Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական վերաքննիչ         Քաղաքացիական գործ թիվ 3-859 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                            2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 06-3850

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

դատավոր` Ա. Խառատյան

Վ. Ավանեսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ս. Գյուրջյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ս. Սարգսյանի        

                                              

2007 թվականի օգոստոսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 01.12.2006 թվականին կայացրած վճռի դեմ` ըստ հայցի Աննա Գաբրիելյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության` նախկին աշխատանքում վերականգնելու և աշխատավարձի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվոր Աննա Գաբրիելյանը պահանջել է վերականգնել իրեն նախկին աշխատանքում և վճարել չստացած աշխատավարձի գումարը:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 01.12.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ ոստիկանությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) դատարանը կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, որը չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, 115-րդ հոդվածի 2-րդ մասը, 265-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Կառուցվածքային փոփոխությունների կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի 07.07.2006 թվականի թիվ 1188-Ա հրամանի համաձայն` հաստիքների կրճատման պատճառով Աննա Գաբրիելյանն աշխատանքից ազատվել է:

Դատարանը կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) 113-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, համաձայն որի` սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով գործատուն աշխատանքային պայմանագիրը կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, սակայն աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Քանի որ ՀՀ ոստիկանությունը հնարավորություններ չի ունեցել Աննա Գաբրիելյանին այլ աշխատանք առաջարկելու համար, ուստի դատարանի կողմից պետք է կիրառվեր նույն մասի 2-րդ կետը, համաձայն որի` գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:

Դատարանի կողմից պետք է կիրառվեր նաև Օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասը, որը աշխատանքից ազատման կապակցությամբ գործատուի կողմից աշխատողին գրավոր ծանուցման պարտականությունները չկատարելու դեպքում նախատեսում է տուժանքի վճարում, այլ ոչ թե աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու գործատուի պարտավորություններ:

Դատարանի կողմից պետք է կիրառվեր նաև Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարել հատուցում:

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 01.12.2006 թվականի վճիռը, փոփոխել այն, Աննա Գաբրիելյանի հայցը` նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասով մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

1) ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի 26.07.2006 թվականի հրամանով Աննա Գաբրիելյանն ազատվել է աշխատանքից /հիմք` ՀՀ ոստիկանության պետի 07.07.2006 թվականի «Կազմհաստիքային հարցերով» թիվ 1188-Ա հրաման/:

2) Ըստ ՀՀ ոստիկանության պետի 07.07.2006 թվականի թիվ 1188-Ա հրամանով սահմանված կազմհաստիքային փոփոխությունների ցանկի` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնում անձնագրային բաժանմունքի անձնագրավարների աշխատատեղերը կրճատվել են մեկով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում, գործատուն իրավունք ունի լուծել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը: ՀՀ ոստիկանության պետի 07.07.2006 թվականի «Կազմհաստիքային հարցերով» թիվ 1188-Ա հրամանի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի 26.07.2006 թվականի հրամանով Աննա Գաբրիելյանն ազատվել է աշխատանքից:

Վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ ՀՀ ոստիկանությունն Աննա Գաբրիելյանին այլ աշխատանք առաջարկելու հնարավորություն չի ունեցել, հետևաբար դատարանի կողմից պետք է կիրառվեր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, համաձայն որի` գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու, վճռաբեկ դատարանն անհիմն է համարում, քանի որ գործի վերաքննության ընթացքում պատասխանողի ներկայացուցիչը հայտնել է, որ հայցվորին առաջարկվել է իր բնակավայրին մոտ այլ աշխատանք, իսկ հայցվորը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Հետևաբար, դատարանի կողմից կիրառվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, համաձայն որի` սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով գործատուն աշխատանքային պայմանագիրը կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, սակայն աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:

Այսինքն` վճռաբեկ դատարանն անհիմն է համարում դատարանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սխալ կիրառելու և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը չկիրառելու մասին բողոքում նշված պատճառաբանությունները:

Դատարանի կողմից կիրառվել է Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի` օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: Հաշվի առնելով, որ գործով հիմնավորվել է, որ նշված կետով սահմանված` հայցվորին աշխատանքից ազատելու մասին պարտադիր ծանուցման պահանջը գործատուի` տվյալ դեպքում պատասխանողի, կողմից չի կատարվել, ապա սույն դեպքում դատարանի կողմից պետք է կիրառվեր նաև նույն հոդվածի 2-րդ մասը, ըստ որի` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տուժանք: Նշված հոդվածի բովանդակությունից երևում է, որ աշխատանքից ազատելիս աշխատողին նախապես գրավոր ծանուցման պարտականությունների չկատարման համար նախատեսված է միայն աշխատողին տուժանքի վճարման գործատուի պարտավորությունը, այլ ոչ թե նախկին աշխատանքում վերականգնելու պարտավորություն:

Գործում առկա ՀՀ ոստիկանության պետի թիվ 1188-Ա հրամանով սահմանված կազմհաստիքային փոփոխությունների ցանկի համաձայն` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնում անձնագրային բաժանմունքի անձնագրավարների աշխատատեղերը կրճատվել են մեկով, ինչը նշանակում է, որ հաստիքների կրճատման պատճառով հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելն անհնարին է, հետևաբար, դատարանի կողմից պետք է կիրառվեր Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարել հատուցում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը մասնակի բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 01.12.2006 թվականի վճռի` Աննա Գաբրիելյանին նախկին աշխատանքում վերականգնելու մասը, և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

Ս. Սարգսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.08.2007
N 3-859 (ՎԴ)
Որոշում