ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/0178/05/08
Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/0178/05/08 2008 թ.
Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի հունիսի 20-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 04.03.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Դավթաշենի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արման Չանախչյանի` 328.100 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է անհատ ձեռնարկատեր Արման Չանախչյանից բռնագանձել 328.100 դրամ:
Վարչական դատարանի (այսուհետ` Վարչական դատարան) 04.03.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
i
Վարչական դատարանը խախտել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 11-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վարչական դատարանը հիմք է ընդունել միայն Արման Չանախչյանի կողմից ներկայացված փաստարկները անտեսելով այն հանգամանքը, որ վերջինիս նկատմամբ կազմված ակտն ամբողջությամբ համապատասխանում է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Կազմված ակտը ստորագրվել է Արման Չանախչյանի կողմից առանց որևէ առարկության, սակայն ակտով առաջադրված գումարը սահմանված ժամկետում չի վճարվել, ինչի պատճառով տուգանքի գումարը կրկնապատկվել է: Ստուգման ակտը կազմվել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման հիմքով, քանի որ Արման Չանախչյանն իրականացրել է հանրային սննդի ոլորտում գործունեություն, որի դեպքում պարտավոր էր ունենալ հսկիչ-դրամարկղային մեքենա, որը սակայն չի ունեցել: Փաստորեն տնտեսվարողի կողմից թույլ տրված խախտումն ակնհայտ է: Մինչդեռ, Վարչական դատարանը հիմնվելով Արման Չանախչյանի հայտարարության վրա, ըստ որի` տնտեսվարող սուբյեկտի փաստաթղթերն ամբողջությամբ պատրաստ չեն եղել գործունեություն ծավալելու համար, գտել է, որ Արման Չանախչյանը հանրային սննդի ոլորտում գործունեությամբ չի զբաղվել: Արդյունքում Վարչական դատարանը եզրահանգել է, որ տնտեսվարող սուբյեկտը տվյալ դեպքում պարտավոր չէր հսկիչ-դրամարկղային մեքենա ունենալ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 04.03.2008 թվականի վճիռը և գործ ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`
1) 04.05.2008 թվականին Արման Չանախչյանը գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Մաշտոցի տարածքային բաժնում և ստացել անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման թիվ 108504 վկայականը:
2) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 06.06.2007 թվականի թիվ 2320107 հանձնարարագրի հիման վրա Արման Չանախչյանի մոտ կատարված ստուգման արդյունքում 11.06.2007 թվականին կազմվել է թիվ 2320107 ակտը:
3) Վերոհիշյալ ստուգման արդյունքում արձանագրվել է, որ անհատ ձեռնարկատեր Արման Չանախչյանը Դավիթ Բեկի փողոցի 91/1 հասցեում զբաղվում է հանրային սննդի կազմակերպմամբ և չունի տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենա:
Արման Չանախչյանը ստորագրել է ակտը` առանց որևէ առարկություն ներկայացնելու:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ` վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը` 2005 թվականի հունվարի 1-ից պարտադիր է սպասարկման սրահ ունեցող օբյեկտներում հանրային սննդի գործունեության կազմակերպման համար:
Օրենքի վերոհիշյալ նորմի համաձայն` հսկիչ-դրամարկղային մեքենաների տեղադրումը պարտադիր է հանրային սննդի գործունեության կազմակերպման դեպքում մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս: Այսինքն հսկիչ-դրամարկղային մեքենաների տեղադրման փաստական հիմքը հանրային սննդի գործունեության կազմակերպման դեպքում մանրածախ վաճառք կամ բնակչությանը ծառայություններ մատուցելու փաստն է:
Հետևաբար, սույն գործով ապացուցման ենթակա միակ փաստը դա անհատ ձեռնարկատեր Արման Չանախչյանի կողմից հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայությամբ վերոհիշյալ ոլորտում համապատասխան գործունեության իրականացնելն է: Իսկ տվյալ փաստը հիմնավորված է այն հանգամանքով, որ անհատ ձեռնարկատեր Արման Չանախչյանը ստորագրել է վերոհիշյալ խախտումն արձանագրած ստուգման ակտը` առանց որևէ առարկություն ներկայացնելու:
Ինչ վերաբերում է անհատ ձեռնարկատեր Արման Չանախչյանի կողմից ստուգողներին ներկայացված հայտարարությանը, ապա հայտարարությամբ չի նշվել, թե ինչպիսի փաստաթղթեր են գտնվում ձևակերպման փուլում և ինչպիսիք պետք է ներկայացվեն հարկային տեսչությանը, որպիսի պայմաններում հայտարարությունը չի կարող հիմք հանդիսանալ հաստատված համարելու այն փաստը, որ տնտեսվարող սուբյեկտը ստուգման ժամանակ չի զբաղվել հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Տվյալ դեպքում Վարչական դատարանը չի կատարել գործում եղած բոլոր ապացույցների օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտություն, ինչի արդյունքում ստուգման ժամանակ տնտեսվարողի կողմից հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ զբաղվելու հարցում հանգել է սխալ հետևության:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 04.03.2008 թվականի վճիռը և գործը ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան