Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 143-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի որոշում               Վարչական գործ թիվ ՎԴ/1928/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/1928/05/08                                 2008 թ.

Նախագահող դատավոր` Ա. Ղազարյան

Դատավորներ` Ա. Աբովյան

Ա. Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի նոյեմբերի 28-ին

քննարկելով ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն Թորոսյանի վճռաբեկ բողոքը` վճռում թույլ տրված վրիպակն ուղղելու և վճռի պարզաբանումը մերժելու մասին 06.08.2008 թվականի որոշումը վերացնելու վերաբերյալ բողոքը մերժելու մասին 19.08.2008 թվականի Վարչական դատարանի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 01.08.2008 թվականի վճռով մերժվել է ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն Թորոսյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` ՀՀ Նախագահի 19.02.2008 թվականի ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ Հանձնաժողովի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: Միաժամանակ Դատարանի վճռի եզրափակիչ մասում նշվել է, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` Վճռաբեկ դատարան:

Դիմելով դատարան` ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն Թորոսյանը պահանջել է պարզաբանել Դատարանի 01.08.2008 թվականի թիվ ՎԴ/1928/05/08 «վճռի եզրափակիչ մասում (վճռի նախավերջին մասում) բողոքարկման հիմք հանդիսացող իրավական նորմի բացակայությունը կամ, եթե դա վրիպակ է, ինչպե՞ս պետք է կատարվեն» ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

Դատարանի 06.08.2008 թվականի որոշմամբ ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն Թորոսյանի դիմումը մերժվել է: Միաժամանակ որոշվել է «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ/1928/05/08 վարչական գործով 01.08.2008 թ. կայացված վճռի եզրափակիչ մասից առաջ «Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-115-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, դատարանը» նախադասությունը փոխարինել «Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-115-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով և ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ կետով դատարանը» նախադասությամբ:

Դատարանի 06.08.2008 թվականի որոշման դեմ բողոք է ներկայացրել Ռուբեն Թորոսյանը:

Դատարանի 19.08.2008 թվականի որոշմամբ Ռուբեն Թորոսյանի բողոքը` Դատարանի 06.08.2008 թվականի որոշումը վերացնելու մասին, մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն Թորոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Ռուբեն Թորոսյանի 04.03.2008 թվականի հայցադիմումի հիման վրա հարուցված գործը համարվում է ընտրական գործ: Մինչդեռ Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածը:

Վերոգրյալի հիման վրա` վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է «վերացնել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/1928/05/08 վարչական գործով «ՎԴ 01.08.08 թ. վճռում թույլ տված վրիպակն ուղղելու և վճռի պարզաբանումը մերժելու մասին 06.08.08 թ. ՀՀ ՎԴ որոշումը վերացնելու վերաբերյալ բողոքը մերժելու մասին» 19.08.08 թ. ՎԴ որոշումը»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանի 13.03.2008 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն Թորոսյանի հայցն ընդդեմ Հանձնաժողովի` ՀՀ Նախագահի 19.02.2008 թ. ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ Հանձնաժողովի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:

2) Դատարանի 01.08.2008 թվականի վճռով ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն Թորոսյանի վերը նշված հայցը մերժվել է: Միաժամանակ, վճռի եզրափակիչ մասում նշվել է, որ վճիռը «կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` ՀՀ վճռաբեկ դատարան»:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն` ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերը Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեի կազմակերպման և անցկացման ընթացքում ընտրական ու հանրաքվեին մասնակցելու իրավունքների խախտման վերաբերյալ ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերն են (այսուհետ` ընտրական գործ): Նույն օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն իր բնույթով ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործ է և դրա նկատմամբ կիրառելի են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները: Հետևաբար Դատարանի վճիռը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և վերանայման ենթակա չէ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի հիմքով, վճռաբեկ բողոքը բավարարելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 19.08.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. Վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճռի եզրափակիչ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2008
N ՎԴ/1928/05/08
Որոշում