ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/1208/02/08
դատարանի որոշում 2010 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ /1208/02/08
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
Դատավորներ` Կ. Հակոբյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Աբելյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2010 թվականի դեկտեմբերի 03-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2010 թվականի որոշման դեմ` ըստ Միհրան Խաչատրյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ֆինանսների նախարարության, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Եղվարդ» տարածքային ստորաբաժանման, Համլետ Հակոբջանյանի` Հայաստանի Հանրապետության` ի դեմս Երևանի քաղաքապետի և Միհրան Խաչատրյանի միջև 13.12.2005 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք պայմանագրով ստացած ամբողջ գումարը` 8.659.200 ՀՀ դրամը, վերադարձնել պարտավորեցնելու, 120.000 ՀՀ դրամի և 19.940.800 ՀՀ դրամի չափով վնասները վերականգնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Միհրան Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության` ի դեմս Երևանի քաղաքապետի և Միհրան Խաչատրյանի միջև 13.12.2005 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) և որպես անվավերության հետևանք պատասխանողին պարտավորեցնել վերադարձնելու Պայմանագրով ստացած ամբողջ գումարը` 8.659.200 ՀՀ դրամը, և 120.000 ՀՀ դրամը` որպես պատճառված վնասի գումար:
Հայցապահանջի չափն ավելացնելով` Միհրան Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Պայմանագիրը և որպես անվավերության հետևանք պատասխանողին պարտավորեցնել վերադարձնելու Պայմանագրով ստացած ամբողջ գումարը` 8.659.200 ՀՀ դրամը, և որպես պատճառված վնասի գումար` 120.000 ՀՀ դրամ և 19.940.800 ՀՀ դրամ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` անվավեր է ճանաչվել Պայմանագիրը, և ՀՀ ֆինանսների նախարարությունը պարտավորվել է Միհրան Խաչատրյանին վերադարձնել Պայմանագրով ստացած ամբողջ գումարը` 8.659.200 ՀՀ դրամը, և որպես պատճառված վնասի գումար` 120.000 ՀՀ դրամ, իսկ հայցը` 19.940.800 ՀՀ դրամի մասով, մերժվել է: Միաժամանակ բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն հօգուտ ՀՀ պետական բյուջեի, որպես պետական տուրք, Երևանի քաղաքապետարանից բռնագանձվել է 175.584 ՀՀ դրամ, իսկ Միհրան Խաչատրյանից` 398.816 ՀՀ դրամ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.04.2010 թվականի որոշմամբ Դատարանի 29.12.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ Երևանի քաղաքապետին պետք է ազատել պետական տուրքի վճարման պարտականությունից, քանի որ վճռով բռնագանձման ենթակա գումարը բռնագանձվում է ՀՀ ֆինանսների նախարարությունից, ուստի և պետական տուրքը ևս պետք է վերջինից բռնագանձվի, գտել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության վրա Պայմանագրով ստացված գումարի բռնագանձման պարտավորություն չէր դրվի, եթե Երևանի քաղաքապետի և Միհրան Խաչատրյանի միջև կնքված Պայմանագիրն անվավեր չճանաչվեր: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի կիրառմամբ պետք է փաստեր, որ Երևան համայնքը չի կարող որևէ պատասխանատվություն կրել պետական կառավարչական հիմնարկի գործողությունների համար, հետևաբար չի կարող նաև պատասխանատու լինել այդ մարմնի գործողությունների արդյունքում կրած վնասի հատուցման համար դատական պաշտպանություն իրականացնելիս օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման համար: Վերաքննիչ դատարանը պետական տուրքի վճարման պարտականությունը պետք է դներ այն մասնակցի վրա, ում հանդեպ բավարարվել է 8.659.200 ՀՀ դրամի բռնագանձման պահանջը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.04.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` 175.584 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը բռնագանձել ՀՀ ֆինանսների նախարարությունից:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Դատարանի 10.12.2008 որոշմամբ բավարարվել է Միհրան Խաչատրյանի միջնորդությունը պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ, և որոշվել է պետական տուրքի վճարումը հետաձգել և լուծել վճռով (հ. 1, գ.թ. 1):
2. Դատարանի 29.12.2009 թվականի վճռով հայցը մասնակի բավարարվել է` անվավեր է ճանաչվել Պայմանագիրը, ՀՀ ֆինանսների նախարարությունը պարտավորեցվել է Միհրան Խաչատրյանին վերադարձնել Պայմանագրով ստացած ամբողջ գումարը` 8.659.200 ՀՀ դրամը, և որպես պատճառված վնասի գումար` 120.000 ՀՀ դրամ, իսկ հայցը` 19.940.800 ՀՀ դրամի մասով, մերժվել է: Միաժամանակ բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն հօգուտ ՀՀ պետական բյուջեի, որպես պետական տուրք, Երևանի քաղաքապետարանից բռնագանձվել է 175.584 ՀՀ դրամ, իսկ Միհրան Խաչատրյանից` 398.816 ՀՀ դրամ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1065-րդ հոդվածի համաձայն` այն դեպքերում, երբ նույն օրենսգրքին կամ այլ օրենքներին համապատասխան վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից, նրանց անունից հանդես են գալիս համապատասխան ֆինանսական մարմինները, եթե այդ պարտականությունը, նույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, դրված չէ այլ մարմնի, իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական ծախսերը, այդ թվում` պետական տուրքը, որոնք կատարվել են դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, կողմերի միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Ընդ որում օրենսդրի կողմից ամրագրվել է այն սկզբունքը, որ պատասխանող կողմում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հանդես գալու դեպքում դատական ծախսը, այդ թվում պետական տուրքը դրվում է Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա:
Սույն գործով Դատարանը որպես պատասխանող է ներգրավել ՀՀ ֆինանսների նախարարությանը և 29.12.2009 թվականի վճռով հայցը մասնակի բավարարելով ու անվավեր ճանաչելով Պայմանագիրը` ՀՀ ֆինանսների նախարարությանը պարտավորեցրել է Միհրան Խաչատրյանին վերադարձնել Պայմանագրով ստացած ամբողջ գումարը` 8.659.200 ՀՀ դրամը, և որպես պատճառված վնասի գումար` 120.000 ՀՀ դրամ, իսկ հայցը` 19.940.800 ՀՀ դրամի մասով, մերժել է: Միաժամանակ, բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն հօգուտ ՀՀ պետական բյուջեի, որպես պետական տուրք, Երևանի քաղաքապետարանից բռնագանձել է 175.584 ՀՀ դրամ, իսկ Միհրան Խաչատրյանից` 398.816 ՀՀ դրամ:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի կողմից 175.584 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման պարտավորությունը Երևանի քաղաքապետարանի վրա դնելն իրավաչափ է, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարության վրա Պայմանագրով ստացված գումարի բռնագանձման պարտավորություն չէր դրվի, եթե Երևանի քաղաքապետի և Միհրան Խաչատրյանի միջև կնքված Պայմանագիրն անվավեր չճանաչվեր:
Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ գործով պատասխանող են Քաղաքապետարանը` որպես տեղական ինքնակառավարման մարմին և ՀՀ ֆինանսների նախարարությունը` որպես պետական մարմին, և սույն գործով վիճարկվել է Երևանի քաղաքապետարանի` որպես պետական կառավարման մարմնի կնքած գործարքը, հետևաբար Երևանի քաղաքապետի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտը, այն է` 20.12.2005 թվականի թիվ 2779-Ա որոշումը հրապարակելու, ինչպես նաև այդ որոշման հիման վրա Պայմանագիրը կնքելու հետևանքով 8.659.200 ՀՀ դրամը Հայաստանի Հանրապետությունից բռնագանձվելու պայմաններում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի ուժով պետական տուրքը նույնպես ենթակա է բռնագանձման ՀՀ ֆինանսների նախարարությունից` որպես Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող համապատասխան ֆինանսական մարմին:
Այսինքն` ըստ էության, պետական տուրքը ենթակա է բռնագանձման Հայաստանի Հանրապետությունից` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության հօգուտ Հայաստանի Հանրապետության, հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված (Տես նաև` Անի Բարսեղյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ֆինանսների նախարարության` շինության և դրանով զբաղեցված, ենթավարձակալությամբ տրամադրված հողամասի դիմաց փոխհատուցում չտրամադրելու և դրա հետևանքով կրած վնասները Քաղաքապետարանի կողմից չփոխհատուցելու արդյունքում Քաղաքապետարանի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, ինչպես նաև Քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրով Քաղաքապետարանի կողմից ստանձնած պարտավորությունները և հողամաս տրամադրելու անհնարինության դեպքում վնասի փոխհատուցման պարտավորեցնելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 29.10.2010 թվականի թիվ ՎԴ/3464/05/09 որոշումը):
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Դատարանի կողմից 175.584 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման պարտավորությունը Երևանի քաղաքապետարանի վրա դնելն իրավաչափ է, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարության վրա Պայմանագրով ստացված գումարի բռնագանձման պարտավորություն չէր դրվի, եթե Երևանի քաղաքապետի և Միհրան Խաչատրյանի միջև կնքված Պայմանագիրն անվավեր չճանաչվեր, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է և չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` դատական ծախսերի բաշխման վերաբերյալ դրույթների տրամաբանությունից, քանի որ դատական ծախսերի բաշխման համար օրենսդիրը հիմք է ընդունում բավարարված հայցապահանջների չափի համամասնությունը, իսկ Վերաքննիչ դատարանի նշած փաստարկը դատական ծախսը բաշխելու համար նշանակություն չունի:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2010 թվականի որոշման` Երևանի քաղաքապետարանից պետական տուրք բռնագանձելու մասը և այդ մասով այն փոփոխել` պետական տուրքի հարցը համարել լուծված:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Աբելյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան