Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 24-ՐԴ, 25-ՐԴ Ե ...

 

ՀՀՊՏ N 72 (662), 17.12.08

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի վճիռ               Վարչական գործ թիվ ՎԴ/0193/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/0193/05/08                               2008 թ.

Նախագահող դատավոր` Ա. Ղազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի                      

                                              

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 11.04.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Ավանի հարկային տեսչության (այսուհետ` Ծառայություն) ընդդեմ «Վառադ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` 2.541.700 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Ծառայությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 2.541.700 ՀՀ դրամ:

Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 11.04.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, սխալ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 26-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

i

Պետական տուրքի գումարի վճարման մասով հայցը մերժելով` Դատարանը պատճառաբանել է, որ հայցվորը հայցադիմումին կից փաստաթղթերում և գործի քննության ընթացքում չի ներկայացրել պետական տուրքի գանձման օբյեկտը` լիցենզիան: Հայցվորը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26 հոդվածի համաձայն, պետք է կրի փաստի վիճելի մնալու բացասական հետևանքները:

Հայցվորը զրկված էր լիցենզիան դատարանին ներկայացնելու հնարավորությունից, քանի որ այն գտնվել է նիստին չներկայացած Ընկերության մոտ: Ստեղծված պայմաններում լիցենզավորման առկայությունը ապացուցելու համար Ծառայությունը ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի 14.12.2004 թվականին Ծառայությանը ներկայացրած տեղեկությունները` քաղաքաշինության նախարարության կողմից տրված լիցենզիաների մասին, որտեղ նշված է նաև 15.11.2004 թվականին Ընկերությանը տրված քաղաքացիական և էներգետիկ քաղաքաշինության ոլորտներում կապիտալ շինարարություն իրականացնելու լիցենզիաների առկայությունը:

Դատարանը հաշվի չի առել ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի կողմից ներկայացրած տեղեկություններում պարունակվող Ընկերության` կապիտալ շինարարություն իրականացնելու լիցենզիա ստանալու վերաբերյալ ապացույցը` դրանով իսկ խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24 հոդվածը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 11.04.2008 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել ամբողջությամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Ծառայության պետի 05.05.2006 թվականի հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում իրականացվել է ստուգում, որի արդյունքում պետական տուրքի գծով հայտնաբերվել է 409.100 ՀՀ դրամ հարկային պարտավորություն լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար նախատեսված պետական տուրքը չվճարելու համար:

2. ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի գրության համաձայն` Ընկերությանը տրվել են 8936-01-2.1 Ի և 8937-01-2.1 Ի լիցենզիաներ քաղաքացիական և էներգետիկ ոլորտներում կապիտալ շինարարություն իրականացնելու համար:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատարանի 22 հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում իրականացնելու փաստը պարզելու համար հարկավոր է նախևառաջ ստուգել, թե արդյոք դատարանը հետազոտել է բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23 հոդվածի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որը ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ժա» կետի` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար:

Սույն գործով պետական տուրքի մասով հայցը մերժելիս Դատարանը գտել է, որ հայցվորի կողմից գործի քննության ընթացքում չներկայացվեց պետական տուրքի գանձման օբյեկտը` լիցենզիան:

Մինչդեռ դատարանը գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի կողմից ներկայացված տեղեկությունները վերաբերելի ապացույց են և հավանական են դարձնում լիցենզիա տալու փաստը, քանի որ նշված տեղեկությունները ուղղակիորեն հավաստում են լիցենզիան տրամադրելու փաստը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի կողմից տրված տեղեկությունները կարող են փոխարինել լիցենզիայի բնօրինակը գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու գործում, քանի որ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի տեղեկությունները տրամադրվել են լիցենզիան տրամադրված մարմնի` ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնատար անձի կողմից:

i

Այսպիսով, Վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 11.04.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Ավանի հարկային տեսչության հայցը պետական տուրքի մասով բավարարել. «Վառադ» ՍՊԸ-ից բռնագանձել 409.100 (չորս հարյուր ինը հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ պետական տուրքը: Վարչական դատարանի վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
31.10.2008
N ՎԴ/0193/05/08
Որոշում