ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 3-58 (ՏԴ)
Քաղաքացիական գործ թիվ Տ-2597/2007 թ. 2008 թ.
Նախագահող դատավոր` Ռ. Սարգսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի մարտի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Տնտեսական դատարանի 26.09.2007 թվականի վճռի դեմ` ըստ դիմումի «Հրաշք պարտեզ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Ծառայություն)` 19.06.2007 թվականի թիվ 2314460 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչության 19.06.2007 թվականի թիվ 2314460 ստուգման ակտը:
Տնտեսական դատարանի 26.09.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 35-րդ հոդվածները, կիրառել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը և «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասը, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Տնտեսական դատարանը բավարարել է հայցը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ընկերության հանրային սննդի կազմակերպման համար նախատեսված տարածքը գործել է սպառողների սահմանափակ քանակական կազմի համար, այսինքն` կախված է եղել սպառողների թվից: Մինչդեռ Տնտեսական դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված ամբողջ տարածքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ծառայություն ներկայացված Ընկերության 06.06.2007 թվականի ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարության համաձայն` Ընկերության հանրային սպասարկման համար նախատեսված տարածքը 122 քմ է (շինության ներսում` 60 քմ և բացօթյա` 62 քմ), մինչդեռ ներկա պահին օգտագործվում է 12 քմ` շինության ներսում և 12 քմ` բացօթյա տարածք:
2) Ծառայության պետի 13.06.2007 թվականի թվի 2314460 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է հաստատագրված վճարների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների ճշտության ստուգում:
3) Ծառայության 19.06.2007 թվականի թվի 2314460 ստուգման ակտով արձանագրվել է, որ Ընկերությունը հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացնում է շինության ներսում` 60 քմ և բացօթյա` 62 քմ տարածքի վրա: Վերոհիշյալ ակտով սուբյեկտին առաջադրվել է 1.541.100 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.
i
«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը` քառակուսի մետրերով: Նույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն` հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը: Բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը:
Տնտեսական դատարանը դիմումի բավարարման հիմքում դնելով այն հանգամանքը, որ Ընկերության կողմից հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցը պայմանավորված է սպառողների թվից և որ Ծառայության կողմից չի ստուգվել, թե հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի համար նախատեսված տարածքը որքան որքան սեղաններով և աթոռներով է կահավորված եղել, եկել է այն եզրահանգման, որ ստուգման ակտով արձանագրված փաստը Ընկերության հանրային սննդի կազմակերպման տարածքը 122 քմ լինելու վերաբերյալ անհիմն է:
Մինչդեռ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 35-րդ հոդվածներից հետևում է, որ հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում ոչ թե հաշվետու ժամանակաշրջանում Ընկերության կողմից փաստացի օգտագործվող տարածքը, որը կարող է պայմանավորվել սպառողների թվով, այլ հանրային սննդի գործունեության կազմակերպման համար նախատեսված ամբողջ տարածքը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից ներկայացված ելակետային տվյալների ճշտությունը ստուգելիս Ծառայությունը պարտավոր չէ պարզելու հաշվետու ժամանակաշրջանում Ընկերության կողմից փաստացի օգտագործվող տարածքի չափը:
Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Ընկերության հանրային սննդի գործունեության կազմակերպման համար նախատեսված ամբողջ տարածքը 122 քմ է:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության կողմից ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարությամբ որպես Ընկերության հանրային սննդի գործունեության կազմակերպման մակերես նշվել է 24 քմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Ծառայության 19.06.2007 թվականի թիվ 2314460 ստուգման ակտով արձանագրված խախտման փաստը:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Տնտեսական դատարանի 26.09.2007 թվականի վճիռը և այն փոփոխել. «Հրաշք պարտեզ» ՍՊԸ-ի դիմումը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան