(ուժը կորցրել է 31.10.02 թիվ 2182-Ն որոշում)
i
040.0476.150800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 օգոստոսի 2000 թվականի N 476
i
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԳՐԱՎՎԱԾ (ՎԵՐՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մաքսային կանոնների խախտման կամ մաքսանենգության անմիջական օբյեկտ հանդիսացող, մաքսային մարմինների կողմից առգրավված (վերցված) ապրանքների տնօրինման կարգը (կցվում է):
2. Մաքսային պահեստներում առկա և 2000 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ սահմանված պիտանիության ժամկետները լրացած ապրանքների գույքագրման ու մինչև 2000 թվականի օգոստոսի 25-ը` այդ ապրանքների հետագա տնօրինման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 15-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
օգոստոսի 15-ի N 476 որոշմամբ
ԿԱՐԳ
i
մաքսային կանոնների խախտման կամ մաքսանենգության
անմիջական օբյեկտ հանդիսացող, մաքսային մարմինների
կողմից առգրավված (վերցված) ապրանքների տնօրինման
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից առգրավված (վերցված) մաքսային կանոնների խախտման կամ մաքսանենգության անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքների տնօրինման կարգը:
2. Մաքսային մարմինների կողմից առգրավված (վերցված) մաքսային կանոնների խախտման կամ մաքսանենգության անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքները սույն կարգին համապատասխան իրացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից` այդ ապրանքների սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձի գրավոր համաձայնությամբ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն պարտավոր է սույն կարգին համապատասխան կազմակերպել մաքսային կանոնների խախտման կամ մաքսանենգության անմիջական օբյեկտ հանդիսացող մաքսային մարմինների կողմից առգրավված (վերցված) ապրանքների իրացումը, եթե դրա մասին առկա է այդ ապրանքների սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձի գրավոր դիմումը:
4. Մինչև ապրանքների իրացումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից այդ ապրանքների իրացման մեկնարկային գները համաձայնեցվում են ապրանքների սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձի հետ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն ապրանքների իրացումը կազմակերպում է աճուրդային կարգով` համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով, ապրանքների համար սահմանված պիտանիության ժամկետներում:
6. Ապրանքի պիտանիության ժամկետներում` դրա նախօրոք համաձայնեցված գներով, իրացման ակնհայտ անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն, այդ ապրանքների սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձի համաձայնությամբ, իրավունք ունի ընդունելու որոշում ապրանքների իրացումը հոլանդական աճուրդի համար սահմանված կարգով կազմակերպելու մասին:
7. Աճուրդի հանվող ապրանքների պահպանման և իրացման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից:
8. Ապրանքների իրացումից ստացված գումարները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի դեպոզիտային հաշիվ:
9. Մաքսային կանոնների խախտման փաստի մասին վերջնական որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` ապրանքների իրացումից ստացված հասույթը տնօրինվում է հետևյալ առաջնահերթությամբ`
ա) փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից ապրանքների պահպանումն ու իրացումը կազմակերպելու հետ կապված ծախսերը.
բ) վճարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված տուգանքները, «Հարկերի մասին» և «Մաքսատուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված տույժերը.
գ) վճարվում են մաքսատուրքերը, ներմուծման ժամանակ գանձման ենթակա հարկերը և այլ պարտադիր վճարները.
դ) ավելացած գումարները 10-օրյա ժամկետում վերադարձվում են ապրանքների սեփականատիրոջը կամ նրա կողմից լիազորված անձին:
10. Մաքսանենգության փաստի մասին վերջնական որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` ապրանքների իրացումից ստացված հասույթը տնօրինվում է հետևյալ առաջնահերթությամբ`
ա) փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից ապրանքների պահպանումն ու իրացումը կազմակերպելու հետ կապված ծախսերը.
բ) ավելացած գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի բյուջե:
11. Վերջնական ուժի մեջ մտած որոշմամբ պատասխանատվություն չսահմանվելու դեպքում ապրանքների իրացումից ստացված հասույթը տնօրինվում է հետևյալ առաջնահերթությամբ`
ա) փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից ապրանքների պահպանումն ու իրացումը կազմակերպելու հետ կապված ծախսերը.
բ) ավելացած գումարները 10-օրյա ժամկետում վերադարձվում են ապրանքների սեփականատիրոջը կամ նրա կողմից լիազորված անձին:
(կարգը փոփ. 25.08.01 թիվ 770 որոշում)
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
օգոստոսի 15-ի N 476 որոշմամբ
ԿԱԶՄ
i
մաքսային պահեստներում առկա և 2000 թվականի օգոստոսի
15-ի դրությամբ սահմանված պիտանիության ժամկետները
լրացած ապրանքների գույքագրման հանձնաժողովի
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ
(հանձնաժողովի նախագահ)
ՀՀ ազգային անվտանգության նախարարի տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պետ
ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման վարչության պետ
(կազմը փոփ. 25.08.01 թիվ 770 որոշում)