Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 234-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
 ԳԴ4/0240/02/13
2016 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0240/02/13 

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

                    Դատավորներ` Ն. Բարսեղյան

                                                  Գ. Մատինյան 

    

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
   Ե. Սողոմոնյանի

                   

2016 թվականի հուլիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Զախարյանի և Անուշ Մարտիրոսյանի ներկայացուցիչ Հակոբ Սաֆարյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Ռոբերտ Նալբանդյանի ընդդեմ Արմեն Զախարյանի և Անուշ Մարտիրոսյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.04.2014 թվականի որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռոբերտ Նալբանդյանը պահանջել է Արմեն Զախարյանին և Անուշ Մարտիրոսյանին վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Պահարեի փողոցի թիվ 3 տնից:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա.Գաբրիելյան) (այսուհետ` Դատարան) 05.12.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.04.2014 թվականի որոշմամբ Արմեն Զախարյանի և Անուշ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.12.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.06.2014 թվականի որոշմամբ Արմեն Զախարյանի և Անուշ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Զախարյանի և Անուշ Մարտիրոսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Թիվ ԵԿԴ/1306/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2015 թվականի որոշմամբ անվավեր է ճանաչվել 29.07.2011 թվականին կնքված ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Պահարեի թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա Ռոբերտ Նալբանդյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և նույն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ վերականգնվել է Արմեն Զախարյանի և Անուշ Մարտիրոսյանի սեփականության իրավունքը: Այդ դատական ակտի հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Արմեն Զախարյանին և Անուշ Մարտիրոսյանին տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական: Նման պայմաններում վերը նշված դատական ակտով և այդ վկայականով հաստատված հանգամանքները Վերաքննիչ դատարանի 23.04.2014 թվականի որոշումը վերանայելու հիմք են, քանի որ դրանցով հիմնավորվում է, որ սույն գործով վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը ներկայումս սեփականության իրավունքով պատկանում է ոչ թե Ռոբերտ Նալբանդյանին, այլ` Արմեն Զախարյանին և Անուշ Մարտիրոսյանին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել և բեկանել Վերաքննիչ դատարանի 23.04.2014 թվականի որոշումն ու այն փոփոխել` հայցը մերժել»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Արմեն Զախարյանը և Անուշ Մարտիրոսյանը` որպես վաճառողներ, և Ռոբերտ Նալբանդյանը` որպես գնորդ, 29.07.2011 թվականին կնքել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն` Ռոբերտ Նալբանդյանը ձեռք է բերել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի Պահարեի թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 8).

2. վերը նշված առուվաճառքի պայմանագրի հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 05-001-4-41 մատյանի 263-րդ համարի տակ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի Պահարեի թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 03.08.2011 թվականին գրանցվել է Ռոբերտ Նալբանդյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 5-7).

3. Դատարանը, հաստատված համարելով, որ «կողմերի միջև 29.07.2011 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն` վաճառողները վաճառել են, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերել Գավառ քաղաքի Պահարեի թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքը», «պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է», «գույքի սեփականատեր է հանդիսանում Ռոբերտ Նալբանդյանը, ում տրված է իրավունք ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու գույքը», 05.12.2013 թվականին վճիռ է կայացրել Ռոբերտ Նալբանդյանի հայցն ընդդեմ Արմեն Զախարյանի և Անուշ Մարտիրոսյանի` իրեն սեփականության իրավունքով պատկանող` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Պահարեի փողոցի թիվ 3 տնից վտարելու պահանջի մասին, բավարարելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 159-164).

4. Վերաքննիչ դատարանի 23.04.2014 թվականի որոշմամբ Արմեն Զախարյանի և Անուշ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.12.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 2-րդ, գ.թ. 81-83).

5. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.06.2014 թվականի որոշմամբ Արմեն Զախարյանի և Անուշ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 2-րդ, գ.թ. 98-100).

6. ըստ հայցի Արմեն Զախարյանի և Անուշ Մարտիրոսյանի ընդդեմ Ռոբերտ Նալբանդյանի` 29.07.2011 թվականին Արմեն Զախարյանի, Անուշ Մարտիրոսյանի և Ռոբերտ Նալբանդյանի միջև Գավառի նոտարական գրասենյակում կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը շինծու ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, թիվ ԵԿԴ/1306/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 18.06.2015 թվականին կայացված և 19.08.2015 թվականին օրինական ուժի մեջ մտած որոշմամբ Արմեն Զախարյանի և Անուշ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.03.2015 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է, և որպես 29.07.2011 թվականին Արմեն Զախարյանի, Անուշ Մարտիրոսյանի և Ռոբերտ Նալբանդյանի միջև կնքված շինծու գործարքի անվավերության հետևանքներ` անվավեր է ճանաչվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի Պահարեի թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 29.07.2011 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գրանցամատյանում Ռոբերտ Նալբանդյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, և վերը նշված հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ վերականգնվել է Արմեն Զախարյանի և Անուշ Մարտիրոսյանի սեփականության իրավունքը (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից).

7. թիվ ԵԿԴ/1306/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 18.06.2015 թվականին կայացված որոշման հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Պահարեի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 07.10.2015 թվականին գրանցվել է Արմեն Զախարյանի և Անուշ Մարտիրոսյանի սեփականության իրավունքը (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր երևան եկած հանգամանք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե վերացվել է այն դատական ակտը, դատավճիռը, վարչական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործը հարուցվել է Ռոբերտ Նալբանդյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է Արմեն Զախարյանին և Անուշ Մարտիրոսյանին վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Պահարեի փողոցի թիվ 3 տնից:

Դատարանը բավարարել է Ռոբերտ Նալբանդյանի հայցը` պատճառաբանելով, որ վերջինս հանդիսանում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Պահարեի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր, իսկ Արմեն Զախարյանը և Անուշ Մարտիրոսյանը չեն ներկայացրել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց այդ անշարժ գույքն օրինական հիմքերով տիրապետելու վերաբերյալ: Հետևաբար Ռոբերտ Նալբանդյանն ունի վիճելի անշարժ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու իրավունք:

Վերաքննիչ դատարանը մերժել է Արմեն Զախարյանի և Անուշ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել օրինական ուժի մեջ` ըստ էության վերահաստատելով Դատարանի վերոգրյալ պատճառաբանությունը:

Սույն գործով բողոք բերած անձի կողմից որպես նոր երևան եկած են վկայակոչվել այն հանգամանքները, որ թիվ ԵԿԴ/1306/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 18.06.2015 թվականին կայացված և 19.08.2015 թվականին օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր է ճանաչվել Արմեն Զախարյանի, Անուշ Մարտիրոսյանի և Ռոբերտ Նալբանդյանի միջև 29.07.2011 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա Ռոբերտ Նալբանդյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, վերը նշված հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ վերականգնվել է Արմեն Զախարյանի և Անուշ Մարտիրոսյանի սեփականության իրավունքը, և այդ դատական ակտի հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Արմեն Զախարյանին և Անուշ Մարտիրոսյանին տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ԵԿԴ/1306/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 18.06.2015 թվականին կայացված և 19.08.2015 թվականին օրինական ուժի մեջ մտած որոշմամբ Արմեն Զախարյանի, Անուշ Մարտիրոսյանի և Ռոբերտ Նալբանդյանի միջև 29.07.2011 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա Ռոբերտ Նալբանդյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելը սույն գործով նոր երևան եկած հանգամանք է և հիմք է հանդիսանում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.06.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու համար, քանի որ Արմեն Զախարյանին և Անուշ Մարտիրոսյանին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Պահարեի փողոցի թիվ 3 տնից վտարելու վերաբերյալ Ռոբերտ Նալբանդյանի հայցապահանջի բավարարման հիմքում դրված է եղել վերոհիշյալ առուվաճառքի պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի և 204.32-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.06.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.06.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.04.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.07.2016
N ԳԴ4/0240/02/13
Որոշում