Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 28...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 288-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                             ԵԿԴ/0225/06/08

քրեական վերաքննիչ դատարանի որոշում

գործ թիվ ԵԿԴ/0225/06/08

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                   քարտուղար                  Ա. Աբրահամյանի

 

ք. Երևանում

 

2008 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով մեղադրյալ Անուշ Սանասարի Ղավալյանի պաշտպան, Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի վճռաբեկ բողոքը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի հուլիսի 1-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

i

1. «Պիցցա Դի Ռոմա» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Գևորգ Սաֆարյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ 2007 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ ԿԱ ՀՊԾ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

2. Անուշ Ղավալյանը 2008 թվականի մարտի 21-ին ձերբակալվել է, մարտի 24-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:

3. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի մարտի 24-ի որոշմամբ մասնակիորեն բավարարվել է մեղադրյալ Անուշ Ղավալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, և Անուշ Ղավալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանք` 20 օր ժամկետով:

4. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ մասնակիորեն բավարարվել է մեղադրյալ Անուշ Ղավալյանի նկատմամբ ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը, և Անուշ Ղավալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է մեկ ամսով` մինչև 2008 թվականի մայիսի 10-ը:

5. 2008 թվականի ապրիլի 10-ին Անուշ Ղավալյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:

6. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի մայիսի 7-ի որոշմամբ մասնակիորեն բավարարվել է մեղադրյալ Անուշ Ղավալյանի նկատմամբ ընտրված կալանքը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը, և Անուշ Ղավալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է մեկ ամսով` մինչև 2008 թվականի հունիսի 10-ը: Միաժամանակ մերժվել է Ա. Ղավալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը:

7. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հունիսի 9-ի որոշմամբ մասնակիորեն բավարարվել է մեղադրյալ Անուշ Ղավալյանի նկատմամբ ընտրված կալանքը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը և Անուշ Ղավալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 20 օրով` մինչև 2008 թվականի հունիսի 30-ը: Միաժամանակ մերժվել է Ա. Ղավալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը:

8. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հունիսի 9-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել Ա. Ղավալյանի պաշտպանը:

9. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2008 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ առանց քննության է թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հունիսի 9-ի որոշման դեմ պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքը:

10. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի հուլիսի 1-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Անուշ Ղավալյանի պաշտպան, Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանը:

i

Վճռաբեկ դատարանը 2008 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական

հանգամանքները

 

11. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հունիսի 9-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերվել 2008 թ. հունիսի 13-ին:

12. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2008 թվականի հունիսի 26-ի որոշմամբ նյութերն ընդունել է վարույթ և նշանակել դատական ստուգման 2008 թվականի հունիսի 30-ին` ժամը 16.00-ին:

13. 2008 թվականի հունիսի 28-ին ՀՀ ԿԱ ՀՊԾ քննչական բաժնի պետի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան այն մասին, որ «Պիցցա ԴԻ Ռոմա» ՍՊԸ ղեկավար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և Անուշ Ղավալյանի ու մյուսների վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2008 թվականի հունիսի 19-ին ուղարկվել է Երևանի քրեական դատարան:

14. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը գտել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտը սահմանափակվում է նախաքննության ավարտով, հետևաբար, քրեական գործի նախաքննությունն ավարտվելու և գործը դատարան ուղարկելու պահից տվյալ դատարանն է իրավասու քննարկել ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի օրինականությունն ու հիմնավորվածությունը: Նշված պատճառաբանություններով վերաքննիչ դատարանը 2008 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ առանց քննության է թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հունիսի 9-ի որոշման դեմ պաշտպանի բերած վերաքննիչ բողոքը:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

15. Բողոք բերած անձը գտնում է, որ իր բողոքն առանց քննության թողնելով` վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, որի համաձայն` որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից:

i

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասը բովանդակում է վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու հիմքերի սպառիչ ցանկը, որում բացակայում է նախաքննության ավարտման պատճառաբանությամբ բողոքն առանց քննության թողնելու հիմքը: Այդ պատճառաբանությամբ բողոքն առանց քննության թողնելով` վերաքննիչ դատարանը դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից:

17. Բողոքում նշվում է, որ վերաքննիչ դատարանն իր որոշմամբ խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները, քանի որ ըստ էության չքննելով կալանավորման օրինականության և հիմնավորվածության հարցը` չի ապահովել կալանավորման օրինականությունը վիճարկելու անձի իրավունքի իրականացումը: Վերաքննիչ դատարանը խախտել է նաև նույն կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` դատարանի մատչելիության սկզբունքը:

18. Բողոք բերած անձը նշում է նաև, որ վերաքննիչ դատարանը սխալ հետևություն է արել այն մասին, որ Երևանի քրեական դատարանն է իրավասու դատական ստուգման ենթարկել կալանավորման որոշման օրինականության և հիմնավորվածության հարցը: Ինչպես Երևանի քրեական դատարանը, այնպես էլ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, համաձայն օրենքի, հանդիսանում են առաջին ատյանի դատարաններ, ուստի քրեական դատարանը չի կարող ունենալ և չունի օրենքով նախատեսված լիազորություն` նույն ատյանի մեկ այլ դատարանի դատական ակտը վերանայելու համար: Այդպիսի լիազորությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օժտված է վերաքննիչ դատարանը, որը չկատարելով իր պարտականությունը` հրաժարվել է արդարադատության իրականացումից:

19. Բողոքում նշվում է նաև, որ վերաքննիչ բողոքը ՀՀ քրեական վերաքննիչ դատարան մուտք է եղել 2008 թվականի հունիսի 13-ին, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` այդ պահից սկսած վերաքննիչ դատարանը պարտավոր էր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից պահանջել ընտրված խափանման միջոցի օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութերը և երեք օրվա ընթացքում իրականացնել ընտրված խափանման միջոցի օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը: Մինչդեռ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացրել է 13 օր անց` 2008 թվականի հունիսի 26-ին: Այսինքն` վերաքննիչ դատարանը բողոքը չի քննել ողջամիտ ժամկետում և չի կատարել անհապաղ որոշում կայացնելու իր պարտականությունը: Բողոք բերող անձը նշում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում առկա «ողջամիտ ժամկետում դատաքննություն», «կալանավորման օրինականության վերաբերյալ անհապաղ որոշում կայացնել» ձևակերպումները նպատակ են ունեցել երաշխավորել կալանավորման հարցի և դրա օրինականության ու հիմնավորվածության անհապաղ դատական ստուգումը:

20. Բողոք բերած անձը նշում է նաև, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը նիստ էր նշանակել 2008 թվականի հունիսի 30-ին, որը ՀՀ կառավարության որոշմամբ համարվել էր ոչ աշխատանքային օր, իսկ 2008 թվականի հուլիսի 1-ին առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հունիսի 9-ի որոշման դեմ պաշտպանի բերած բողոքն առանց քննության թողնելու մասին:

21. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բողոքն ընդունել վարույթ, ամբողջությամբ բեկանել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի հուլիսի 1-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

I. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ և 381-րդ հոդվածների կիրառման մասին.

22. ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր ազատությունից զրկման կամ խուզարկության օրինականությունն ու հիմնավորվածությունը բողոքարկելու վերադաս դատական ատյանում:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից: Նշված հոդվածի իմաստով, վերաքննիչ դատարանը հանդես է գալիս որպես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվող ակտերը վերանայող դատարան, որի խնդիրն է նշված ակտերի օրինականության և հիմնավորվածության ստուգումը:

Ընդհանուր իրավասության դատարանի կողմից անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշման կայացումը և վերջիններիս` վերաքննության կարգով վերանայումը իրականացվում են տարբեր դատավարական գործառույթների շրջանակներում: Անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կայացվում է մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության, իսկ նշված ակտերի` վերաքննիչ դատարանի կողմից վերանայումը` վերադաս դատական ատյանի կողմից ստորադաս դատարանի որոշումների ստուգման և վերանայման գործառույթի շրջանակներում: Հիմք ընդունելով նշված հանգամանքը` Վճռաբեկ դատարանը անթույլատրելի է համարում անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշումները վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքի սահմանափակումը` ելնելով այն հանգամանքից` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, թե դատական քննության փուլում գտնվող գործի շրջանակներում են դրանք բողոքարկվել:

23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է կամ բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման կամ բերվել է 375.4-րդ հոդվածի պահանջի խախտմամբ, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որևէ այլ հոդվածով վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու հիմք նախատեսված չէ, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բողոքն առանց քննության թողնելու հիմքերի ցանկը սպառիչ է:

Սույն գործով կայացված` բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման հիմքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դրել է քրեական գործի նախաքննությունն ավարտված և գործը դատարան ուղարկված լինելու հանգամանքը, որպիսին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված չէ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բողոքարկվել է վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտ, որն առանց քննության թողնելու ենթակա չէր: Բողոքը բերվել է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, ուստի ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը պարտավոր էր այն վարույթ ընդունել և որոշման կայացմամբ իր դիրքորոշումն արտահայտել Ա. Ղավալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշման օրինական և հիմնավոր լինելու կամ չլինելու վերաբերյալ:

II. Մինչդատական վարույթն ավարտված լինելու դեպքում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու որոշումների օրինականության և հիմնավորվածության ստուգման` քրեական դատարանի իրավասությանը վերապահելու իրավաչափության մասին.

24. ՀՀ դատական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` առաջին ատյանի դատարաններն են ընդհանուր իրավասության դատարանները և մասնագիտացված դատարանները: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` մասնագիտացված դատարաններն են քրեական դատարանները, քաղաքացիական դատարանները և վարչական դատարանը:

ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:

ՀՀ օրենսդրության նշված կարգավորումից հետևում է, որ ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված դատարանները հանդիսանում են նույն ատյանի դատարանի տարբեր օղակներ: Մասնագիտացված դատարանները, հանդիսանալով առաջին ատյանի դատարանի ինքնուրույն օղակ, իրավասու չեն նույն ատյանի այլ օղակի` ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշումների օրինականության ու հիմնավորվածության դատական ստուգում իրականացնել: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի` վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման մեջ արտահայտված մոտեցումն այն մասին, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված ակտի օրինականության ու հիմնավորվածության ստուգում գործի դատական քննության փուլում պետք է իրականացվի Երևանի քրեական դատարանի կողմից, հակասում է ՀՀ ներպետական օրենսդրությանը:

III. Վերաքննիչ դատարանի կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի ու 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտման մասին.

25. ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր ազատությունից զրկման կամ խուզարկության օրինականությունն ու հիմնավորվածությունը բողոքարկելու վերադաս դատական ատյանում:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննությանը ներկայանալու երաշխիքներով: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է:

Ինչպես նշվեց վերևում, ՀՀ ներպետական քրեադատավարական օրենսդրությունը որևէ փուլային սահմանափակում չի նախատեսում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ անձին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման բողոքարկման համար: ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը պետք է օրենքով սահմանված ժամկետում ձեռնամուխ լիներ Անուշ Ղավալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգմանը, մինչդեռ դա չի արել` դրանով խոչընդոտելով կալանավորման օրինականությունը վիճարկելու անձի իրավունքի իրականացմանը: Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքի հեղինակի այն փաստարկը, որ առանց օրենքով նախատեսված հիմքերի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը հանգեցնում է դատարանի մատչելիության իրավունքի (արդարադատության մատչելիության իրավունքի) խախտման, որը նախատեսված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Սույն գործի շրջանակներում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դուրս գալով ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակից և կայացնելով գործն առանց քննության թողնելու մասին որոշում, չի գործել որպես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»: «Օրենքի հիման վրա ստեղծված դատարան» արտահայտությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեկնաբանել է Սոկուրենկոն և Ստրիգունն ընդդեմ ՈՒկրաինայի գործով (20 հուլիսի 2006 թ., գանգատներ թիվ 29458/04 և 29465/04) որոշման դեմ, որում նշվում է, որ այն դատարանը, որը որոշումը կայացրել է օրենքով հստակ սահմանված լիազորությունների սահմանն անցնելով` գանգատարկվող վարույթի կապակցությամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման իմաստով, չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան:

IV. Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով դատավարական ժամկետները պահպանած չլինելու մասին.

26. Անդրադառնալով բողոք բերած անձի այն փաստարկներին, որ սույն գործը քննության նշանակելիս վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական ժամկետի խախտում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ պնդումները մասամբ են հիմնավոր: Ինչպես երևում է գործի նյութերից, բողոքը վերաքննիչ դատարանում մուտք է եղել 13.06.2008 թ.` ուրբաթ օրը և մակագրվել է դատավորին երկուշաբթի օրը` 16.06.2008 թ.: Գործով նախագահողը առաջին ատյանի դատարանից նյութերը պահանջել է 18.06.2008 թ.` չնայած դրանք անհապաղ պահանջելու օրենքի պահանջին: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից նյութերն ուղարկվել են 24.06.2008 թ. և հաջորդ օրը մուտք եղել վերաքննիչ դատարանում: 26.06.2008 թ. դատավորը որոշում է կայացրել կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ նյութերը վերաքննիչ դատարանի վարույթ ընդունելու և դատական ստուգման նշանակելու մասին` դատական նիստը նշանակելով 2008 թ. հունիսի 30-ի երկուշաբթի օրը: Սակայն 2008 թվականի հունիսի 30-ին նշանակված դատական նիստը տեղի չի ունեցել, քանի որ այդ օրը ՀՀ կառավարության որոշմամբ համարվել է ոչ աշխատանքային օր:

i

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը խախտել է կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը անհապաղ պահանջելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված պահանջը: Ինչ վերաբերում է բուն դատական ստուգման համար նախատեսված ժամկետի խախտման մասին պնդումներին, ապա դրանք հիմնավոր չեն, քանի որ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը ստանալով` վերաքննիչ դատարանը նշանակել է դատական նիստի օրը և ժամը, պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը: Նշված հոդվածի համաձայն` կալանավորելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը և հիմնավորվածությունը դատարանը ստուգում է ընտրված խափանման միջոցի օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութերը ստանալու օրվանից` երեք օրվա ընթացքում: Միևնույն ժամանակ վերաքննիչ դատարանը պետք է հնարավորինս արագացներ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելու գործընթացը` անհրաժեշտ ջանք գործադրեր պահանջված նյութերը հնարավորինս արագ ստանալու համար, ինչպես նաև ձեռնարկեր բոլոր միջոցները կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը 2008 թ. հունիսի 25-ին ստացված լինելու պայմաններում դատական ստուգումը հունիսի 26-ին կամ 27-ին իրականացնելու համար, մանավանդ որ բողոքը ստացվել էր 13.06.2008 թ.:

i

27. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը սույն գործով ակտ կայացնելիս թույլ է տվել դատավարական իրավունքի խախտումներ: Այդ խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն` դրանք հիմք են վերաքննիչ դատարանի` սույն գործով կայացված դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:

28. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի հուլիսի 1-ի որոշումն ամբողջությամբ պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

29. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի հուլիսի 1-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2008
N ԵԿԴ/0225/06/08
Որոշում