Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունները:

 

Հոդված 2. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին

 

1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` որպես ազգային եկեղեցի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների նվիրապետական աթոռներով, և նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

2. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում:

 

Հոդված 3. Ամենայն հայոց կաթողիկոսը

 

Հայաստանի Հանրապետության Նախագահը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գլուխ ընտրված Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ:

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության և հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը

 

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների կարգավորման սկզբունքները սահմանված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ընդհանուր հարաբերությունները` «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և միջազգային պայմանագրերով, իսկ առանձնահատուկ հարաբերությունները` որպես պետության և նրա կողմից ազգային ճանաչված Եկեղեցու հարաբերություններ, սույն օրենքով:

 

Հոդված 5. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ժառանգությունը

 

1. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական, հոգևոր, մշակութային և վավերագրական ժառանգությունը ազգային ինքնության հենքի կարևոր և անբաժանելի մասն է:

2. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական, հոգևոր, մշակութային և վավերագրական արժեքների` պետական սեփականություն հանդիսացող հատվածը կարող է օտարվել կամ պահպանման վայրից փոխադրվել` այդ մասին նախապես տեղեկացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Այդ արժեքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` խորհրդակցելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ:

 

Հոդված 6. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու պաշտամունքային կառույցները

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի կառուցելու վանքեր, եկեղեցիներ և պաշտամունքային այլ շինություններ, գործող դարձնելու պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող վանքերն ու եկեղեցիները: Պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցիների և պաշտամունքային այլ շինությունների պահպանությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Հայաստանի Հանրապետությունն իրականացնում են համատեղ:

 

Հոդված 7. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն պատկանող մշակութային հաստատությունները

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սեփականությունը և ազգային մշակութային ժառանգության բաղկացուցիչ մասը հանդիսացող մշակութային հաստատությունների, հավաքածուների, թանգարանների, գրադարանների, արխիվների պահպանության և հարստացման համար պետական աջակցության ծավալն ու նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է տվյալ տարվա պետական բյուջեի նախագծով` նախապես այն քննարկելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ:

 

Հոդված 8. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դերակատարությունը կրթական ոլորտում

 

1. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի`

1) հիմնելու կամ հովանավորելու նախադպրոցական հաստատություններ, տարրական, միջնակարգ և ավագ դպրոցներ, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.

2) մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները.

3) պետական կրթական հաստատություններում կամավոր ուսումնական դասընթացներ կազմակերպելու` օգտագործելով դրանց շենքերն ու ռեսուրսները` այդ հաստատությունների հետ համաձայնեցնելով դասընթացների իրականացմանն առնչվող խնդիրները.

4) նպաստելու հասարակության հոգևոր կրթությանը կրթական հաստատություններում` օրենքով սահմանված կարգով:

2. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ստեղծած ուսումնական հաստատությունները պետք է ստանան այն աջակցությունը, որը պետությունը ցուցաբերում է մասնավոր հաստատություններին:

3. Պետությունը երաշխավորում է կրոնական կրթության իրավունքի իրացումը` կամավորության հիման վրա:

4. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտոնական հաղորդագրությունները զանգվածային լրատվության միջոցները հրապարակում են անփոփոխ:

 

Հոդված 9. Ամուսնությունների գրանցումը հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից

 

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև ստորագրված համաձայնագրով սահմանված կարգին համապատասխան, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` կանոնական ծեսով իրագործած ամուսնություններն ու հռչակած ամուսնալուծությունները:

 

i
Հոդված 10. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարեխնամ գործունեությունը

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում, ներառյալ` քննչական մեկուսարաններում:

 

Հոդված 11. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարկումից ազատ եկամուտները

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի կազմակերպելու հասարակական դրամահավաքներ և ստանալու նվիրատվություններ ու ընծաներ, որոնք ազատ են հարկումից:

Հարկումից ազատ են նաև ծիսական նշանակության առարկաների ու պարագաների արտադրությունը և իրացումը:

 

Հոդված 12. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և իրավապահ մարմինների հարաբերությունները

 

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է եկեղեցական խոստովանության գաղտնիությունը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորական-խոստովանահայրը` որպես վկա, չի կարող հարցաքննվել այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ:

 

Հոդված 13. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գործունեությունը այլ երկրներում

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որպես ազգային եկեղեցի, որը գործում է նաև այլ երկրներում, գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո` միջազգային իրավական նորմերին համապատասխան:

 

Հոդված 14. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 14
Երևան
ՀՕ-80-Ն

 

pin
ՀՀ 22.02.2007
N ՀՕ-80-Ն օրենք