Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԱԽԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի վճիռ              Վարչական գործ թիվ ՎԴ/1494/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/1494/05/08                              2008 թ.

Դատավոր` Ռ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Լենո Զախարյանի` տարածքը նախկին տեսքի բերելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Երևանի քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Լենո Զախարյանից Երևանի քաղաքապետարանի 07.11.2007 թվականի որոշմամբ նշանակված 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը և պարտավորեցնել տարածքը բերել նախկին տեսքի:

Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 01.08.2008 թվականի վճռով 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է` հայցվորի կողմից հայցապահանջի նշված մասից հրաժարվելու հիմքով, իսկ տարածքը նախկին տեսքի բերելուն պատասխանողին պարտավորեցնելու մասով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը սխալ է մեկնաբանել «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի թիվ ՆՀ-727 հրամանագրի 1.13-րդ կետի «բ» ենթակետի պահանջները, ինչպես նաև չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը եզրահանգելով, որ բացակայում են տարածքը նախկին տեսքի բերելուն Լենո Զախարյանին պարտավորեցնելու իրավական հիմքերը, սխալ է մեկնաբանել ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի թիվ ՆՀ-727 հրամանագրի 1.13-րդ կետի «բ» ենթակետը, համաձայն որի` Երևանի քաղաքապետը քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության բնագավառում իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ: Դատարանը հանգել է սխալ եզրակացության, որ «միջոցներ ձեռնարկելը» չի նշանակում առանց վարչական ակտի ընդունման պարտավորեցման հայցադիմում դատարան ներկայացնելը: Դատարանի նշված եզրահանգումն անհիմն է, քանի որ տարածքը նախկին տեսքի բերելու առաջարկությունը նախատեսված է Երևանի քաղաքապետի` վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 07.11.2007 թվականի թիվ Վ-18/4 որոշմամբ:

Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետը, որի հետևանքով սխալ եզրահանգում է արել այն մասին, որ ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու վերաբերյալ որևէ նորմ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով կամ որևէ այլ իրավական ակտով նախատեսված չէ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և այն փոփոխել` հայցն այդ մասով բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 05.09.2005 թվականի թիվ 1212759 վկայականի համաձայն` Նորք-Մարաշ համայնքի Նորքի այգիներ թիվ 180ա հասցեում գտնվող 63,9 քմ մակերեսով բնակելի տունը, 21 քմ օժանդակ շինությունը և 0,05 հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Լենո Զախարյանին:

i

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների 26.10.2007 թվականի արձանագրության համաձայն` Նորքի այգիներ թիվ 180ա հասցեում հայտնաբերել են «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի խախտման փաստ, այն է` Լենո Զախարյանի կողմից Նորքի այգիներ թիվ 180ա հասցեում գտնվող սեփական տան վրա, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ինքնակամ կառուցվել է 64 քմ մակերեսով մանսարդային հարկ:

3. Երևանի քաղաքապետի` վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 07.11.2007 թվականի թիվ Վ-18/4 որոշման համաձայն` Լենո Զախարյանը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, ենթարկվել է վարչական պատասխանատվության` 200.000 ՀՀ դրամ տուգանքի տեսքով: Նշված որոշմամբ Լենո Զախարյանին առաջարկվել է նաև միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ:

4. Երևանի քաղաքապետի` վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 07.11.2007 թվականի թիվ Վ-18/4 որոշմամբ նշանակված 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը Լենո Զախարյանի կողմից վճարվել է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրի 1.13-րդ կետի բ) ենթակետի համաձայն` քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության բնագավառներում Երևանի քաղաքապետն իրականացնում է քաղաքաշինական գործունեության հսկողությունը, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:

Սույն գործի փաստերից հետևում է, որ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, Լենո Զախարյանն ինքնակամ կառուցել է 64 քմ մակերեսով մանսարդային հարկ, որի համար Երևանի քաղաքապետի 07.11.2007 թվականի թիվ Վ-18/4 որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով: Ընդ որում, Երևանի քաղաքապետը, վերը նշված վարչական իրավախախտման կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում, 07.11.2007 թվականի թիվ Վ-18/4 որոշմամբ առաջարկել է Լենո Զախարյանին միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ:

Փաստորեն, Երևանի քաղաքապետը, ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, միջոցներ է ձեռնարկել ապօրինի շինարարության վերացման ուղղությամբ, որպիսի գործողություններն իրենց մեջ ընդգրկում են նաև ինքնակամ կառույցի քանդման ու հողամասի սեփականատիրոջ հաշվին հողամասի նախկին վիճակը վերականգնելու ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Դատարանի եզրահանգումն այն մասին, որ բացակայում է տարածքը նախկին տեսքի բերելուն Լենո Զախարյանին պարտավորեցնելու պահանջի բավարարման իրավական հիմքերը:

Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 07.11.2007 թվականի թիվ Վ-18/4 որոշմամբ Լենո Զախարյանին առաջարկվել է տարածքը բերել նախկին տեսքի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն է դատարանի եզրահանգումն այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը պարտավորեցման հայցադիմում է ներկայացրել դատարան առանց վարչական ակտի ընդունման:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և այն փոփոխել` հայցը բավարարել. պարտավորեցնել Լենո Զախարյանին ք. Երևան, Նորքի այգիներ թիվ 180ա հասցեում գտնվող տարածքը բերել նախկին տեսքի:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

                        Նախագահող`    Ա. Մկրտումյան

                        Դատավորներ`   Ս. Սարգսյան

                                      Վ. Աբելյան

                                      Ե. Խունդկարյան

                                      Դ. Ավետիսյան

                                      Հ. Ղուկասյան

                                      Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2008
N ՎԴ/1494/05/08
Որոշում