Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ Կ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 2 մարտի 2021 թ.

 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ` ԴԱՏԱՎՈՐԻ ՄԱՍՈՎ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 71-րդ հոդվածների,

i

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` դատավորի մասով` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ նաև` Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2010 թվականի դեկտեմբերի 30-ին, ուժի մեջ է մտել` 2011 թվականի հունվարի 1-ից:

Օրենքի «Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, կենսաթոշակ վճարելը դադարեցնելը և վերսկսելը» վերտառությամբ 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված է.

«1. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է`

(...)

5) սույն օրենքով զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո համապատասխան մարմիններում զինվորական ծառայության անցնելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի կամ դատավորի պաշտոնի նշանակվելու դեպքում.»:

Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը փոփոխվել է 2014 թ. մայիսի 19-ին ընդունված ՀՕ-32-Ն օրենքով:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի` թիվ ՎԴ/9849/05/19 գործով 2020 թ. մարտի 2-ին կայացրած «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան դիմելու և վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման հիման վրա` 2020 թվականի մարտի 3-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, վերլուծելով վիճարկվող իրավադրույթն ու վերջինիս առնչվող օրենսդրական այլ նորմերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Ա. Մկրտչյանը 2019 թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ Ոստիկանության և Սոցիալական ապահովության ծառայության` երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին որոշումը և վարչական բողոքարկման արդյունքում կայացված որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին: Ա. Մկրտչյանը 1995 թվականից 2017 թվականը գտնվել է զինվորական ծառայության մեջ: Զինվորական ծառայությունից ազատվելուց հետո նրան նշանակվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ: Ա. Մկրտչյանը ՀՀ նախագահի հրամանագրով 2018 թվականին նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Ոստիկանության կողմից Ա. Մկրտչյանի կենսաթոշակի վճարումը 2019 թվականի հունիսի 1-ից դադարեցվել է` հիմք ընդունելով Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը:

Դիմողը բարձրացնում է Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` դատավորի մասով` Սահմանադրության 29, 57, 60, 78 և 83-րդ հոդվածներին համապատասխանության հարցը: Դիմողը, հղումներ կատարելով Սահմանադրության նշված հոդվածներին, Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում արտահայտված վերաբերելի իրավական դիրքորոշումներին, վկայակոչելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային պրակտիկան, վերլուծելով Օրենքի վիճարկվող դրույթով սահմանված իրավակարգավորումը և համադրելով այն օրենսդրական այլ դրույթների հետ, գտնում է, որ Օրենքի վիճարկվող դրույթով առնվազն հանրային (պետական) այլ պաշտոնների համեմատ նաև դատավորի պաշտոնի նկատմամբ դրսևորվում է տարբերակված ու խտրական մոտեցում, ինչով նաև դատավորը զրկվում է հավասար իրավական պայմաններում գտնվող այլ պաշտոնների (առնվազն հանրային (պետական) պաշտոններ) համեմատ զինվորական ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից, խախտվում է նշված իրավունքից բխող կենսաթոշակի գումարի նկատմամբ դատավորի սեփականության իրավունքը, սահմանափակվում դատավորի` աշխատանքի ազատ ընտրության իրավունքը, որպիսի սահմանափակման համար ընտրված միջոցները պիտանի և անհրաժեշտ չեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, ինչպես նաև նման միջոցները համարժեք չեն սահմանափակվող հիմնական իրավունքների և ազատության նշանակությանը:

Դիմողը նշում է, որ աշխատանքի ազատ ընտրության իրավունքն այնպիսի իրավական վիճակ է, երբ անձին երաշխավորվում է առանց որևէ միջամտության աշխատանք ընտրելու հնարավորությունը: Ընդ որում, վերոհիշյալ իրավունքն ի սկզբանե ենթադրում է, որ այն կիրառելի է կոնկրետ աշխատանքին ներկայացվող չափանիշներին ու պահանջներին համապատասխանության շրջանակներում: Այսինքն` յուրաքանչյուր անձ տվյալ աշխատանքի պայմաններին բավարարելու դեպքում ևս իրավունք ունի հավակնել դրան, և այդ իրավունքի իրացման գործընթացում չի կարող տեղի ունենալ որևէ իրավական անհամաչափ կամ փաստացի միջամտություն:

Դիմողի գնահատմամբ, եթե փաստացի միջամտությունն իրավական նորմերից դուրս և դրանց խախտմամբ գործողություններ են, որոնց ընթացքում տեղի է ունենում անձի աշխատանքի ազատ ընտրության իրավունքի խախտում, ապա իրավական միջամտության դեպքում այդ իրավունքը սահմանափակվում է հենց իրավական նորմի ուժով, հետևաբար` իրավական միջամտության դեպքում պարզման է ենթակա այն հարցը, թե արդյոք նման միջամտությամբ անձի աշխատանքի ազատ ընտրության իրավունքի սահմանափակումը պիտանի ու անհրաժեշտ է Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, ինչպես նաև սահմանափակման համար ընտրված այդպիսի միջոցը համարժեք է սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

Դիմողը եզրակացնում է, որ զինվորական կենսաթոշակի իրավունքն անձի նախկին աշխատանքային գործունեությամբ ձեռք բերված իրավունք է, որը չի կարող առանց իրավաչափ հիմնավորման ու նպատակի ինքնին սահմանափակվել նրա ներկայիս աշխատանքային գործունեությամբ` անձին դնելով երկընտրանքի առաջ` շարունակել օգտվել իր կենսաթոշակի իրավունքից, թե՞ իրացնել իր աշխատանքի ազատ ընտրության իրավունքը:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը վիճարկվող դրույթի վերաբերյալ դիմողի բարձրացրած ենթադրյալ սահմանադրականության հարցերին անդրադարձել է` վերլուծելով Սահմանադրության, Օրենքի վերաբերելի դրույթները, ինչպես նաև վկայակոչելով Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի մի շարք ակտերում արտահայտված վերաբերելի իրավական դիրքորոշումները:

Ըստ պատասխանողի` անձի կենսաթոշակի իրավունքը կազմում է վերջինիս սոցիալական ապահովության սահմանադրական իրավունքի հիմնական բաղադրիչներից մեկը: Այն անձի արժանապատիվ կենսամակարդակի ապահովման նախապայմանն է և սոցիալական պետության առաջնահերթություններից մեկը, որն ունի առանցքային նշանակություն անձի սոցիալ-տնտեսական իրավունքների շարքում: Կենսաթոշակի տեսակները, այն ստանալու կապակցությամբ ծագող իրավահարաբերությունները որոշվում և կարգավորվում են պետության կողմից` արտահայտելով որդեգրված սոցիալական քաղաքականության տեսլականը, որը նպատակաուղղված է անձի կեցության արժանի կենսապայմանների ապահովմանը: Մասնավորապես, պետությունը գործադրում է ջանքեր` ձևավորելու անհրաժեշտ տնտեսական և սոցիալական հիմքեր` իր բնակչության համար բավարար կենսամակարդակ և սոցիալական ապահովության համակարգ ստեղծելու համար: Այդ ջանքերը գործադրելիս պետությունը սոցիալական ապահովության համակարգի ձևավորման հիմքում դնում է օրինականության, սոցիալական հավասարության, արդարության ապահովման սկզբունքները` միտված սոցիալական ապահովության նպատակահեն համակարգ ստեղծելուն` հիմնված համասեռ, տրամաբանական, կայուն և միասնական չափանիշների վրա:

Պատասխանողը, արձանագրելով, որ Օրենքը հստակեցնում է որոշակի հանգամանքների պայմաններում կենսաթոշակի իրավունքի դադարեցման հետ կապված առանձնահատկությունները, նշում է, որ կենսաթոշակի իրավունքի դադարեցմանը հանգեցնող որոշակի հանգամանքների շրջանակը որոշելիս պետությունն ունի հայեցողության լայն շրջանակ: Այդ մասին է վկայում ՄԻԵԴ-ի և Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների ուսումնասիրությունը, որոնց համաձայն` սոցիալական ապահովության և կենսաթոշակային վճարումների իրավունքի բնագավառում պետությունն ազատ է կանխորոշելու իր քաղաքականությունը` հիմնված որոշակի սկզբունքների վրա: Ըստ պատասխանողի` հենց այդ հայեցողության շրջանակներում են որոշվել նաև Օրենքի 41-րդ հոդվածի համապատասխան կարգավորումները: Դրանց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը որդեգրված պետական քաղաքականության և ունեցած հայեցողության շրջանակներում, ելնելով նաև սոցիալական ապահովության ներդրված համակարգի առանձնահատկություններից, ընտրել է որոշակի խումբ սուբյեկտների շրջանակ, որոնց դեպքում գործում է կենսաթոշակ ստանալու և զուգահեռաբար այլ աշխատանքով զբաղվելու ու աշխատավարձ ստանալու անհամատեղելիությունը:

Ըստ պատասխանողի` Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դատավորի պաշտոն զբաղեցնելու հիմքով դադարեցնելու` օրենսդրի դրսևորած տարբերակված մոտեցումն ունի օբյեկտիվ հիմք և հետապնդում է իրավաչափ նպատակ:

Ելնելով վերոնշյալից` պատասխանողը գտնում է, որ Օրենքի վիճարկվող դրույթը համապատասխանում է Սահմանադրությանը:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով վիճարկվող դրույթի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, հետևյալ հարցադրումներին.

- Օրենքով զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո համապատասխան պաշտոնների նշանակման հիմքով զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման դեպքերի մասով տարբերակված մոտեցումը համապատասխան պաշտոնների, մասնավորապես` դատավորի պաշտոնի մասով Սահմանադրությամբ ամրագրված խտրականության արգելքի սկզբունքի համատեքստում ի՞նչ օբյեկտիվ հիմք ունի, և ո՞րն է այդ մոտեցման իրավաչափ նպատակը.

- արդյոք սահմանափակվում է սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքի հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությունը:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Օրենքում օգտագործված «կենսաթոշակի իրավունք» և «կենսաթոշակ ստանալու իրավունք» բառակապակցությունների սահմանադրաիրավական բովանդակության հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանի 2016 թվականի նոյեմբերի 29-ի ՍԴՈ-1325 որոշման մեջ արձանագրված է.

«(...)

ա/ կենսաթոշակի իրավունքը (...) ելակետային է, այն նախապայման է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու համար,

բ/ կենսաթոշակի իրավունքն ունի ծագման իր նախադրյալներն ու օրինական հիմքերը,

գ/ կենսաթոշակ ստանալու իրավունքը կենսաթոշակի իրավունքի իրացման երաշխիքն է` օրենքով սահմանված իրավապայմանների առկայության պարագայում:

(...)

Ընդ որում, օրենքի 36 և 41-րդ հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է միայն կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման, այլ ոչ թե կենսաթոշակի իրավունքի դադարեցման հնարավորություն: Դրանից բխում է նաև խնդրո առարկա օրենքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակ վճարելը վերսկսելու վերաբերյալ դրույթների նախատեսումը (...): Ընդ որում, (...) նախ` պետք է վերականգնվի կենսաթոշակ ստանալու իրավունքը, հետո միայն վերսկսվի կենսաթոշակ վճարելը:

(...) Ակնհայտ է, որ «կենսաթոշակ ստանալու իրավունքը» բխում է «կենսաթոշակի իրավունքից»:

4.2. Օրենքի վիճարկվող դրույթի սահմանադրականությունը որոշելու հարցի համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ Օրենքի և այլ օրենքների վերաբերելի առանձին իրավակարգավորումներին: Մասնավորապես`

i

ա) Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով որպես պետական կենսաթոշակային քաղաքականության սկզբունք ամրագրված է կենսաթոշակի իրավունքի իրականացումն ապահովելը` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից,

i

բ) Օրենքի 8-րդ հոդվածով` որպես Օրենքով սահմանված կենսաթոշակների տեսակներ, սահմանված են աշխատանքային և զինվորական կենսաթոշակները,

i

գ) Օրենքի 17-րդ հոդվածում թվարկված են զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սուբյեկտները` պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների և փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական (սպայական, ենթասպայական, շարքային) կազմի ծառայողը, վարժական հավաքների կանչված զինապարտը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցը, արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողը և դատական ակտերի հարկադիր կատարողը,

i

դ) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան` «1. Սույն օրենքի 6-րդ բաժնի դրույթների կիրառման իմաստով` զինծառայողներ են համարվում պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք:

2. Զինծառայողներին հավասարեցված անձինք են`

1) մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը վարժական հավաքների կանչված զինապարտները, ինչպես նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին մասնակցող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի (...) դրույթները.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի (...) դրույթները.

3) քրեակատարողական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 6-րդ բաժնի դրույթները, և հարկադիր կատարողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, քրեակատարողական ծառայությունում և Ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ պաշտպանության նախարարության, քրեակատարողական ծառայության և Ոստիկանության քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի (...) դրույթները, ինչպես նաև պաշտպանության նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի (...) դրույթները.

5) փրկարարական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները»,

ե) Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` «Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է` (...) սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում, բացառությամբ դատավորի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձի, որի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է հանրային ծառայության անցնելու դեպքում»,

զ) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի, եթե չի զբաղեցնում հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն: Նույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ նշված օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձի` հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Միաժամանակ, հիշյալ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` «Սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի և 6-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ սույն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը (...):

Սույն մասով սահմանված դեպքերում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է, եթե պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակ նշանակվելուց հետո անցել է զինվորական ծառայության, նշանակվել է քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, դատավորի պաշտոնում կամ ինքնավար պաշտոնի է նշանակվել քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում»,

է) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգով,

ը) Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է Օրենքի նշված հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելուց հետո համապատասխան մարմիններում զինվորական ծառայությունից արձակվելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի կամ դատավորի պաշտոնից ազատվելու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում` արձակվելու կամ ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից...

թ) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասին և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` համապատասխանաբար` դատավորի և Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունքը չի կարող դադարեցվել այլ աշխատանք կատարելու դեպքում, բացառությամբ հանրային ծառայության անցնելու դեպքերի:

4.3. Օրենքը սահմանում է զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու հիմքերը, որոնց շրջանակներում նախատեսվում է դադարեցնել ոչ միայն այն անձանց զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, որոնք կենսաթոշակի իրավունք ձեռք բերելուց հետո շարունակում են աշխատել որպես զինծառայող կամ զինծառայողին հավասարեցված անձ, այլև այն անձանց, որոնք կենսաթոշակի իրավունք ձեռք բերելուց հետո շարունակում են աշխատել` զբաղեցնելով զինվորական ծառայության կամ վերջինիս մոտ ծառայության հետ իր բնույթով առնչություն չունեցող պաշտոն, այդ թվում` դատավորի պաշտոն:

Օրենսդիրը տարբերակված մոտեցում է դրսևորել նաև դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձի` կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարման հիմքի առումով, ինչպես նաև Օրենքով զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո նաև դատավորի պաշտոնի նշանակման հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման հարցում: Հետևաբար` հարկ է պարզել` նշված մոտեցումը Սահմանադրությամբ ամրագրված խտրականության արգելքի սկզբունքի համատեքստում ի՞նչ օբյեկտիվ հիմք ունի, և ո՞րն է դրա իրավաչափ նպատակը: Այդ առնչությամբ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող իրավակարգավորումը դիտարկել Սահմանադրության 29 և 83-րդ հոդվածներով ամրագրված` խտրականության արգելքի և սոցիալական ապահովության վերաբերյալ դրույթների լույսի ներքո (անձի սոցիալական ապահովության իրավունքը 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ որպես սուբյեկտիվ իրավունք ամրագրված չէ):

Սահմանադրության «Խտրականության արգելքը» վերտառությամբ 29-րդ հոդվածով սահմանված է, որ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Խտրականության արգելման սկզբունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանն արտահայտել է, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումները.

- պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում` պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում` կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլ նաև իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները (29.01.2008 թ., ՍԴՈ-731).

- Սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով և իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միևնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նպատակից

(04.05.2010 թ., ՍԴՈ-881).

- խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես` նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ (07.07.2015 թ., ՍԴՈ-1224):

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա)` խտրականության արգելքն ամրագրող 14-րդ հոդվածով ամրագրված է, որ Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծնունդից կամ այլ դրությունից: ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի համաձայն` խտրականության արգելքի խնդիր առաջանալու համար պետք է լինի տարբերություն` համադրելի իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի միջև: Համաձայն ՄԻԵԴ-ի դիրքորոշման` վերաբերմունքի տարբերակումը խտրական է, եթե այն չունի որևէ օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում, կամ եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, կամ եթե չկա համաչափության որևէ ողջամիտ կապ միջոցների և հետապնդվող նպատակի միջև

(Fabris v. France, գանգատ թիվ 16574/08, 07.02.2013 թ. վճիռ, կետ 56):

Ըստ ՄԻԵԴ-ի` ցանկացած տարբերակում կամ տարբերություն չէ, որ կարելի է խտրականություն համարել: Մասնավորապես, իր վճիռներից մեկում (Andrejeva v. Latvia (GC 18.02.2009, 55707/00, § 81) դատարանը նշել է. «...տարբերակումը կամ տարբերությունը համարվում է խտրական, եթե այն չունի օբյեկտիվ և ողջամիտ արդարացում, այսինքն` եթե այդ տարբերակումը կամ տարբերությունը չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին»: Նմանատիպ իրավական դիրքորոշումներ ՄԻԵԴ-ն արտահայտել է նաև այլ գործերով (Stec and Others v. the United Kingdom [GC], nos. 65731/01 and 65900/01, § 51, ECHR 2006-VI և Carson and Others v. the United Kingdom [GC], no. 42184/05, ECHR 2010):

Սահմանադրական դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 11-ի ՍԴՈ-991 որոշման մեջ արձանագրված է. «....կենսաթոշակը և աշխատանքը միտված են միևնույն նպատակին` գոյության միջոցների ապահովմանը. աշխատանքը` որպես կենսապահովման միջոց, գործում է անձի լրիվ աշխատունակության պայմաններում, իսկ կենսաթոշակը` աշխատունակության սահմանափակման կամ կորստի պայմաններում: Հետևաբար, կենսաթոշակի իրավունքը ծագում է այն ժամանակ, երբ անձը, որոշակի օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, այլևս չի կարող այդ նպատակն իրացնել աշխատանքի միջոցով: Կենսաթոշակի իրավունքի ծագումն անմիջականորեն պայմանավորվում է աշխատանքի իրավունքի իրացման հնարավորությունների կրճատմամբ»:

Սահմանադրական դատարանի` 2019 թվականի փետրվարի 12-ի և հուլիսի 12-ի համապատասխանաբար` ՍԴՈ-1443 և ՍԴՈ-1475 որոշումներում արձանագրված է, որ թեև Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն` օրենսդրին է վերապահված անձի (...) կենսաթոշակի իրավունքի բովանդակությունը (օրինակ` կենսաթոշակի չափը, նշանակման և վճարման կարգը և այլն) որոշակիացնելու լիազորությունը, այդուհանդերձ, Սահմանադրությունը, ի թիվս այլնի, բացառում է այս իրավունքն ընդհանրապես օրենքով չերաշխավորելը, այսինքն` օրենսդիրը պարտավոր է կենսաթոշակի իրավունքը երաշխավորող օրենք ընդունել: Բացի դրանից, նման օրենքը չպետք է խախտի իրավահավասարության, խտրականության արգելքի սկզբունքները:

Սույն գործով վիճարկվող իրավակարգավորման սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանը գտնում է, որ կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցումը հանրային ծառայության անցնելու հանգամանքով պայմանավորելը, այդ համատեքստում` հանրային (պետական) և հանրային (պետական) ծառայության առանձին պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից կենսաթոշակ և, զուգահեռաբար, հանրային (պետական) ծառայության մեջ գտնվելու հանգամանքով պայմանավորված, աշխատավարձ ստանալու անհամատեղելիությունը սահմանելը, այլ խոսքերով` կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցումը Օրենքում թվարկված մի շարք պաշտոնների նշանակման հանգամանքով պայմանավորելը` դրանց շրջանակի սահմանմամբ, և, ըստ այդմ, համապատասխան պաշտոնների մասով տարբերակված մոտեցում դրսևորելը գտնվում է օրենսդիր մարմնի հայեցողության/իրավասության տիրույթում: Հատկանշական է, որ տվյալ դեպքում առանձնացվել են նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով որոշ ինքնավար պաշտոններ (պետական պաշտոնի տեսակ)` դատախազի, դատավորի, քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, քննիչների պաշտոնները` վերջին դեպքում Օրենքում նշված քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության ծառայողների (լայն առումով) պաշտոնների մասով:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցումը Օրենքով զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո Օրենքում թվարկված մի շարք պաշտոնների նշանակման հանգամանքով պայմանավորելու իրավակարգավորման նպատակը միևնույն ֆինանսական աղբյուրից, տվյալ դեպքում` պետական բյուջեից, միևնույն անձին կենսաթոշակի և աշխատավարձի տեսքով գումարների վճարումը բացառելն է և ըստ այդմ` բյուջեն, ըստ էության, կրկնակի ֆինանսական բեռից զերծ պահելը` նկատի ունենալով նաև Օրենքի վիճարկվող իրավակարգավորման համատեքստում դատավորի` որպես ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի համար սահմանված, նրա կարգավիճակային առանձնահատկություններով պայմանավորված սոցիալական երաշխիքները: Սահմանադրական դատարանը կարևորում է այն հանգամանքը, որ օրենսդիրը համապատասխան անձին ընձեռել է ընտրության հնարավորություն` ստանալ Օրենքով սահմանված զինվորական կենսաթոշակ կամ համապատասխան, այդ թվում` դատավորի, պաշտոնին նշանակվելու հանգամանքով պայմանավորված, ստանալ աշխատավարձ` օգտվելով դատավորի համար սահմանված սոցիալական երաշխիքներից: Տվյալ դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցումը օրենսդիրը պայմանավորում է Օրենքով զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո համապատասխան պաշտոնի նշանակվելու հանգամանքով, հետևաբար` օրենսդիրն անձին չի զրկել ընտրություն կատարելու հնարավորությունից` երկու դեպքում էլ նախատեսելով համապատասխանաբար` կենսաթոշակի կամ աշխատավարձի տեսքով գումարների վճարման` պետության պարտականությունը:

Պետական կենսաթոշակի և աշխատավարձի միաժամանակյա ստացման հնարավորության հարցին անդրադարձել է ՄԻԵԴ-ը: Այդ առնչությամբ, կատարելով Եվրոպայի խորհրդի 36 անդամ պետությունների օրենսդրության համեմատական վերլուծություն` ՄԻԵԴ-ը, մասնավորապես, արձանագրել է. «գրեթե բոլոր (...) պետություններում այս կամ այն ձևով պետական կենսաթոշակի և աշխատավարձի միաժամանակյա ստացումը հնարավոր է: (...) Այդուհանդերձ, պետությունների ճնշող մեծամասնությունում տարբեր իրավիճակներում կիրառվում են կենսաթոշակի կրճատման կամ դրա վճարումը կասեցնելու որոշ ձևեր: Մասնավորապես, առանձին պետություններ կասեցնում են պետական կենսաթոշակային վճարումների կատարումն այն անձանց, որոնք շարունակում են աշխատել պետական հատվածում, այն դեպքում, երբ նրանց կենսաթոշակն ամբողջ ծավալով պահպանվում է, եթե նրանք շարունակում են աշխատել մասնավոր հատվածում: Օրինակ` Անդորրայում քաղաքացիական ծառայողի կենսաթոշակի վճարումը կասեցվում է, եթե նա շարունակում է աշխատել որպես քաղաքացիական ծառայող կամ պաշտոնատար անձ պետական կառավարման ոլորտում: Վրաստանում կենսաթոշակի վճարման կասեցումը կիրառվում է պետական հատվածում աշխատատեղերի բոլոր կատեգորիաների հանդեպ: Պորտուգալիայում անձը, որը շարունակում է աշխատել մասնավոր հատվածում, կարող է միաժամանակ ստանալ կենսաթոշակ, այն դեպքում, երբ կենսաթոշակի վճարումը կասեցվում է պետական հատվածում զբաղվածության դեպքում: Իսպանիայում, Թուրքիայում, Ուկրաինայում վճարումները հնարավոր են ինքնազբաղված անձանց (մինչև որոշակի մակարդակ), սակայն ոչ պետական հատվածի ծառայողների մեծամասնության համար: (...) Նկատի ունենալով սոցիալական ապահովության և կենսաթոշակների ոլորտում պետության հայեցողության լայն շրջանակները` Եվրոպական դատարանը հիմքեր չի գտնում կասկածի տակ առնելու այն հանգամանքը, որ աշխատավարձերի և կենսաթոշակների միաժամանակյա վճարման արգելքը, որին ենթարկվել է դիմումատուն, ծառայել է պետական գանձարանի պաշտպանության ընդհանուր շահերին»: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք աշխատանքի անցնելու պայմաններում դիմումատուն ուներ իր կենսաթոշակի վճարման կասեցումից խուսափելու կամ այն կանխելու հնարավորություն, ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ կենսաթոշակի վճարումը դիմումատուին չի կասեցվել, առանց վերջինիս ընտրության որևէ հնարավորություն ընձեռելու: Դիմումատուն հնարավորություն ուներ դադարեցնելու իր աշխատանքը պետական ծառայությունում և շարունակելու ստանալ կենսաթոշակ կամ պահպանելու իր աշխատանքը և, ըստ այդմ, դադարելու ստանալ կենսաթոշակ» (FABIAN v. HUNGARY, գանգատ թիվ 78117/13, 05.09.2017 թ. վճիռ, կետեր 32, 33, 38, 67, 76):

Նկատի ունենալով վերոնշյալը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրի հայեցողությանն է թողնված ինչպես սոցիալական ապահովության ծավալի` քանակական որոշակիության և ձևերի ընտրության խնդիրը, այնպես էլ այդ իրավունքի իրացման պայմանների սահմանումը: Տվյալ ոլորտում հայեցողության սահմանները պայմանավորվում են, մի կողմից` պետության սոցիալ-տնտեսական հնարավորություններով, մյուս կողմից` սոցիալական պետության սահմանադրական բնույթի պահանջներով:

Սահմանադրական դատարանի 2019 թ. նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշման մեջ արձանագրված է. «Դատավորի պաշտոնն զբաղեցնող անձանց համար` այնքանով, որքանով որ դա վերաբերում է դատավորի` որպես հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի կրողին, առկա է լրացուցիչ` իրավական պետության հիմնարար սկզբունքից ածանցվող անփոփոխելիության սահմանադրական երաշխիք (...)»:

Ելնելով վերոնշյալից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենքի վիճարկվող իրավակարգավորման առնչությամբ տարբերակված մոտեցումն ունի օբյեկտիվ հիմք և հետապնդում է իրավաչափ նպատակ, առավել ևս դատավորի պաշտոնի պարագայում` նկատի ունենալով դատավորի կարգավիճակային առանձնահատկությունները և նրա համար Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված սոցիալական երաշխիքների համակարգը, այդ թվում` սահմանադրական մակարդակում ամրագրում ստացած այն դրույթը, որի համաձայն` դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն:

i

4.4. Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

Սահմանադրական դատարանը և ՄԻԵԴ-ը բազմիցս անդրադարձել են սեփականության իրավունքին, դրա բովանդակությանը, այդ համատեքստում` «լեգիտիմ ակնկալիք» եզրույթի բովանդակության բացահայտմանը: Մասնավորապես, Սահմանադրական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 1-ի ՍԴՈ-1238 որոշման մեջ արձանագրված է. «Դիմողը, փաստորեն, ձեռք է բերել (...) սեփականության իրավունքի օրինական ակնկալիք, ինչի վրա տարածվում է սեփականության իրավունքին համարժեք պաշտպանության ռեժիմ` համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքի: Մասնավորապես, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի (տես` մասնավորապես, Տրգոն ընդդեմ Խորվաթիայի գործով 2009թ. հունիսի 11-ի վճիռը, կետ 44)` գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլ նաև նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նշված վճիռը վկայակոչված է նաև Սահմանադրական դատարանի` 2010 թվականի հուլիսի 7-ի ՍԴՈ-902 որոշման մեջ: Իսկ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-723, ՍԴՈ-741, ՍԴՈ-881 որոշումներում Սահմանադրական դատարանը փաստել է սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությունը: Ավելին, 2008 թ. մարտի 18-ի ՍԴՈ-741 որոշման 8-րդ կետում Սահմանադրական դատարանը նշել է. «Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ Սահմանադրության (...) հոդվածով երաշխավորված` սեփականության իրավունքի պաշտպանություն տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք» (նաև ՍԴՈ-1326):

Սահմանադրական դատարանի` 2006 թվականի հոկտեմբերի 4-ի ՍԴՈ-649 որոշման մեջ արձանագրված է. «Կենսաթոշակի վճարումը գործնականում սեփականությունը սեփականատիրոջը փոխանցելու միջոց է: Կենսաթոշակը սոցիալական ապահովության միջոց լինելով հանդերձ, սեփականության ձև է` նաև ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի (տես` Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործը)»:

Վիճարկվող իրավակարգավորման առնչությամբ, Սահմանադրական դատարանի` 2008 թվականի հունվարի 15-ի ՍԴՈ-723 որոշման մեջ արձանագրված է. «Եթե օրենքն արդեն սահմանել է կենսաթոշակի տեսակները, կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու պայմանները, կենսաթոշակի չափը և վճարման պայմանները, պետության համար ծագում է պարտականություն երաշխավորելու կենսաթոշակի իրավունքի առնչությամբ լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքի և իրավական որոշակիության սկզբունքների իրացումը»:

i

Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված է, որ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Այդ առնչությամբ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կենսաթոշակի` որպես սեփականության ձևի, հետևաբար` կենսաթոշակի գումարների նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակման օբյեկտիվ հիմքը հանրության շահն է: Այն դրսևորվում է նրանում, որ պետությունը, ելնելով, մի կողմից` իր սոցիալ-տնտեսական հնարավորություններից, մյուս կողմից` առաջնորդվելով սոցիալական պետության սահմանադրական բնույթի պահանջներով, զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելուց հետո հանրային (պետական)/հանրային (պետական) ծառայության մի շարք պաշտոններում պաշտոնավարման առնչությամբ նախատեսում է զինվորական կենսաթոշակի իրավունքը պահպանել միայն այն պաշտոնյաների/ծառայողների համար, որոնց զբաղեցրած պաշտոնի մասով նախատեսված է սոցիալական երաշխիքների համեմատաբար ցածր շեմ: Ինչ վերաբերում է, մասնավորապես, զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելուց հետո դատավորի պաշտոն զբաղեցնող անձանց, ապա հաշվի առնելով օրենսդրությամբ դատավորի համար նախատեսված սոցիալական երաշխիքների համեմատաբար բարձր շեմը, որը կոչված է ապահովելու դատավորի անկախությունը, պետությունը դատավորի պաշտոնում պաշտոնավարման ժամանակահատվածի կտրվածքով իրավաչափորեն սահմանափակել է զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, ինչը չի բացառում, որ պետությունը, ելնելով իր սոցիալ-տնտեսական հնարավորություններից, հետագայում վերացնի նշված սահմանափակումը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` դատավորի մասով, համապատասխանում է Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

2 մարտի 2021 թվականի

ՍԴՈ-1580

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 4 մարտի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
02.03.2021
N ՍԴՈ-1580
Որոշում