Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 56-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ/2851/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/2851/05/08                             2009 թ.

Նախագահող դատավոր` Լ. Սոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի ապրիլի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Յուրիկ Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 18.12.2008 թվականի վճռի դեմ` ըստ Յուրիկ Մնացականյանի հայցի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի բաժնի Աբովյանի բաժանմունքի հարկադիր կատարողի (այսուհետ` հարկադիր կատարող)` իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և վճռի պահանջը կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Յուրիկ Մնացականյանը պահանջել է ճանաչել իր և ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի բաժնի Աբովյանի բաժանմունքի միջև իրավահարաբերության բացակայությունը և հարկադիր կատարողին պարտավորեցնել կատարելու ՀՀ տնտեսական դատարանի 19.07.2004 թվականի թիվ ՏՍ-718 վճռի պահանջը` կարճել թիվ 07/01-1021/07 կատարողական վարույթը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 18.12.2008 թվականի վճռով վարչական գործի վարույթը կարճվել է` հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով: Միաժամանակ, վճռվել է բռնագանձել Յուրիկ Մնացականյանից 8.000 ՀՀ դրամ պետական տուրքը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Յուրիկ Մնացականյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով ներկայացվել է հարկադիր կատարողի գործողությունները բողոքարկելու վերաբերյալ հայց, որը ներկայացնող ֆիզիկական անձն օրենքի ուժով ազատված է պետական տուրքի վճարումից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` պետական տուրքի մասով, բեկանել Դատարանի 18.12.2008 թվականի վճիռը և այն փոփոխել` ազատել պետական տուրքի վճարումից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`

Յուրիկ Մնացականյանի 10.04.2008 թվականի հայցադիմումի պահանջներն են` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի բաժնի Աբովյանի բաժանմունքի հետ իրավահարաբերության բացակայությունը ճանաչելը և հարկադիր կատարողին ՀՀ տնտեսական դատարանի 19.07.2004 թվականի թիվ ՏՍ-718 վճռի պահանջը կատարելուն պարտավորեցնելը (գ.թ. 3):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի ա) կետի համաձայն` պետական տուրքի գծով կարող է սահմանվել արտոնություն պետական տուրքի վճարումից ազատելու ձևով:

Նույն օրենքի 22-րդ հոդվածի թ) կետի 4-րդ պարբերության համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք ..... հարկադիր կատարողների գործողությունները գանգատարկելու վերաբերյալ դիմումներով:

Սույն գործով Յուրիկ Մնացականյանը ներկայացրել է պետական մարմնի հետ իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և նույն պետական մարմնի պաշտոնատար անձին` հարկադիր կատարողին, ՀՀ տնտեսական դատարանի 19.07.2004 թվականի թիվ ՏՍ-718 վճռի պահանջը կատարելուն պարտավորեցնելու` կատարողական վարույթը կարճելու պահանջներ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված պահանջներն ըստ էության հարկադիր կատարողի գործողությունները վիճարկելուն ուղղված պահանջներ են, հետևաբար Յուրիկ Մնացականյանն ազատված է պետական տուրքի վճարումից:

Մինչդեռ, Դատարանը, կարճելով սույն վարչական գործի վարույթը, Յուրիկ Մնացականյանի վրա դրել է պետական տուրքի վճարման պարտականություն:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 18.12.2008 թվականի վճռի` պետական տուրքի մասը և այն փոփոխել. Յուրիկ Մնացականյանին ազատել պետական տուրքի վճարումից:

2. Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.04.2009
N ՎԴ/2851/05/08
Որոշում