ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-660 (ՎԴ)
դատարանի վճիռ 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 4168/2007 թ.
Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան
Դատավորներ` Վ. Թորոսյան
Մ. Ասատրյան
ՈՐՈՇՈՒՄ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի դեկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ձագեձորի «Մուսալլամի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) տնօրեն Լեռնիկ Ազարյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2008 թվականի վճռի մեջ թույլ տրված վրիպակն ուղղելու վերաբերյալ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վալյա Դանիելյանի ընդդեմ Կազմակերպության` աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի բռնագանձման, կարգապահական տույժի հրամաններն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վալյա Դանիելյանը պահանջել է անվավեր ճանաչել կարգապահական տույժի ենթարկելու հրամանները, վերականգնել նախկին աշխատանքում և վճարել հարկադիր պարապուրդը` սկսած 01.06.2007 թվականից:
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 11.10.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.01.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վալյա Դանիելյանը 04.05.2008 թվականին դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան` 30.01.2008 թվականի վճռում վրիպակն ուղղելու վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանի 06.05.2008 թվականի որոշմամբ պահանջը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լեռնիկ Ազարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձն իր պնդումը հիմնավորել է հետևյալ փաստարկներով:
Կազմակերպության տնօրենի 14.04.2008 թվականի թիվ 809 հրամանի հիման վրա` ի կատարումն 30.01.2008 թվականի վճռի, Ձագեձորի դպրոցի ուսմասվար Վալյա Դանիելյանը վերականգնվել է նախկին աշխատանքում որպես փոխտնօրեն ուսումնական աշխատանքների գծով: Վալյա Դանիելյանը աշխատանքային պարտականությունների փաստացի կատարմանն անցել է 14.04.2008 թվականից, իսկ դիմումը ներկայացրել է 04.05.2008 թվականին: Փաստորեն, վճռում վրիպակն ուղղելու մասին դիմումը ներկայացվել է վճռի կատարումից հետո, մինչդեռ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վճռում վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին պահանջ կարող է ներկայացվել մինչև վճռի կատարումը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.05.2008 թվականի «Վրիպակն ուղղելու վերաբերյալ» որոշումը և դիմումը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Վերաքննիչ դատարանի 30.01.2008 թվականի վճռով որոշվել է Վալյա Դանիելյանին վերականգնել նախկին աշխատանքում` որպես ուսումնական գծով փոխտնօրեն:
2. Կազմակերպության տնօրենի 14.04.2008 թվականի թիվ 809 հրամանի հիման վրա Վալյա Դանիելյանը վերականգնվել է նախկին աշխատանքում: Աշխատանքային պարտականությունների կատարմանը Վալյա Դանիելյանն անցել է 14.04.2008 թվականից:
3. Վճռում վրիպակն ուղղելու պահանջով դիմումը ներկայացվել է Վերաքննիչ դատարան 04.05.2008 թվականին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին պահանջը կարող է ներկայացվել մինչ վճռի կատարումը:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ վճիռը կարող է պարզաբանվել կամ դրանում առկա վրիպակը կարող է ուղղվել միայն մինչ վճռի կատարումը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 14.04.2008 թվականի դրությամբ Վերաքննիչ դատարանի 30.01.2008 թվականի վճիռը կատարվել է` Վալյա Դանիելյանը վերականգնվել է նախկին աշխատանքում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռի կատարումից հետո դրանում առկա վրիպակն ուղղելու վերաբերյալ պահանջ չէր կարող ներկայացվել: Հետևաբար, Վալյա Դանիելյանի դիմումն ենթակա է մերժման:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2008 թվականի «Վրիպակն ուղղելու վերաբերյալ» որոշումը և այն փոփոխել. Վալյա Դանիելյանի դիմումը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան