց և դատապարտյալների հետ իրականացվում է «Գ» ձևի (Ձև 8) անցագրով, որի ժամանակ համեմատում է պահախմբի և հսկվող անձանց թվաքանակն անցագրում առկա թվաքանակի հետ:

77. Հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասից դուրս գալիս կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասին հարակից հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողը այցելուին վերադարձնում է վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը` այցելուների գրանցման մատյանում նշելով այցելուի` Հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասից դուրս գալու ժամը և րոպեն, բացառությամբ տվյալ Հիմնարկի ծառայողների և վարձու աշխատողների: Հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասից դուրս գալիս իրականացվում է Հիմնարկի տարածք մուտք գործող այցելուների անձնական խուզարկություն և նրանց իրերի հագուստի զննություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշմամբ սահմանված կարգով:

78. Հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասից դուրս գալիս կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասին հարակից հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողը տվյալ Հիմնարկի ծառայողին կամ վարձու աշխատողին վերադարձնում է սահմանված ձևի անցաթուղթը:

79. Հիմնարկի վարչական մասնաշենքից կամ վարչական տարածքից դուրս գալիս վարչական տարածքի մուտքում կամ վարչական մասնաշենքում տեղակայված հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողը այցելուից վերցնում է անցաթուղթը, այցելուների գրանցման մատյանում նշելով այցելուի` Հիմնարկից դուրս գալու ժամը և րոպեն, բացառությամբ տվյալ Հիմնարկի ծառայողների և վարձու աշխատողների: Ծառայողը Հիմնարկի վարչական մասնաշենքից կամ վարչական տարածքից դուրս գալիս վարչական տարածքի մուտքում կամ վարչական մասնաշենքում տեղակայված հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողին ներկայացնում է վկայականը:

80. Կալանավորված անձը կալանքից, իսկ դատապարտյալը պատժի կրումից ազատվելու դեպքերում Հիմնարկից դուրս է թողնվում «Բ» ձևի (Ձև 8) անցագրով, որի ժամանակ պահակետի ծառայողը համեմատում է պատժից ազատված անձին տրված համապատասխան տեղեկանքի լուսանկարը տվյալ անձի արտաքին տեսքի, հարցման պատասխանները` տեղեկանքում նշված տեղեկությունների, համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությունը` առկա ստորագրության օրինակի հետ, ինչպես նաև ստուգում տեղեկանքում համապատասխան կնիքի առկայությունը: «Բ» ձևի անցագիրը լրացվում է Հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառումն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման պետի կողմից:

81. Կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասից Հիմնարկի արտաքին տարածք, տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար, դուրս բերվող դատապարտյալները պահախմբի հետ դուրս են թողնվում «Ե» ձևի (Ձև 8) անցագրով: Հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողը դատապարտյալներին դուրս թողնելիս ստուգում է նրանց` ազգանուններով և համեմատում է նախապես Հիմնարկի պետի կողմից հաստատված դատապարտյալների ցուցակի հետ: Արգելվում է Հիմնարկից դուրս թողնել այն դատապարտյալներին, ովքեր չեն ընդգրկված նշված ցուցակում:

82. Ավտոմեքենաների կամ այլ տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս իրականացվում է «Դ» ձև անցագրով (Ձև 8) և ապրանքագրով` հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողների կողմից ավտոմոբիլը կամ տրանսպորտային միջոցը զննելուց հետո: Ավտոմեքենաների կամ այլ տրանսպորտային միջոցների զննումն իրականացվում է հսկիչ անցագրային կետին կից սարքավորված համապատասխան շինությունում, փակ դարպասների պայմաններում: Տրանսպորտային միջոցը կանգնեցվում է էստակադայի կամ տեսափոսորակի վրա: Զննումից առաջ հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողը վարորդին առաջարկում է անջատել շարժիչը, դուրս գալ ավտոմոբիլի խցիկից և տրանսպորտային միջոցը պատրաստել զննման: Զննվում է բեռնախցիկը, թափքը, շարժիչի մեկուսամասը, խցիկը (նստատեղի տակ, դռների մեջ և այլն) և ավտոմոբիլի տակը` առանձնակի ուշադրություն դարձնելով մետաղյա կամ փայտյա պահոցների պարունակության վրա, որոնք ամրացված են ավտոմոբիլի շասսիին կամ թափքին: Սորուն նյութերի (հող, ավազ և այլն) զննման ժամանակ կիրառվում են մետաղյա շոշափոցներ` մտցնելով այն մինչև թափքի հատակը: Տրանսպորտային միջոցի զննման համար կարող են կիրառվել նաև ծառայողական շներ և տեխնիկական այլ միջոցներ:

83. Տրանսպորտային միջոցների զննության արդյունքում հայտնաբերված և առգրավված արգելված իրերի, առարկաների վերաբերյալ զննումն իրականացրած անձանց կողմից կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակն առգրավված իրերի և ապրանքագրի հետ միասին հանձնվում է պահպանությունն ապահովող հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին:

84. Հրդեհաշիջման կամ այլ փրկարար խմբերի և տրանսպորտային միջոցների մուտքը կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս թույլատրվում է առանց փաստաթղթի` գրանցելով խմբերում առկա անձանց թվաքանակը: Նշված անձանց ելքն իրականացվում է ՊՀ-ի և պահպանությունն ապահովող հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետի ներկայությամբ` խմբերում առկա անձանց թվաքանակը ստուգելուց և տրանսպորտային միջոցները զննելուց հետո:

85. Հիմնարկի աշխատողների անձնական տրանսպորտային միջոցների մուտքը կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` Հիմնարկի պետի ցուցումով: Նշված տրանսպորտային միջոցների բաց կայանումը Հիմնարկի տարածքում արգելվում է:

86. Օգտագործված անցագրերը համեմատվում են անցագրերի կազմերի հիմքերի հետ և ամբողջ գրքի օգտագործումից հետո հանձնվում են արխիվ:

87. Հիմնարկում օգտագործվող անցագրերի տրման նկատմամբ հսկողություն է իրականացնում Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետը:

88. Քրեակատարողական հիմնարկի մուտքի և ելքի կարգը խախտող անձինք ենթարկվում են պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:

89. Հիմնարկ այցելությունները կարող են ժամանակավորապես սահմանափակվել կամ արգելվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

90. Հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի կահավորանքը պետք է ներառի`

1) համապատասխան ահազանգման համակարգ, հեռախոսակապ` միացված ՊՀ-ի, պահպանությունն ապահովող հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետի կամ կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի մոտ նշանակված պահակետի ծառայողի հետ, ինչպես նաև կալանավորված անձանց ու դատապարտյալների բնակության տեղամասի մուտքի և ելքի կողմից ձայնային ազդանշան ընդունելու զանգ.

2) շոշափոց և այլ հարմարանքներ` ներկրվող և դուրս բերվող բեռները ստուգելու համար.

3) մետաղյա պահարան` ժամանակավոր ի պահ տրված զենք-զինամթերքի պահման համար:

91. Հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ընդունման-հանձնման ժամանակ հերթափոխը հանձնող ծառայողն ընդունողին հանձնում է`

1) պահակետում առկա սարքավորումները, կապի և ահազանգման միջոցները.

2) մուտքի դռների և դարպասների բանալիները.

3) ժամանակավորապես ի պահ ընդունված զենք-զինամթերքը և փաստաթղթերը:

92. Պահակետն ընդունելու-հանձնելու վերաբերյալ պահակետի ծառայողներն այդ մասին զեկուցում են յուրաքանչյուրն իր ղեկավարին հետևյալ ձևով` համապատասխանաբար` «Պահակետը հանձնեց» և «Պահակետը ընդունեց», իսկ այնուհետև պահակետի ընդունման-հանձնման վերաբերյալ ստորագրում են պահակետային ամփոփագրում: Զեկուցման պահից սկսած պահակետը համարվում է ընդունած-հանձնած: Հերթափոխը հանձնած պահախմբի պետը փոխարինած ծառայողին հրամայում է հանձնել հաշվեցուցակային զենքերը, օգտագործված անցագրերը և թողնել տվյալ պահակետը:

93. Հսկիչ անցագրային կետում նշանակված պահակետի ծառայողը պետք է ապահովված լինի նաև մարտական զենքով, եթե տվյալ պահակետը տեղակայված չէ կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում:

 

ԳԼՈՒԽ 7
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԴԻՏԱՇՏԱՐԱԿՈՒՄ ԵՎ ԱՐԱՀԵՏՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՀԱԿԵՏՈՒՄ

 

94. Դիտաշտարակում նշանակված պահակետի ծառայողը`

1) ձեռնարկում է միջոցներ կալանավորված անձանց և դատապարտյալների փախուստը, ինչպես նաև կողմնակի անձանց ներթափանցումը Հիմնարկ բացառելու նպատակով, պահպանություն իրականացնելով մինչև` իրեն հարևան մյուս երկու դիտաշտարակների պարագծով.

2) ծառայության կատարումից ուշադրությունը չի շեղում, զենքը վայր չի դնում և չի փոխանցում ոչ ոքի, այդ թվում` նաև այն անձանց, ում ենթակա է վերադասության կարգով.

3) պահակետը չի լքում մինչև փոխարինվելը կամ պահակետից հանվելը, նույնիսկ եթե նրա կյանքին անմիջական վտանգ է սպառնում.

4) պահակետում ծառայություն կատարելիս զենքը պահում է լիցքավորված` առանց փամփուշտը փամփշտանոց ուղարկելու և պատրաստ` անհրաժեշտության դեպքում այն գործադրելու.

5) խստորեն պահպանում է զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները.

6) ոչ ոքի թույլ չի տալիս մոտենալ պահակետին, բացառությամբ տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահպանությունն ապահովող պահախմբի պետի, նրա օգնականի և այն անձանց, որոնց նրանք ուղեկցում են.

7) պահակետին մոտեցողներին կանգնեցնում է բացականչությամբ` «Կանգնի՛ր, ով է գալիս» և ստանալով պատասխան` «Գալիս է պահախմբի պետը» կամ «Գալիս է պահախմբի պետի օգնականը», թույլատրում է նրան մոտենալ պահակետին, ասելով. «Պահախմբի պետը (օգնականը) ինձ մոտ, մնացածը` տեղում», համոզվելով, որ մոտեցողը տվյալ ծառայողն է, թույլ է տալիս նրան և ուղեկցվողներին մոտենալ պահակետին` հերթափոխի ընդունման-հանձնման համար: Եթե պահակետին մոտեցողը կողմնակի անձ է կամ չի կատարում տվյալ հրամանը, ապա հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ և միջոցներ ձեռնարկում նրան կանգնեցնելու ուղղությամբ և գործում է զենքի գործադրման` օրենսդրությամբ սահմանված կանոններով.

8) չի հաղորդակցվում կողմնակի անձանց հետ.

9) պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին կամ նրա օգնականին զեկուցում է պահակետում իրավիճակի փոփոխության դեպքերի, արգելափակոցի, մասնաշենքերի պատերի, տանիքների ու պատուհանների վնասվածքների, ինչպես նաև ահազանգման և լուսավորության համակարգերի ակնհայտ անսարքությունների վերաբերյալ.

10) Հիմնարկի տարածքում գտնվող աշխատողների վրա հարձակման, կալանավորված անձանց և դատապարտյալների փախուստի փորձի, արգելափակոցի հաղթահարման դեպքերում հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ:

95. Դիտաշտարակում նշանակված պահակետի ընդունում-հանձնումն իրականացվում է պահակետում առկա սարքավորումների ստուգումից հետո: Պահակետը հանձնող ծառայողը պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին զեկուցում է` «Պահակետը հանձնեց»: Համոզվելով, որ պահակետը տեխնիկապես սարքին վիճակում է, պահակետն ընդունող ծառայողը պահպանությունն ապահովող իր հերթափոխում ընդգրկված պահախմբի պետին զեկուցում է` «Պահակետը ընդունեց»: Այդ պահից պահակետը համարվում է ընդունած-հանձնած: Պահակետը հանձնած ծառայողը, դիտաշտարակից իջնելով, կանգնում է շարքի վերջում: Դիտաշտարակում նշանակված պահակետի ընդունման-հանձնման ընթացքում խմբի ծառայողները սպասում են դիտաշտարակի ներքևում` առանց որևէ տեղաշարժման: Մյուս դիտաշտարակների, ընդունում-հանձնումը իրականացվում է նույն կարգով:

96. Արահետում նշանակված պահակետի ծառայողը իրականացնում է դիտաշտարակում նշանակված պահակետի ծառայողի համար սույն կարգով նախատեսված գործառույթները, ինչպես նաև հաշվեցուցակային պահակետի նախատեսված տեղամասում տեղաշարժվում է նշված երթուղով, ուշադիր զննում պահակետի և արգելափակոցի մոտակայքը, ահազանգման և լուսավորության համակարգերը:

97. Արահետում նշանակված պահակետի ծառայողն իր պարտականությունները կատարելիս տեղաշարժվում է սահմանված երթուղով` կատարելով կարճ կանգառներ` կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցները, պահակետին հարող տարածքը զննելու համար:

98. Արահետում և դիտաշտարակում նշանակված պահակետի ծառայողը պետք է ապահովված լինի մարտական զենքով` 20 փամփուշտով (2 պահեստատուփ` 10-ական փամփուշտներով), շարժական ռադիոկապով, տարվա եղանակին համապատասխան համազգեստով, սուլիչով, էլեկտրական լապտերով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` սաղավարտով և զրահաբաճկոնով: Դիտաշտարակում նշանակված պահակետի ծառայողը ապահովված է լինում նաև հեռախոսային կապով, իսկ արահետում նշանակված պահակետի ծառայողը` շարժական հեռախոսակապով` անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի մոտ նշանակված պահակետի ծառայողի հետ միանալու հնարավորությամբ:

99. Արահետային պահակետի ընդունում-հանձնումն իրականացվում է դիտաշտարակում նշանակված պահակետի ընդունման-հանձնման համար նախատեսված կարգով:

 

ԳԼՈՒԽ 8
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՀԱԿԵՏՈՒՄ

 

100. Քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակետում ծառայության են նշանակվում առնվազն երկու կրտսեր խմբի ծառայողներ` մեկ կալանավորված անձի կամ դատապարտյալի հաշվարկով` յուրաքանչյուր հերթափոխից:

101. Քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակետի ծառայողի հրահանգավորումը, որպես կանոն, իրականացնում է ՊՀ-ը: Տվյալ գործառույթը կարող է իրականացնել անվտանգությունն ապահովող տվյալ հերթապահ խմբի պահախմբի պետը:

102. Հրահանգավորումից հետո ծառայողները ստանում են զենք-զինամթերքը, անհրաժեշտ ինքնապաշտպանական և հատուկ միջոցները, այնուհետև` տրանսպորտային միջոցով փոխադրվում պահակետ: Փոխարինված ծառայողները նույն տրանսպորտային միջոցով փոխադրվում են Հիմնարկ, որտեղ հանձնում են զենք-զինամթերքը:

103. Քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակետ նշանակված ծառայողներից առաջինը ծառայություն է կատարում հիվանդասենյակում կամ հիվանդասենյակի առանձնացված հատվածում, որտեղից հնարավոր է ապահովել տեսողական արդյունավետ հսկողություն, իսկ մյուսը` պայմանավորված շենքային պայմաններից` միջանցքում, պատուհանի տակ կամ շենքի արտաքին տարածքի մեկ այլ վայրում:

104. Քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակետի ծառայողը կարող է կատարել իրեն տրված հրահանգավորման շրջանակից դուրս անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններ` ելնելով տվյալ հաստատությունում բուժական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից, այդ մասին նախապես զեկուցելով պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին:

105. Քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակետի ծառայողը`

1) մշտական հսկողություն է ապահովում հիվանդի վարքագծի նկատմամբ և միջոցներ ձեռնարկում նրա կողմից փախուստ կատարելը բացառելու նպատակով.

2) բացառում է հիվանդի հաղորդակցումը նրա բուժման հետ անմիջական կապ չունեցող բուժական անձնակազմի և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

3) ապահովում է կալանավորված անձի կամ դատապարտյալի գտնվելը հիվանդասենյակում, բացառությամբ բնական պահանջները բավարարելու կամ բուժական միջոցառումների կազմակերպման դեպքերի, իսկ հիվանդասենյակից կալանավորված անձի կամ դատապարտյալի դուրս գալու նշված դեպքերում` ապահովում է նրա անվտանգությունը.

4) հերթափոխից հետո պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին զեկուցում է ծառայության արդյունքների և պահակետը հանձնելու վերաբերյալ:

106. Քաղաքացիական առողջապահական հաստատություններում ծառայություն կատարելու համար առանձնացված պահախմբի հրահանգավորումն իրականացնում է ՊՀ-ը, որից հետո ծառայողները ստանում են զենք-զինամթերքը, անհրաժեշտ ինքնապաշտպանական և հատուկ միջոցները, այնուհետև` տրանսպորտային միջոցով փոխադրվում պահակետ: Փոխարինված ծառայողները նույն տրանսպորտային միջոցով փոխադրվում են Հիմնարկ, որտեղ հանձնում են զենք-զինամթերքը:

107. Քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակետի ծառայողներն ապահովված պետք է լինեն ծառայողական զենքով, ձեռնաշղթայով և ռադիոկապով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև մարտական զենքով:

 

ԳԼՈՒԽ 9
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՐԴՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

108. Հատուկ ավտոմոբիլի թափքում պահակետ նշանակված ծառայողը`

1) ձեռնարկում է միջոցներ կալանավորված անձանց և դատապարտյալների փախուստը, ինչպես նաև կողմնակի անձանց ներթափանցումը պահակետ բացառելու նպատակով.

2) ծառայության կատարումից ուշադրությունը չի շեղում, զենքը վայր չի դնում և չի փոխանցում ոչ ոքի, այդ թվում` նաև այն անձանց, ում ենթակա է վերադասության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ ավտոմոբիլը մուտք է գործում Հիմնարկ.

3) պահակետը չի լքում մինչև փոխարինվելը կամ պահակետից հանվելը, նույնիսկ եթե նրա կյանքին անմիջական վտանգ է սպառնում.

4) պահակետում ծառայություն կատարելիս զենքը պահում է լիցքավորված` առանց փամփուշտը փամփշտանոց ուղարկելու և պատրաստ` անհրաժեշտության դեպքում այն գործադրելու.

5) ոչ ոքի թույլ չի տալիս մոտենալ պահակետին, բացառությամբ ուղեկցորդման տվյալ պահախմբի պետի, նրա` պահակետային ամփոփագրով նշանակված օգնականի և այն անձանց, որոնց նրանք ուղեկցում են.

6) պահակետին մոտեցողներին կանգնեցնում է բացականչությամբ` «Կանգնի՛ր, ով է գալիս» և ստանալով պատասխան` «Գալիս է պահախմբի պետը» կամ «Գալիս է պահախմբի պետի օգնականը», թույլատրում է նրան մոտենալ պահակետին, ասելով. «Պահախմբի պետը (օգնականը) ինձ մոտ, մնացածը` տեղում», համոզվելով, որ մոտեցողը տվյալ ծառայողն է, թույլ է տալիս նրան և ուղեկցորդվողներին մոտենալ պահակետին: Եթե պահակետին մոտեցողը կողմնակի անձ է կամ չի կատարում տվյալ հրամանը, ապա հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ և միջոցներ ձեռնարկում նրան կանգնեցնելու ուղղությամբ և գործում է զենքի գործադրման` օրենսդրությամբ սահմանված կանոններով.

7) չի հաղորդակցվում կողմնակի անձանց հետ.

8) ուղեկցորդման պահախմբի պետին կամ նրա` պահակետային ամփոփագրով նշանակված օգնականին զեկուցում է պահակետում իրավիճակի փոփոխության դեպքերի, հատուկ ավտոմոբիլի թափքի, դռների ու պատուհանների վնասվածքների, ինչպես նաև ահազանգման և լուսավորության համակարգերի ակնհայտ անսարքությունների վերաբերյալ.

9) ուղեկցորդման պահախմբի այլ ծառայողների վրա հարձակման, կալանավորված անձանց կամ դատապարտյալների փախուստի փորձի դեպքերում հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ.

10) մշտական հսկողություն է ապահովում կալանավորված անձանց և դատապարտյալների վարքագծի նկատմամբ, արգելում` ծխելը, աղմկելը, խցի դռանը մոտենալը, ինչպես նաև հարակից խցում գտնվողների հետ անթույլատրելի կապ հաստատելը.

11) բացում է խցի կամ թափքի դուռը միայն ուղեկցորդման պահախմբի պետի կամ նրա օգնականի հրամանով.

12) կապ է պահպանում ուղեկցորդման պահախմբի պետի հետ համապատասխան կապի միջոցներով կամ ձայնային ազդանշանով:

109. Հատուկ ավտոմոբիլում նշանակված ծառայող վարորդը`

1) միջոցներ է ձեռնարկում հատուկ ավտոմոբիլն առանց հսկողության չթողնելու համար.

2) հատուկ ավտոմոբիլից իջնելու դեպքում անջատում է շարժիչը և բանալիները պահում իր մոտ.

3) հատուկ ավտոմոբիլը վարելու անհնարինության դեպքում այն փոխանցում է հատուկ ավտոմոբիլում պահակետ նշանակված համապատասխան վարորդական իրավունք ունեցող այլ ծառայողի:

110. Պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետը, ով իրականացնում է ուղեկցորդումը (սույն գլխում` ուղեկցորդման պահախմբի պետը) հրահանգավորման կազմակերպման նպատակով ծանոթանում է ուղեկցորդման վերաբերյալ պահակետային ամփոփագրին, որը ներառում է ուղեկցորդման պահախմբի անձնակազմի անհատական տեղաբաշխումն` ըստ պահակետերի, ծառայության տևողությունը և երթուղին: ՈՒղեկցորդման վերաբերյալ պահակետային ամփոփագիրը պահվում է ուղեկցորդման պահախմբի պետի մոտ մինչև գործողության ժամկետի ավարտը, որից հետո փոխանցվում է Պահպանության ապահովման բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալին` անվանացուցակային գործերում պահելու նպատակով:

111. ՈՒղեկցորդման պահախմբի պետը պահախմբին նախապատրաստում է Պահպանության ապահովման բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալի հրահանգավորմանը` հետևյալ կարգով.

1) ուղեկցորդման պահախմբին հրավիրում է շարք կազմելու և ստուգում նրանց արտաքին տեսքը.

2) ուղեկցորդման վերաբերյալ պահակետային ամփոփագրի համաձայն ստուգում է անձնակազմի ներկայությունը.

3) ուղեկցորդման պահախմբի ծառայողներին բաժանում է համապատասխան զենք-զինամթերքը, հատուկ և կապի միջոցները, ստուգում զենքերի սարքին վիճակը:

112. Պահպանության ապահովման բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալին դիմավորելու համար ուղեկցորդման պահախմբի պետը հրաման է տալիս` «Զգաստ, հավասարությունը դեպի աջ (ձախ)», պատվի առնելով զեկուցում է ծառայության կատարմանը ուղեկցորդման պահախմբի պատրաստվածության վերաբերյալ, որից հետո գործում է Պահպանության ապահովման բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալի ցուցումով: Պահպանության ապահովման բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալը ստուգում է ուղեկցորդման պահախմբի անձնակազմի կողմից իրենց պարտականությունների կատարման պատրաստվածությունը:

113. Հրահանգավորման ավարտից հետո ուղեկցորդման պահախմբի պետը հրամայում է պահակետերի ծառայողներին իր գլխավորությամբ անցնել ծառայության: ՈՒղեկցորդման պահախմբի պետը հրամայում է ուղեկցորդման պահախմբին լիցքավորել զենքերը: Զենքերի լիցքավորումը և լիցքաթափումը իրականացվում է իր ղեկավարությամբ սարքավորված վայրում, որտեղ տեղակայված են գնդակաորսիչներ: Զենքն առաջինը լիցքավորում և լիցքաթափում է ուղեկցորդման պահախմբի պետը:

114. Կալանավորված անձանց և դատապարտյալների փոխադրումը ընդունման կետից հանձնման կետ իրականացվում է ոտքով, հատուկ ավտոմոբիլով, վագոնով, օդանավով:

115. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների փոխադրումը ընդունման կետից հանձնման կետ իրականացվում է սահմանված երթուղով և սահմանված ժամանակահատվածում.

116. Փոխադրման ենթակա կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունումը իրականացնում է ուղեկցորդման պահախմբի պետը` կնիքված փակ ծրարով անձնական գործերով: Փոխադրման նպատակով հանձնման կամ ընդունման ենթակա չեն այն անձինք, ում վերաբերյալ փաստաթղթերը սխալ կամ թերի են ձևակերպված, ինչպես նաև գտնվում են ակնհայտ ոչ սթափ վիճակում, որի վերաբերյալ կատարվում է համապատասխան նշում ուղեկցորդման վերաբերյալ պահակետային ամփոփագրում:

117. Փոխադրման ենթակա կալանավորված անձինք և դատապարտյալները ուղեկցորդման պահախմբի կողմից ենթարկվում են, որպես կանոն, ամբողջական խուզարկության սույն կարգով սահմանված կարգով:

118. Ընդունման կամ հանձնման կետում, բացառությամբ Հիմնարկի, կալանավորված անձանց կամ դատապարտյալների, ընդունում-հանձնումը իրականացնելուց առաջ պահախմբերի պետերը ներկայանում են միմյանց` ստուգելով միմյանց անձը հաստատող փաստաթղթերը և ուղեկցորդման վերաբերյալ պահակետային ամփոփագիրը կամ համապատասխան լիազորությունները հավաստող այլ փաստաթղթերը:

119. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների ընդունում-հանձնումը իրականացվում է ըստ կալանավորված անձանց կամ դատապարտյալների թվաքանակի` միաժամանակ ստուգելով փոխադրման թերթիկում առկա անձնական տվյալները և լուսանկարը:

120. Հիմնարկից կալանավորված անձի կամ դատապարտյալի ընդունման վերաբերյալ ուղեկցորդման պահախմբի պետը համապատասխան գրառում է կատարում ՊՀ-ի մատյանում, իսկ այլ պահախմբից ընդունելու դեպքում տվյալ պահախմբի ուղեկցորդման մատյանում: Ստորագրությունները հաստատվում են պահախմբերի պետերի կնիքներով:

121. ՈՒղեկցորդման պահախմբի պետը ուղեկցորդումների վերաբերյալ պահակետային ամփոփագրի համաձայն երթուղու ընթացքում ուղեկցորդման պահախմբի անձնակազմին նշանակում է մեկ պահակետ` (հատուկ ավտոմոբիլի թափքում խցերի մոտ, վագոնում` միջանցքում խցերի մոտ): ՈՒղեկցորդման պահախմբի պետը և վարորդը երթևեկության ընթացքում գտնվում են ավտոմոբիլի խցիկում, իսկ վագոնի դեպքում` ուղեկցորդման պահախմբի պետը և ուղեկցորդման պահախմբի մյուս ծառայողները գտնվում են հատուկ սարքավորված վայրում: Կալանավորված անձանց և դատապարտյալներին հատուկ ավտոմոբիլ կամ վագոն նստեցման կամ հատուկ ավտոմոբիլից կամ վագոնից իջեցման ժամանակ ուղեկցորդման պահախմբի պետի կողմից նշանակվում են նաև ժամանակավոր պահակետեր` հատուկ ավտոմոբիլի դեպքում ավտոմոբիլի հետևի աջ մասում և հատուկ ավտոմոբիլի դիմացի ձախ մասում, վագոնի դեպքում` միջանցքում, խցերի մոտ, փակ հարթակում, իջեցման վայրից վագոնի հակառակ կողմը:

122. Տրանսպորտային միջոցներով, կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդման ընթացքում ուղեկցորդման պահախմբի պետը յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ անհրաժեշտության դեպքում և եթե նման հնարավորություններ տրանսպորտային տվյալ միջոցը չունի, անվտանգության ապահովման առումով առավել անվտանգ վայրում կազմակերպում է կանգառ` կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից բնական կարիքները հոգալու նպատակով: Տվյալ դեպքում կալանավորված անձինք և դատապարտյալները հատուկ ավտոմոբիլից իջեցվում են մեկ-մեկ:

123. Հատուկ ավտոմոբիլի կամ վագոնի խցերը փակվում են փականներով, որոնց բանալիները երթևեկության ընթացքում գտնվում են ուղեկցորդման պահախմբի պետի կամ նրա` պահակետային ամփոփագրով նշանակված օգնականի մոտ, խցերի փականների բանալիները չպետք է համընկնեն:

124. Արգելվում է իրականացնել կալանավորված անձանց և դատապարտյալների փոխադրում հատուկ ավտոմոբիլով գիշերային ժամերին, բացառությամբ կալանավորված անձի կամ դատապարտյալի առողջական վիճակի վատթարացման դեպքում:

125. Կալանավորված անձինք կամ դատապարտյալները տրանսպորտային միջոց նստեցվում և իջեցվում են մեկ-մեկ, խուց ընդունող պահակետի ծառայողի կողմից բարձրաձայն հաշվելով:

126. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների վագոնով ուղեկցորդման ընթացքում խցերի մոտ պահակետ նշանակված ծառայողների փոխարինումը պահակետերում իրականացվում է 2 ժամը մեկ անգամ: ՈՒղեկցորդման պահախմբի պետը վագոնով ուղեկցորդման ընթացքում առնվազն 4 անգամ ստուգում է պահակետերում ծառայության կատարման որակը, այդ մասին կատարելով գրառում պահակետային ամփոփագրում:

127. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների օդանավով ուղեկցորդման ընթացքում պահակետերը նշանակվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի նստատեղին կից աջ և ձախ նստատեղերում: Նշված անձանց ուղեկցորդումը իրականացվում է ձեռնաշղթայով: Ձեռնաշղթաները հանվում են սննդի ընդունման և բնական կարիքները հոգալու ընթացքում:

128. Հատուկ ավտոմոբիլի կամ վագոնի խափանման կամ վթարի դեպքում, երբ դրանց հետագա շահագործումը անհնարին է, ուղեկցորդման պահախմբի պետը այդ մասին անհապաղ զեկուցում է Պահպանության ապահովման բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալին և հետագայում գործում վերջինիս ցուցումով: Կալանավորված անձանց և դատապարտյալներին այլ հատուկ ավտոմոբիլ կամ վագոն տեղափոխելիս միջոցներ է ձեռնարկում վերջիններս կողմից փախուստ կամ այլ իրավախախտումներ կատարելը բացառելու ուղղությամբ: Հատուկ ավտոմոբիլի կամ վագոնի վթարի դեպքում միջոցներ է ձեռնարկում առկա վիրավորների առաջին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ.

129. Հատուկ ավտոմոբիլի կամ վագոնի հրդեհի դեպքում հրդեհը առաջինը նկատած ծառայողը ձայնով կամ առկա ահազանգման համակարգով «հրդեհ» ազդանշան է տալիս, որի դեպքում ուղեկցորդման պահախմբի պետի հրամանով ավտոմոբիլը կամ վագոնը անմիջապես կանգնեցվում է և ձեռնարկվում են համապատասխան միջոցներ հրդեհը մարելու ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է կալանավորված անձանց և դատապարտյալներին տարհանում ավտոմոբիլից կամ վագոնից` ապահովելով նրանց հուսալի պահպանությունը: Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ հրդեհաշիջման, ինչպես նաև առկա փաստաթղթերի, զենք-զինամթերքի պահպանության և անվտանգության ապահովման համար: Միաժամանակ հրդեհի վերաբերյալ ուղեկցորդման պահախմբի պետը զեկուցում է Պահպանության ապահովման բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալին և հետագայում գործում նրա ցուցումով:

130. Պահակետի, վագոնի կամ հատուկ ավտոմոբիլի վրա հարձակման դեպքում պահակետի ծառայողը կամ ուղեկցորդման պահախմբի պետը ձայնով կամ առկա ահազանգման միջոցներով ազդանշան է տալիս: ՈՒղեկցորդման պահախմբի պետը գնահատելով իրավիճակը, միջոցներ է ձեռնարկում հարձակումը հետ մղելու, վիրավորվածներին առաջին բուժօգնություն ցույց տալու ուղղությամբ: Միաժամանակ միջոցներ է ձեռնարկում Վարչության հերթապահ բաժին և ոստիկանության տարածքային բաժին հայտնելու ուղղությամբ:

131. Բարձր ռիսկայնության դատապարտյալների կամ կալանավորված անձանց փոխադրումը իրականացվում է ձեռնաշղթաներով, կարող են կիրառվել նաև ոտնաշղթաներ: Ձեռնաշղթաները կիրառվում են սույն կարգով սահմանված կարգով:

132. Վագոնում կամ հատուկ ավտոմոբիլում պահակետ նշանակված ծառայողը պետք է ապահովված լինի մարտական զենքով` 60 փամփուշտով (2 պահեստատուփ 30-ական փամփուշտներով), շարժական ռադիոկապով, տարվա եղանակին համապատասխան համազգեստով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` սաղավարտով և զրահաբաճկոնով:

133. ՈՒղեկցորդման պահախմբի պետը պետք է ապահովված լինի ատրճանակով` 16 փամփուշտով (2 պահեստատուփ` 8-ական փամփուշտներով), շարժական ռադիոկապով, տարվա եղանակին համապատասխան համազգեստով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` սաղավարտով և զրահաբաճկոնով:

134. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների փոխադրում իրականացնելու նպատակով նշանակված պահախումբը պետք է առնվազն ներառի`

1) հատուկ ավտոմոբիլով փոխադրման դեպքում` ուղեկցորդման պահախմբի պետ, ուղեկցորդման պահախմբի պետի օգնական, վարորդ և ծառայող,

2) վագոնով փոխադրման դեպքում` ուղեկցորդման պահախմբի պետ, ուղեկցորդման պահախմբի պետի օգնական և ծառայող,

3) օդանավով փոխադրման դեպքում` ուղեկցորդման պահախմբի պետ, ուղեկցորդման պահախմբի պետի օգնական:

ՈՒղեկցորդման պահախմբի թվաքանակը որոշվում է առաջադրված խնդրի ծավալից` կալանավորված անձանց կամ դատապարտյալների թվաքանակից ելնելով:

135. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների ուղեկցորդումների ժամանակ պահպանվում են վերջիններիս համար օրենքով նախատեսված անջատ պահելու սկզբունքները:

136. ՈՒղեկցորդումների իրականացման ընթացքում անվտանգության ապահովումն իրականացվում է Վարչության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի հետ համաձայնեցված և Պահպանության ապահովման բաժնի պետի կողմից հաստատված գործողությունների պլաններով:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Արդարադատության նախարարություն
21.11.2011
N 195-Ն
Հրաման