ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-539 (ՎԴ)
դատարանի որոշում 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 08-1541/2008 թ.
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
Դատավորներ` Կ. Հակոբյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի սեպտեմբերի 26-ին
քննելով Գագիկ Հարությունյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սեյրան Խաչատրյանի ընդդեմ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի նոտարական տարածքի նոտար Լենա Գյուլնազարյանի, Հայկուշ Խաչատրյանի, Գագիկ Հարությունյանի` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել Գորիս քաղաքի Անկախության 7 հասցեով տարածքի նկատմամբ 27.06.2006 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի վկայականը:
Սյունիք մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 26.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է: Սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.04.2007 թվականի որոշմամբ բողոքը մերժվել է, Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 26.10.2007 թվականի վճիռը թողել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Հարությունյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել վիճելի գույքը ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսանալու փաստը հիմնավորող ապացույցները, և անտեսել է, որ Հայկուշ Խաչատրյանը վաճառել է իր սեփականությունը հանդիսացող տարածքի 1/2-րդ մասը և բնականաբար այս տեսակետից սխալ է անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը ամբողջությամբ, քանի որ բացակայում է անվավերության իրավական հիմքը: Գագիկ Հարությունյանը չգիտեր և չէր էլ կարող իմանալ, որ Սեյրան Խաչատրյանը համաձայնություն չէր տվել գույքը վաճառելու համար:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Անկախության 7 հասցեով տարածքը համատեղ սեփականության իրավունքով պատկանել է ամուսիններ` Սեյրան և Հայկուշ Խաչատրյաններին:
2) Սեյրան Խաչատրյանի կինը` Հայկուշ Խաչատրյանը 27.05.2006 թվականին առուվաճառքի պայմանագրով տարածքը վաճառել է Գագիկ Հարությունյանին 20 միլիոն ՀՀ դրամով:
3) Վերոնշյալ պայմանագիրը կնքելիս և նոտարական գրասենյակում վավերացնելիս Սեյրան Խաչատրյանի անունից լիազորագրով հանդես է եկել Հայկուշ Խաչատրյանը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:
i
Նույն օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այլ անձի անունից գործելու լիազորության բացակայությամբ կամ նման լիազորությունների սահմանազանցմամբ գործարքը կնքված է համարվում այն կնքած անձի անունից և ի շահ նրա, եթե մյուս անձը (ներկայացվողը) հետագայում ուղղակի հավանություն չի տալիս տվյալ գործարքին:
i
Վերը հիշատակված նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք սերտորեն փոխկապակցված են և իրավակիրառական պրակտիկայում դրանցից յուրաքանչյուրը պետք է մեկնաբանվի մյուսների բովանդակության և տրամաբանության տիրույթում (տես օրինակ` 30.03.2007 թ. Քաղ. գործ թիվ 3-459/ՏԴ, (բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին)):
Սույն գործի փաստերի համաձայն` ամուսիններ Սեյրան և Հայկուշ Խաչատրյանների միջև այլ բան նախատեսող համաձայնություն չի եղել: Այսինքն, Հայկուշ Խաչատրյանը` որպես համատեղ սեփականության մասնակից, ունեցել է համատեղ սեփականություն հանդիսացող գույքը տնօրինելու իրավունք: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սեյրան Խաչատրյանի կողմից գույքի առուվաճառքի գործարքը անվավեր ճանաչելու պահանջը դատարանի կողմից կարող էր բավարարվել միայն Հայկուշ Խաչատրյանի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության և դրա մասին գործարքի մյուս կողմի` գնորդ Գագիկ Հարությունյանի կողմից իմանալու կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայության փաստը ապացուցված համարելու դեպքում:
Դատարանը հաստատված է համարել, որ Գագիկ Հարությունյանը իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության մասին, հիմք ընդունելով համատեղ սեփականության մասնակիցների (Հայկուշ Խաչատրյանի և Սեյրան Խաչատրյանի) ամուսիններ հանդիսանալու, ինչպես նաև լիազորագիրը տալու պահին Սեյրան Խաչատրյանի` կալանքի տակ գտնվելու մասին գնորդի (Գագիկ Հարությունյանի) տեղեկացված լինելը: Մինչդեռ, Դատարանի վճռում բացակայում են վերոնշյալ եզրահանգումները հիմնավորող որևէ ապացույց:
i
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (իրավական հիմնավորումները տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի դատաքննությամբ չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Գագիկ Հարությունյանը իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար համասեփականատերերի միջև համաձայնության բացակայության մասին:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-241.1-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Հարավային քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան