ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
i
Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/0557/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ/0557/05/08 2008 թ.
Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի հոկտեմբերի 31-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 21.04.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ընդդեմ Սամվել Հովսեփյանի` գումարի բռնագանձման և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 ՀՀ դրամ վարչական տուգանք:
Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 21.04.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել ՀՀ մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է, որ օրենսդիրը ներմուծվող ապրանքների արժեքի որոշումը կարևորում է միայն մաքսային սահմանով ապրանքները տեղափոխելիս, այլ ոչ թե ապրանքները մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին սահմանված ժամկետում չհասցնելիս, որի դեպքում ապրանքների արժեքը որևէ հետևանք չի առաջացնում:
Բացի այդ, ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածը սահմանում է մաքսատուրքի վճարման արտոնություններ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար, մինչդեռ մաքսային մարմինը Սամվել Հովսեփյանի նկատմամբ հայց է հարուցել մաքսային կանոնների խախտման, այն է` ապրանքները տասնօրյա ժամկետում նշանակման վայր չհասցնելու և չհայտարարագրելու համար 100.000 ՀՀ դրամ տույժի գումար բռնագանձելու պահանջով:
Տվյալ դեպքում Դատարանը պետք է կիրառեր ՀՀ մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածը, որը 100.000 ՀՀ դրամի չափով պատասխանատվություն է սահմանում ՀՀ մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չհասցնելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 21.04.2008 թվականի վճիռը և փոփոխել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Թիվ 439408 փոխադրման ամփոփագրով սահմանվել է, որ դրանում նշված բեռը նշանակման վայր` Կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատուն, հասցնելու ժամկետն է 07.11.2007 թվականը:
2. Կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատան 15.11.2007 թվականի մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրության համաձայն` Սամվել Հովսեփյանը 29.10.2007 թվականին թիվ 439408 ամփոփագրով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել անվադող և անվահեծ, որոնք 10 օրվա ընթացքում` մինչև 08.11.2007 թվականը, մաքսային մարմին չեն հասցվել:
3. Կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի 26.11.2007 թվականի որոշմամբ, ՀՀ մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կանոնների խախտման համար Սամվել Հովսեփյանի նկատմամբ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով տուգանք:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն` ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սույն օրենսգրքով սահմանված չէ զրո տոկոս և որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150.000 ՀՀ դրամը:
ՀՀ մաքսային օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն` ապրանքները և տրանսպորտային միջոցները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, ենթակա են հայտարարագրման տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսային կետերում վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով. եթե դրանք տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով:
ՀՀ մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածի համաձայն` ապրանքների և տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում մինչև ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության միջոցների իրականացումը և տրանսպորտային միջոցների բացթողումը ապրանքներ և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցներ ներմուծելիս` ներմուծելուն հաջորդող տասնօրյա ժամկետում:
ՀՀ մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության մեկ մաքսային մարմնից մյուս մարմին մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չհասցնելն առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 ՀՀ դրամի չափով:
Սույն գործով հայցապահանջի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Սամվել Հովսեփյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի հիման վրա իրավունք ունի առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը նույն օրենսգրքով սահմանված չէ զրո տոկոս և որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150.000 ՀՀ դրամը և սույն գործով չի հիմնավորվել ներմուծված անվադողերի և անվահեծերի արժեքի` 150.000 ՀՀ դրամից ավելի լինելու հանգամանքը:
Մինչդեռ Սամվել Հովսեփյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները Արարատյան տարածաշրջանային մաքսատուն սահմանված ժամկետում չհասցնելու համար: Այսինքն` սույն գործով կիրառման ենթակա է ՀՀ մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածը, որով վարչական պատասխանատվություն է նախատեսվում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չհասցնելու համար:
Հետևաբար, ներկայացված հայցապահանջի հիմնավորվածությունը գնահատելիս Դատարանը պետք է գնահատման առարկա դարձներ ամփոփագրի մեջ նշված ապրանքները Սամվել Հովսեփյանի կողմից մինչև օրենքով սահմանված տասնօրյա ժամկետը Արարատյան տարածքային մաքսային կետ հասցված լինելու հանգամանքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վարչական դատարանի որոշումը բեկանելու համար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 21.04.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հայցը բավարարել` Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքը:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան