ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1434/02/10
դատարանի որոշում 2011 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1434/02/10
Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան
Դատավորներ` Ա. Մկրտչյան
Ն. Բարսեղյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2011 թվականի հուլիսի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արսեն և Անուշավան Միրզոյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նորիկ Տեր-Գրիգորյանի ընդդեմ Անուշավան և Արսեն Միրզոյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Նորիկ Տեր-Գրիգորյանը պահանջել է Անուշավան Միրզոյանից բռնագանձել 10.200.000 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ` որպես պարտավորության խախտման հետևանք և Անուշավան ու Արսեն Միրզոյաններից համապարտությամբ բռնագանձել 20.061 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ` որպես պարտավորության խախտման հետևանք:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 24.02.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Անուշավան Միրզոյանից հօգուտ Նորիկ Տեր-Գրիգորյանի բռնագանձվել է 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ, իսկ հայցը` Անուշավան և Արսեն Միրզոյաններից համապարտությամբ 20.061 ԱՄՆ դոլար գումար բռնագանձելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ` որպես պարտավորության խախտման հետևանք հաշվարկելու պահանջների մասով մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.04.2011 թվականի որոշմամբ Նորիկ Տեր-Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 24.02.2011 թվականի վճիռը մասնակիորեն` Անուշավան և Արսեն Միրզոյաններից համապարտությամբ 20.061 ԱՄՆ դոլար գումար բռնագանձելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ` որպես պարտավորության խախտման հետևանք հաշվարկելու պահանջների մասով բեկանվել և փոփոխվել է` հայցն այդ մասով բավարարվել է, իսկ Դատարանի 24.02.2011 թվականի վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արսեն և Անուշավան Միրզոյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նորիկ Տեր-Գրիգորյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ, 878-րդ և 887-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն առանց պարզելու, թե արդյոք պարտավորություն իրականում գոյություն ունի, անդրադարձ է կատարել այդ պարտավորությունների կատարմանը:
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել ապացույցների պատշաճ գնահատում: Մինչդեռ ապացույցների պատշաճ ուսումնասիրության արդյունքում Վերաքննիչ դատարանը կհանգեր այն եզրակացությանը, որ որևէ ապացույցով չի հաստատվում Անուշավան և Արսեն Միրզոյանների կողմից 20.061 ԱՄՆ դոլար վերցնելու հանգամանքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 22.04.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 24.02.2011 թվականի վճռին:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ գնահատել է գործում գտնվող բոլոր ապացույցները և հանգել է ճիշտ եզրահանգման այն մասին, որ Արսեն և Անուշավան Միրզոյանները չեն կատարել ոչ միայն 16.08.2007 թվականին նոտարական կարգով փոխառության պայմանագրով ստանձնած պարտավորությունը, այլ նաև 15.07.2008 թվականին հասարակ գրավոր ձևով կնքված փոխառության պայմանագրով ստանձնած պարտավորությունը և չեն վերադարձրել իրենից վերցրած գումարը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունի հետևյալ փաստը`
15.07.2008 թվականին Նորիկ Տեր-Գրիգորյանի և Արսեն ու Անուշավան Միրզոյանների միջև հասարակ գրավոր ձևով կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Նորիկ Տեր-Գրիգորյանը պարտավորվել է Արսեն և Անուշավան Միրզոյաններին տրամադրել 20.061 ԱՄՆ դոլար: Նշված պայմանագրի 2-րդ կետի համաձայն`Նորիկ Տեր-Գրիգորյանը պարտավորվել է փոխառության պայմանագրի ստորագրման պահից մեկ օրվա ընթացքում տրամադրել փոխառության գումարը (գ. թ. 11):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
i
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Ըստ նույն հոդվածի 2-րդ կետի` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:
Սույն գործի փաստերի համաձայն`15.07.2008 թվականին Նորիկ Տեր-Գրիգորյանի և Արսեն ու Անուշավան Միրզոյանների միջև կնքվել է փոխառության պայմանագիր, որի համաձայն` Նորիկ Տեր-Գրիգորյանը պարտավորվել է Արսեն և Անուշավան Միրզոյաններին տրամադրել 20.061 ԱՄՆ դոլար: Նշված պայմանագրի 2-րդ կետի համաձայն` Նորիկ Տեր-Գրիգորյանը պարտավորվել է փոխառության պայմանագրի ստորագրման պահից մեկ օրվա ընթացքում տրամադրել փոխառության գումարը:
Վերաքննիչ դատարանը որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Անուշավան և Արսեն Միրզոյանները Նորիկ Տեր-Գրիգորյանից փոխառությամբ գումար են վերցրել և չեն վերադարձրել:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ Անուշավան և Արսեն Միրզոյանները Նորիկ Տեր-Գրիգորյանից փոխառությամբ գումար են վերցրել և չեն վերադարձրել, չի կատարել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, և որևէ կերպ չի հիմնավորել վերոգրյալ իր պնդումը:
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 15.07.2008 թվականին կնքված փոխառության պայմանագրի համաձայն` փոխառության գումարը փոխատուի կողմից պետք է տրամադրվեր փոխառության պայմանագրի ստորագրման պահից մեկ օրվա ընթացքում: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով փոխառության պայմանագրի և դրա պայմանների, այն է` պայմանագրով նախատեսված գումարը տրամադրելու փաստը կարող էր հիմնավորվել փոխառուի տված ստացականով կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթղթով, որը սույն գործում բացակայում է:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2011 թվականի որոշման` Անուշավան և Արսեն Միրզոյաններից համապարտությամբ 20.061 ԱՄՆ դոլար գումար բռնագանձելու մասը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ` որպես պարտավորության խախտման հետևանք հաշվարկելու պահանջների մասը և այդ մասերով այն փոփոխել` հայցն այդ մասերով մերժել:
2. Նորիկ Տեր-Գրիգորյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 601,83 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար հետաձգված պետական տուրք:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան