(ուժը կորցրել է 12.02.2020 թիվ 190-Ն որոշում)
i
041.0532.160902
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 սեպտեմբերի 2002 թվականի N 532-Ն
i
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ՈՒ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 8-րդ հոդվածի երկրորդ ու երրորդ մասերին և 121-րդ հոդվածի յոթերորդ մասի 1-ին կետին համապատասխան`
1. Հաստատել`
ա) ջրի ազգային խորհրդի կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ջրի ազգային խորհրդի կազմը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հոկտեմբերի 10-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
վարչապետի 2002 թվականի
սեպտեմբերի 16-ի N 532-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
1. Ջրի ազգային խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում բարձրագույն խորհրդատվական մարմին է, որը միջբնագավառային մասնակցության միջոցով քննարկում և առաջարկություններ է ներկայացնում ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրին ու բնագավառին վերաբերող այլ իրավական ակտերի վերաբերյալ:
2. Խորհրդի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով:
i
3. Խորհուրդը գործում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին, այլ օրենքներին և սույն կանոնակարգին համապատասխան: Խորհուրդն ունի իր անվանմամբ ձևաթուղթ:
(3-րդ կետը փոփ. 03.02.06 թիվ 67-Ն որոշում)
4. Խորհրդի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության վարչապետն է:
5. Խորհրդի նախագահը`
i
ա) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը, որոշում է ընդունում հարցման կարգով խորհրդի նիստ հրավիրելու վերաբերյալ: Իր բացակայության դեպքում խորհրդի նախագահի լիազորությունը հանձնարարում է խորհրդի նախագահի տեղակալին, իսկ նրա բացակայության դեպքում` խորհրդի անդամներից որևէ մեկին.
բ) ապահովում է խորհրդի բնականոն գործունեությունը.
գ) խորհրդին է ներկայացնում խորհրդի նիստերի օրակարգերի նախագծերը.
դ) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում համակարգում է խորհրդի աշխատանքը:
(5-րդ կետը փոփ. 02.02.18 թիվ 67-Ն որոշում)
i
6. Խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի քարտուղար և ունի քարտուղարություն:
(6-րդ կետը փոփ. 03.02.06 թիվ 67-Ն որոշում)
7. Խորհրդի քարտուղարը`
i
ա) ապահովում է խորհրդի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը, այդ թվում` հարցման կարգով հրավիրվող խորհրդի նիստերի.
բ) ապահովում է խորհրդի նիստերի արձանագրության կազմումը.
գ) ապահովում է խորհրդի գործունեության մասին տեղեկատվության տարածումը.
դ) խորհրդի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ.
ե) ապահովում է քարտուղարության բնականոն գործունեությունը:
(7-րդ կետը փոփ. 03.02.06 թիվ 67-Ն, 02.02.18 թիվ 67-Ն որոշումներ)
8. Խորհրդի անդամն իրավունք ունի`
i
ա) մասնակցելու խորհրդի նիստերին` վերջինիս իրավասությանը վերաբերող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով.
բ) խորհրդի նիստերում հանդես գալու առաջարկություններով (այդ թվում` հարցման կարգով հրավիրվող խորհրդի նիստերի).
գ) խորհրդի որոշմամբ իրականացնելու այլ լիազորություններ:
(8-րդ կետը փոփ. 02.02.18 թիվ 67-Ն որոշում)
i
9. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի, այդ թվում` հարցման կարգով նիստ հրավիրելու միջոցով: Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, առնվազն երեք ամիսը մեկ անգամ:
(9-րդ կետը փոփ. 02.02.18 թիվ 67-Ն որոշում)
10. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Հերթական նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ: Խորհրդի անդամները նիստը վարելու կարգի վերաբերյալ առաջարկություններ անում են մինչև հարցի զեկուցումն ու քվեարկությունից առաջ: Զեկուցողի առաջարկությունը քվեարկության է դրվում առաջին հերթին: Զեկուցողի առաջարկությունը չընդունվելու դեպքում քվեարկվում են մյուս առաջարկությունները: Այն առաջարկությունը, որն իր բովանդակությամբ հակառակ է արդեն ընդունված առաջարկությանը, քվեարկության չի դրվում:
i
10.1. Հարցման կարգով խորհրդի նիստ հրավիրելու դեպքում խորհրդի քարտուղարը խորհրդի նախագահի հետ համաձայնեցված օրակարգի նախագիծը խորհրդի անդամներին գրավոր ներկայացնում է հարցման: Օրակարգը հաստատվելու դեպքում խորհրդի քարտուղարն օրակարգում ընդգրկված հարցերի նյութերը գրավոր ներկայացնում է խորհրդի անդամներին: Խորհրդի անդամները, խորհրդի նախագահի կողմից սահմանած ժամկետում, խորհրդի քարտուղարին ներկայացնում են գրավոր դիրքորոշում` հստակ նշելով հարցերից յուրաքանչյուրին «կողմ» կամ «դեմ» լինելու վերաբերյալ: Խորհրդի նախագահի կողմից սահմանած ժամկետում գրավոր դիրքորոշում չներկայացնելու կամ ներկայացված գրության մեջ հարցերի վերաբերյալ հստակ դիրքորոշում չներկայացնելու դեպքում խորհրդի անդամի դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ համարվում է դրական:
(10.1-ին կետը լրաց. 02.02.18 թիվ 67-Ն որոշում)
10.2. Հարցման կարգով նիստերի որոշումները համարվում են ընդունված, եթե հարցման կարգով «կողմ» է արտահայտվել խորհրդի անդամների պարզ մեծամասնությունը:
(10.2-րդ կետը լրաց. 02.02.18 թիվ 67-Ն որոշում)
11. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկությունների ժամանակ ունի 1 ձայն: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է: Խորհրդի որոշումները կարող են վերանայվել միայն խորհրդի կողմից: Խորհրդի որոշումները խորհրդատվական բնույթ ունեն:
12. Խորհուրդն իրավունք ունի իր լիազորությունների իրականացման համար պետական մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ու քաղաքացիներից պահանջելու տեղեկանքներ, պարզաբանումներ և այլ փաստաթղթեր:
13. Խորհրդի նիստերում, բացի խորհրդի անդամներից, իրավունք ունեն ներկա գտնվելու խորհրդի նախագահի կողմից հրավիրված անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով: Խորհուրդը կարևոր հարցերի վերաբերյալ կարող է կազմակերպել ընդլայնված լսումներ` հրավիրելով պաշտոնատար անձանց և մասնագետների: Խորհրդի քննարկումների բովանդակային խնդիրները ենթակա են հրապարակման: Խորհուրդը տարեկան մեկ անգամ հրապարակայնորեն հանդես է գալիս կատարած աշխատանքների մասին հաղորդմամբ:
Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամի պահանջի դեպքում նրա առարկությունը կամ վերապահումը պետք է արտացոլվի արձանագրության մեջ:
i
14. Խորհուրդն իր լիազորությունների սահմաններում առանձին խնդիրների լուծման նպատակով կարող է ստեղծել աշխատանքային խումբ (խմբեր)` ներգրավելով համապատասխան մասնագետների:
Քարտուղարության և աշխատանքային խմբերում ներգրավված մասնագետների վարձատրությունը խորհրդի ներկայացմամբ, սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Աշխատանքային խումբը (խմբերը) կատարած աշխատանքների մասին հաշվետվություն է ներկայացնում խորհրդին:
(14-րդ կետը փոփ. 03.02.06 թիվ 67-Ն որոշում)
15. Խորհրդի անդամն իր լիազորություններն իրականացնում է հասարակական հիմունքներով: Քարտուղարության և խորհրդի աշխատանքները կազմակերպելու համար հատկացվում են անհրաժեշտ նյութեր, սարքեր, սարքավորումներ, տեխնիկական միջոցներ, աշխատանքային տարածք և տրանսպորտային միջոցներ, որոնց տրամադրման կարգը խորհրդի ներկայացմամբ սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:
(15-րդ կետը փոփ. 03.02.06 թիվ 67-Ն որոշում)
Հավելված N 2
i
Հայաստանի Հանրապետության
վարչապետի 2002 թվականի
սեպտեմբերի 16-ի N 532-Ն որոշման
ԿԱԶՄ
i
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ, Ջրի ազգային խորհրդի նախագահի
տեղակալ
Է. Գրիգորյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարար
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարար
Տ. Գաբրիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ֆ. Ցոլակյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Վ. Վերմիշյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Գ. Բաղրամյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ
Վ. Մելքոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության ջրային կոմիտեի նախագահ
Ս. Ղազարյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Կ. Մուխսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և
շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ
Ս. Աթանեսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի
նախագահի տեղակալ
Է. Փիրումյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային
ռեսուրսների կառավարման գործակալության պետի
պաշտոնակատար
Ա. Վանյան - «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման
ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային
կազմակերպության գլխավոր տնօրեն
Յու. Ջավադյան - «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական
ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Թոքմաջյան - Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային
ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)
(2-րդ հավելվածը փոփ. 19.08.03 թիվ 390-Ն, 02.12.03 թիվ 619-Ն, 12.04.04 թիվ 203-Ն, 20.07.05 թիվ 553-Ն, 03.02.06 թիվ 67-Ն, 06.05.06 թիվ 304-Ն, 08.10.07 թիվ 710-Ն, 25.10.08 թիվ 839-Ն, 21.03.11 թիվ 208-Ն, 17.01.13 թիվ 24-Ն, 18.07.14 թիվ 669-Ն, 10.02.15 թիվ 196-Ն, 03.06.15 թիվ 458-Ն, 28.09.15 թիվ 855-Ն, 30.12.15 թիվ 1286-Ն, 25.07.16 թիվ 667-Ն, 31.01.17 թիվ 71-Ա, 02.02.18 թիվ 67-Ն, 07.03.18 թիվ 229-Ն, 27.08.18 թիվ 1139-Ն, 07.02.2019 թիվ 102-Ն, 16.08.2019 թիվ 1138-Ն որոշումներ)