Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/5327/05/19

    դատարանի որոշում                      2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5327/05/19

Նախագահող դատավոր` Կ. Մաթևոսյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան

                       Ա. Առաքելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

 

2023 թվականի հունվարի 25-ին,

գրավոր ընթացակարգով քննելով Վարդան Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.05.2021 թվականի որոշման դեմ վարչական գործով` ըստ հայցի Վարդան Սարգսյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա և 06.06.2019 թվականի թիվ 1/1126-Ա հրամաններն անվավեր ճանաչելու և Վարդան Սարգսյանին նախկին պաշտոնում վերականգնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վարդան Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա և 06.06.2019 թվականի թիվ 1/1126-Ա հրամանները և իրեն վերականգնել նախկին պաշտոնում:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 30.10.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.05.2021 թվականի որոշմամբ Վարդան Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.10.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Սարգսյանը (ներկայացուցիչ` Արթուր Մկրտչյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Մաքսային ծառայության» մասին ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ և 10-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 31.10.2002 թվականի թիվ 1723-Ն որոշումը և ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 3-րդ հոդվածը, 7-րդ հոդվածի 7-րդ մասը, 91-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 92-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 93-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը, 26-րդ հոդվածի 2-րդ մասը, 27-րդ հոդվածը, 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 124-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի տրամաբանությամբ հայցվորն օրենքով չնախատեսված «հնարավորություն», առավելություն է ստացել ինչի իրավունքն օրենսդրությամբ չի ունեցել: Վերաքննիչ դատարանը փորձաշրջանի հետ կապված մաքսային օրենսդրությամբ նախատեսված կողմերի իրավունքները և պարտականությունները վերլուծելիս փորձաշրջանին վերաբերող վարչական մարմնի ոչ իրավաչափ դրսևորումն «արդարացրել է» աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերով, առանց հաշվի առնելու, որ աշխատանքային օրենսգրքով իրավունքների և պարտականությունների սահմանումը պետք է լինի գործատուի և փորձաշրջան անցնող անձի համաձայնությամբ: Այսինքն, փորձաշրջանի երկարացումը պետք է լիներ բացառապես հայցվորի համաձայնությամբ:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված հայցվորի հիմնարար իրավունքները, այն է` աշխատանքի իրավունքը և արդար դատաքննության իրավունքը, քանի որ Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի հիմնավորել իր կայացրած որոշումն իրավական ակտերով, իսկ պատճառաբանություններն ու եզրակացությունները չհիմնավորված ենթադրություններ են: Ըստ էության Վերաքննիչ դատարանը պետք է տար մեկ հարցի պատասխան` գործատուն, որպես վարչական մարմին արդյոք իրավասու էր երկարաձգել փորձաշրջանը, այն դեպքում, երբ դրա համար օրենքով ուղղակի լիազորություն չի ունեցել, ինչը Վերաքննիչ դատարանը չի արել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.05.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի պետի կողմից Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետին ուղղված զեկուցագրով հայտնվել է, որ Վարդան Սարգսյանը Կոմիտեի նախագահի 04.02.2019 թվականի հրամանի համաձայն Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնում նշանակվել է որպես մաքսային տեսուչ` 3 ամիս փորձաշրջանով: Աշխատած ժամանակահատվածում Վարդան Սարգսյանը թույլ է տվել որոշակի թերացումներ և բացթողումներ (հատոր 1-ին, գ.թ. 41).

2) Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի կողմից Կոմիտեի նախագահին ուղղված 03.05.2019 թվականի թիվ Ն/20-3/40109-2019 գրությամբ հայտնվել է, որ Վարդան Սարգսյանի անմիջական ղեկավարի կողմից ներկայացված փորձաշրջանի վերաբերյալ հիմքերը բավարար չեն, ուստի խնդրել է Վարդան Սարգսյանի փորձաշրջանը երկարացնել 1 ամսով (հատոր 1-ին, գ.թ. 42).

3) Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա հրամանի համաձայն` հրամայվել է Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 1 բաժնի մաքսային տեսուչ Վարդան Սարգսյանի փորձաշրջանի ժամկետը երկարաձգել մեկ ամսով (հատոր 1-ին, գ.թ. 18).

4) Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի պետի կողմից Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետին ուղղված զեկուցագրով հայտնվել է, որ Վարդան Սարգսյանը Կոմիտեի նախագահի 19.02.2019 թվականի թիվ 1/625-Ա հրամանի համաձայն տեղափոխվել է Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնում որպես մաքսային տեսուչ` 3 ամիս փորձաշրջանով: Այնուհետև, Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա հրամանի համաձայն փորձաշրջանը երկարացվել էր ևս 1 ամիս, սակայն Վարդան Սարգսյանի աշխատանքում այդ մեկ ամսվա ընթացքում դրական շարժ չի նկատվել (հատոր 1-ին, գ.թ. 14).

5) Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի կողմից Կոմիտեի նախագահին ուղղված 30.05.2019 թվականի թիվ Ն/20-3/54752-2019 գրությամբ հայտնվել է, որ Վարդան Սարգսյանի անմիջական ղեկավարի կողմից ներկայացված փորձաշրջանի վերաբերյալ հիմքերը բավարար չեն, ուստի հայտնվել է, որ նպատակահարմար չի գտնում Վարդան Սարգսյանի հետագա աշխատանքը մաքսային համակարգում (հատոր 1-ին, գ.թ. 45).

6) Կոմիտեի նախագահի 04.06.2019 թվականի թիվ Ն/16-2/57037-2019 գրությամբ Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի մաքսային տեսուչ Վարդան Սարգսյանին հայտնվել է, որ մաքսային ծառայության պաշտոնում նշանակվելուց հետո Վարդան Սարգսյանի փորձաշրջանի արդյունքները գնահատվել են անբավարար (հատոր 1-ին, գ.թ. 47).

7) Կոմիտեի նախագահի 06.06.2019 թվականի թիվ 1/1126-Ա հրամանի 1-ին կետի համաձայն` հրամայվել է Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի մաքսային տեսուչ Վարդան Սարգսյանին 06.06.2019 թվականից ազատել մաքսային ծառայությունից (հատոր 1-ին, գ.թ. 19):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի, «Մաքսային ծառայության» մասին ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 10-րդ հոդվածի, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ կառավարության 31.10.2002 թվականի թիվ 1723-Ն որոշման խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյոք վարչական մարմինն իրավասու է երկարաձգել առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի փորձաշրջանի ժամկետը, այն դեպքում, երբ ծառայության ընդունման մասին կոմիտեի ղեկավարի հրամանում որպես փորձաշրջանի տևողություն նշվել է օրենքով նախատեսված մինչև վեց ամիս ժամկետից կարճ ժամանակահատված:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

ՀՀ սահմանադրական դատարանը 08.07.2016 թվականի թիվ ՍԴՈ-1291 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պետաիշխանական լիազորություններով օժտված յուրաքանչյուր մարմին, յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է գործի ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում: Հիշյալ սուբյեկտների հանրային-իրավական վարքագծի իրավական հիմք հանդես են գալիս ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև ՀՀ կողմից վավերացված միազգային պայմանագրերը, ՀՀ օրենքները և այլ նորմատիվ իրավական ակտերը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրինականության սահմանադրական սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որպեսզի գործադիր իշխանության մարմինների գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության և օրենքի վրա (տե՛ս, Գոհար Հակոբյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/8932/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.05.2022 թվականի որոշումը):

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:

Նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են նույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:

«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության, որպես պետական ծառայության հատուկ տեսակ, կազմակերպման և դրա իրականացման, մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց իրավական կարգավիճակի, մաքսային ծառայության առանձնահատկությունների, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` մաքսային ծառայության պաշտոնատար անձանց` նույն օրենքով չկարգավորվող աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և իրավական այլ ակտերով:

Օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումը, բացառությամբ մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների նշանակումների, իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` կախված նրա մասնագիտական պատրաստվածության աստիճանից և պաշտոնից: Այդ ժամանակահատվածում համապատասխան պաշտոնեական պարտականություններ իրականացնող անձին հատուկ կոչում չի շնորհվում: Փորձաշրջանի տևողությունը նշվում է ծառայության ընդունման մասին կոմիտեի ղեկավարի հրամանում: Փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ կառավարության 31.10.2002 թվականի «Մաքսային ծառայության փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» թիվ 1723-Ն որոշման (ուժը կորցրել է 21.06.2020 թվականին` ՀՀ կառավարության 18.06.2020 թվականի թիվ 1002-Ն որոշմամբ) (այսուհետ` թիվ 1723-Ն որոշում) համաձայն` Օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան` ՀՀ կառավարությունը որոշել է սահմանել մաքսային ծառայության փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

Նույն որոշման հավելվածի համաձայն`

1. Սույնով սահմանվում են առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի փորձաշրջան անցնելու կարգն ու պայմանները:

2. Առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար փորձաշրջանը նշանակվում է Օրենքի 10-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

3. Մաքսային ծառայության փորձաշրջանի ժամկետը սահմանվում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով:

4. Համապատասխան մաքսային ստորաբաժանում փորձաշրջանով աշխատանքի ընդունված անձին` տվյալ ստորաբաժանման ղեկավարի գրավոր հրամանով, որպես փորձաշրջանի անցկացման ղեկավար, կցվում է բազմափորձ մաքսային ծառայող:

5. Մաքսային մարմինը փորձաշրջան անցնող անձին տրամադրում է համապատասխան օրենսդրական ակտեր, ապահովում տեխնիկական միջոցներով` աշխատանքային համապատասխան հմտություններ ձեռք բերելու համար:

6. Փորձաշրջանի ավարտից 7 օր առաջ`

ա) փորձաշրջանի անցկացման ղեկավարը տվյալ մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում զեկուցագիր փորձաշրջան անցնող անձի կատարած աշխատանքների մասին.

բ) փորձաշրջան անցնող անձը տվյալ մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում հաշվետվություն փորձաշրջանի ընթացքում կատարած աշխատանքների մասին:

7. Մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարը մեկօրյա ժամկետում ամփոփում է փորձաշրջանի արդյունքները և մաքսային վերադաս մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն` կցելով նույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը:

8. Վերադաս մաքսային մարմնի ղեկավարը փորձաշրջանով աշխատանքի ընդունված անձի փորձաշրջանի արդյունքների մասին բացասական եզրակացության դեպքում դրա մասին գրավոր հայտնում է փորձաշրջան անցնող անձին և, համաձայն գործող օրենսդրության, տվյալ անձին հրամանով ազատում աշխատանքից:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը կանոնակարգել է մաքսային ծառայությունում առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակման կարգը` սահմանելով, որ առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումը, բացառությամբ մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների նշանակումների, իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` կախված նրա մասնագիտական պատրաստվածության աստիճանից և պաշտոնից: Միևնույն ժամանակ օրենսդիրն ամրագրել է, որ փորձաշրջանի տևողությունը նշվում է ծառայության ընդունման մասին կոմիտեի ղեկավարի հրամանում:

Օրենքի 10-րդ հոդվածի հիմքով թիվ 1723-Ն որոշմամբ սահմանել է փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները, ըստ որի` առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար փորձաշրջանը նշանակվում է Օրենքի 10-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, փորձաշրջանի ժամկետը սահմանվում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով, համապատասխան մաքսային ստորաբաժանում փորձաշրջանով աշխատանքի ընդունված անձին` տվյալ ստորաբաժանման ղեկավարի գրավոր հրամանով, որպես փորձաշրջանի անցկացման ղեկավար, կցվում է բազմափորձ մաքսային ծառայող:

Թիվ 1723-Ն որոշմամբ սահմանվել է նաև փորձաշրջանի ժամկետը լրանալուց հետո կատարման ենթակա գործողությունների ծավալը: Մասնավորապես` փորձաշրջանի ավարտից 7 օր առաջ փորձաշրջանի անցկացման ղեկավարը տվյալ մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում զեկուցագիր փորձաշրջան անցնող անձի կատարած աշխատանքների մասին: Նույն ժամկետում, այսինքն` փորձաշրջանի ավարտից 7 օր առաջ փորձաշրջան անցնող անձը տվյալ մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում հաշվետվություն փորձաշրջանի ընթացքում կատարած աշխատանքների մասին: Դրանից հետո մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարը մեկօրյա ժամկետում պետք է ամփոփի փորձաշրջանի արդյունքները և մաքսային վերադաս մարմնի ղեկավարին ներկայացնի եզրակացություն` կցելով ՀՀ կառավարության 31.10.2002 թվականի թիվ 1723-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ իրավակարգավորումներով հստակ սահմանվել են փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները, այդ թվում փորձաշրջանի ժամկետը լրանալուց հետո կատարման ենթակա գործողությունների ծավալը: Ըստ այդմ` սահմանվել է մաքսային ծառայությունում առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակման (բացառությամբ մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների նշանակումների) մինչև վեց ամիս փորձաշրջանի ժամկետ` կախված նրա մասնագիտական պատրաստվածության աստիճանից և պաշտոնից, որպիսի տևողությունը պետք է նշվի ծառայության ընդունման մասին կոմիտեի ղեկավարի հրամանում: Այս ժամկետի ավարտից 7 օր առաջ փորձաշրջանի անցկացման ղեկավարը տվյալ մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարին պետք է ներկայացնի զեկուցագիր փորձաշրջան անցնող անձի կատարած աշխատանքների մասին: Ընդ որում, նույն ժամկետում, այսինքն` փորձաշրջանի ավարտից 7 օր առաջ փորձաշրջան անցնող անձը տվյալ մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարին պետք է ներկայացնի հաշվետվություն փորձաշրջանի ընթացքում կատարած աշխատանքների մասին, որից հետո մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարը մեկօրյա ժամկետում պետք է ամփոփի փորձաշրջանի արդյունքները և մաքսային վերադաս մարմնի ղեկավարին ներկայացնի եզրակացություն` կցելով թիվ 1723-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքով և թիվ 1723-Ն որոշմամբ կանոնակարգվել է նաև փորձաշրջանի արդյունքների մասին բացասական եզրակացություն ստանալու դեպքում վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից կատարման ենթակա գործողությունների ծավալը: Մասնավորապես, փորձաշրջանի արդյունքների մասին բացասական եզրակացություն ստանալու դեպքում վերադաս մաքսային մարմնի ղեկավարն իրավասու է կատարել միայն հետևյալ երկու գործողությունները.

1) փորձաշրջան անցնող անձին գրավոր հայտնել փորձաշրջանի արդյունքների մասին բացասական եզրակացության վերաբերյալ,

2) տվյալ անձին հրամանով ազատել ծառայությունից` համաձայն գործող օրենսդրության:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ փորձաշրջանի արդյունքների մասին բացասական եզրակացություն ստանալու դեպքում վերադաս մաքսային մարմնի ղեկավարն օժտված չէ վերոգրյալ երկու գործողությունից բացի որևէ այլ գործողություն կատարելու, այդ թվում` ծառայության ընդունման մասին կոմիտեի ղեկավարի հրամանում որպես առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի փորձաշրջանի տևողություն օրենքով նախատեսված մինչև վեց ամիս ժամկետից կարճ ժամանակահատված նշված փորձաշրջանի ժամկետը երկարաձգելու լիազորությամբ:

Այսինքն, անկախ նրանից, թե փորձաշրջանի տևողությունը ծառայության ընդունման մասին Կոմիտեի ղեկավարի հրամանում նշված կլինի օրենքով նախատեսված առավելագույն` վեց ամիս ժամկետը, թե` այդ ժամկետից ավելի կարճ ժամկետ, այդ ժամկետի ավարտից հետո փորձաշրջան անցնող անձը կամ պետք է ընդունվի ծառայության, կամ` փորձաշրջանի արդյունքների մասին բացասական եզրակացության դեպքում պետք է հրամանով ազատվի ծառայությունից` համաձայն գործող օրենսդրության:

ՀՀ Սահմանադրության` «Որոշակիության սկզբունքը» վերտառությամբ 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

ՀՀ սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-630 որոշմամբ նույնպես անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին` ընդգծելով, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում:

ՀՀ սահմանադրական դատարանը 13.05.2008 թվականի թիվ ՍԴՈ-753 որոշմամբ փաստել է, որ իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն, որը պետք է լինի բավականաչափ մատչելի` իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու` թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը:

Ավելին, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում` իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 02.04.2014 թվականի թիվ ՍԴՈ-1142 որոշմամբ նշել է, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության և օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները: Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում` իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավունքի սուբյեկտների համար պետք է կանխատեսելի և որոշակի լինի, որ այն դեպքում, երբ ծառայության ընդունման մասին կոմիտեի ղեկավարի հրամանում որպես առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի փորձաշրջանի ժամկետ նշվել է օրենքով նախատեսված մինչև վեց ամիս ժամկետից կարճ ժամկետ, ապա այդ ժամկետը լրանալուց հետո անձն ունենում է ողջամիտ ակնկալիք, որ փորձաշրջանի ժամկետը չի կարող երկարաձգվել, իսկ փորձաշրջանի արդյունքների մասին բացասական եզրակացության բացակայության դեպքում ինքը պետք է ընդունվի ծառայության: Ընդ որում, անձի համար պետք է կանխատեսելի և որոշակի լինի նաև այն, որ փորձաշրջանի արդյունքների մասին բացասական եզրակացության դեպքում, համաձայն գործող օրենսդրության, ինքը հրամանով ազատվելու է ծառայությունից, քանի որ Կոմիտեի ղեկավարին որևէ իրավական ակտով վերապահված չէ այդ ժամկետը երկարաձգելու լիազորություն:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական մարմնին փորձաշրջանի ժամկետի երկարաձգման որևէ լիազորություն չվերապահելն ինքնանպատակ չէ, նման մոտեցումը բխում է իրավական որոշակիության և օրինական ակնկալիքի իրավունքի պաշտպանության սկզբունքներից և միտված է անձանց` ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածով ամրագրված` աշխատանքի ընտրության ազատության ու աշխատանքային իրավունքների պաշտպանության ապահովմանը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է Վարդան Սարգսյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա և 06.06.2019 թվականի թիվ 1/1126-Ա հրամանները և իրեն վերականգնել նախկին պաշտոնում:

Դատարանը հայցը մերժել է, պատճառաբանելով, որ «Օրենսդրի կողմից հստակ սահմանվել է փորձաշրջանի առավելագույն ժամկետը, այն է` վեց ամիս, և որևէ կերպ Օրենսդիրը չի սահմանափակել մաքսային վերադաս մարմնի ղեկավարին փորձաշրջանի կոնկրետ ժամկետի ընտրության չափանիշով, ավելին` որպես ժամկետի ընտրության ուղղորդիչ` Օրենսդիրը նշել է մասնագիտական պատրաստվածության աստիճանը և պաշտոնը, այսինքն` փորձաշրջանի ժամկետի ընտրության հարցում, ի թիվս այլնի, գնահատման են ենթակա նաև այնպիսի հմտությունները, որոնք, ըստ էության, բացահայտելի են գերազանցապես աշխատանքային պրոցեսում, ուստի, բացահայտելով Օրենսդրի կամքը, կարելի է եզրահանգել, որ համապատասխան մարմնի ղեկավարի կողմից փորձաշրջանի սահմանված ժամկետից ավելի քիչ ժամկետով փորձաշրջանի նշանակումը, այնուհետև համապատասխան եզրակացության հիման վրա փորձաշրջանի ժամկետի երկարաձգումը` մինչև 6 ամիսը, բխում է առաջին անգամ մաքսային ծառայության համապատասխան պաշտոնին անցնելու համար սահմանվող փորձաշրջանի վերջնական նպատակից, իրավաչափ է և օրինական: Հարկ է նաև նշել, որ փորձաշրջանի ժամկետի սահմանման կամ դրա երկարաձգման մասով Օրենսդիրը որևէ կարգավորում չի նախատեսել, համաձայն որի` փորձաշրջանի ժամկետը որևէ կերպ պետք է համաձայնեցվի փորձաշրջանն անցնող համապատասխան աշխատակցի հետ: (...) Վերոնշյալից ելնելով` դատարանը գտնում է, որ հայցվորի պնդումներն այս մասով հիմնազուրկ են, և որևէ կերպ չեն կարող հիմք հանդիսանալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 06.05.2019թ. թիվ 1/1005-Ա հրամանն անվավեր ճանաչելու համար: (...) Վերոգրյալ ամբողջից հետևում է, որ սույն դեպքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն գործել է ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների պահպանմամբ, և սույն դեպքում առկա չէ որևէ հիմք Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 06.06.2019թ. թիվ 1/1126-Ա հրամանն անվավեր ճանաչելու համար»:

Վերաքննիչ դատարանը Վարդան Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ, այն հիմնավորմամբ, որ «օրենքով սահմանված փորձաշրջանի առավելագույն ժամկետի` սույն դեպքում 6 ամսի, ավարտին, եթե գործատուն չի կայացնում համապատասխան որոշում փորձաշրջանը անցած չհամարելու մասին, իսկ աշխատողը շարունակում է աշխատել, ապա օրենքի ուժով փորձաշրջանը համարվում է անցած: Իսկ այն դեպքերում, երբ գործատուի կողմից սահմանվում է փորձաշրջանի նոր ժամկետ, որը կարող է կատարվել փորձաշրջանի ժամկետը երկարաձգելու միջոցով, ապա փորձաշրջանը չի կարող համարվել ավարտված, իսկ քննարկվող դրույթը չի կարող համարվել կիրառելի: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ փորձաշրջանի ամբողջ էությունը կայանում է նրանում, որ մինչև աշխատանքի ընդունումը գործատուն հնարավորություն ունենա ստուգելու աշխատողի մասնագիտական հմտությունները և ըստ այդմ կայացնի որոշում աշխատանքի ընդունելու կամ չընդունելու մասին: Միաժամանակ, հաշվի առնելով անձի աշխատանքային իրավունքի համատեքստում իրավական որոշակիություն մտցնելու հանգամանքը, օրենսդրի կողմից սահմանվել է փորձաշրջանի առավելագույն ժամկետ` 6 ամիս, որի ընթացքում գործատուն պետք է հասնի իր համար ցանկալի արդյունքի` ստուգի աշխատողի մասնագիտական հմտությունները և կայացնի համապատասխան որոշում: ՈՒստի ելնելով փորձաշրջանի բուն նպատակներից, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հնարավոր են դեպքեր, երբ նախապես նշանակված փորձաշրջանի ժամկետը (խոսքը վերաբերում է 6 ամսից նվազ ժամկետին) երկարաձգվի` կապված աշխատանքային այլ հանգամանքներ պարզելու անհրաժեշտությամբ (սակայն ոչ ավելի քան 6 ամիսը), իսկ նման պայմաններում զուտ այն փաստը, որ ի սկզբանե ընտրվել է 6 ամսից պակաս ժամկետ փորձաշրջանի համար, արգելք չի կարող հանդիսանալ գործատուի համար այդ ժամկետը մինչև 6 ամսով երկարաձգելու համար, քանզի դա բխում է բուն փորձաշրջանի էությունից: (...) Նման պայմաններում ակներև է, որ փորձաշրջանի համար նախատեսված առավելագույն ժամկետը` 6 ամիսը, չի գերազանցվել, որպիսի պայմաններում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասը չի կարող կիրառելի համարվել: Իսկ դա նշանակում է, որ հայցվորը չէր կարող համարվել այդ նորմի ուժով աշխատանքը շարունակած և ըստ այդմ փորձաշրջանը անցած»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի պետի կողմից Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետին ուղղված զեկուցագրով հայտնվել է, որ Վարդան Սարգսյանը Կոմիտեի նախագահի 04.02.2019 թվականի թիվ 1/304-Ա հրամանի համաձայն Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնում նշանակվել է որպես մաքսային տեսուչ` 3 ամիս փորձաշրջանով: Աշխատած ժամանակահատվածում Վարդան Սարգսյանը թույլ է տվել որոշակի թերացումներ և բացթողումներ:

Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի կողմից Կոմիտեի նախագահին ուղղված 03.05.2019 թվականի թիվ Ն/20-3/40109-2019 գրությամբ հայտնվել է, որ Վարդան Սարգսյանի անմիջական ղեկավարի կողմից ներկայացված փորձաշրջանի վերաբերյալ հիմքերը բավարար չեն, ուստի խնդրել է Վարդան Սարգսյանի փորձաշրջանը երկարացնել 1 ամսով:

Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա հրամանի համաձայն` հրամայվել է Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 1 բաժնի մաքսային տեսուչ Վարդան Սարգսյանի փորձաշրջանի ժամկետը երկարաձգել մեկ ամսով:

Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի պետի կողմից Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետին ուղղված զեկուցագրով հայտնվել է, որ Վարդան Սարգսյանը Կոմիտեի նախագահի 19.02.2019 թվականի թիվ 1/625-Ա հրամանի համաձայն տեղափոխվել է Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնում որպես մաքսային տեսուչ` 3 ամիս փորձաշրջանով: Այնուհետև, Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա հրամանի համաձայն փորձաշրջանը երկարացվել էր ևս 1 ամիս, սակայն Վարդան Սարգսյանի աշխատանքում այդ մեկ ամսվա ընթացքում դրական շարժ չի նկատվել:

Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի կողմից Կոմիտեի նախագահին ուղղված 30.05.2019 թվականի թիվ Ն/20-3/54752-2019 գրությամբ հայտնվել է, որ Վարդան Սարգսյանի անմիջական ղեկավարի կողմից ներկայացված փորձաշրջանի վերաբերյալ հիմքերը բավարար չեն, ուստի հայտնվել է, որ նպատակահարմար չի գտնում Վարդան Սարգսյանի հետագա աշխատանքը մաքսային համակարգում:

Կոմիտեի նախագահի 04.06.2019 թվականի թիվ Ն/16-2/57037-2019 գրությամբ Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի մաքսային տեսուչ Վարդան Սարգսյանին հայտնվել է, որ մաքսային ծառայության պաշտոնում նշանակվելուց հետո Վարդան Սարգսյանի փորձաշրջանի արդյունքները գնահատվել են անբավարար:

Կոմիտեի նախագահի 06.06.2019 թվականի թիվ 1/1126-Ա հրամանի 1-ին կետի համաձայն` հրամայվել է Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի մաքսային տեսուչ Վարդան Սարգսյանին 06.06.2019 թվականից ազատել մաքսային ծառայությունից:

Սույն գործով ստորադաս դատարանները հստակ արձանագրել են, որ Կոմիտեի կողմից փորձաշրջանի ժամկետի երկարաձգումը իրավաչափ է, և Կոմիտեն գործել է օրենսդրության պահանջների պահպանմամբ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ստորադաս դատարանների կողմից հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ օրենսդրական որևէ կարգավորում նախատեսված չէ, որը հնարավորություն կտար Կոմիտեի նախագահին առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի փորձաշրջանի ժամկետը երկարաձգել, այն դեպքում, երբ փորձաշրջանի ժամկետն ի սկզբանե սահմանված է եղել օրենքով նախատեսված մինչև վեց ամսից կարճ ժամկետով:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Կոմիտեի նախագահի գործողությունները` կապված փորձաշրջանի ժամկետի երկարաձգման հետ, առանց օրենսդրական համապատասխան լիազորության, չի կարող համարվել իրավաչափ:

Տվյալ դեպքում Կոմիտեի նախագահի 04.02.2019 թվականի թիվ 1/304-Ա հրամանով փորձաշրջանի ժամկետը սահմանելով 3 ամիս, ըստ էության, հաշվի առնելով նաև փորձաշրջան անցնող անձի մասնագիտական հմտությունները և պատրաստվածությունը, այդ ժամկետը համարվել է բավարար գնահատելու համար համապատասխան պաշտոնին տվյալ անձի համապատասխանությունը, հետևաբար նշված ժամկետի ավարտից հետո կախված փորձաշրջանի արդյունքներից անձը կամ պետք է ընդունվեր ծառայության, կամ պետք է համապատասխան հրամանով ազատվեր աշխատանքից, մինչդեռ Կոմիտեի նախագահն առանց որևէ իրավական հիմքի ևս մեկ ամսով երկարաձգել է փորձաշրջանի ժամկետը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում փորձաշրջանի անցկացման ղեկավարը պարտավոր էր 04.02.2019 թվականին նշանակված եռամսյա փորձաշրջանի ավարտից 7 օր առաջ ներկայացնել փորձաշրջան անցնող անձի կատարած աշխատանքների մասին զեկուցագիր, այնուհետև միայն փորձաշրջանի արդյունքների բացասական եզրակացության դեպքում անձը կարող էր ազատվել ծառայությունից: Այնինչ օրենքով սահմանված ընթացակարգը Կոմիտեի նախագահի կողմից չի պահպանվել: Մասնավորապես Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի կողմից Կոմիտեի նախագահին ուղղված 03.05.2019 թվականի գրությամբ հայտնվել է, որ Վարդան Սարգսյանի անմիջական ղեկավարի կողմից ներկայացված փորձաշրջանի վերաբերյալ հիմքերը բավարար չեն, ուստի խնդրել է Վարդան Սարգսյանի փորձաշրջանը երկարացնել 1 ամսով, որից հետո` 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա հրամանով Վարդան Սարգսյանի փորձաշրջանի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով, որպիսի գործողությունները ստորադաս դատարանների կողմից համարվել են օրենքի պահանջների պահպանմամբ կատարված:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները ոչ իրավաչափորեն եկել են այն եզրահանգման, որ Կոմիտեի նախագահը կարող էր երկարաձգել փորձաշրջանի ժամկետը` անտեսելով, որ վերջինիս կողմից իրականացվող ցանկացած գործողություն պետք է համապատասխանի ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով վիճարկվող թիվ 1/1005-Ա հրամանն ընդունվել է Օրենքի 10-րդ հոդվածի և թիվ 1723-Ն որոշման սխալ կիրառման արդյունքում, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Օրենքի 10-րդ հոդվածի և թիվ 1723-Ն որոշման խախտում, մասնավորապես` սույն գործով վիճարկվող թիվ 1/1005-Ա հրամանի ոչ իրավաչափ լինելու պարագայում անփոփոխ է թողել Դատարանի վճիռը, ինչը հանգեցրել է արդարադատության բուն էության խաթարմանը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է սույն գործով վիճարկվող թիվ 1/1005-Ա հրամանն անվավեր ճանաչելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված հիմքը, քանի որ այն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ մեկնաբանման և սխալ կիրառման հետևանքով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա հրամանի անվավեր ճանաչելու իրավական հիմքերի վերաբերյալ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներն ամբողջությամբ վերաբերելի են նաև Կոմիտեի նախագահի 06.06.2019 թվականի թիվ 1/1126-Ա հրամանին, քանի որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ երկարաձգված փորձաշրջանի արդյունքները չեն կարող բավարար հիմք լինել թիվ 1/1126-Ա հրամանով Վարդան Սարգսյանին մաքսային ծառայությունից ազատելու վերաբերյալ, ուստի Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա և 06.06.2019 թվականի թիվ 1/1126-Ա հրամաններն ենթակա են անվավեր ճանաչման:

Անդրադառնալով նախկին պաշտոնում վերականգնելու մասին հայցվորի պահանջին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն` աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է (...) գործատուի իրավական ակտն անվավեր ճանաչելով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում նշված` աշխատողին աշխատանքում չվերականգնելու հիմքի առկայության պայմաններում դատարանի կողմից գործատուի վրա չի կարող դրվել այնպիսի պարտավորություն, որի փաստացի կատարումն օբյեկտիվորեն անհնար է, և նման դեպքերում դատարանի կողմից վերը նշված հոդվածը չկիրառելը կհանգեցնի գործատուի համար լրացուցիչ պարտավորության` ստեղծելու կառուցվածքային նոր միավոր, նոր հաստիք, իսկ նման պարտավորության սահմանումը կհանգեցնի գործատուի` ՀՀ Սահմանադրության` իրավաբանական անձանց նկատմամբ կիրառելի երաշխիքային նորմերի և օրենքով նախատեսված իրավունքների սահմանափակմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այդ իսկ նպատակով օրենսդիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է աշխատանքում չվերականգնելու գործատուի իրավական հնարավորությունը` վերապահելով դատարանին այդ վարքագծի իրավաչափության գնահատման իրավասություն` որոշելու տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինությունը կոնկրետ գործի փաստերից ելնելով (տե՛ս, Զոյա Ծատուրյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ 3-496(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ.

1. ոչ բոլոր դեպքերում է, որ առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով աշխատանքի պայմանները փոփոխելը, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելը կարող է հիմք հանդիսանալ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու համար.

2. այդ կանոնից բացառություն է այն դեպքը, երբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը դատարանին իրավունք է վերապահում անգամ վերը նշված խախտումների փաստը հաստատված համարելու պայմաններում աշխատողին չվերականգնել նախկին աշխատանքում, եթե դա անհնարին է նաև տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով: Այս դեպքում նախկին աշխատանքում վերականգնելու փոխարեն դատարանը գործատուին պարտավորեցնում է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարել հատուցում` նրա միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով.

3. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում խոսքը գնում է միայն նախկին աշխատանքում վերականգնվելու մասին, այսինքն` այն աշխատանքում, որն աշխատողը հրամանի կամ աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարել է աշխատանքից ազատվելու հրամանն արձակելու պահի դրությամբ (տե՛ս, Քրիստինա Նեբիշի ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1879/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեի նախագահի 04.02.2019 թվականի թիվ 1/304-Ա հրամանի համաձայն Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնում 3 ամիս փորձաշրջանով որպես մաքսային տեսուչ նշանակվելուց, Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա հրամանով փորձաշրջանի ժամկետը մեկ ամսով երկարաձգելուց հետո Կոմիտեի նախագահի 04.06.2019 թվականի թիվ Ն/16-2/57037-2019 գրությամբ Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի մաքսային տեսուչ Վարդան Սարգսյանին նախ հայտնվել է, որ մաքսային ծառայության պաշտոնում նշանակվելուց հետո նրա փորձաշրջանի արդյունքները գնահատվել են անբավարար, ապա Կոմիտեի նախագահի 06.06.2019 թվականի թիվ 1/1126-Ա հրամանի 1-ին կետի համաձայն` հրամայվել է Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի մաքսային տեսուչ Վարդան Սարգսյանին 06.06.2019 թվականից ազատել մաքսային ծառայությունից:

Ստորադաս դատարանները, Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա և 06.06.2019 թվականի թիվ 1/1126-Ա հրամանները գնահատելով իրավաչափ, մերժել են նշված հրամաններն անվավեր ճանաչելու հայցվորի պահանջը, ըստ այդմ մերժելով նաև նախկին պաշտոնում վերականգնելու մասին հայցվորի պահանջը:

Վճռաբեկ դատարանը, սակայն, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գտնելով, որ հայցվորը ծառայությունից ազատվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ երկարաձգված փորձաշրջանի արդյունքների հիման վրա, այսինքն` որ իրավաչափորեն, եզրահանգել է, որ Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա և 06.06.2019 թվականի թիվ 1/1126-Ա հրամաններն ենթակա են անվավեր ճանաչման:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախկին պաշտոնում վերականգնելու մասին հայցվորի պահանջի մասով սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության` նշված մասով նոր քննություն իրականացնելու և նախկին պաշտոնում վերականգնելու գործատուի իրավական հնարավորության հարցը պարզելու ու դրանից բխող իրավական հետևանքները կիրառելու նպատակով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է որ Կոմիտեի կողմից չեն պահպանվել առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի փորձաշրջան անցնելու կարգն ու պայմանները, իսկ սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակի` Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա և 06.06.2019 թվականի թիվ 1/1126-Ա հրամաններն անվավեր ճանաչելը մերժելու մասով Դատարանի վճիռն անփոփոխ թողնելու մասով բեկանելու և այդ մասով Վերաքննիչ դատարանի դատական ակտը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառմամբ փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը մասնակի փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև այդ մասով գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախկին պաշտոնում վերականգնելու մասին հայցվորի պահանջը մերժելու մասով Դատարանի վճիռն անփոփոխ թողնելու մասով Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման և այդ մասով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառմամբ գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան, սույն որոշմամբ սահմանված ծավալով նոր քննություն իրականացնելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են` հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով հայցվոր Վարդան Սարգսյանը, վերոնշյալ իրավանորմերի ուժով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից, պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.05.2021 թվականի որոշումը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա և այն` 06.06.2019 թվականի թիվ 1/1126-Ա հրամաններն անվավեր ճանաչելը մերժելու մասով փոփոխել, Վարդան Սարգսյանի հայցը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա և 06.06.2019 թվականի թիվ 1/1126-Ա հրամաններն անվավեր ճանաչելու մասով բավարարել` անվավեր ճանաչել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա և 06.06.2019 թվականի թիվ 1/1126-Ա հրամանները:

Նախկին պաշտոնում վերականգնելու մասին հայցվորի պահանջը մերժելու մասով ՀՀ վարչական դատարանի վճիռն անփոփոխ թողնելու մասով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշումը բեկանել և այդ մասով գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 25 հունվարի 2023 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809935544

 

Միասնական կայք` 15.05.23-28.05.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.01.2023
N ՎԴ/5327/05/19
Որոշում