ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 3-1759(ՏԴ)
Նախագահող դատավոր` Ռ.Սարգսյան 2006թ.
Քաղաքացիական գործ թիվ Տ-1777/2006թ.
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
2006 թվականի սեպտեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 03.07.2006 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ծառայության Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության (այսուհետ` Հարկային տեսչություն) ընդդեմ «Վարդաշենի հանք» համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն)` 3.850.500 ՀՀ դրամ տուգանք բռնագանձելու և ըստ հակընդդեմ հայցի` Ծառայության հարկային հաշվանցումների հսկողության վարչության 20.03.2006 թվականի թիվ 1007382 ակտի 14-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հարկային տեսչությունը խնդրել է բռնագանձել պատասխանողից 19.05.2006 թվականի դրությամբ հաշվարկված հարկային պարտավորությունների 3.850.500 ՀՀ դրամ պարտքը:
Հակընդդեմ հայցով Ընկերությունը խնդրել է անվավեր ճանաչել Ծառայության հարկային հաշվանցումների հսկողության վարչության 20.03.2006 թվականի թիվ 1007382 ակտի 14-րդ կետը:
ՀՀ տնտեսական դատարանի 03.07.2006 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:
Ընկերության կողմից վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`
ՀՀ տնտեսական դատարանը չի կիրառել «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետը, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր և կիրառել է «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:
Ընկերությունը հանքարդյունահանման հատուկ լիցենզիան ստացել է 12.02.2004 թվականին, իսկ կոնցեսիայի պայմանագիրը կնքվել է 23.05.2005 թվականին: 01.10.2004 թվականից 23.05.2005 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերությունն իրականացրել է լիցենզավորման ենթակա գործունեություն առանց օրինական ուժի մեջ մտած լիցենզիայի, այսինքն` առկա է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության փաստ:
Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է ՀՀ տնտեսական դատարանի 03.07.2006 թվականի վճիռը բեկանել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից Ընկերությանը 11.07.1996 թվականին տրվել է օգտակար հանածոների արդյունահանման թիվ 1282 արտոնագիրը մինչև 25 տարի գործողության ժամկետով:
2) Նշված արտոնագրի հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարության և Ընկերության միջև 01.08.2003 թվականին կնքվել է հանքավայրերից պինդ օգտակար հանածոների արդյունահանման թիվ 334 պայմանագիրը:
3) ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից Ընկերությանը 12.02.2004 թվականին տրվել է թիվ ՀԱ-Լ-14/69 հանքարդյունահանման հատուկ լիցենզիա մինչև 25 տարի գործունեության ժամկետով` 11.07.1996 թվականից մինչև 11.07.2021 թվականը:
4) 23.05.2005 թվականին Ընկերության, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նդարարության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև կնքվել է հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման լիցենզային թիվ 087 պայմանագիրը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «անցումային ժամանակաշրջան» նշանակում է տասնչորս ամիս` որի հաշվարկն սկսվում է օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս հետո: Այն տնտեսվարող սուբյեկտը, որը մինչև օրենքի ուժի մեջ մտնելն ունեցել է հանքային իրավունք, անցումային ժամանակաշրջանում համարվել է ժամանակավոր լիցենզառու: Անցումային ժամանակաշրջանում ժամանակավոր լիցենզառուն իրավասու է իրականացնել այն բոլոր գործողությունները, որոնք նա իր լիցենզիայի համաձայն իրականացնում էր մինչև օրենքի ուժի մեջ մտնելը:
Ընկերությունն ունեցել է Ընդերքի մասին 19.03.1992 թվականի ՀՀ օրենսգրքին համապատասխան տրված օգտակար հանածոների արդյունահանման արտոնագիր: «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց` 01.04.2003 թվականից հետո Ընկերությունը նշված օրենքով սահմանված ժամկետում` «անցումային ժամանակաշրջանում», 12.02.2004 թվականին, ստացել է թիվ ՀԱ-Լ-14/69 հանքարդյունահանման հատուկ լիցենզիան` 11.07.1996 թվականին տրված արտոնագրով սահմանված ժամկետի սկզբից` 11.07.1996 թվականից մինչև 11.07.2021 թվականը ժամկետով:
«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթները կարգավորել են նախկինում տրված արտոնագրի փոխարինումը նոր օրենսդրությանը համապատասխան տրված լիցենզիայով: Նախկին փաստաթղթերի, այդ թվում` պայմանագրերի փոխարինման պարտականություն է սահմանել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 65-րդ հոդվածը, համաձայն որի դա պետք է կատարվեր մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը: Այս ժամկետը համապատասխանում է «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքով սահմանված 14 ամսվա ժամկետին:
ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի ուժով (ուժի մեջ է մտել 21.12.2002 թվականին) Ընկերությունն օգտակար հանածոների արդյունահանման արտոնագրի հիման վրա պարտավորություն է ունեցել կնքելու պայմանագիր: Նշված պարտավորության կատարման փաստ է հանդիսանում ՀՀ բնապահպանության նախարարության և Ընկերության միջև 01.08.2003 թվականին կնքված հանքավայրերից պինդ օգտակար հանածոների արդյունահանման թիվ 334 պայմանագիրը:
«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` լիցենզիայի գործողության ժամկետի սկիզբ է համարվում լիցենզային պայմանագրի կնքման պահը: Վերջինիս իմաստով փոխարինված լիցենզիաների ժամկետի սկիզբ պետք է համարել նախկին արտոնագրի հիման վրա կնքված պայմանագրի օրը, տվյալ դեպքում` ՀՀ բնապահպանության նախարարության և Ընկերության միջև հանքավայրերից պինդ օգտակար հանածոների արդյունահանման (որը հավասարազոր է լիցենզային պայմանագրին` Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 36-րդ հոդվածի իմաստով) թիվ 334 պայմանագրի կնքման օրը` 01.08.2003 թվականը:
Այսպիսով, «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի և ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի իմաստով, եթե արտոնագիրն օրենքին համապատասխան փոխարինվել է լիցենզիայով, ապա նոր լիցենզիայի հետ շարունակում է գործել դրան համապատասխան վերագրանցված, նախկինում կնքված և գործող ընդերքօգտագործման պայմանագիրը, որի առկայության պայմաններում իր արտոնագիրը վերաձևակերպած լիցենզառուն իրականացրել է օրինական գործունեություն: Հետևաբար, Ընկերության նկատմամբ` որպես հարկ վճարողի, 20.03.2006 թվականի թիվ 1007382 ստուգման ակտի 14-րդ կետով առաջադրված հարկային պարտավորության հաշվարկումը հիմնավորված չէ: Ընկերությունն ակտում արձանագրված ժամանակաշրջանում գործել է «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի և ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի անցումային դրույթներով նախատեսված կարգով և նրա գործունեությունը չի կարող գնահատվել առանց լիցենզիայի իրականացրած գործունեություն: Այս պատճառաբանության տրամաբանությամբ հիմնավոր չէ նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի հիման վրա Ընկերության նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել` ՀՀ տնտեսական դատարանի 03.07.2006 թվականի վճիռը թողնել անփոփոխ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ