Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ԻՐՏԵԿ

Օրենքը` բացառությամբ 39-րդ հոդվածի, ուժը կորցրած է ճանաչվել 14.11.2024 թվականին:

Օրենքի 39-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվում սոցիալական աշխատողների և սոցիալական սատարողների հավաստագրման կարգն ուժի մեջ մտնելուց 18 ամիս հետո: 24.10.24 ՀՕ-414-Ն օրենք 

01.07.2024 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքով սահմանվում են սոցիալական ծառայությունների, սոցիալական աջակցության և ինտեգրված սոցիալական ծառայությունների հասկացությունները, հիմնական սոցիալական ծառայությունները, դրանց դասակարգման հիմքերը և տրամադրող սուբյեկտները, սոցիալական ծառայությունների տրամադրման և սոցիալական աջակցության հիմնական սկզբունքները, սոցիալական աջակցության իրավունքը, նպատակը, սոցիալական աջակցության կառավարման համակարգը, սոցիալական աջակցություն ստացող անձանց իրավունքները և պարտականությունները, սոցիալական աջակցության ֆինանսավորման աղբյուրները, կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում սոցիալական համագործակցության, տեղական սոցիալական ծրագրերի իրականացման և սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) կյանքի դժվարին իրավիճակ` հաշմանդամության, հիվանդության, տարիքի հետ կապված ինքնասպասարկման ունակությունների կորստի, առանց ծնողական խնամքի մնալու, աղքատության, գործազրկության, ընտանիքում կոնֆլիկտների, դաժան վերաբերմունքի, բռնության, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկվելու, անօգնականության, միայնակության, սոցիալական մեկուսացման, վնասակար սովորույթների, դժբախտ պատահարի կամ արտակարգ իրավիճակներում հայտնվելու, ազատազրկման վայրերում գտնվելու կամ այդ վայրերից վերադառնալու հանգամանքներից որևէ մեկով կամ դրանց համակցմամբ, մարդու կենսագործունեությանը խանգարող օբյեկտիվ իրավիճակ, որն անձն ինքնուրույն հաղթահարել չի կարող.

2) սոցիալական աջակցություն` ըստ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի.

3) հիմնական պահանջմունքներ` ֆիզիկական անձի կեցության համար անհրաժեշտ նվազագույն պայմանների (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում, միջնակարգ կրթություն կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն, բնակարանային կոմունալ ծառայություններ) ամբողջություն.

3.1) պետական վկայագիր` որոշակի վավերապայմաններով և ձևով անվանական ֆինանսական փաստաթուղթ, որը պետության կողմից սոցիալական ծառայություն մատուցած կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին ֆինանսական փոխհատուցման կամ վկայագիրն ստացած ընտանիքին (անձին) որոշակի գույք ձեռք բերելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու հիմք է.

3.2) աջակցության քարտ` որով անձին կամ ընտանիքին մատուցվում է սույն օրենքով սահմանված սոցիալական ծառայություն` տրամադրված գումարի շրջանակներում.

4) տարեց` 65 տարին լրացած անձ.

5) բռնություն` անձի ֆիզիկական և (կամ) հոգեկան և (կամ) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարք կամ դրա սպառնալիք.

6) ընտանիք` միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող անձանց ամուսնական, ազգակցական, խնամիական կապերի վրա հիմնված փոքր սոցիալական խումբ, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն, ունեն ընդհանուր բյուջե, ընդհանուր շահեր, կապված են փոխօգնության, բարոյական ու իրավական փոխադարձ պատասխանատվության հիմունքներով, ինչպես նաև միայնակ ապրող անձ.

7) (7-րդ կետն ուժը կորցրել է 31.01.2018 թվականից` 13.12.17 ՀՕ-326-Ն օրենք)

8) նախնական նույնացում` ուղղակի և անուղղակի չափորոշիչների կիրառման միջոցով «ենթադրյալ» ընտանեկան բռնության ենթարկված անձի հայտնաբերում.

9) սոցիալական կարիք` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի, այլ սոցիալական խմբի)` իր սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական խնդիրների լուծման համար անհրաժեշտ հմտությունների և կարողությունների բացակայություն կամ ապագայում դրա առաջացման հավանականությունը կանխատեսելու համար հիմքերի առկայություն.

9.1) ընտանիքի սոցիալական գնահատում` ընտանիքի սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական խնդիրների և գույքային և ոչ գույքային ռեսուրսների հետազոտման բազմակողմանի գործընթաց, որն ուղղված է բացահայտելու, հայտնաբերելու և գնահատելու պատճառների, հետևանքների և հարաբերությունների միջև այն կապերը, որոնք բնութագրում են ընտանիքի կյանքում ստեղծված իրավիճակը.

10) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ (այսուհետ` տարածքային մարմին)` սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի ենթակա մարմնի ստորաբաժանումներ, որոնք իրենց սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրում են օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ, այդ թվում` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի օրինական շահերի պաշտպանությանը կամ նրանց` նման իրավիճակում հայտնվելու կանխարգելմանն ուղղված սոցիալական ծառայություններ.

i

11) սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններ (այսուհետ նաև` կազմակերպություն)` սույն օրենքով սահմանված սոցիալական ծառայությունների տրամադրման սկզբունքներին համապատասխան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի օրինական շահերի պաշտպանությանը կամ նրանց` նման իրավիճակում հայտնվելու կանխարգելմանն ուղղված սոցիալական ծառայությունը դրա կարիքն ունեցողին մատուցող կազմակերպություն (անկախ կազմակերպական-իրավական ձևից, բացառությամբ տարածքային մարմինների).

12) սոցիալական ծառայություններ` սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ծառայություններ.

13) ինտեգրված սոցիալական ծառայություններ` ըստ սույն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի.

14) (14-րդ կետն ուժը կորցրել է 01.04.2021 թվականից` 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

15) աջակցող ցանց` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխգործակցության, համատեղ գործունեության համակարգ` ուղղված անձանց, անձանց որոշակի խմբերի և ընտանիքների իրավունքների պաշտպանությանն ու իրականացմանը, օրինական շահերի և ազատությունների ապահովմանը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրման միջոցով.

16) սոցիալական դեպք` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի) մոտ մեկ կամ միմյանց հետ փոխկապակցված տարբեր սոցիալական կարիքների ամբողջությամբ պայմանավորված օբյեկտիվ իրավիճակ.

17) սոցիալական դեպքի վարում` համագործակցության և հասանելի ռեսուրսների որոնման միջոցով և անձի (ընտանիքի) սոցիալական կարիքների գնահատման հիման վրա իրականացվող գործընթաց, որը ներառում է սոցիալական աջակցություն ստացողների կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի ծրագրավորումը, դրանք ստանալու հարցում աջակցությունը` նպատակ ունենալով բավարարել սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական կարիքները.

18) անհատական սոցիալական ծրագիր (այսուհետ` անհատական ծրագիր)` սոցիալական դեպքի վարման արդյունքներով կազմված ծրագիր, որում ներառվում են սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական կարիքները, դրանց համարժեք սոցիալական ծառայությունների տեսակներն իրենց տրամադրման ժամկետով, ակնկալվող արդյունքով, ինչպես նաև սոցիալական դեպքի շարունակական հսկողության ժամանակացույցը.

19) սոցիալական պատրոնաժ` հասարակական կյանքում լիարժեք գործունեության ապահովման, այդ թվում` աշխատանքի իրավունքի իրականացման համար անհրաժեշտ առանձնահատուկ պահանջների առկայության դեպքում սոցիալական պատրոնի (օգնականի) կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների ամբողջություն.

20) սոցիալական ծառայությունների տրամադրում` սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սոցիալական ծառայությունների կազմակերպում և (կամ) մատուցում, ինչպես նաև այդ ծառայությունների կազմակերպմանը և (կամ) մատուցմանն ուղղված ցանկացած գործունեություն.

21) սոցիալական աշխատանք` սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մասնագիտական գործունեություն:

(2-րդ հոդ. փոփ. 06.12.17 ՀՕ-229-Ն, 13.12.17 ՀՕ-326-Ն, 21.01.20 ՀՕ-65-Ն, 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.06.22 ՀՕ-277-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 3. Սոցիալական աջակցության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, իրավական այլ ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

ԳԼՈՒԽ 2
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

Հոդված 4. Սոցիալական ծառայությունների հասկացությունը

 

1. Սոցիալական ծառայությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացվող միջոցառումներ են` ուղղված`

1) անձի (ընտանիքի կամ սոցիալական այլ խմբի) սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական կարիքների կամ դրանցից ցանկացածի բավարարմանը և (կամ)

2) անձի (ընտանիքի կամ սոցիալական այլ խմբի) բնականոն կենսագործունեության ապահովմանը և (կամ)

3) կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը և (կամ) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին (ընտանիքին, սոցիալական այլ խմբին) այդ վիճակից դուրս բերելուն:

 

Հոդված 5. Սոցիալական ծառայությունների դասակարգումը

 

1. Սոցիալական ծառայությունները դասակարգվում են ըստ`

1) տրամադրման ձևի.

2) տրամադրման գործընթացի կազմակերպման մեխանիզմների.

3) սոցիալական ծառայություններ տրամադրողի.

4) բնույթի.

5) տրամադրման տևողության և դրանց շարունակականության.

6) ֆինանսավորման աղբյուրների:

2. Սոցիալական ծառայությունները, ըստ տրամադրման ձևի, դասակարգվում են`

1) ուղղակի տրամադրվող սոցիալական ծառայություններ, որոնք լինում են`

ա. անհատական սոցիալական ծառայություններ, որոնք տրամադրվում են անձին` վերջինիս սոցիալական պաշտպանության ապահովման ուղղությամբ առաջացած անհատական կարիքները բավարարելու նպատակով,

բ. խմբային, որոնք տրամադրվում են ընդհանուր` միևնույն կարիքն ունեցող անձանց խմբին միաժամանակ, այդ կարիքները բավարարելու նպատակով.

2) անուղղակի տրամադրվող սոցիալական ծառայություններ, որոնք կրում են ընդհանրական բնույթ և տրամադրվում են միևնույն կարիքն ունեցող սոցիալական խմբին:

3. Սոցիալական ծառայությունները, ըստ տրամադրման գործընթացի կազմակերպման մեխանիզմների, դասակարգվում են`

1) սոցիալ-վարչարարական ծառայություններ, որոնց տրամադրման պայմաններն ու կարգը, անհրաժեշտ փաստական հանգամանքները (տեղեկությունների ցանկը և դրանք ձեռք բերելու մեխանիզմները) սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, և դրանց տրամադրման համար ընդունվում է վարչական ակտ.

2) ընդհանուր մասնագիտական ծառայություններ, որոնց տրամադրման համար պահանջվում է ընդհանուր մասնագիտական մեթոդների կիրառում, և որոնք միտված են սոցիալական աջակցություն ստացողի իրավունքների իրականացման ապահովմանը կամ պաշտպանությանը կամ ունեն կանխարգելիչ բնույթ.

3) հատուկ (նեղ մասնագիտական) սոցիալական ծառայություններ, որոնց տրամադրումը պահանջում է նեղ մասնագիտական մեթոդների կիրառում, ինչպես նաև հատուկ տեխնիկական և այլ պայմանների առկայություն:

4. Սոցիալական ծառայությունները, ըստ տրամադրողի (տրամադրող սուբյեկտի), դասակարգվում են`

1) Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող սոցիալական ծառայություններ.

2) տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրամադրվող սոցիալական ծառայություններ.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից տրամադրվող սոցիալական ծառայություններ:

5. Սոցիալական ծառայությունները, ըստ բնույթի, դասակարգվում են`

1) սոցիալ-տնտեսական, որն ուղղված է անձանց բավարար կենսագործունեության ապահովմանը, կենցաղային պատշաճ մակարդակի ձևավորմանը և կենսամակարդակի բարելավմանը, այդ թվում` ցանկացած տեսակի գույքային օգնության տրամադրմամբ.

2) սոցիալ-հոգեբանական, որն ուղղված է անձանց հոգեբանական օգնության տրամադրմանը, սոցիալական ներառման նպատակով հոգեբանական վերականգնմանը.

3) սոցիալ-մանկավարժական, որն ուղղված է անձանց վարքագծի և զարգացման շեղումների կանխարգելմանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը, ժամանցի և հանգստի կազմակերպմանը, ստեղծագործական ընդունակությունների զարգացմանը, երեխաների դաստիարակության հարցում ընտանիքին օգնության տրամադրմանը.

4) սոցիալ-բժշկական, որն ուղղված է խնամքի տրամադրման միջոցով անձանց խեղումների, հիվանդությունների զարգացման և ծանրացման կանխմանը, առողջության վերականգնմանը և պահպանմանը, առողջարարական ու վերականգնողական միջոցառումների իրականացմանը և դրանց օժանդակությանը, հիվանդությունների բացահայտման նպատակով մշտական հսկողության իրականացմանը.

5) սոցիալ-աշխատանքային, որն ուղղված է անձանց ինքնազբաղվածության ապահովմանը, հարմար աշխատանքի տեղավորմանը և աշխատանքային հարմարեցման հետ կապված այլ խնդիրների լուծմանը.

6) սոցիալ-իրավական, որն ուղղված է անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով խորհրդատվության և իրավաբանական օգնության տրամադրման ապահովմանը:

6. Սոցիալական ծառայությունները, ըստ տրամադրման տևողության և դրանց շարունակականության, դասակարգվում են որպես`

1) մշտական, երբ տվյալ սոցիալական ծառայությունը (ծառայությունները) անձին (անձանց որոշակի խմբին) տրամադրվում է (են) մշտապես.

2) պարբերական, երբ տվյալ սոցիալական ծառայությունը (ծառայությունները) անձին (անձանց որոշակի խմբին) տրամադրվում է (են) որոշակի պարբերականությամբ.

3) մեկանգամյա, երբ տվյալ սոցիալական ծառայությունը (ծառայությունները) անձին (անձանց որոշակի խմբին) տրամադրվում է (են) միայն մեկ անգամ:

7. Սոցիալական ծառայությունները, ըստ ֆինանսավորման աղբյուրների, դասակարգվում են`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող սոցիալական ծառայություններ.

2) համայնքների բյուջեների միջոցներից ֆինանսավորվող սոցիալական ծառայություններ.

3) օրենքով չարգելված այլ աղբյուրներից ֆինանսավորվող սոցիալական ծառայություններ.

4) սույն մասով նախատեսված մեկից ավելի կետերով սահմանված ֆինանսական միջոցներից ֆինանսավորվող սոցիալական ծառայություններ:

8. Սոցիալ-վարչարարական ծառայությունների տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով:

(5-րդ հոդ. փոփ. 06.12.17 ՀՕ-229-Ն օրենք)

 

Հոդված 6.

Սոցիալական ծառայությունների տրամադրումը 

1. Հայաստանի Հանրապետությունը սոցիալական ծառայություններ է տրամադրում տարածքային մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների միջոցով: Հայաստանի Հանրապետությունը օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում ու կարգով կարող է սոցիալական ծառայություններ տրամադրել նաև այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց միջոցով: Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում տարածքային մարմնում աշխատելու (քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու) համար սահմանվում է սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող համակարգչային ծրագրերով աշխատելու կարողությունների պահանջ:

2. Հայաստանի Հանրապետությունը և տեղական ինքնակառավարման մարմինը սոցիալական ծառայություններ են տրամադրում (այդ թվում` կազմակերպությունների և ֆիզիկական անձանց միջոցով) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքում և կարգով:

3. Կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք սոցիալական ծառայությունները տրամադրում են սույն օրենքով սահմանված` սոցիալական ծառայությունների տրամադրման նպատակներին և հիմնական սկզբունքներին համապատասխան: Կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք որոշակի սոցիալական ծառայություններ կարող են տրամադրել միայն տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը լիազորված մարմնում հավաստագրելու դեպքում: Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3.1. Կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք սոցիալական ծառայություններ կարող են տրամադրել նաև օրենսդրությամբ սահմանված կարգով պետական վկայագիր ստացած ընտանիքին (անձին)` այն ներկայացնելու դեպքում: Պետական վկայագրի ձևը, տրամադրման կարգը, պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Սոցիալական ծառայությունների տրամադրումը`

1) չի կարող ուղեկցվել քաղաքական կամ կրոնական քարոզչությամբ.

2) չի կարող հետապնդել տրամադրված սոցիալական ծառայությունների դիմաց այլ ծառայություններ կամ որևէ փոխհատուցում ստանալու ակնկալիք.

3) չի կարող վնաս պատճառել սոցիալական աջակցություն ստացողի առողջությանը, կյանքին և գույքին:

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 01.04.2021 թվականից` 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

6. Տարածքային մարմինները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունները սոցիալական ծառայություններ են տրամադրում`

1) սոցիալական ծառայությունների տրամադրում հայցող անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր կամ բանավոր դիմումի հիման վրա.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և այլ ֆիզիկական անձանց ներկայացրած տեղեկությունների, գրավոր և բանավոր դիմումների, ահազանգերի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա.

3) սեփական նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում:

7. Տարածքային մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների համար սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում նշված անձը դիմումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` իր բնակության վայրի տարածքը սպասարկող տարածքային մարմին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

8. Սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված գործողությունները կամ անգործությունը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(6-րդ հոդ. փոփ. 06.12.17 ՀՕ-229-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.06.22 ՀՕ-277-Ն  (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)  օրենքներ)

 

Հոդված 7. Սոցիալական ծառայությունների տրամադրման հիմնական սկզբունքները

 

1. Սոցիալական ծառայությունների տրամադրման հիմնական սկզբունքներն են`

1) մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, մարդու արժանապատվությունը հարգելը.

2) հասցեականությունը` սոցիալական ծառայությունների տրամադրումը իսկապես դրա կարիքն ունեցող անձին.

3) մատչելիությունը` տրամադրվող սոցիալական ծառայություններին հասանելիության ապահովումը.

4) համաչափությունը` հետապնդված նպատակներին համարժեք սոցիալական ծառայությունների տրամադրումը.

5) խորհրդապահությունը` սոցիալական ծառայությունների տրամադրման ժամանակ հայտնի դարձած անձնական տվյալները չհրապարակելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի.

6) օրինականությունը` սոցիալական ծառայությունների տրամադրումը Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

(7-դր հոդ. փոփ. 18.05.15 ՀՕ-59-Ն օրենք)

 

Հոդված 8. Հիմնական սոցիալական ծառայությունները

 

1. Հիմնական սոցիալական ծառայություններն են`

1) խորհրդատվական օգնությունը.

2) վերականգնողական օգնությունը.

3) բնաիրային օգնությունը.

4) կացարանով ապահովելը.

5) խնամքը.

6) իրավական օգնությունը.

7) օրենքով սահմանված կենսաթոշակներ, նպաստներ և այլ դրամական վճարներ նշանակելը և վճարելը.

8) օրենքով սահմանված զբաղվածության ծառայությունները և բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ծառայությունները.

9) օրենսդրությամբ նախատեսված այլ սոցիալական ծառայություններ:

(8-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-277-Ն  (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 9. Խորհրդատվական օգնությունը

 

1. Խորհրդատվական օգնությունն անձի հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու ուղիներ և եղանակներ գտնելու, ստեղծված իրավիճակին համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ անձին տրվող խորհուրդներն ու առաջարկություններն են, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում անձի իրավունքների և դրանց իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը:

 

Հոդված 10. Վերականգնողական օգնությունը և դրա տրամադրումը

 

1. Վերականգնողական օգնությունը սույն հոդվածի 2-րդ մասում նշված մեկ կամ մի քանի նպատակների իրականացմանն ուղղված սոցիալական ծառայությունն է:

2. Վերականգնողական օգնությունն ուղղված է`

1) հիվանդությունների, վնասվածքների, ֆիզիկական, մտավոր և այլ խանգարումների բուժմանը, հաշմանդամության հանգեցրած խեղումների և հիվանդությունների զարգացումն ու ծանրացումը կանխելուն, հաշմանդամություն ունեցող անձի օրգանիզմի խանգարված կամ կորսված ֆունկցիաների և առողջության վերականգնմանը.

2) անձանց կորցրած կամ նվազած մասնագիտական ունակությունների լրիվ կամ մասնակի վերականգնման, մասնագիտական հմտություններն օգտագործելու կամ նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերելու կարողությունների զարգացման, նախկին կամ նոր մասնագիտությամբ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար մատչելի պայմանների ստեղծման նպատակով անձի մասնագիտական կողմնորոշմանը, մասնագիտական կրթությանը, մասնագիտական ուսուցմանը (որակավորման բարձրացմանը, վերամասնագիտացմանը, նախնական մասնագիտական պատրաստմանը, արհեստագործական ուսուցմանը), մասնագիտական հարմարվողականությանը, հարմար աշխատանքի տեղավորմանը և ինքնազբաղվածության ապահովմանը.

3) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց համար հասարակական կյանքի բոլոր բնագավառներում այլ անձանց հետ հավասար հնարավորությունների ստեղծմանը, նրանց սոցիալական հմտությունների վերականգնմանը և սոցիալական ներառմանը նպաստելուն:

3. Վերականգնողական օգնությունը տրամադրվում է`

1) վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման ձևով.

2) աջակցող միջոցների տրամադրման միջոցով.

3) սոցիալ-հոգեբանական վերականգնման ձևով.

4) մասնագիտական վերականգնման միջոցով.

5) աշխատանքային թերապիայի միջոցով.

6) օրենքով չարգելված այլ ձևերով:

4. Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(10-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-277-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 11. Բնաիրային օգնությունը և դրա տրամադրումը

 

1. Բնաիրային օգնությունն անձի հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու (կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու և (կամ) հաղթահարելու) նպատակով անձին (ընտանիքին, այլ սոցիալական խմբին) տրվող օգնությունն է:

2. Բնաիրային օգնությունը տրամադրվում է սննդի կազմակերպման, հագուստի, կոշիկի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, հատուկ տրանսպորտային միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով:

3. Բնաիրային օգնության տրամադրման կարգը, պայմանները, չափորոշիչները, աջակցության քարտի ձևը և տրամադրվող գումարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(11-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-277-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 12. Կացարանով ապահովելը

 

1. Կացարանով ապահովելը սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձին (ընտանիքին) բնակելի տարածքով ապահովելու նպատակով սոցիալական ծառայության տրամադրումն է:

2. Կացարանը տրամադրվում է`

1) օրենսդրությամբ սահմանված սոցիալական բնակարանային ֆոնդից` անհատույց կամ վարձակալական հիմունքներով`

ա. բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված այն անձանց (ընտանիքներին), որոնք բնակվում են ժամանակավոր կացարանում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում, չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն և չեն օտարել բնակարան (բնակելի տուն)` կացարանով ապահովելու համար հաշվառման վերցնելու և կացարան տրամադրելու ժամկետներին նախորդող հինգ տարիների ընթացքում,

բ. հրատապ արձագանք պահանջող` ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով կամ անձի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ հանգամանքներով պայմանավորված իրավիճակներում հայտնված անձանց (ընտանիքներին).

2) որոշակի բնակության վայր չունեցող անձանց` որպես ժամանակավոր օթևան.

3) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց` որպես «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապաստարան` մինչև 12 ամիս ժամկետով.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարող անձանց (ընտանիքներին)`

ա. բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցման միջոցով,

բ. բնակարանի գնման պետական վկայագրի կամ հիպոտեկային վարկի մարմանն ուղղած ֆինանսական աջակցության միջոցով,

գ. նվիրաբերության միջոցով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով կարող են տրամադրվել`

1) բնաիրային օգնություն` սննդի, հիգիենայի միջոցների, հագուստի, կոշիկի ձևով.

2) բժշկական օգնություն և սպասարկում.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն.

4) խորհրդատվական օգնություն.

5) այլ համարժեք սոցիալական ծառայություններ` ըստ անհրաժեշտության դրանք կազմակերպվում են մասնագիտական կազմակերպություններում (հանրակրթական, մասնագիտացված բժշկական հաստատություններում և այլն):

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է`

1) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձին (ընտանիքին) կացարանով ապահովելու կարգը, չափորոշիչները, պայմանները, տրամադրման ժամկետները, հատուցելի պայմանագրերի գումարի չափը.

2) բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող` սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը.

3) սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված ժամանակավոր օթևանի տեսակները:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը իրավասու է արտահերթ կարգով ապահովելու կացարանով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել բնակարանային ապահովության ծրագրեր` ուղղված երիտասարդ ընտանիքներին, ներառյալ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելուն:

(12-րդ հոդ. փոփ. 13.12.17 ՀՕ-326-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-277-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 12.04.24 ՀՕ-175-Ն օրենքներ)

 

Հոդված 13. Խնամքը և դրա տրամադրումը

 

1. Խնամքը տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաներին, այդ թվում` առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև հիվանդության (ոչ բարենպաստ ելքի կանխատեսումով) վերջին շրջանում գտնվող անձին և նրա ընտանիքին` ընտանեկանին առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմաններ ապահովելու կամ տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող կամ հիվանդ անձանց իրենց հարազատ սոցիալական միջավայրում հնարավորինս երկար պահելու կամ հասարակությունում ներառելու նպատակով անհրաժեշտ օգնությունն է:

2. Խնամքը տրամադրվում է սննդի, այդ թվում` դիետիկ, բժշկական, հիգիենայի պարագաների, հագուստի, կոշիկի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների տրամադրման, սոցիալ-հոգեբանական, մշակութային, կրթական, ժամանցի, անհրաժեշտության դեպքում` բժշկական շարունակական հսկողության և հիվանդանոցային բուժման, իրավական օգնության և այլ միջոցառումների կազմակերպման միջոցով:

3. Հիվանդության (ոչ բարենպաստ ելքի կանխատեսումով) վերջին շրջանում գտնվող անձին կյանքի վերջին ամիսների, օրերի ընթացքում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև նրա ընտանիքի անդամներին տրամադրվում է պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնություն, որը`

1) պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող հիվանդի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմելու հիվանդի ցավը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրներ` դրանք վաղ հայտնաբերելու, գնահատելու և անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու միջոցով.

2) ընդգրկում է հետևյալ հիմնական կողմերը.

ա. հիվանդության ախտանիշների կառավարում,

բ. հոգեբանական, հոգևոր և հուզական աջակցություն,

գ. աջակցություն ընտանիքին,

դ. կորստի շրջանի աջակցություն.

3) տրամադրվում է հոսպիսում կամ տնային պայմաններում:

4. Խնամքը տրամադրվում է`

1) տնային պայմաններում.

2) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում.

3) սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում.

4) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում.

5) հոսպիսներում (հիվանդությունների զարգացման վերջին փուլում գտնվող անձանց պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնություն ցուցաբերող կազմակերպություն).

6) սույն մասի 1-5-րդ կետերում չնշված` խնամք, այդ թվում` բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող, այլ կազմակերպություններում, կենտրոններում, համայնքային փոքր տներում, հիմնարկներում, խնամատար ընտանիքներում:

5. Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող տարեց, չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) անձանց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց` նրանց անհատական սոցիալական ծրագրի համաձայն` հիմնականում սոցիալական ծառայությունների հետևյալ ձևերով.

1) կենցաղային սպասարկում.

2) բժշկական օգնություն և սպասարկում.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն.

4) խորհրդատվական օգնություն:

5) հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի ծառայություններ:

6. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններն ապահովում են երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարան, շուրջօրյա լրիվ խնամք անչափահաս կամ տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները լինում են`

1) ընդհանուր տիպի` տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար.

2) հատուկ (մասնագիտացված)`

ա. հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով անձանց համար,

բ. առանց ծնողական խնամքի մնացած ծանր սահմանափակ կարողություններ ունեցող` կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող երեխաների համար.

3) խնամքի գիշերօթիկ հաստատություն` մինչև 18 տարեկան երեխաների համար.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` բնակչության սոցիալական պաշտպանության այլ տիպերի:

7. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները բնակիչներին տրամադրում են`

1) անհրաժեշտ կահույք.

2) հագուստ, սպիտակեղեն, կոշկեղեն` տարիքասեռային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան.

3) անկողնային պարագաներ.

4) անձնական հիգիենայի պարագաներ:

8. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները կազմակերպում են բնակիչների`

1) սննդի տրամադրումը.

2) առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը.

3) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը.

4) իրավական խորհրդատվության տրամադրումը.

5) աջակցող միջոցներով ապահովումը.

6) բժշկասոցիալական փորձաքննությունը.

7) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրելը.

8) ազատ ժամանցը.

9) կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունները.

10) աշխատանքային թերապիան:

9. Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնը խնամքը տրամադրում է կենտրոնում ցերեկային ժամերին` տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև երեխաներին, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այդ երեխաների ընտանիքների անդամներին` հիմնականում հետևյալ սոցիալական ծառայությունների ձևով.

1) սնունդ` օրական մեկ անգամ.

2) սոցիալ-հոգեբանական օգնություն.

3) իրավական խորհրդատվություն.

4) կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայություններ.

5) հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքային վերականգնման անհատական ծրագրի կազմում, դրանով նախատեսված միջոցառումների իրականացում.

6) մասնագիտական կողմնորոշում.

7) արվեստի միջոցով թերապիա.

8) օկուպացիոն թերապիա (շտկիչ վարժանքներով թերապիա)

9) հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի ծառայություններ:

10. Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնը կազմակերպում է խնամք ստացողների`

1) աշխատանքային թերապիան.

2) առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը.

3) ժամանցը, ինչպես նաև մշակութային միջոցառումներ.

4) սոցիալական ներառմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումներ:

11. Հաշմանդամություն ունեցող չափահաս և գործունակ անձի հասարակական կյանքում լիարժեք գործունեության ապահովման, այդ թվում` աշխատանքի իրավունքի իրականացման համար, առանձնահատուկ պահանջների առկայության դեպքում կարող է տրամադրվել սոցիալական պատրոնաժ:

i

12. Խնամքի տրամադրման կարգը, պայմանները, չափորոշիչները, աջակցության քարտի ձևը և տրամադրվող գումարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(13-րդ հոդ. փոփ. 06.12.17 ՀՕ-229-Ն, 09.06.22 ՀՕ-277-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 14. Իրավական օգնությունը

 

1. Իրավական օգնությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպության կողմից և իրավասությունների շրջանակում օրենքով սահմանված իրավաբանական օգնության կազմակերպումն է:

 

Հոդված 15. Օրենքով սահմանված կենսաթոշակներ, նպաստներ և այլ դրամական վճարներ նշանակելն ու վճարելը

 

1. Կենսաթոշակները, նպաստները և այլ դրամական վճարները նշանակելու և վճարելու պայմաններն ու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով:

 

Հոդված 16. Օրենքով սահմանված զբաղվածության ծառայությունները և բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ծառայությունները

 

1. Զբաղվածության ծառայությունների, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ծառայությունների տրամադրման պայմաններն ու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով:

 

Հոդված 17. Տարածքային մարմինների լիազորությունները

 

1. Տարածքային մարմինը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքում և կարգով`

1) գնահատում է սոցիալական աջակցություն հայցողների և ստացողների սոցիալական կարիքները, կազմում անհատական ծրագիրը (սահմանում տրամադրման ենթակա ծառայությունների համալիրը), ինչպես նաև ապահովում է անհատական ծրագրի իրականացումը և շարունակական հսկողությունը.

2) կազմակերպում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը.

3) անհատական ծրագրի շրջանակներում համակարգում է սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը.

3.1) իրականացնում է ընտանիքի սոցիալական գնահատում.

4) տալիս է եզրակացություն`

ա. խնամակալության և հոգաբարձության մարմնին` առանց ծնողական խնամքի մնացած երեխայի որդեգրման, խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ուղեգրելու, ինչպես նաև խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու մասին,

բ. նախնական նույնացման մասին` սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքում սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությանը.

5) մասնակցում է մարզի, իր սպասարկման տարածքի համայնքների տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.

6) աջակցում է դիմողին բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքների իրականացմանը.

7) աջակցում է երեխայի կրթության (այդ թվում` նախադպրոցական կրթության) իրավունքի իրականացմանը.

8) աջակցում է երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերի լուծմանը.

9) ապահովում է սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ, սոցիալական աջակցության մատչելիություն և համարժեքություն սոցիալական աջակցություն ստացողների անհատական կարիքներին.

10) հանդես է գալիս սոցիալական աջակցություն ստացողի օրինական շահերի և իրավունքների պաշտպանությամբ` նրա դիմելու դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ.

11) համագործակցում է աջակցող ցանցի հետ.

12) տարածքային մակարդակով կազմակերպում է սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունման գործընթացը.

13) ընդունում է անձանց դիմումները` մեկ պատուհանի սկզբունքով, ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փաստաթղթաշրջանառությունը.

14) կատարում է անձանց ընդունելություն` տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն.

15) սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ տվյալները ստանում է առցանց կամ անհրաժեշտ փաստաթղթերով, ինչպես նաև տնային (գտնվելու վայր) այցելության միջոցով և կիրառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

16) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքում և կարգով նշանակում է կենսաթոշակներ, նպաստներ և այլ դրամական վճարներ, ապահովում է դրանց վճարումը.

17) Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով տրամադրում է զբաղվածության ծառայություններ.

18) Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մատուցում է ծառայություններ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում.

19) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

2. Տարածքային մարմնի լիազորությունների իրականացման և սոցիալական ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները, Միասնական սոցիալական ծառայության համապատասխան աշխատողների այցելությունների համար վճարման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(17-րդ հոդ. փոփ. 06.12.17 ՀՕ-229-Ն, 09.06.22 ՀՕ-277-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 3
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 18. Սոցիալական աջակցությունը և դրա իրավունքը

 

1. Սոցիալական աջակցությունը կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով անձին (ընտանիքին, սոցիալական այլ խմբին) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մեկ կամ մի քանի սոցիալական ծառայությունների տրամադրումն է Հայաստանի Հանրապետության և (կամ) տեղական ինքնակառավարման մարմնի կողմից:

2. Սոցիալական աջակցության իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում բնակվող յուրաքանչյուր ոք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

(18-րդ հոդ. փոփ. 06.12.17 ՀՕ-229-Ն օրենք)

 

Հոդված 19. Սոցիալական աջակցության նպատակները

 

1. Սոցիալական աջակցության հիմնական նպատակներն են`

1) բավարարել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի կամ սոցիալական այլ խմբի) հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները.

2) խթանել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի ինքնօգնության, ինքնորոշման ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացումը.

3) ստեղծել պայմաններ` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի ներառումը հասարակություն ապահովելու համար, օժանդակել նրանց սոցիալական խնդիրների լուծմանը, կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը.

4) կանխարգելել կյանքի դժվարին իրավիճակը:

 

Հոդված 20. Սոցիալական աջակցության հիմնական սկզբունքները

 

1. Սոցիալական աջակցության հիմնական սկզբունքներն են`

1) երեխաներին սոցիալական աջակցություն տրամադրելու առաջնահերթությունը` սոցիալական աջակցություն տրամադրելիս երեխաներին նախապատվություն տալը.

2) համագործակցությունը` սոցիալական աջակցության տրամադրումը աջակցող ցանցի մասնակիցների փոխգործակցության և համատեղ գործունեության հիման վրա.

3) համարժեքությունը և շարունակականության ապահովումը` սոցիալական կարիքներին առավել համապատասխան սոցիալական աջակցության տրամադրումը, դրանց շարունակականության ապահովումը.

4) թափանցիկությունը` սոցիալական աջակցության վերաբերյալ տեղեկատվության հասանելի լինելը հասարակության համար.

5) սոցիալական խնամառության բացառումը` անձի ակտիվության դրսևորման և ինքնօգնության ունակությունների զարգացումը սոցիալական աջակցությունից շարունակական կախվածությունը բացառելու համար.

6) նախաձեռնողականությունը` կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելուն նպաստող գործոնների վերհանումը, այդ գործոնների կանխմանն ու հակազդմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

7) խտրականության արգելքը` սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորությունների ապահովումը, սոցիալական աջակցության տրամադրման ընթացքում խտրական վերաբերմունքի բացառումը.

8) մասնակցությունն ապահովելը` անձի` իր սոցիալական խնդիրների լուծման որոշումների կայացմանը մասնակից դարձնելը.

9) կամայականության արգելքը` սոցիալական աջակցություն տրամադրելիս միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ անհավասար մոտեցում ցուցաբերելու անթույլատրելիությունը, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք:

 

ԳԼՈՒԽ 4
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 21. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

 

1. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) սահմանում է սոցիալական աջակցության քաղաքականության հիմնական ուղղությունները.

2) իրականացնում է միասնական պետական քաղաքականությունը.

3) սահմանում է պետական ծախսերի ծրագիրը.

3.1) սահմանում է սոցիալական ծառայությունների այլ տեսակներ.

4) հաստատում է սոցիալական ծառայությունների տրամադրման կարգերը.

5) ըստ մարզերի և (կամ) տարածաշրջանների քննարկում է առանձին սոցիալական խմբերի ընդհանրական սոցիալական կարիքները և իրականացնում կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառների վերացմանն ուղղված սոցիալական աջակցության ծրագրերի, միջոցառումների ընթացիկ և վերջնական թիրախավորում` ըստ սոցիալական աջակցության ծրագրերի, միջոցառումների, մարզերի և (կամ) առանձին տարածաշրջանների ու սոցիալական խմբերի և համապատասխան ծրագրերն ընդգրկում հաջորդ տարվա պետական բյուջեում:

(21-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-277-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 22.

Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի լիազորությունները 

 

1. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ` լիազորած պետական մարմին)`

1) իր իրավասությունների շրջանակներում մշակում և իրականացնում է սոցիալական աջակցության բնագավառում պետական քաղաքականությունը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ` սոցիալական աջակցության զարգացման ուղղությունների և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին.

3) (3-րդ կետն ուժը կորցրել է 01.04.2021 թվականից` 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

4)  ապահովում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը և կազմակերպում է դիմումների ընդունումը, հաշվառումը և փաստաթղթաշրջանառությունը.

5) հաստատում է սոցիալական աշխատանքի մասնագետների պաշտոնների օրինակելի բնութագրերը, տվյալ պաշտոնը զբաղեցնողի պաշտոնեական պարտականությունները, գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները, որակավորման պահանջները.

i

6) կազմակերպում է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման մասնագիտացման, ինչպես նաև սոցիալական աշխատանքի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացներ.

i

7) հաստատում է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման մասնագիտացման, ինչպես նաև սոցիալական աշխատանքի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացների արդյունքում տրվող վկայականների օրինակելի ձևերը.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության պետական կրթական չափորոշչի ձևավորմանը.

i

9) կազմակերպում է սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացներ, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դեպքում հավաստագրում է սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց գործունեությունը.

10) սահմանում է տնային այցելություն կատարելու, սոցիալական դեպքի վարման, տեղական սոցիալական ծրագրերի մշակման մեթոդական ցուցումները, սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված սոցիալական համագործակցության համաձայնագրի օրինակելի ձևը և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի կազմակերպման ընթացակարգը, ծրագրերը, աջակցության քարտի միջոցով ձեռք բերվող գույքի ցանկը.

11) տարածքային մարմիններում, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններում իրականացնում է պետական վերահսկողություն սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ստուգում է այլ մարմիններից և կազմակերպություններից (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) տրված` սոցիալական աջակցության տրամադրման համար պահանջվող փաստաթղթ(եր)ի հավաստիությունը.

13) (13-րդ կետն ուժը կորցրել է 01.04.2021 թվականից` 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հանդես է գալիս սոցիալական աջակցություն ստացողի օրինական շահերի և իրավունքների պաշտպանությամբ նրա դիմելու դեպքում կամ իր նախաձեռնությամբ.

15) սահմանում է սոցիալական ծառայությունների որակի վերահսկման հետադարձ կապի մեխանիզմները.

16) ստեղծում և վարում է սոցիալական աջակցության բնագավառի տեղեկատվական շտեմարաններ, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ռեգիստր, ինչպես նաև հաստատում է նշված տեղեկատվական շտեմարանների վարման և շահագործման կարգը.

16.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով սոցիալական ծառայություն մատուցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց փոխանցում է սոցիալական ծառայություն ստացող անձանց անձնական, ընտանիքների նույնականացման և (կամ) սոցիալական ծառայության տրամադրման համար անհրաժեշտ այլ տվյալներ.

17) ուսումնասիրում է տարածքային մարմինների և սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների հետ կապված բողոքները, խախտումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված միջոցառումներ դրանք վերացնելու ուղղությամբ.

18) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմակերպում է սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող համակարգչային ծրագրերի ուսուցման դասընթացներ և տրամադրում է այդ ծրագրերով աշխատելու կարողությունները հաստատող հավաստագրեր.

18.1) կնքում է համագործակցության պայմանագրեր կազմակերպությունների (ներառյալ` միջազգային) կամ ֆիզիկական անձանց հետ` սոցիալական ծառայության տրամադրման (ֆինանսավորման) նպատակով.

19) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

(22-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-65-Ն, 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.06.22 ՀՕ-277-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 22.1.  Միասնական սոցիալական ծառայության լիազորությունները և կազմավորման կարգը 

 

1. Միասնական սոցիալական ծառայությունը` 

1) իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքի (անձի) սոցիալական գնահատում (սոցիալական կարիքների գնահատում) և կազմակերպում սոցիալական աջակցության տրամադրումը.

2) կազմակերպում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը սոցիալական դեպքի վարման միջոցով.

3) կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, կանանց, տարեցների, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և օրենսդրությամբ սահմանված առանձին կատեգորիայի անձանց սոցիալական պաշտպանության պետական ծրագրերի իրականացումը.

4) կազմակերպում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների (անձանց) համար նախատեսված` գնահատված սոցիալական կարիքների վրա հիմնված սոցիալական աջակցության հասցեական ծրագրերի իրականացումը.

5) կազմակերպում է անձին (ընտանիքին) տրամադրվող սոցիալական ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը բարելավելու ուղղությամբ պետական ծրագրերի իրականացումը.

6) կազմակերպում է որոշակի բնակության վայր չունեցող, անօթևան, սոցիալապես անապահով և (կամ) հատուկ խմբերին դասված անձանց կացարանով ապահովելու (այդ թվում` ժամանակավոր) պետական ծրագրերի իրականացումը.

7) կազմակերպում է սոցիալական համագործակցության համաձայնագրերի ընդունումը տարածքային մակարդակում.

8) գործատուներից, պետական այլ մարմիններից և կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից պահանջում է կենսաթոշակներ, նպաստներ և այլ դրամական վճարներ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքում ստուգում է դրանց հավաստիությունը.

9) հարկային մարմնից ստանում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը (այսուհետ` շտեմարան) ձևավորելու համար անհրաժեշտ տվյալներ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով ստուգում դրանց հավաստիությունը.

10) օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում, վերահաշվարկում է կենսաթոշակները, նպաստները և այլ դրամական վճարներ, ապահովում կենսաթոշակների, նպաստների և այլ դրամական վճարների վճարումը կամ մերժում կենսաթոշակներ, նպաստներ և այլ դրամական վճարներ նշանակելու, նշանակված կենսաթոշակները, նպաստները և այլ դրամական վճարները վերահաշվարկելու դիմումները.

11) վարում է շտեմարանը, շտեմարանից տվյալներ տրամադրում գործատուներին, ֆիզիկական անձանց և պետական մարմիններին ու կազմակերպություններին.

12) սոցիալական աջակցությանն առնչվող հարցերով դիմող անձանց ապահովում է խորհրդատվությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում աջակցում նրանց պահանջվող փաստաթղթեր ստանալու գործում.

13) ապահովում է զբաղվածության պետական ծրագրերի իրականացումը.

14) իրականացնում է աշխատանք փնտրող անձի զբաղվածության կարիքների գնահատում, կազմում է զբաղվածության ապահովման անհատական ծրագիր և կնքում երկկողմ պայմանագիր զբաղվածության ապահովման անհատական ծրագրի իրականացման մասին.

15) հաշվառում և հաշվառումից հանում է աշխատանք փնտրող անձանց, տրամադրում է գործազուրկի կարգավիճակ, կասեցնում, վերականգնում և դադարեցնում է այդ կարգավիճակը.

16) իրականացնում է անձի` մասնագիտության գիտակցված ընտրությանն ու կարիերայի արդյունավետ պլանավորմանն ուղղված ծառայությունների ապահովում մրցունակ մարդկային կապիտալի ձևավորման նպատակով.

17) տեղեկատվություն է հավաքում նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի վերաբերյալ, թարմացնում է այդ տեղեկատվությունը և ապահովում հասանելիությունը.

18) իրականացնում է աշխատանքի տեղավորման միջնորդություն աշխատանք փնտրողի և գործատուի միջև, աշխատանք փնտրողին տրամադրում խորհրդատվություն և ուղեգրում գործատուի մոտ.

19) ապահովում է զբաղվածության պետական ծրագրերին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը.

20) տեղաբաշխում է զբաղվածության պետական ծրագրերը` ըստ տարածքների և աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների), որի հիմքում դրվում են շահառուների ներգրավման առաջնահերթությունները, առանձին տարածաշրջանների աշխատաշուկաների հիմնական բնութագրիչները, ինչպես նաև սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի առանձնահատկությունները.

21)(21-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2022 թվականից` 27.05.21 ՀՕ-271-Ն օրենք)

22) Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով տրամադրում է զբաղվածության այլ ծառայություններ.

23) կազմում և ամփոփում է սոցիալական աջակցության բնագավառի, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության գործառույթներին առնչվող այլ վիճակագրական ու ֆինանսական հաշվետվությունները, դրանք սահմանված կարգով ներկայացնում է լիազորված պետական մարմին, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ կազմակերպություններ.

24) համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց, հասարակական կազմակերպությունների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական, միջազգային և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ` օրենսդրությամբ սահմանված կարգով.

25) Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մատուցում է ծառայություններ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում.

26) կազմակերպում և ապահովում է բժշկասոցիալական փորձաքննության (վերափորձաքննության) գործընթացը.

27) կազմակերպում և ապահովում է աջակցող միջոցների տրամադրման գործընթացը.

28) ապահովում է Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով տարածքային մարմիններին վերապահված լիազորությունների իրականացումը.

29) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

2. Միասնական սոցիալական ծառայության կազմավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 

(22.1.-ին հոդ. լրաց. 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 27.05.21 ՀՕ-271-Ն, 11.07.23 ՀՕ-248-Ն օրենքներ)

 

Հոդված 23. Տարածքային կառավարման պետական մարմնի լիազորությունները

 

1. Տարածքային կառավարման պետական մարմինն իր իրավասությունների շրջանակում`

1) (1-ին կետն ուժը կորցրել է 01.04.2021 թվականից` 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

2) համակարգում և իրականացնում է մարզի սոցիալական աջակցության ծրագրերը.

3) աջակցում է սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին մարզում սոցիալական աջակցության ծրագիր իրականացնելիս.

4) համակարգում է սույն օրենքի 37-րդ հոդվածով սահմանված տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

5) աջակցում է պետական կենսաթոշակների, նպաստների և այլ դրամական վճարների նշանակման ու վճարման կազմակերպման աշխատանքներին, օրենքով սահմանված զբաղվածության ծառայությունների և բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ծառայությունների տրամադրմանը: 

(23-րդ հոդ. փոփ. 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 24. Տեղական ինքնակառավարման մարմնի լիազորությունները

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինը սոցիալական ծառայություններ է տրամադրում`

1) (1-ին կետն ուժը կորցրել է 01.04.2021 թվականից` 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

2) տեղական սոցիալական ծրագրերի շրջանակներում.

3) կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների իրականացման շրջանակներում:

2. Համայնքի ղեկավարը համագործակցում է աջակցող ցանցի հետ:

3. Համայնքի ղեկավարն աջակցում է սոցիալական աջակցության պետական ծրագրերի իրականացմանը դրանց հասցեականության մեծացման հարցում` հայտնաբերելով համայնքի առավել աղքատ, ինչպես նաև սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ոչ աղքատ ընտանիքներին:

4. Համայնքի ղեկավարն իր աշխատակազմի ուժերով կամ աջակցող ցանցի հետ համատեղ կազմակերպում է տնային այցելություններ և հնարավորության դեպքում լուծում տալիս տվյալ ընտանիքի կամ անձի սոցիալական խնդիրներին:

5. Համայնքի ղեկավարը տարածքային մարմնի մասնագիտական աջակցությամբ կազմակերպում է համայնքի սոցիալական կարիքների գնահատման հիման վրա տեղական սոցիալական ծրագրերի մշակման, ընդունման և դրանց իրականացման գործընթացը:

(24-րդ հոդ. փոփ. 06.12.17 ՀՕ-229-Ն, 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 5
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 25. Սոցիալական աջակցության տրամադրման մասին որոշումը

 

1. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասում նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գրավոր և բանավոր դիմումների, ներկայացրած տեղեկությունների, ահազանգերի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում` տարածքային մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ:

2. Սոցիալական աջակցություն հայցող անձը այն ստանալու համար անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` իր բնակության վայրի տարածքը սպասարկող տարածքային մարմնին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

3. Սոցիալական աջակցություն ստանալու համար այն հայցող անձը կամ նրա ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում դիմումին կից ներկայացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` սոցիալական աջակցություն ստանալու (տվյալ սոցիալական ծառայության կամ ծառայությունների տրամադրման) համար անհրաժեշտ փաստաթղթերը, եթե դրանք (կամ դրանցում նշված տվյալները) ներառված չեն համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններում:

4. Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում սոցիալական աջակցության շրջանակներում մեկ կամ մի քանի սոցիալական ծառայությունները կարող են տրամադրվել բացառապես այն հայցող անձի կողմից գրավոր դիմումը և սոցիալական ծառայության (ծառայությունների) տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերն անձամբ ներկայացվելու դեպքում:

5. Սոցիալական աջակցություն տրամադրելու կամ սոցիալական աջակցության տրամադրումը մերժելու մասին որոշումն ընդունում է տվյալ սոցիալական ծառայությունը տրամադրելու իրավազորություն ունեցող տարածքային մարմինը կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող համապատասխան կազմակերպությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Լիազորած պետական մարմնում ընդգրկված և կառավարման ոլորտում գործող տարածքային մարմինների կողմից սոցիալական աջակցություն տրամադրվելու կամ սոցիալական աջակցության տրամադրումը մերժելու մասին որոշման ընդունման կարգը, պայմանները և ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց համապատասխան ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով:

7.  Տարածքային մարմինները սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում սոցիալական աջակցություն տրամադրելու կամ այն մերժելու մասին որոշումը կայացնում են դիմումը ստանալուց հետո` ոչ ուշ, քան 30 օրացուցային օրվա ընթացքում, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով:

8. Տարածքային մարմինները սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշում ընդունելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության կամ դիմումին կից ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման դեպքում նույն օրը դիմողին գրավոր տեղեկացնում են լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության կամ պակասող փաստաթղթերի ցանկի և դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված չեն տեղեկացման այլ կարգ և ժամկետներ: Սույն մասով սահմանված դեպքում, եթե դիմողը տեղեկացվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, ապա դիմելու օր է համարվում դիմումի սկզբնական ներկայացման օրը, իսկ նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմելու օր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:

9. Տարածքային մարմինները սոցիալական աջակցություն տրամադրելու կամ այն մերժելու մասին գրավոր տեղեկացնում են դիմողին ոչ ուշ, քան այդ որոշման ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, եթե տեղեկացման այլ կարգ և ժամկետներ նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության օրենքներով:

10. Այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գրավոր և բանավոր դիմումների, ահազանգերի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշումների ընդունման կարգը, պայմանները, ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով:

11. Տարածքային մարմինները արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև անհետաձգելի լուծում պահանջող` կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող դեպքերում սոցիալական աջակցությունը տրամադրում են անհապաղ` այդ մասին տեղեկատվությունը ստանալուց հետո:

12. Տարածքային մարմնի ընդունած որոշումը, գործողությունը կամ անգործությունը կարող են բողոքարկվել վարչական և (կամ) դատական կարգով:

(25-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-65-Ն, 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 26. Սոցիալական աջակցության տրամադրման մերժումը

 

1. Սոցիալական աջակցության տրամադրումը մերժվում է`

1) սոցիալական աջակցության (տվյալ սոցիալական ծառայության) տրամադրման համար օրենքով սահմանված բավարար հիմք(եր)ի բացակայության դեպքում.

2) սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դիմողի կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը (տվյալները) չներկայացնելու դեպքում.

3) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմողի կողմից ոչ հավաստի տեղեկություններ ներկայացվելու դեպքում.

4) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:

2. Տարածքային մարմինները սոցիալական աջակցություն տրամադրելը մերժելու մասին որոշման մեջ նշում են մերժման հիմք(եր)ը, բողոքարկման ժամկետը և մարմինը, որին կարող է այդ որոշումը բողոքարկվել, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ տեղեկություններ:

(26-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-65-Ն, 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 27. Սոցիալական աջակցության տրամադրումը դադարեցնելը

 

1. Սոցիալական աջակցության տրամադրումը դադարեցվում է`

1) սոցիալական աջակցություն ստանալու հիմքերի վերացման դեպքում.

2) եթե պարզվում է, որ սոցիալական աջակցություն ստացողի կողմից ներկայացված` սոցիալական աջակցությունը տրամադրելու որոշման համար հիմք հանդիսացած տեղեկությունները (փաստաթղթերը) հավաստի չեն.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով` սոցիալական աջակցություն ստացողի կողմից սոցիալական աջակցություն ստանալու պայմաններն ու կարգը խախտելու դեպքում.

4) սոցիալական աջակցություն ստացողի` սոցիալական աջակցություն ստանալուց հրաժարվելու դեպքում, բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերի.

5) սոցիալական աջակցություն ստացողի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում.

6) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:

2. Սոցիալական աջակցության տրամադրումը վերականգնվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:

 

Հոդված 28. Սոցիալական աջակցություն հայցող և ստացող անձանց իրավունքները

 

1. Սոցիալական աջակցություն հայցող (սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած) անձն իրավունք ունի`

1) ստանալու տեղեկատվություն իր սոցիալական իրավունքների, դրանց իրականացման պայմանների, կարգի և տվյալ սոցիալական խնդիրը լուծելու եղանակների մասին.

2) պահանջելու և ստանալու սոցիալական աջակցություն` օրենքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում.

3) ստանալու իր կյանքի և առողջության համար անվտանգ սոցիալական ծառայություններ.

4) սոցիալական աջակցության տրամադրման մերժման դեպքում ստանալու գրավոր պատասխան կամ այդ մասին իրազեկվելու Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ եղանակներով.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով մասնակցելու սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշման ընդունման գործընթացին.

6) հրաժարվելու սոցիալական աջակցություն ստանալուց, բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերի.

7) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու տարածքային մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների որոշումները, գործողությունները կամ անգործությունը.

8) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ իրավունքներ:

2. Սոցիալական աջակցություն ստացող անձն, ի լրումն սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված իրավունքների, իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով մասնակցելու սոցիալական աջակցության տրամադրման շրջանակներում իր սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող առանձին որոշումների կայացման գործընթացին:

 

Հոդված 29. Սոցիալական աջակցություն ստացողի պարտականությունները

 

1. Սոցիալական աջակցություն ստացողը պարտավոր է`

1) մասնակցել իր սոցիալական խնդիրների լուծմանը.

2) ներկայացնել սոցիալական աջակցության տրամադրման համար անհրաժեշտ և հավաստի տվյալներ.

3) լինել ակտիվ իր սոցիալական հմտությունների զարգացման հարցում.

4) չխոչընդոտել սոցիալական աշխատանքի մասնագետների կողմից իրականացվող տնային այցելություններին.

5) սոցիալական աջակցությունն օգտագործել նպատակային:

2. Սոցիալական աջակցություն ստացող անձն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ պարտականություններ:

 

Հոդված 30. Սոցիալական աջակցություն ստանալուց հրաժարվելու և սոցիալական աջակցություն ստանալու անձի իրավունքի սահմանափակումները 

 

1. Անձի (նրա օրինական ներկայացուցչի)` սոցիալական աջակցություն ստանալուց հրաժարվելու դեպքում անձը տեղավորվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում, եթե չի ստանում անհրաժեշտ խնամք և

1) ինքնասպասարկման և (կամ) ակտիվ տեղաշարժվելու ունակության կորստով պայմանավորված` անկարող է ինքնուրույն բավարարել իր հիմնական պահանջմունքները) կամ

2) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով, առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության անձին բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն տեղավորելու որոշումը կայացնում է խնամակալության և հոգաբարձության մարմինը` տարածքային մարմնի եզրակացության հիման վրա:

3. Սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված խնամքի տրամադրումն անձին կարող է մերժվել, եթե նա քրոնիկ ալկոհոլամոլ և (կամ) թմրամոլ է, վարակակիր է, տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնց բուժումը հնարավոր է միայն հատուկ մասնագիտացված բժշկական հաստատություններում: Հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերով սոցիալական աջակցության տրամադրումը մերժելու մասին որոշումը տարածքային մարմինն ընդունում է համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատության եզրակացության հիման վրա:

(30-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-65-Ն, 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 6
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

Հոդված 31. Սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանները

 

 1. Սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանները ստեղծվում են ընտանիքի սոցիալական գնահատման, տվյալ սոցիալական ծառայության տրամադրման համար անհրաժեշտ տվյալներն առցանց ինքնաշխատ ստանալու եղանակով կամ դրա անհնարինության դեպքում` սոցիալական աջակցություն ստանալու համար դիմող անձի ներկայացրած փաստաթղթերում ներառված, ինչպես նաև տարածքային մարմնի սոցիալական աշխատանքի մասնագետի կատարած տնային այցելության ընթացքում ձեռք բերված տվյալներով:

2. Սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարաններն ստեղծվում են`

1) սոցիալական աջակցության չափերի, հեռանկարային զարգացման ուղղությունների, դրանց ֆինանսավորման հնարավոր միջոցների կանխատեսման նպատակով.

2) սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի համակարգման նպատակով:

3. Սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանները տիրապետում է լիազորած պետական մարմինը, սպասարկում և շահագործում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպությունը:

4. Սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանները պարունակում են ընտանիքի սոցիալական վիճակը նկարագրող տվյալները, ընտանիքի անդամների անձնական տվյալները, սոցիալական ծառայությունը ստանալու հիմքը կամ մերժելու պատճառը, տրամադրվող սոցիալական ծառայությունը, սոցիալական ծառայության ստացման ժամկետները, դրա պարբերականությունը, սոցիալական ծառայության ծավալը (չափը), տրամադրման և դադարեցման ժամկետները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

5. Տարածքային մարմինները և կազմակերպությունները պարտավոր են սոցիալական ծառայություններ տրամադրելու մասին տվյալները ներկայացնել լիազորած պետական մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով, իսկ լիազորած պետական մարմնի ենթակայությամբ գործող կամ լիազորած պետական մարմնի հետ կնքած պայմանագրի հիման վրա սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները` համապատասխանաբար լիազորած պետական մարմնի սահմանած կամ լիազորած պետական մարմնի հետ կնքած պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով:

(31-րդ հոդ. փոփ. 18.05.15 ՀՕ-59-Ն, 06.12.17 ՀՕ-229-Ն, 21.01.20 ՀՕ-65-Ն, 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 32. Սոցիալական աջակցության ֆինանսավորման աղբյուրները

 

1. Սոցիալական աջակցության ֆինանսավորումն իրականացվում է`

1) պետական բյուջեի միջոցներից.

2) համայնքի բյուջեի միջոցներից.

3) իրավաբանական և ֆիզիկական անձանց հատկացրած միջոցներից.

4) սոցիալական աջակցության վճարովի (համավճարով) ծառայություններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով:

 

ԳԼՈՒԽ 7
ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

Հոդված 33. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը

 

1. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց, սոցիալական աջակցության շրջանակներում նրանց կողմից իրականացվող գործառույթների (լիազորությունների) և միջոցառումների ամբողջությունն է: Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը համագործակցության ապահովման միջոցով կանխարգելում է անձի (ընտանիքի, այլ սոցիալական խմբի) կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը, վերացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառները և հետևանքները:

2. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի հիմնական բաղադրիչներն են`

1) լիազորած պետական մարմինը.

2) միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմերը.

3) աջակցող ցանցը (սույն օրենքով սահմանված սոցիալական համագործակցության համաձայնագրի կողմերը).

4) (4-րդ կետն ուժը կորցրել է 01.04.2021 թվականից` 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

5) տարածքային մարմինները.

5.1) ընտանիքի սոցիալական գնահատման համակարգը.

6) միասնական տեղեկատվական համակարգը:

3. Ինտեգրված սոցիալական ծառայություններն անձի (ընտանիքի կամ այլ սոցիալական խմբի) սոցիալական կարիքների համալիր գնահատման հիման վրա և սոցիալական աջակցության շրջանակներում իրականացվող` սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված մեկ կամ մի քանի գործողությունների, ծրագրերի ու միջոցառումների ամբողջությունն է:

4. Ինտեգրված սոցիալական ծառայությունները ներառում են`

1) անձի (ընտանիքի կամ այլ սոցիալական խմբի) սոցիալական կարիքների համալիր գնահատումը և այդ կարիքները բավարարելու նպատակով հասանելի ռեսուրսների որոնումը.

2) անհատական ծրագիր կազմելը և դրա իրականացումն ապահովելը.

3) մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական կարիքներին համարժեք տարատեսակ սոցիալական ծառայությունները համակցված մատուցելը կամ դրանց համակցված մատուցումը կազմակերպելը.

4) անձի (ընտանիքի կամ այլ սոցիալական խմբի) սոցիալական կարիքները բավարարելու ուղղությամբ միջգերատեսչական համագործակցությունն ու սոցիալական համաձայնագրի շրջանակներում աջակցող ցանցի համագործակցությունը (այդ թվում` այդ համագործակցությունն ապահովելը).

5) տեղական սոցիալական ծրագրեր կազմելը և իրականացնելը.

6) անձի (ընտանիքի կամ այլ սոցիալական խմբի) սոցիալական կարիքների համալիր գնահատման հիման վրա սույն հոդվածի 1-ին մասում նշված նպատակներով իրականացվող այլ ծրագրերն ու միջոցառումները:

5. Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումն ապահովում է լիազորած պետական մարմինը: Տարածքային մարմնի սպասարկման տարածքի բնակչությանն ինտեգրված սոցիալական ծառայությունները տրամադրում են տարածքային մարմինները:

6. Ինտեգրված սոցիալական ծառայությունները տրամադրվում են սոցիալական դեպքի վարման շրջանակներում: Ինտեգրված սոցիալական ծառայությունները կարող են տրամադրվել նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառների վերացմանն ուղղված սոցիալական աջակցության ծրագրերի, միջոցառումների շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

7. Սոցիալական դեպքի վարման շրջանակներում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը կազմակերպում է սոցիալական դեպք վարողը` անհատական ծրագիր կազմելու և անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման միջոցով:

(33-րդ հոդ. փոփ. 06.12.17 ՀՕ-229-Ն, 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 34. Լիազորած պետական մարմնի, տարածքային կառավարման պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային մարմինների և կազմակերպությունների համագործակցությունը

 

1. Սոցիալական աջակցության պետական քաղաքականությունն իրականացնելիս լիազորած պետական մարմինը, տարածքային կառավարման պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, տարածքային մարմինները համագործակցում են սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հետ:

2. Լիազորած պետական մարմինը, տարածքային կառավարման պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, տարածքային մարմինները, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում տեղեկատվություն են փոխանակում սոցիալական աջակցություն ստացողների և իրենց տրամադրած սոցիալական ծառայությունների մասին:

3. Լիազորած պետական մարմինը, տարածքային կառավարման պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, տարածքային մարմինները, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները համագործակցում են այդ նպատակով ընդունված սոցիալական համագործակցության համաձայնագրի շրջանակներում:

 

Հոդված 35. Սոցիալական համագործակցության համաձայնագիրը

 

1. Սոցիալական համագործակցության համաձայնագիրն (այսուհետ` համաձայնագիր) ընդունվում է ազգային և տարածքային մակարդակներում:

2. Համաձայնագրի ընդունումը ազգային մակարդակում կազմակերպում է լիազորած պետական մարմինը, իսկ տարածքային մակարդակում` տարածքային մարմինը:

3. Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում համագործակցությունն իրականացվում է աջակցող ցանցի միջոցով` տարածքային մակարդակում ընդունված համաձայնագրի հիման վրա: Աջակցող ցանցում ներառվում են տարածքային մարմինները, իսկ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները, տարածքային կառավարման պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև ֆիզիկական անձինք (այսուհետ` աջակցող ցանցի մասնակից) միանում են կամավոր հիմունքներով:

4. Համաձայնագիրը ներառում է համագործակցության նպատակներն ու սկզբունքները, կողմերի պարտավորությունները, համակարգող խորհրդի ձևավորման, ինչպես նաև պարտավորությունների կատարման հսկողության և դրանց չկատարման դեպքում` համապատասխան միջոցառումների իրականացման մեխանիզմները:

5. Համագործակցության հիմնական նպատակներն են`

1) սոցիալական ծառայությունների համալիր և ամբողջական տրամադրման ապահովումը.

2) սոցիալական աջակցության անհրաժեշտություն առաջացնող գործոնների, դրանց փոխկապակցվածության և պատճառահետևանքային կապերի բացահայտումը, բացասական ազդեցության չեզոքացումը.

3) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի օրինական շահերի պաշտպանությունը և նման իրավիճակում նրանց հայտնվելու կանխարգելումը.

4) սոցիալական ծառայությունների մատչելիության և կողմնորոշման բարձրացումը դեպի սոցիալական աջակցություն ստացողները, դրանց որակի բարելավումը, սոցիալական համախմբվածության ամրապնդումը` խոցելի խմբերի սոցիալական մեկուսացվածությունը նվազեցնելով.

5) սոցիալական դեպքի վարման շրջանակներում փոխգործակցության ապահովումը, սոցիալական դեպքի վարման գործընթացի արդյունավետության մեծացումը.

6) ռեսուրսների արդյունավետ ներգրավմամբ և օգտագործմամբ սոցիալական ծառայությունների տրամադրումը.

7) արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև անհետաձգելի լուծում պահանջող` կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալական աջակցություն ստացողի խնդիրներին արագ արձագանքման, ինչպես նաև սոցիալական ծառայությունների անհապաղ տրամադրման հնարավորությունների ստեղծումը.

8) աղքատ, սոցիալապես անապահով, ինչպես նաև մեկուսացված խմբերի տնտեսական և սոցիալական խոցելիության նվազեցումը.

9) սոցիալական ոլորտում սոցիալական աշխատանքի դերի ու նշանակության բարձրացումը.

10) վստահության մթնոլորտի ձևավորումը:

6. Համագործակցության հիմնական սկզբունքներն են համակառավարումը, հավասար պատասխանատվությունը, թափանցիկության ապահովումը և ժողովրդավարությունը:

7. Աջակցող ցանցի մասնակիցների հիմնական իրավունքներն են`

1) ստանալ տեղեկատվություն աջակցող ցանցի մյուս մասնակիցներից` իրենց կողմից իրականացվող ծրագրերի (տրամադրվող սոցիալական ծառայությունների) և առկա ռեսուրսների մասին.

2) ակնկալել անհապաղ աջակցություն աջակցող ցանցի մասնակիցներից իրենց հնարավորությունների շրջանակում, սույն հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերում.

3) առաջարկություններ ներկայացնել սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի բարելավման նպատակով:

8. Աջակցող ցանցի մասնակիցների հիմնական պարտականություններն են`

1) իրազեկել աջակցող ցանցի մյուս մասնակիցներին իրականացվող ծրագրերի (տրամադրվող սոցիալական ծառայությունների) և առկա ռեսուրսների մասին.

2) արագ արձագանքել սույն հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերում` իրենց հնարավորությունների շրջանակներում.

3) մասնակցել համայնքների սոցիալական կարիքների վերհանման, ինչպես նաև դրանց համարժեք` տեղական սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներին.

4) համագործակցել սոցիալական դեպքի վարման շրջանակներում.

5) առաջարկություններ ներկայացնել աջակցող ցանցի մասնակիցներին` անհատական սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի հայեցողական լիազորությունների շրջանակներում որոշումների կայացման համար:

9. Համաձայնագրում կարող են ներառվել սույն օրենքով սահմանված նպատակներին և սկզբունքներին չհակասող այլ նպատակներ, սկզբունքներ, իրավունքներ և պարտականություններ:

10. Համաձայնագրի օրինակելի ձևը հաստատում է լիազորած մարմինը:

(35-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-65-Ն, 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 36. Միջգերատեսչական սոցիալական համագործակցությունը

 

1. Միջգերատեսչական սոցիալական համագործակցությունն իրականացվում է սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում` տարածքային մարմինների, առողջապահական, կրթաուսումնական կազմակերպությունների, ոստիկանության տեղամասային տեսուչների և այլ շահագրգիռ կողմերի (այսուհետ` կողմեր) միջև:

2. Միջգերատեսչական սոցիալական համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կանոնակարգով:

3. Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգով սահմանվում են`

1) համագործակցող կողմերի ցանկը.

2) համագործակցող կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները.

3) միջգերատեսչական համագործակցության ձևերն ու կարգը.

4) խնդրահարույց այն դեպքերը, որոնք կարող են նախանշել անձի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված լինելը կամ հայտնվելու հնարավորությունը, որոնց հայտնաբերման ժամանակ կողմերը պարտավորվում են տեղեկացնել համապատասխան տարածքային մարմնին.

5) համագործակցող կողմերի միջև տրամադրվող տեղեկատվության ծավալի, ձևի, տրամադրման ժամկետի մասին պահանջները.

6) մշտադիտարկման և գնահատման ընթացակարգը:

 

Հոդված 36.1. Ընտանիքի սոցիալական գնահատումը

 

1. Ընտանիքի սոցիալական գնահատումն իրականացնում է տարածքային մարմինը:

2. Ընտանիքի սոցիալական գնահատումն իրականացվում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի միջոցով, որը ներառում է`

1) ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառումը.

2) ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգը.

3) ընտանիքի անապահովության գնահատումը.

4) ընտանիքի անապահովության միավորի որոշումը:

3. Տարածքային մարմինն ընտանիքի սոցիալական գնահատման արդյունքներով`

1) տալիս է սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված եզրակացությունները.

2) որոշում է կայացնում դիմողին`

ա. սույն օրենքով սահմանված կարգով սոցիալական աջակցություն տրամադրելու կամ մերժելու մասին,

բ. ինտեգրված սոցիալական ծառայություններ տրամադրելու կամ մերժելու մասին:

(36.1-ին հոդ. լրաց. 06.12.17 ՀՕ-229-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-65-Ն, 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 36.2. Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառվելը և ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգը

 

1. Տարածքային մարմինը սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով սոցիալական աջակցություն հայցողի կամ խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու (այսուհետ` դիմող) դիմումը կամ հայտը ստանալուց հետո`

1) ընթացք է տալիս դրանց սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում.

2) ընտանիքին հաշվառում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում ընտանիքի չափահաս անդամներից մեկի, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ տրված դիմումի հիման վրա.

3) դիմումը (անհրաժեշտ փաստաթղթերով) հաշվառում է դիմումների հաշվառման մատյանում, իսկ հայտարարագրում և փաստաթղթերում ներառված կամ ինքնաշխատ եղանակով ստացված տվյալները մուտքագրում է ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգ.

4) տնային այցելության ընթացքում ձեռք բերված տվյալները ներառվում են ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգ` տնային այցելության ընթացքում.

5) կատարում է առաջին տնային այցելությունը դիմումն ստանալու օրվան հաջորդող`

ա. 15 աշխատանքային օրվա ընթացքում,

բ. մեկ աշխատանքային օրվա ընթացքում, եթե տեղեկությունն ստացվել է այն դիմումների, ահազանգերի, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների միջոցով, եթե դրանցում առկա է անձի (ընտանիքի) անձնական տվյալների և (կամ) գտնվելու վայրի մասին տեղեկություն` ահազանգում կամ հրապարակման մեջ նշված անձի (ընտանիքի) բնակության (գտնվելու) վայրը.

6) տնային այցելությունը կատարվում է դիմողի և (կամ) նրա ընտանիքի սոցիալական և նյութական պայմաններն ուսումնասիրելու նպատակով.

7) տնային այցելության ընթացքում գնահատվում են`

ա. դիմողի (ընտանիքի) սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական խնդիրների առկայությունը կամ բացակայությունը, սոցիալական կարիքները կամ դրանց բացակայությունը, առկա կարողությունները և հմտությունները, ինչպես նաև այդ կարողությունների և հմտությունների հետագա զարգացման հնարավորությունների առկայությունը կամ բացակայությունը,

բ. դիմողի (ընտանիքի) կենսապայմանները, մասնավորապես բարեկեցությունը կամ աղքատությունը, բնակության պայմանները, կենսագործունեության սահմանափակումները, ընտանիքում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, ընտանեկան բռնության առկայությունը կամ բացակայությունը կամ դրա սպառնալիքը,

գ. տրամադրված սոցիալական ծառայությունների ազդեցությունը դիմողի (ընտանիքի) կենսապայմանների վրա,

դ. խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու նպատակահարմարությունը:

2. Ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգը`

1) ներառում է`

ա. դիմողի (ընտանիքի յուրաքանչյուր անդամի) անձնական տվյալները, սոցիալական վիճակը, զբաղվածությունը, եկամուտը, գույքային և ոչ գույքային ռեսուրսները բնութագրող այլ տվյալներ,

բ. դիմողի (ընտանիքի յուրաքանչյուր անդամի) սոցիալական խնդիրների, կարիքների նկարագրությունը,

գ. դիմողի (ընտանիքի յուրաքանչյուր անդամի) անհատական սոցիալական ծրագիրը,

դ. աջակցող ցանցի անդամների տվյալները,

ե. դիմողի (ընտանիքի յուրաքանչյուր անդամի) մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացությունները.

զ. սոցիալական աջակցություն տրամադրելու կամ տրամադրելը մերժելու մասին որոշումը, սոցիալական աջակցության ծավալը, տրամադրման ժամկետները, դադարեցման հիմքերը.

2) ինքնաշխատ եղանակով որոշում է ընտանիքի անապահովության միավորը:

3. Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառվելու կարգը, հայտարարագրի, դիմումների հաշվառման մատյանի ձևերը, տեղեկատվական ենթահամակարգի ստեղծման, ձևավորման, դրանում ներառվող անձնական տվյալների ցանկը, դրանց` լիազորած պետական մարմնի և այլ պետական մարմինների կամ կազմակերպությունների միջև փոխանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգ ներառված տվյալները պաշտպանվում են օրենքով:

(36.2-րդ հոդ. լրաց. 06.12.17 ՀՕ-229-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-65-Ն, 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.06.22 ՀՕ-277-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 36.3. Ընտանիքների անապահովության գնահատման հիմնական պայմանները և ընտանիքի անապահովության միավորը

 

1. Ընտանիքի անապահովության աստիճանը գնահատվում է ընտանիքի անապահովության բնութագրիչների` ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական վիճակի և այլ պայմանների հիման վրա:

2. Ընտանիքների անապահովության գնահատման կարգը մշակվում է, իսկ դրանում ներառվող` ընտանիքի անապահովության բնութագրիչներն ընտրվում են` հաշվի առնելով տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալները:

3. Ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի անդամ չեն համարվում`

1) ազատազրկման վայրերում գտնվող անձինք.

2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողները.

3) ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտները.

4) երկարաժամկետ կացարան և շուրջօրյա լրիվ խնամք ապահովող` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում գտնվող կամ տեղավորված անձինք:

4. Ընտանիքների անապահովության գնահատումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով` ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի տեղեկատվական ենթահամակարգում ներառված տվյալների հիման վրա: Ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ կիրառվող տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Ընտանիքի անապահովության աստիճանը որոշվում է սույն օրենքի 36.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ենթակետով սահմանված կարգով ձևավորված` ընտանիքի անապահովության միավորի մեծությամբ: Ավելի բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքը համարվում է ավելի անապահով: Անապահովության «0» միավոր ունեցող ընտանիքը չի ներառվում ընտանիքների անապահովության հիման վրա իրականացվող ծրագրերում:

6. Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի, անձնական տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(36.3-րդ հոդ. լրաց. 06.12.17 ՀՕ-229-Ն օրենք)

 

Հոդված 37. Տեղական սոցիալական ծրագրերը

 

1. Տեղական սոցիալական ծրագրերը կազմվում են տարածքային առանձնահատկությունների, տարածքում առկա խնդիրների հաշվառմամբ` կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով` համայնք(ներ)ի սոցիալական կարիքների գնահատման հիման վրա:

2. Տեղական սոցիալական ծրագրերը մշակվում են համայնքի ղեկավարի կողմից, տարածքային մարմնի սոցիալական դեպք վարողի մասնագիտական աջակցությամբ` գործընթացին մասնակից դարձնելով համայնքի տարածքում գործող աջակցող ցանցի մասնակիցներին և համայնքի բնակչության ներկայացուցիչներին:

3. Տեղական սոցիալական ծրագրերը կարող են կազմվել մեկ համայնքի կամ մեկից ավելի համայնքների կողմից համատեղ` ընդհանուր խնդիրների լուծման և ընդհանրական սոցիալական կարիքների բավարարման նպատակով:

4. Տեղական սոցիալական ծրագրերն իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի կամ պայմանագրային հիմունքներով` համայնքում գործող աջակցող ցանցի մասնակցի կողմից:

5. Տեղական սոցիալական ծրագրերը կարող են ֆինանսավորվել`

1) համայնքի բյուջեի միջոցներից.

2) իրավաբանական և ֆիզիկական անձանց հատկացրած միջոցներից.

3) սոցիալական աջակցության վճարովի (համավճարով) ծառայություններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցների հաշվին:

6. Տեղական սոցիալական ծրագրերի շրջանակներում սոցիալական աջակցությունը տրամադրվում է սույն օրենքով սահմանված սկզբունքների համաձայն, համայնքի ավագանու հաստատած կարգով` սոցիալական աջակցություն ստացողի անհատական ծրագրին համապատասխան:

(37-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-65-Ն, 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 8
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

 

Հոդված 38. Սոցիալական աշխատանքը

 

1. Սոցիալական աշխատանքը մարդու անհատական սոցիալական կարիքների բավարարման նպատակով հոգեբանական և մանկավարժական մեթոդների ու եղանակների կիրառման միջոցով իրականացվող մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է մարդու (անձամբ այն իրականացնելու անկարողության դեպքում) կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելուն կամ կանխարգելելուն` մարդուն, ընտանիքին, սոցիալական այլ խմբերին անհատական օգնություն ցուցաբերելու միջոցով` սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով:

2. Սոցիալական աշխատանքի մասնագետներն են սոցիալական աշխատողն ու սոցիալական սատարողը:

(38-րդ հոդ. փոփ. 06.12.17 ՀՕ-229-Ն օրենք)

 

Հոդված 39. Սոցիալական աշխատանքի մասնագետը

 

1. Սոցիալական աշխատողը «Սոցիալական աշխատանքի» բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և սոցիալական աշխատողի մասնագիտական գործունեություն իրականացնող անձն է:

2. Սոցիալական աշխատող կարող է լինել նաև այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ ավարտած, համապատասխան վկայական ստացած անձը, որն ունի սոցիալական ոլորտի աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ:

3. Սոցիալական սատարողը «Սոցիալական աշխատանքի» միջին կամ նախնական մասնագիտական կրթություն ունեցող և սոցիալական սատարողի մասնագիտական գործունեություն իրականացնող անձն է:

4. Սոցիալական սատարող կարող է լինել նաև այլ միջին կամ նախնական մասնագիտական կրթություն ունեցող և (կամ) «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ դասընթացներ ավարտած, համապատասխան վկայական ստացած անձը:

(39-րդ հոդ. փոփ. 06.12.17 ՀՕ-229-Ն օրենք)

 

Հոդված 40.

Տարածքային մարմնի սոցիալական աշխատանքի մասնագետի հիմնական իրավունքներն ու պարտականությունները 

 

1. Տարածքային մարմնի սոցիալական աշխատանքի մասնագետները քաղաքացիական ծառայողներ են:

2. Տարածքային մարմինն ունի սոցիալական աշխատող, որը սոցիալական դեպք վարողն է, և սոցիալական սատարող:

3. Սոցիալական դեպք վարողը և սոցիալական սատարողն իրավունք ունեն`

1) կատարելու տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրելու սոցիալական աջակցություն ստանալու նպատակով կամ խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու համար դիմած անձանց (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները.

2) ներկայացնելու առաջարկություններ սոցիալական աջակցության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ:

4. Սոցիալական դեպք վարողը`

1) տիրապետում է խնամակալի կամ խնամատար ծնողի կամ որդեգրել ցանկացող անձի, սոցիալական աջակցություն հայցողի, ինչպես նաև ստացողի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, նրա սոցիալական կարիքների գնահատման, այդ կարիքների բավարարմանն ուղղված անհատական ծրագրերի կազմման մեթոդներին ու տեխնիկային, առկա ռեսուրսների և հնարավորությունների մասին տեղեկատվությանը.

2) համագործակցում է աջակցող ցանցի մասնակիցների հետ:

5. Սոցիալական դեպք վարողը պարտավոր է`

1) պաշտպանել սոցիալական աջակցություն ստացողի իրավունքներն ու օրինական շահերը.

2) ապահովել սոցիալական աջակցություն ստացողի ներգրավվածությունը և ակտիվ մասնակցությունն իր խնդիրների լուծման գործընթացին, որոշումների կայացմանը` զարգացնելով սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական հմտությունները և ինքնիրացումը (ինքնորոշումը).

3) գնահատել սոցիալական աջակցություն հայցողի, խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու համար դիմողի (ընտանիքի), սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական խնդիրները, գույքային և ոչ գույքային ռեսուրսները, սոցիալական կարիքները.

4) կազմել սոցիալական աջակցություն ստացողի անհատական ծրագիրը` ներգրավելով աջակցող ցանցի մասնակիցների մասնագետներին.

5) օգտագործել տվյալ տարածաշրջանում առկա աջակցող ցանցը` սոցիալական անհատական ծրագիր կազմելու և իրականացնելու նպատակով.

6) համակարգել սոցիալական անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը, կազմակերպել խմբային (բազմամասնագիտական) քննարկումներ և ուղղորդել սոցիալական աջակցություն ստացողին տարբեր մասնագիտացված կազմակերպություններ` իրենց իրավունքների մասին իրազեկելու, ինչպես նաև դրանք իրականացնելու համար.

7) ստանձնել միջնորդի դեր տարբեր և երբեմն միմյանց հակասող շահեր ունեցող կազմակերպությունների միջև` ապահովելով կազմակերպությունների միջև համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև սոցիալական աջակցություն ստացողի օրինական շահերի պաշտպանության առաջնային դերը.

8) կազմակերպությունների և համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հետ մշակել կանխարգելող ծրագրեր` ուղղված համայնքներում բացահայտված ռիսկային գործոնների նվազեցմանը, սոցիալական իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների ձևավորման խթանմանը և պաշտպանությանը.

9) ապահովել անձանց համար սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ.

10) պահանջել սոցիալական աջակցություն հայցող կամ սոցիալական աջակցություն ստացող անձից միայն սոցիալական աջակցության տրամադրման համար անհրաժեշտ տեղեկությունները, աջակցել անհրաժեշտ փաստաթղթերի (տվյալների) ճիշտ ներկայացմանը.

11) աջակցել իր սպասարկման տարածքում բնակվող անձանց (ընտանիքների) սոցիալական աջակցության իրավունքի իրականացմանը և

12) տնային այցելությունների ժամանակ ներկայացնել սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված վկայականը:

6. Սոցիալական սատարողը պարտավոր է`

1) սոցիալական աջակցություն հայցող անձին օգնել հայտնաբերելու և օգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը.

2) միջոցներ ձեռնարկել հայտնաբերելու սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց, ընտանիքներին և աջակցել նրանց դիմելու տարածքային մարմնին.

3) տնային այցելությունների ժամանակ ներկայացնել սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված վկայականը:

7. Սոցիալական աշխատանքի մասնագետն ունի սույն օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ իրավունքներ և կրում է պարտականություններ:

8. Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և տարածքային մարմնի սպասարկման տարածքում գործող կազմակերպությունները պարտավոր են աջակցել սոցիալական աշխատանքի մասնագետին իր ծառայողական պարտականությունները կատարելիս:

9. Սոցիալական աշխատանքի մասնագետն ունի վկայական, որը տալիս է տարածքային մարմնի վերադասը:

10. Սոցիալական աշխատանքի մասնագետին սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացքում հայտնի դարձած անձնական տեղեկությունները համարվում են մասնագիտական գաղտնիք, և այն հրապարակող կամ տարածող սոցիալական աշխատանքի մասնագետը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերի:

(40-րդ հոդ. փոփ. 06.12.17 ՀՕ-229-Ն, 21.01.20 ՀՕ-65-Ն, 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 41. Խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետների հիմնական իրավունքներն ու պարտականությունները

 

1. Խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետներն ունեն հետևյալ հիմնական իրավունքները.

1) կատարել տնային այցելություններ` սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պարտականությունները կատարելու նպատակով.

2) համագործակցել աջակցող ցանցի մասնակից կազմակերպությունների հետ.

3) մասնակցել տեղական սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներին:

2. Խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետներն ունեն հետևյալ հիմնական պարտականությունները.

1) գնահատել սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական կարիքները և իրականացնել նրա անհատական ծրագրով` իր կազմակերպությանը վերապահված իրավասությունների շրջանակներում նախատեսված միջոցառումները, անհատական ծրագրով նախատեսված ժամկետներում մասնակցել խմբային (բազմամասնագիտական) քննարկումներին.

2) մատուցել սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված համապատասխան սոցիալական ծառայությունները` սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական կարիքին համապատասխան.

3) պահպանել իր կողմից սպասարկվող անձանց (ընտանիքների) սոցիալական աջակցություն տրամադրելու ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերի.

4) տեղեկացնել տարածքային մարմնի սոցիալական աշխատողին (սոցիալական դեպք վարողին) սոցիալական աջակցություն ստացողի համար իրավիճակի ակնկալվող բնականոն փոփոխություններից տարբերվող ընթացք առաջանալու մասին:

3. Խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետն ունի սույն օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ իրավունքներ և կրում է պարտականություններ:

(41-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-65-Ն, 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 42. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հիմնական իրավունքներն ու պարտականությունները

 

1. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետն իրավունք ունի կատարելու տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրելու սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած անձանց (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները:

2. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետը պարտավոր է`

1) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած անձին օգնել հայտնաբերելու և օգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը.

2) միջոցներ ձեռնարկել հայտնաբերելու սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց, ընտանիքներին և այլ սոցիալական խմբերին, աջակցել նրանց դիմելու տարածքային մարմնին.

3) պահպանել իր կողմից սպասարկվող անձանց (ընտանիքների) սոցիալական աջակցություն տրամադրելու ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերի.

4) որպես աջակցող ցանցի ներկայացուցիչ` մասնակցել սույն օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ և 8-րդ կետերով նախատեսված աշխատանքներին.

5) տնային այցելությունների ժամանակ ներկայացնել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված վկայականը:

3. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետն ունի սույն օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ իրավունքներ և պարտականություններ:

4. Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և տվյալ տարածքում գործող կազմակերպությունները պարտավոր են աջակցել համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետին իր ծառայողական պարտականությունները կատարելիս:

5. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետն ունի վկայական, որը տրամադրում է համայնքի ղեկավարը:

(42-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-65-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 9
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

(9-րդ գլխի վերնագիրը փոփ. 14.11.19 ՀՕ-235-Ն օրենք)

 

i
Հոդված 43. Տարածքային մարմինների աշխատողների վարձատրությունը

 

1. Տարածքային մարմինների քաղաքացիական ծառայող հանդիսացող աշխատողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 01.04.2021 թվականից` 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք) 

(43-րդ. հոդ. փոփ.   04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք) 

 

 

Հոդված 44. Սոցիալական պաշտպանության ոլորտի խրախուսման և զարգացման ֆոնդը

(44-րդ հոդվածն ուժը կորցրել է 21.12.2019 թվականից` 14.11.19 ՀՕ-235-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 10
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 45. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

1. Սույն օրենքը խախտողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 46. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերի:

2. Մինչև սոցիալական աջակցության իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

3.  (3-րդ մասն ուժը կորցրել է 01.04.2021 թվականից` 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

4. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված կենսաթոշակների, նպաստների և այլ դրամական վճարների վճարումը 2017 թվականի հունվարի 1-ից իրականացվելու է մեկ միասնական պետական մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող օրվա դրությամբ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-207-Ն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում աշխատող քաղաքացիական կամ համայնքային ծառայողների, ինչպես նաև խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետների վրա սույն օրենքի 39-րդ հոդվածը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից:

i

6. Տարածքային մարմիններում, ինչպես նաև սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված կազմակերպություններում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2017 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում, աշխատանքի ընդունված սոցիալական աշխատանքի մասնագետներն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ դասընթացները պետք է ավարտեն աշխատանքի ընդունվելուց հետո` առավելագույնը 12 ամիսների ընթացքում:

i

7. Տարածքային մարմինների համայնքային ծառայող հանդիսացող սոցիալական աշխատանքի մասնագետների վարձատրությունը մինչև 2017 թվականի հունվարի 1-ն իրականացվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: 2017 թվականի հունվարի 1-ից տարածքային մարմինների համայնքային ծառայող հանդիսացող սոցիալական աշխատանքի մասնագետների հիմնական աշխատավարձը սահմանվում է տարածքային մարմինների քաղաքացիական ծառայող հանդիսացող սոցիալական աշխատանքի մասնագետների հիմնական աշխատավարձին հավասար չափով, իսկ լրացուցիչ աշխատավարձի և պարգևատրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-207-Ն օրենքը:

(46-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-65-Ն, 04.03.20 ՀՕ-97-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2014 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-231-Ն

 

pin
ՀՀ 17.12.2014
N ՀՕ-231-Ն օրենք