Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԵՇԴ/0550/02/09            2010 թ.
Քաղաքացիական գործ թիվ   

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

                   Դատավորներ` Ա. Մկրտչյան

                                                 Ն. Բարսեղյան

    ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Է. Հայրիյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ե. Խունդկարյանի
  Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

                   

2010 թվականի հուլիսի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լուսինե Ելոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2010 թվականի որոշման դեմ` ըստ Լուսինե Ելոյանի հայցի ընդդեմ Աշոտ Կարապետյանի` հայցի ապահովման միջոցը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լուսինե Ելոյանը պահանջել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի հիմքով վերացնել Երևանի Բագրատունյաց 22 շենքի թիվ 89 բնակարանի վրա դրված արգելանքը:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 27.10.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է «Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 20.08.2007 թվ. որոշմամբ Երևանի Բագրատունյաց փողոցի 22 շենքի թիվ 89 բնակարանի վրա դրված արգելանքը վերացնել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.01.2010 թվականի որոշմամբ Աշոտ Կարապետյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի վճիռը բեկանվել և փոփոխվել է` միջնորդությունը մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լուսինե Ելոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, 97-րդ հոդվածի 1-ին մասը, 98-րդ հոդվածի 1-ին մասը, 104-րդ հոդվածի 33-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, ինչպես նաև անտեսել է այն հանգամանքը, որ հայցի ապահովումը կիրառվում է հայցի առկայության պայմաններում, հետևաբար հայցն առանց քննության թողնելու դեպքում հայցի ապահովման միջոցը ենթակա է լուծման: Ինչ վերաբերում է 10.12.2007 թվականի հայցն առանց քննության թողնելու մասին որոշմամբ քաղաքացիական գործի համարի բացակայությանը, ապա դրանից ծագող հետևանքները չեն կարող բացասական անդրադառնալ գույքի սեփականատիրոջ նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.01.2010 թվականի որոշումը և փոփոխել` միջնորդությունը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 20.08.2007 թվականի թիվ 2-1283 որոշմամբ ըստ Աշոտ և Վահան Կարապետյանների հայցի ընդդեմ Արմեն Սիրեկանյանի, Լուսինե Ելոյանի` առուվաճառքի պայմանագիրը և անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով կիրառվել է հայցի ապահովում, և Երևանի Բագրատունյաց 22 շենքի թիվ 89 բնակարանի վրա դրվել է արգելանք (գ.թ.13):

2. Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 10.12.2007 թվականի որոշմամբ վերոնշյալ քաղաքացիական գործը թողնվել է առանց քննության (գ.թ.12):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն` հայցի ապահովման միջոցներն են պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` գործը քննող դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է վերացնել հայցի ապահովումը: Հայցի ապահովման վերացման հարցը լուծվում է միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դատական նիստում: Հայցի ապահովման վերացման հարցի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում:

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ հայցի ապահովման դատավարական ինստիտուտի կարևորագույն նպատակն է ապահովելու որոշակի երաշխիքներ հարուցված հայցով ապագա վճռի կատարումն ապահովելու և հայցվորի օրինական շահերը ցանկացած բացասական հետևանքներից պաշտպանելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 33-րդ մասի համաձայն` հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումն անփոփոխ թողնելու մասին որոշումն ստանալուց հետո դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց միջնորդությամբ մեկշաբաթյա ժամկետում վերացնել հայցի ապահովմանն ուղղված միջոցները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովումը վերացնելու միջնորդությունը ինքնուրույն հայցապահանջի տարատեսակ չէ, այն ենթակա է քննարկման միայն հայցի ապահովում կիրառված միևնույն քաղաքացիական գործի շրջանակներում, ավելին, դրա քննարկման արդյունքում կայացվում է միայն որոշում:

Սույն գործի փաստերի համաձայն`Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 20.08.2007 թվականի թիվ 2-1283 որոշմամբ ըստ Աշոտ և Վահան Կարապետյանների հայցի ընդդեմ Արմեն Սիրեկանյանի, Լուսինե Ելոյանի` առուվաճառքի պայմանագիրը և անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով կիրառվել է հայցի ապահովում, և Երևանի Բագրատունյաց 22 շենքի թիվ 89 բնակարանի վրա դրվել է արգելանք:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լուսինե Ելոյանի կողմից ներկայացված միջնորդությունը` Երևանի Բագրատունյաց 22 շենքի թիվ 89 բնակարանի վրա դրված արգելանքը վերացնելու մասին, Դատարանի կողմից պետք է քննարկվեր վերոնշյալ քաղաքացիական գործի շրջանակներում: Վերաքննիչ դատարանը որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատարանը միջնորդությունը քննել է հայցային վարույթի կարգով` կայացնելով վճիռ, մինչդեռ պետք է քններ միջնորդությունը և արդյունքում կայացներ որոշում: Նշված հիմնավորմամբ Վերաքննիչ դատարանը բեկանել է Դատարանի 27.10.2009 թվականի վճիռը, փոփոխել և միջնորդությունը մերժել: Այնինչ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համապատասխան պատճառաբանության պայմաններում գործն անհրաժեշտ էր ուղարկել նոր քննության:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ 10.12.2007 թվականի հայցն առանց քննության թողնելու մասին որոշմամբ պարզ չէ, թե որ համարի քաղաքացիական գործով է այն կայացվել, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 10.12.2007 թվականի հայցն առանց քննության թողնելու մասին որոշման ինչպես «պարզեց» մասում, այնպես էլ եզրափակիչ մասում ուղիղ նշվել է քաղաքացիական գործը: Այն է` Աշոտ և Վահան Կարապետյանների հայցն ընդդեմ Արմեն Սիրեկանյանի, Լուսինե Ելոյանի` առուվաճառքի պայմանագիրը և անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են հայցի ապահովում կիրառելու և այն վերացնելու ինստիտուտը կարգավորող նորմերի պահանջները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.07.2010
N ԵՇԴ/0550/02/09
Որոշում