020.1174.041114
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 315-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 309-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
4 նոյեմբերի 2014թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմողի ներկայացուցիչ, փաստաբան Ա. Զաքարյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Արման Այվազյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը քաղաքացի Ա. Այվազյանի` 05.06.2014թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական օրենսգիրքը և ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. ՀՀ քրեական օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2003 թվականի ապրիլի 18-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել`2003 թվականի ապրիլի 29-ին և ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ից:
ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ ՔՕ) 315-րդ հոդվածի` վիճարկվող 1-ին մասը սահմանում է. «Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ ՔրԴՕ)` «Դատական քննության սահմանները» վերտառությամբ 309-րդ հոդվածը սահմանում է.
«1. Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել:
2. Դատական քննության ընթացքում մեղադրանքի փոփոխություն թույլատրվում է, եթե դրանով չի վատթարանում ամբաստանյալի վիճակը, և չի խախտվում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը: Մեղադրանքը խստացման առումով փոխելը թույլատրվում է միայն սույն օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում»:
ՀՀ ՔրԴՕ-ի 309-րդ հոդվածը` վերոնշյալ խմբագրությամբ, ամրագրվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-270-Ն ՀՀ օրենքով, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2007 թվականի նոյեմբերի 28-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի դեկտեմբերի 18-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի դեկտեմբերի 27-ին:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. 2012 թվականի սեպտեմբերի 19-ին Արման Այվազյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Առաջին ատյանի դատարանում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով Ա.Այվազյանին առաջադրված մեղադրանքը չի հաստատվել, և նա առաջադրված մեղադրանքով արդարացվել է: Դրա փոխարեն դատարանն իր` 2013 թվականի հունիսի 27-ի դատավճռով գտել է, որ Ա. Այվազյանի արարքը ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասից պետք է վերաորակել ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով, և նրան մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն):
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր` 2013 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ գտել է, որ առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի պատճառաբանությունները հիմնավոր չեն, և առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 2013 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 16-ի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը վերադարձրել է:
3. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարանին խնդրում է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ ՔրԴՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները:
ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների առնչությամբ իր փաստարկները դիմողը հիմնավորում է նրանով, որ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունը երաշխավորում է անձի ազատությունը «հակասահմանադրական կամ չափից դուրս պետական հարկադրանքից»: Անօրինական հարկադրանքից ազատ լինելը ներառում է նաև անձի իրավունքը` անարդարացի կերպով չներքաշվելու քրեական դատավարության մեջ և չհետապնդվելու առանց մեղքի:
Ըստ դիմողի`ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության նկատմամբ պետության միջամտությունը, այն է` ընդհանուր ազատության իրավունքի սահմանափակումը, թույլատրելի է միայն օրենքով, ընդ որում` միայն այնպիսի օրենքով, որը ցանկացած տեսանկյունից համապատասխանում է Սահմանադրությանը (սահմանափակման սահմանափակման սկզբունք): Օրենսդիրը սահմանափակել է ընդհանուր ազատության իրավունքը ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին: Ըստ այս սկզբունքի` քաղաքացին պետք է կարողանա հասկանալ, թե իր վարքագիծն ինչ իրավական հետևանքներ կարող է առաջացնել: Քաղաքացու գործողություններին պետության արձագանքը պետք է կանխատեսելի լինի, այլապես քաղաքացին կդառնա պետության կամայականության զոհ: Իրավական որոշակիության սկզբունքի առանձնահատուկ ձևակերպում է առկա ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 4-րդ մասում, որը պահանջում է արարքի պատժելիությունը սահմանել օրենքով (nullum crimen/ nulla poena sine lege): Ըստ հիշյալ սկզբունքի` քրեաիրավական նորմի փաստակազմը պետք է այնքան կոնկրետ ու հստակ ձևակերպված լինի, որ յուրաքանչյուրի համար առանց որևէ կասկածի պարզ լինի, թե որ արարքն է թույլատրված և որ արարքն է արգելված:
Դիմողը գտնում է նաև, որ, ի տարբերություն գույքային վնասի, ոչ գույքային վնասի դեպքում օրենսդիրը չի սահմանել էական վնասը ոչ էականից տարբերակելու որևէ չափանիշ: Ավելին` դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեղադրական դատավճիռ կայացնելու համար դատարանները բավարար են համարում միայն ոչ գույքային վնասի առկայությունը` անկախ դրա էական կամ ոչ էական լինելու հանգամանքից:
ՀՀ ՔրԴՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների առնչությամբ դիմողը կարծիք է հայտնում, որ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասը երաշխավորում է արդար, այն է` Սահմանադրության նվազագույն պահանջները բավարարող դատավարություն, և պահանջում է, որ գործը քննվի հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, գործը պետք է քննի անկախ և անկողմնակալ (չեզոք) դատարանը` հրապարակավ:
ՀՀ ՔրԴՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների առնչությամբ իր փաստարկները դիմողը հիմնավորում է նրանով, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի լույսի ներքո (արժանապատվության իրավունք) ամբաստանյալը չպետք է լինի դատավարության օբյեկտ, այլ, հակառակը, իբրև դատավարության մասնակից` նա իր նյութական իրավունքների պահպանման համար պետք է բավարար ազդեցություն ունենա դատավարության ընթացքի վրա: Արդար դատաքննության իրավունքը խախտվում է, երբ ամբաստանյալը հնարավորություն չի ունենում իր դիրքորոշումը հայտնելու դատավճռի հիմքում ընկած փաստերի ու ապացույցների վերաբերյալ, կամ երբ դատարանն ակնհայտորեն հաշվի չի առել նրա դիրքորոշումը: Օրենսդիրը, ՀՀ ՔրԴՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով թույլատրելով դատարանին իր նախաձեռնությամբ, ինքնուրույն վերաորակել ամբաստանյալին մեղսագրվող արարքը, խախտել է դատարանի չեզոքության սկզբունքն ամբաստանյալի` հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ դատավարության իրավունքը:
4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ ՔրԴՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրության 19, 22 և 42-րդ հոդվածների պահանջներին:
ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ վկայակոչելով սահմանադրական դատարանի մի շարք որոշումներ, որոնցում ամրագրված են իրավական որոշակիության սկզբունքի և դրա բովանդակության վերաբերյալ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` պատասխանողն անհիմն է համարում ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 4-րդ մասին ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասի չհամապատասխանելու վերաբերյալ դիմողի պնդումը:
Ըստ պատասխանողի` ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան` հանցակազմի հատկանիշները, շարադրված է բավարար հստակ, որպեսզի քաղաքացին կարողանա հասկանալ, որ իր վարքագիծը հանգեցնում է քրեական պատասխանատվության, և օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից անհնար է ավելի լայն բացահայտել հանցակազմի հատկանիշները:
ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասում գույքային վնասը սահմանված չլինելու վերաբերյալ դիմողի դատողությունների առնչությամբ պատասխանողը` ներկայացնելով մի շարք եվրոպական երկրների քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածները, արձանագրում է, որ այդ եվրոպական երկրների քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներում ոչ գույքային վնասը նույնպես սահմանված չէ: Դրա հիմքում դրված է այն հանգամանքը, որ, ինչպես կարծում է պատասխանողը, օրենսդրորեն անհնար է սահմանել ոչ գույքային վնասի հասկացությունը, և վերջինս որոշելիս պետք է, ի թիվս այլնի, հիմք ընդունվեն դատական պրակտիկայում առկա չափորոշիչները` հիմք ընդունելով քաղաքացիներին, հասարակությանը և պետությանը հասցված բարոյական վնասի ծանրությունը, տուժած անձանց թվաքանակը, ոտնահարված իրավունքների ու ազատությունների կարևորությունը, դրանց ոտնահարման աստիճանը:
ՀՀ ՔրԴՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ վերլուծելով ամբաստանյալի վիճակի վատթարացման և ամբաստանյալի պաշտպանության իրավունքի ոտնահարման անթույլատրելիության սկզբունքների բովանդակությունը և ներկայացնելով այն դեպքերը, որոնց պարագայում միայն կարող է վատթարանալ ամբաստանյալի վիճակը կամ ոտնահարվել ամբաստանյալի պաշտպանության իրավունքը` պատասխանողն արձանագրում է, որ ՀՀ ՔրԴՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից բխում է, որ դատարանը դատավճիռ կայացնելիս կարող է փոխել մեղադրյալին ներկայացված և դատական քննության ընթացքում դատախազի կողմից պաշտպանվող մեղադրանքը, եթե նոր մեղադրանքն ավելի խիստ չէ, քան սկզբնական մեղադրանքը, և դրա հիմքում չեն լրացվել նոր փաստական հանգամանքներ` ի տարբերություն նախորդ մեղադրանքի, կամ չեն փոփոխվել վերջինիս հիմքում դրված փաստական հանգամանքները:
Հղում կատարելով ԵԱՔԴ 0171/01/09 քրեական գործով կայացված դատավճռին, որով ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը դատարանը փոխել է ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, պատասխանողը գտնում է, որ եթե դատարանը նման լիազորությամբ օժտված չլիներ, ապա նա ստիպված կլիներ կայացնել արդարացման դատավճիռ, ինչը պատասխանողը համարում է անթույլատրելի: Դրա հիման վրա պատասխանողը գտնում է, որ գործող քրեադատավարական օրենքով սահմանված` դատարանի կողմից մեղադրյալին առաջադրված մեղադրանքը սեփական նախաձեռնությամբ փոփոխելու կանոնները լիովին բավարար են դատարանին «մեղադրական թեքումից» ձերբազատելու և մեղադրյալի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու համար:
5. Ինչպես նշվեց, դիմողը ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ բարձրացնում է դրանում ամրագրված «էական վնաս» եզրույթի սահմանադրականության հարցը` իրավական որոշակիության սկզբունքին հակասելու հիմնավորմամբ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ էական վնասը հանդիսանում է ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի, այն է` պաշտոնեական անփութության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ: Այնուամենայնիվ, միայն վնասի առկայությունը դեռևս բավարար չէ խոսել ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցակազմի առկայության մասին: Այս առումով պարտադիր է, որպեսզի վնասը լինի էական:
Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը գտնում է, որ վնասի էական լինելու հատկանիշը նույն կերպ չի դրսևորվում տարբեր իրավիճակներում: Այն ենթակա է գնահատման, որը պետք է իրականացնի իրավակիրառողը` ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից: Ընդ որում, գույքային վնասի դեպքում օրենսդիրն արդեն իսկ ուրվագծել է էական գույքային վնասի սահմանները: Մասնավորապես, համաձայն ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայի` գույքային վնասի դեպքում էական վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի կամ դրա արժեքի չափով հասցված գույքային վնասը, այսինքն` գույքային վնասի դեպքում օրենսդիրը հստակ սահմանել է նվազագույն այն գումարը կամ արժեքը, որն ընկած է վնասը որպես էական գնահատելու հիմքում:
Այլ է խնդիրը ոչ գույքային վնասի դեպքում, երբ վնասի էական լինելու հանգամանքի գնահատումը դժվարանում է այն առումով, որ օրենսդրորեն ուրվագծված չեն էական ոչ գույքային վնասի սահմանները: Մինչդեռ, հաշվի առնելով այն հանգամանքները, որ էական վնասը հանդիսանում է ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի, այն է` պաշտոնեական անփութության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ, և որ օրենսդրի գնահատմամբ` պաշտոնեական անփութության դեպքում ոչ միայն գույքային, այլ նաև ոչ գույքային վնաս կարող է պատճառվել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության` վերջինիս կողմից պաշտպանության ենթակա շահերին, կարևորվում է հասցված ոչ գույքային վնասի էական լինելու հանգամանքի գնահատման համար անհրաժեշտ նախադրյալների առկայությունը, քանի որ դրանից է կախված ամբաստանյալի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը:
i
Այս կապակցությամբ, սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը, անհրաժեշտ համարելով վկայակոչել իր` 05.04.2011թ. թիվ ՍԴՈ-947 որոշման 8-րդ կետում ամրագրված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ դրանք կիրառելի են նաև սույն գործով ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների սահմանադրականության հարցի առնչությամբ: Մասնավորապես, սահմանադրական դատարանն իր 05.04.2011թ. թիվ ՍԴՈ-947 որոշման 8-րդ կետում ամրագրել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Իրավական որոշակիության վերաբերյալ դիմողի հարցադրումների առնչությամբ սահմանադրական դատարանը, վերահաստատելով իր` ՍԴՈ-747 և ՍԴՈ-780 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները, սույն գործով կրկին անգամ ընդգծում է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացությունների բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում»:
i
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատական պրակտիկան է կոչված որոշակիացնելու այն չափորոշիչները, որոնցով գնահատվում է վնասի էական կամ ոչ էական լինելը: Դրա վերաբերյալ առկա են նաև ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները (մասնավորապես` 2013թ. հոկտեմբերի 18-ի թիվ ԼԴ/0207/01/12 որոշումը): Այս կապակցությամբ սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներում իրավական անորոշության վերաբերյալ դիմողի փաստարկները:
6. Անդրադառնալով ՀՀ ՔրԴՕ 309-րդ հոդվածի վիճարկվող 2-րդ մասում ամրագրված դրույթին` սահմանադրական դատարանը նշում է, որ ՀՀ ՔրԴՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի թե՛ առաջին և թե՛ երկրորդ նախադասություններով սահմանվում է մեղադրանքը փոփոխելու հնարավորություն` մեղադրանքը փոփոխելու կարգի սահմանումը վերապահելով օրենսդրին:
Ինչ վերաբերում է ՀՀ ՔրԴՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին և երկրորդ նախադասությունների տարբերությանը, ապա նշված տարբերությունն այն է, որ ՀՀ ՔրԴՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը, նախ, վերաբերում է մեղադրանքի փոփոխության հնարավորությանը` խստացման առումով, երկրորդ` ուղղակիորեն սահմանում է խստացման առումով մեղադրանքը փոփոխելու կարգը և դեպքերն օրենսգրքով սահմանելու հնարավորություն: Այս առումով սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մեղադրանքը փոփոխելու կարգը, սահմանները, դեպքերը սահմանված են ՀՀ ՔրԴՕ մեկ այլ` 309.1-րդ հոդվածում:
Միաժամանակ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ ՔրԴՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության մեջ ամրագրված` եթե դրանով չի վատթարանում ամբաստանյալի վիճակը, և չի խախտվում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը դրույթը, իր հերթին, հանդիսանում է մեղադրանքի փոփոխության կարգի բաղադրատարր: Ընդ որում, ՀՀ ՔրԴՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության մեջ ամրագրված` եթե դրանով չի վատթարանում ամբաստանյալի վիճակը, և չի խախտվում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը` ենթադրում է երկու պայմանների միաժամանակյա առկայություն. առաջին` մեղադրանքի փոփոխությամբ չպետք է վատթարանա ամբաստանյալի վիճակը, որը հնարավոր կլինի գնահատել միայն կոնկրետ գործի շրջանակներում, և երկրորդ`մեղադրանքի փոփոխությամբ չի խախտվի ամբաստանյալի պաշտպանության իրավունքը: Նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում մեղադրանքի փոփոխության ընդհանուր կարգը չի կարող կիրառվել:
Վերոգրյալի հիման վրա սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ ՔրԴՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության մեջ ամրագրված` եթե դրանով չի վատթարանում ամբաստանյալի վիճակը, և չի խախտվում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը` անհրաժեշտ օրենսդրական երաշխիք է հանդիսանում մեղադրանքի փոփոխության պարագայում ամբաստանյալի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
i
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև հիմք ընդունելով սահմանադրական դատարանի` 2010թ. ապրիլի 2-ի ՍԴՈ-872 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում ՀՀ ՔրԴՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության վերաբերյալ դիմողի փաստարկները:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
i
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
4 նոյեմբերի 2014 թվականի
ՍԴՈ-1174