Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 39-ՐԴ, 41- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ      

    դատարանի որոշում                       թիվ ԵԿԴ/0570/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0570/02/09   2018 թ.

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Ա. Սմբատյան     

                       Գ. Խանդանյան    

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Բարսեղյանի

                                              Ս. Անտոնյանի     

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի      

                                              Գ. Հակոբյանի     

                                              Ս. Միքայելյանի   

                                              Ն. Տավարացյանի

 

2018 թվականի հուլիսի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Գայանե Պետրոսյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման, Կառլոս, Սարգիս, Ջուլիետա Գրիգորյանների, Իդա Գրիգորյանի իրավահաջորդ Ավետիք Գրիգորյանի, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի` տան տեխնիկական անձնագիրն անվավեր ճանաչելու և պատասխանողների իրավունքը դադարեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Գայանե Պետրոսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գայանե Պետրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կառլոս, Սարգիս, Ջուլիետա Գրիգորյանների, Իդա Գրիգորյանի իրավահաջորդ Ավետիք Գրիգորյանի անվամբ 07.06.1989 թվականին տրված տան տեխնիկական անձնագիրը և դադարեցնել վերջիններիս սեփականության իրավունքը Երևանի Սիմեոն Երևանցու (նախկինում` Չկալով) փողոցի թիվ 40 հասցեի տան նկատմամբ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 03.11.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.01.2018 թվականի որոշմամբ Գայանե Պետրոսյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տված թերությունները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.02.2018 թվականի որոշմամբ Գայանե Պետրոսյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Պետրոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ, 41-րդ, 42-րդ, 210-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոքը կրկին ներկայացնելու պահանջն ուղղակիորեն ենթադրում է կրկին վերաքննիչ բողոքի ներկայացում, այսինքն` վերաքննիչ բողոքը վերադարձվելու պայմաններում արձանագրված խախտումները վերացնելու հետ մեկտեղ կրկին պետք է ներկայացվեր վերաքննիչ բողոք` պահպանելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները, որը և կատարվել է: Մինչդեռ վերադարձնելով վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանը զրկել է Գայանե Պետրոսյանին Դատարանի վճիռը բողոքարկելու հնարավորությունից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 07.02.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է` վերաքննիչ բողոքն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` վարույթ ընդունելու և գործն ըստ էության քննելու համար»:

 

i

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52): Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը, սակայն, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 36): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները կարող են դատարանում իրենց գործերը վարել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով: Քաղաքացու մասնակցությունը գործին չի զրկում նրան` գործով ներկայացուցիչ ունենալու իրավունքից:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող է լինել դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի, բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու տված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և վավերացման ենթակա չէ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն` դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու դատավարական գործողություններ, բացառությամբ` (...) 8) բողոքարկելու դատական ակտը (...):

Նույն հոդվածում նշված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են նույն օրենսգրքով սահմանված կարգով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները (...):

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչության ինստիտուտը կոչված է ապահովելու գործին մասնակցող անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը: Այդ իսկ պատճառով օրենսդիրը սահմանել է դատական ներկայացուցչություն իրականացնելու լայն շրջանակ` չսահմանափակելով դրա գործառնությունը դատավարական այս կամ այն փուլում, այս կամ այն դատական ատյանում: Ընդ որում, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն` դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու այն բոլոր դատավարական գործողությունները, որոնք օրենքով սահմանված կարգով վերապահված են այս կամ այն գործին մասնակցող անձին, բացառությամբ որոշակի դատավարական գործողությունների կատարումից, ինչպիսին է, օրինակ, դատական ակտը բողոքարկելը: Նշված գործողության կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ քաղաքացիական դատավարությունում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար ներկայացուցիչը պետք է ունենա օրենքով սահմանված կարգով տրված լիազորություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա ներկայացուցչին ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` ներկայացվողի դատական պաշտպանության իրավունքը: Ըստ այդմ էլ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով դատարանները պետք է պարզեն դատավարական գործողություններ իրականացնելու համար անձին տրված լիազորագրի պատշաճ ձևակերպված լինելու հանգամանքը (արդյո՞ք այն տրվել է օրենքով սահմանված կարգով, արդյո՞ք պահպանված է լիազորագրի գործողության ժամկետը և այլն): Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատարանը պարզում է, որ դատավարական գործողություններ իրականացնելու համար տրված լիազորագիրը ներկայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ կամ դադարել է լիազորագրի գործողության ժամկետը, ապա դատարանն իրավասու է կիրառել դրանից բխող դատավարական հետևանքները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումները, արձանագրել է, որ գործին մասնակցող անձինք դատական ակտն իրավասու էին բողոքարկել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով տրված և ձևակերպված լիազորագրի հիման վրա: Ըստ այդմ էլ վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ընդ որում, այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանը պարզում է, որ վերաքննիչ բողոքը ստորագրված չէ կամ ներկայացուցչի ներկայացված լիազորագիրը չի համապատասխանում օրենքով սահմանված կարգին, կամ դադարել է ներկայացված լիազորագրի գործողության ժամկետը, Վերաքննիչ դատարանն իրավասու էր իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով վերադարձնել վերաքննիչ բողոքը` նույն հոդվածի 3-րդ կետի հիմքով սահմանելով ժամկետ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը` թերությունները շտկելու համար որոշակի ժամկետի տրամադրմամբ վերադարձնելը նպատակ է հետապնդում հնարավորություն տալ դատական ակտը բողոքարկած անձին վերացնելու մատնանշված թերությունները և այն կրկին` առանց թերությունների ներկայացնել: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք ներկայացրած անձն օրենքով սահմանված ժամկետում վերացնում է Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված թերությունները և այն կրկին ներկայացնում է` թույլ չտալով վերաքննիչ բողոքի նոր թերություններ, ապա կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը ենթակա չէ վերադարձման միայն այն հիմքով, որ առաջին բողոքի ներկայացման ժամանակ թույլ է տրվել որևէ խախտում: Այլ կերպ ասած` կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելիս Վերաքննիչ դատարանն իրավասու չէ հղում կատարել առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտմանը, եթե այն վերաքննիչ բողոք բերած անձի կողմից արդեն իսկ վերացվել է (տե՛ս, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Բագրատ Մարությանի, «Յումակս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0748/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):

Սույն գործով Գայանե Պետրոսյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալաբանյանը փոստային առաքմամբ 18.12.2017 թվականին Դատարանի 03.11.2017 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 5-րդ, գ.թ. 5-34): ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 08.01.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, վերաքննիչ բողոքին չի կցվել վերաքննիչ բողոքի պատճենը Կառլոս, Սարգիս, Ջուլիետա Գրիգորյաններին, Իդա Գրիգորյանի իրավահաջորդ Ավետիք Գրիգորյանին ուղարկելու փաստը հավաստող ապացույցը, ինչպես նաև որպես բողոք բերող անձ նշվել է Գայանե Պետրոսյանը, սակայն բողոքը ստորագրվել է վերջինիս ներկայացուցիչ Ռուբեն Բալաբանյանի կողմից, մինչդեռ վերջինս բողոքին կից չի ներկայացրել իր լիազորությունները հավաստող ապացույց, իսկ գործում առկա` Գայանե Պետրոսյանի կողմից Ռուբեն Բալաբանյանին տրված լիազորագրի ժամկետը լրացել է դեռևս 08.03.2012 թվականին: Վերը նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրահանգել է նաև, որ արդյունքում վերաքննիչ բողոքը ստորագրել է այն անձը, ով վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ լիազորություն չունի (հատոր 5-րդ, գ.թ. 36-37):

Գայանե Պետրոսյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալաբանյանը փոստային առաքմամբ 30.01.2018 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք. միաժամանակ վերաքննիչ բողոքին կցել է 19.01.2018 թվականին Գայանե Պետրոսյանի կողմից Ռուբեն Բալաբանյանին երեք տարի ժամկետով տրված լիազորագիրը (հատոր 5-րդ գ.թ. 60-79):

Վերաքննիչ դատարանը, 07.02.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձնելով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «30.01.2018 թվականին Ռուբեն Բալաբանյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված լիազորագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն տրվել է Գայանե Պետրոսյանի կողմից 19.01.2018 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը նախկինում ներկայացվել էր 18.12.2017 թվականին, ինչից էլ հետևում է, որ վերաքննիչ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ համապատասխան լիազորություններ ունենալու վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել: Արդյունքում` վերաքննիչ բողոք ներկայացնելու պահի դրությամբ (18.12.2017 թվականին) Ռուբեն Բալաբանյանը լիազորություն չի ունեցել ստորագրելու վերաքննիչ բողոքը, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված թերությունը չի շտկվել» (հատոր 5-րդ, գ.թ. 80):

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Գայանե Պետրոսյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալաբանյանը 18.12.2017 թվականին առաջին անգամ ներկայացրել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 18.01.2018 թվականի որոշմամբ նշելով, որ Գայանե Պետրոսյանի կողմից 03.03.2009 թվականին Ռուբեն Բալաբանյանին տրված լիազորագրի ժամկետը լրացած է և արձանագրելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ կետի խախտման փաստը, վերադարձրել է վերաքննիչ բողոքը: Գայանե Պետրոսյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալաբանյանը 30.01.2018 թվականին փոստային առաքմամբ կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է Գայանե Պետրոսյանի կողմից տրված լիազորագիրը:

Գայանե Պետրոսյանի կողմից 19.01.2018 թվականին Ռուբեն Բալաբանյանին տրված լիազորագրի ուսումնասիրությունից հետևում է, որ Գայանե Պետրոսյանը Ռուբեն Բալաբանյանին 19.01.2018 թվականին պատշաճ կարգով տվել է լիազորագիր` երեք տարի ժամկետով` մինչև 19.01.2021 թվականը, ի թիվս այլնի` դատական ակտը բողոքարկելու լիազորությամբ: Այսինքն` Ռուբեն Բալաբանյանը 30.01.2018 թվականին կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքում պահպանել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը, այն է` Ռուբեն Բալաբանյանի լիազորությունների մասով շտկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.01.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված թերությունը, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքն առաջին անգամ վերադարձնելիս Վերաքննիչ դատարանը հստակ մատնանշել է վերաքննիչ բողոքում թույլ տրված թերությունը, այն է` Գայանե Պետրոսյանի անունից նրա ներկայացուցիչ Ռուբեն Բալաբանյանի` օրենքով սահմանված լիազորություն չունենալու հանգամանքը, ինչն էլ հետագայում կրկին ներկայացված վերաքննիչ բողոքով Գայանե Պետրոսյանի կողմից վերացվել է: Մասնավորապես` կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է Գայանե Պետրոսյանի կողմից Ռուբեն Բալաբանյանին 19.01.2018 թվականին պատշաճ կարգով տրված լիազորագիր` երեք տարի ժամկետով (մինչև 19.01.2021 թվականը):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Գայանե Պետրոսյանի կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելով, վկայակոչել է առաջին անգամ վերաքննիչ բողոքում թույլ տրված թերությունը, ինչն օրենքով սահմանված ժամկետում Գայանե Պետրոսյանի կողմից արդեն իսկ վերացվել էր: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը` դրանով իսկ սահմանափակելով 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` Գայանե Պետրոսյանի դատական պաշտպանության իրավունքը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.01.2018 թվականի որոշմամբ Գայանե Պետրոսյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալաբանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել էր նաև այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, ինչպես նաև վերաքննիչ բողոքին չի կցվել վերաքննիչ բողոքի պատճենը Կառլոս, Սարգիս, Ջուլիետա Գրիգորյաններին, Իդա Գրիգորյանի իրավահաջորդ Ավետիք Գրիգորյանին ուղարկելու փաստը հավաստող ապացույցը:

Վերաքննիչ դատարանը, 07.02.2018 թվականի որոշմամբ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելով Ռուբեն Բալաբանյանի` վերաքննիչ բողոք ներկայացնելու պահի դրությամբ վերաքննիչ բողոքը ստորագրելու լիազորություն չունենալու հիմքով, որևէ դատողություն չի կատարել 08.01.2018 թվականի որոշմամբ արձանագրված մնացած թերությունները շտկված լինելու հարցի վերաբերյալ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհրաժեշտ է գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության պարզելու համար` արդյոք շտկվել են 08.01.2018 թվականի որոշմամբ արձանագրված մյուս թերությունները, և ըստ այդմ լուծել` վերաքննիչ բողոքի ընդունելության հարցը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի ներկայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված` վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի 07.02.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ, 405-րդ և 406-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2018
N ԵԿԴ/0570/02/09
Որոշում