13.08.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 ապրիլի 2021 թվականի N 600-Ն
ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 757-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 14-րդ մասի պահանջները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների և 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում շենքերի, շինությունների դասակարգումը բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության`
1) բնակելի նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) հասարակական նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) արտադրական նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
2. Մեկից ավելի տարբեր նպատակային նշանակությամբ օգտագործվող շենքերը, շինություններն ընդգրկվում են սույն որոշմամբ սահմանված այն նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման կազմում, որն ունի ավելի մեծ մակերես` բացառությամբ բազմաբնակարան բնակելի ու բազմաֆունկցիոնալ շենքերի և բնակելի տների:
3. Բազմաբնակարան բնակելի և բազմաֆունկցիոնալ շենքերում գտնվող հասարակական կամ արտադրական նշանակության շինությունները, ըստ նպատակային նշանակության, դասակարգվում են հասարակական կամ արտադրական նշանակության:
4. Բնակելի կառուցապատման հողամասում գտնվող կամ կառուցման համար նախատեսված տնտեսական և օժանդակ շինությունները, ըստ նպատակային նշանակության, դասակարգվում են բնակելի նշանակության:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին» N 757-Ն որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. ապրիլի 19
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի ապրիլի 15-ի
N 600-Ն որոշման
ՑԱՆԿ
ԲՆԱԿԵԼԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
1. Բնակելի` մարդկանց բնակության համար նախատեսված շինություններ, բաղկացած բնակելի ու օժանդակ և տնտեսական մասերից` օժտված կոմունալ հարմարություններով:
2. Անհատական բնակելի տուն, առանձնատուն, այգետնակ (ամառանոց)` հողամասի վրա կառուցված, իր օժանդակ և տնտեսական շինություններով կառույցը:
3. Հիմնական շինություն` հիմնական է կոչվում այն շինությունը, որը նույն հողատարածքի վրա գտնվող այլ շինությունների շարքում հանդիսանում է իշխողը (գլխավորը) շինվածքի հիմնականության, ճարտարապետական հորինվածքի և նպատակային նշանակության հատկանիշներից ելնելով: Նույն հողատարածքի վրա կարող են տեղադրված լինել մեկից ավելի հիմնական շինություններ:
4. Օժանդակ և տնտեսական շինություն` նույն հողատարածքի վրա գտնվող հիմնական շինության նկատմամբ երկրորդական նշանակություն ունեցող շինությունը: Օժանդակ և տնտեսական շինությունների թվին են պատկանում անասնաշենքերը, հացատները, խորդանոցները, մարագները, ցախատները, անհատական օգտագործման ավտոտնակները, շվաքարանները, ջերմոցները, մառանները, բակային լողավազանները, ջրավազանները և այլ կառույցներ:
5. Բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքի բնակարան` բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը:
6. Բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենք` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող կառույցը:
7. Բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքի ոչ բնակելի տարածք` բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքում բնակարան կամ ավտոտնակ (ավտոկայանատեղի, ավտոհանգրվան) կամ հասարակական, արտադրական նշանակության շինություն չհամարվող, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը:
8. Ավտոտնակ (ավտոկայանատեղի, ավտոհանգրվան)` տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված կառույցը:
9. Հանրակացարան` ժամանակավոր բնակության համար նախատեսված տարածքը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի ապրիլի 15-ի
N 600-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
1. Հասարակական` բնակչության սոցիալական սպասարկման, վարչական նպատակներով օգտագործման կամ հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շենքերը և շինությունները:
2. Գիտական, կրթական և ուսումնական նշանակության շենքեր և շինություններ, այդ թվում` գիտական, գիտահետազոտական գործունեություն ծավալող կազմակերպությունների շենքեր և շինություններ, կրթական և ուսումնական նշանակության շինություններ, որոնք նախատեսված են նախադպրոցական (մսուր և մանկապարտեզ), հանրակրթական (տարրական, հիմնական, միջնակարգ, ավագ, վարժարան, կրթահամալիր, հատուկ), նախնական մասնագիտական ուսումնարանների, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, լրացուցիչ կրթության (այդ թվում` արտադպրոցական դաստիարակության) ուսումնական հաստատությունների համար և այլն:
3. Առողջապահության, սոցիալական ապահովության շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են հիվանդանոցների, պոլիկլինիկաների, հոսպիտալների, ամբուլատորիաների, շտապ բժշկական օգնության կայանների, ծննդատների, կաթնային խոհանոցների, դեղատների, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպությունների, առողջապահական գործակալությունների, վերականգնողական և դիագնոստիկ կենտրոնների, առողջարանների, առողջարանային դպրոցական ճամբարների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և համայնքային փոքր տների, պրոֆիլակտորիաների և այլնի համար:
(3-րդ կետը փոփ. 03.08.2023 թիվ 1304-Ն որոշում)
4. Սպորտի, հանգստի և ժամանցի շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են մարմնակրթական և սպորտային կենտրոնների, մարզադաշտերի, ձիարշավարանների, կենդանաբանական այգիների, բուսաբանական այգիների, թենիսի կորտերի, լողավազանների, ավտոդրոմների, հրաձգարանների, սպորտային դահլիճների, հանգստյան տների, հանգստի բազաների, երիտասարդական ճամբարների, հյուրանոցների, զբոսաշրջային բազաների, մոթելների, քեմփինգների գիշերային ակումբների, ատրակցիոնների և ավտոմատ խաղերի դահլիճների, խաղատների և այլնի համար:
5. Մշակույթի, արվեստի շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են գրադարանների, թանգարանների, ցուցասրահների, պատկերասրահների, ակումբների, մշակույթի տների, թատրոնների, հանգստի կենտրոնների, կինոթատրոնների, համերգային և մարզահամերգային համալիրների, կրկեսների, արվեստանոցների և այլնի համար:
6. Առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են խանութների, կրպակների, շուկաների, տոնավաճառների, ռեստորանների, բարերի, ճաշարանների, սրճարանների, ավտոլցավորման և գազալցման կայանների, ավտոտեխսպասարկման կայանների, հանրային ավտոկայանատեղերի, վերանորոգման կետերի, լուսանկարչատների, քիմիական մաքրման կետերի, կոշիկի և կարի անհատական պատվերների սրահների, վարսավիրանոցների, լվացքատների, երկրորդական հումքի ընդունման կետերի, ներկատների և այլնի համար:
7. Կոմունալ տնտեսության շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են հարսանյաց տների, սգո սրահների, գերեզմանատների, բաղնիքների, սաունաների, հասարակական զուգարանների և այլնի համար:
8. Վարչակառավարչական, ֆինանսական, կապի և տրանսպորտի շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, վարչական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, դրամատների, բանկերի, տարբեր տիպի գրասենյակների, իրավաբանական խորհրդատվության, նոտարական գրասենյակների, տարբեր տիպի գործակալությունների, կապի բաժանմունքների, տրանսպորտի բոլոր տիպի կայանների (ավտոկայաններ, օդանավակայաններ, երկաթուղային կայարաններ և այլն), ուղևորների սպասարկման գրասենյակների, տրանսպորտային գործակալությունների, տոմսերի իրացման կետերի, հրշեջ կայանների, լրատվական կենտրոնների, արխիվների, ապահովագրության հիմնարկների, դեսպանությունների, հյուպատոսությունների, միջազգային կազմակերպությունների, հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների, ավտոմատ հեռախոսակայանների, քրեակատարողական հիմնարկների, զորամասերի և այլնի համար:
9. Կրոնական, պաշտամունքային շենքեր և շինություններ:
10. Բնակչության պաշտպանության համար նախատեսված քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ, այդ թվում`
1) ապաստարան քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց, որը նախատեսված է զենքի խոցման միջոցների ազդեցության հետևանքով (առանց ուղիղ խոցման հաշվարկի), ռադիոակտիվ և թունավոր նյութերից, մանրէաբանական և կենսաբանական միջոցներից, հրդեհներից առաջացող բարձր ջերմաստիճանից մարդկանց պատսպարման ու այնտեղ գտնվելու ընթացքում նրանց կենսագործունեության ապահովման համար.
2) հակաճառագայթային թաքստոց քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց, որը նախատեսված է պատսպարվողներին իոնիզացնող ճառագայթման ներգործությունից պաշտպանելու համար:
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի ապրիլի 15-ի
N 600-Ն որոշման
ՑԱՆԿ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
1. Արտադրական` արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և դրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններ ապահովող շենքերը, շինությունները:
2. Արդյունաբերական, որոնք զբաղեցված են գործարաններով, ֆաբրիկաներով, տարբեր տիպի էլեկտրակայաններով և ենթակայաններով, թափոնների վերամշակման և վերջնական տեղադրման կառույցներով, ձկնաբուծարաններով և ձկնաբուծական լճերով, արհեստանոցներով, տարբեր տիպի արտադրամասերով, կոմբինատներով, լեռնահանքային արտադրություններով, շինարարական կազմակերպություններով, մեծածախ բազաներով, սառնարանային տնտեսություններով, հրատարակչություններով, տպարաններով, պահեստներով, գիտաարտադրական կազմակերպություններով, նախագծային և կոնստրուկտորական կազմակերպություններով, հանքարդյունաբերական կազմակերպություններով, պոմպակայաններով, ջրամբարներով, մաքրման կայաններով, հիդրոտեխնիկական կառույցներով, կաթսայատներով, տրանսպորտային կազմակերպություններով (ավտոպարկ, դեպո), ինժեներական և կոմունալ ենթակառուցվածքների կառույցներով և այլնով:
3. Գյուղատնտեսական արտադրական, որոնք զբաղեցված են անասնաշենքերով, սպանդանոցներով, թռչնանոցներով, ջերմոցներով, դեզանոցներով, չորանոցներով, սիլոսահորերով, պահեստներով, անասնաբուժական կայաններով, արհեստական սերմնավորման կայաններով, սառնարանային տնտեսություններով, կերախոհանոցներով, սերմնաբուծական, թռչնաբուծական և անասնաբուծական կայաններով, տնկարկային տնտեսություններով, գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկերով, գյուղատնտեսական մթերքների մթերման կետերով և այլնով:
Պաշտոնական հրապարակման օրը` 19 ապրիլի 2021 թվական: