ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ Քաղաքացիական գործ թիվ 3-1933 (ՎԴ)
դատարանի վճիռ 2007 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-207, 07-2155
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
Դատավորներ` Ն. Հովսեփյան
Մ. Ասատրյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ` Ս. Անտոնյանի
Վ. Աբելյանի
Ս. Գյուրջյանի
Է. Հայրիյանի
Ս. Սարգսյանի
2007 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Խաչիկ Սիմոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 02.11.2007 թվականի թիվ 07-207, 07-2155 քաղաքացիական գործով կայացված որոշման դեմ` ըստ Խաչիկ Սիմոյանի և նրա լիազորված անձ Գոհար Սիմոնյանի դիմումի` վճիռը պարզաբանելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Խաչիկ Սիմոյանը և նա ներկայացուցիչը պահանջել են պարզաբանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 17.07.2007 թվականի վճիռը, այն է` ինչ կարգավիճակ ունի Խ. Սիմոնյանի կողմից ձեռք բերված շինություններով ծանրաբեռնված և վճռով անտեսված 36.0 մակերեսով շինություններով ծանրաբեռնված հողամասը:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.11.2007 թվականի վճռով դիմումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքը է ներկայացրել Խաչիկ Սիմոյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 138-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ, 53-րդ և 143-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ վճռաբեկ դատարանի 10.02.2006 թվականի թիվ 3-214 որոշմամբ հաստատված է համարել, որ Գ. Գևորգյանը 8.000 ԱՄՆ դոլարով Խ. Սիմոնյանին վաճառել է Երևանի Նոր Արեշի 22 փողոցի 73 տան 1-ին հարկը, որը բաղկացած է 3 սենյակներից: Նշված գույքի մակերեսը կազմում է 62,4 քմ:
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, քանի որ անտեսել է ՀՀ վճռաբեկ դատարանի 10.02.2006 թվականի թիվ 3-214 որոշմամբ հաստատված հանգամանքները:
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 138-րդ հոդվածը, համաձայն որի` այլ գույքի սպասարկման համար նախատեսված և դրա հետ ընդհանուր նշանակությամբ կապված գույքը հետևում է գլխավոր գույքի ճակատագրին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Վճռի պարզաբանում չտալով, Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, որի համաձայն` վճիռ կայացրած դատարանը իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 02.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Խաչիկ Սիմոնյանը դիմել է Վերաքննիչ դատարան` 17.07.2007 թվականի վճռի եզրափակիչ մասը պարզաբանելու` Խաչիկ Սիմոնյանի կողմից ձեռք բերված շինություններով ծանրաբեռնված 36 քմ հողամասը, որին Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել:
2) Վերաքննիչ դատարանի 02.11.2007 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է: Մերժումը հիմնավորվել է պարզաբանելու կարիքի բացակայությամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճիռ կայացրած դատարանը իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները:
Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը մերժել է վճռի եզրափակիչ մասը պարզաբանելու դիմումը, նշելով, որ այն գրված է հստակ և այն պարզաբանելու կարիք չկա:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր են վճռի պարզաբանման վերաբերյալ Վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները, քանի որ դիմողը դատարանին է ներկայացրել վճռի եզրափակիչ մասից բխող պարզաբանման ենթակա հարցեր:
Այսպիսով, բողոքի մասնակիորեն հիմնավոր լինելը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն` վճռաբեկ բողոքը բավարարելու և ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 02.11.2007 թվականի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 02.11.2007 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Աբելյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան