Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՈՒՍՅԱԿ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՈՒՍՅԱԿ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ...

 

 

020.0896.150610

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՈՒՍՅԱԿ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 221-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 221-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 15 հունիսի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող Ա. Աթանեսյանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Արուսյակ Աթանեսյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Ա. Աթանեսյանի` 16.02.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքերը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2004 թվականի դեկտեմբերի 14-ին և ուժի մեջ է մտել 2005 թվականի հունիսի 21-ին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հունիսի 17-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող` «Աշխատանքային կարգապահության կոպիտ խախտումը» վերտառությամբ 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետը, մասնավորապես, սահմանում է. «Աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում կարող է համարվել ... իր և այլոց համար անօրինական եկամուտներ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառներով պաշտոնեական դիրքը օգտագործելը, ինչպես նաև կամայականություն դրսևորելը»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը սահմանում է. «Գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը ... մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը»:

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ դիմողը 2000 թվականի հունվարին արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության Թալինի տարածքային բաժնի պետ: ՀՀ արդարադատության նախարարության ստուգումների և մեթոդաբանության վարչությունը 2009 թվականի փետրվարի 24-26-ն ընկած ժամանակահատվածում ստուգումներ է իրականացրել ՔԿԱԳ գործակալության Թալինի տարածքային ստորաբաժանումում, որի արդյունքներով ՀՀ արդարադատության նախարարը ՀՀ փոխվարչապետին և Թալինի քաղաքապետին գրություն է ներկայացրել այն մասին, որ 2007-2008 թվականներն ընկած ժամանակահատվածում ՔԿԱԳ գործակալության Թալինի տարածքային ստորաբաժանման աշխատանքներում առկա են որոշակի թերություններ և բացթողումներ, և առաջարկվել է քննարկել աշխատողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

2009 թվականի մարտի 16-ին Թալինի քաղաքապետի հրամանով, հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածը և ստուգումների արդյունքների վերաբերյալ 27.02.2009թ. տեղեկանքը, դիմողն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Դիմողը դիմել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան` Թալինի քաղաքապետի 16.03.2009թ. թիվ 2 հրամանն անվավեր ճանաչելու և աշխատանքային խախտված իրավունքը վերականգնելու` իր զբաղեցրած պաշտոնում վերականգնելու պահանջներով, ինչը ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.05.2009 թվականի վճռով մերժվել է: Դատարանը հիմք է ընդունել 27.02.2009թ. ստուգման վերաբերյալ տեղեկանքում արձանագրված փաստերը` ընդգծելով, որ ստուգման վերաբերյալ տեղեկանքը չի վիճարկվել դիմողի կողմից:

Վերը նշված վճռի դեմ դիմողը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Վերջինս, հիմք ընդունելով 27.02.2009թ. ստուգման վերաբերյալ տեղեկանքում արձանագրված փաստերը, մեկնաբանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետում նշված «կամայականություն» եզրույթը, հաստատված համարելով, որ 27.02.2009թ. ստուգման վերաբերյալ տեղեկանքում արձանագրված փաստերը հանդիսանում են կամայականության դրսևորումներ, իր` 31.07.2009թ. որոշմամբ մերժել է դիմողի վերաքննիչ բողոքը` անփոփոխ թողնելով ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.05.2009թ. վճիռը: Միաժամանակ, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասին 1-ին կետի պահանջները` վերաքննիչ քաղաքացիական դատարանը պատճառաբանել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` անփոփոխ թողնված վճիռը:

Վերը նշված որոշման դեմ դիմողը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան: Վերջինս, վերահաստատելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի եզրահանգումները, իր` 23.09.2009թ. որոշմամբ վերադարձրել է վճռաբեկ բողոքը:

3. Դիմողը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող դրույթում օգտագործված «կամայականություն դրսևորելը» բառակապակցությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված իրավական պետության սկզբունքին, որովհետև այն ձևակերպված է ոչ հստակ, անորոշ, ինչը տարընկալումների և տարակերպ մեկնաբանությունների տեղիք է տալիս, որի արդյունքում խախտվում են օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը` ամրագրված ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածում, և 32-րդ հոդվածի առաջին մասով երաշխավորված իրավունքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի դրույթների առնչությամբ դիմողը գտնում է, որ դրանք հակասում են ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով սահմանված` համապատասխանաբար դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և արդար դատաքննության իրավունքներին:

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի առնչությամբ գտնում է, որ ներկայացված դիմումում դիմողն առավելապես անդրադարձել է ընդհանուր իրավասության դատարանների, մասնավորապես` վերաքննիչ դատարանի կողմից կոնկրետ գործով վիճարկվող դրույթի կիրառմանը: Ըստ պատասխանողի` դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողը ձևականորեն վիճարկելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի սահմանադրականությունը` ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց: ՈՒստի պատասխանողը գտնում է, որ գործի վարույթը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի մասով ենթակա է կարճման:

Ինչ վերաբերում է վիճարկվող` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, ապա պատասխանողը գտնում է, որ այս դրույթում ամրագրված` վերաքննիչ դատարանի լիազորությունն ուղղակիորեն պայմանավորված է ողջամիտ ժամկետում գործը քննելու պահանջով և ուղղված է գործի շրջապտույտի կանխմանը: Այսինքն` վիճարկվող դրույթը վերաքննիչ դատարանին լիազորում է իր իրավասության սահմաններում, եթե դա հնարավոր է դատական ակտի վերաքննության արդյունքում, վերացնել գործն ըստ էության լուծող դատական ակտի թերությունները` դրանով իսկ կանխելով գործի քննության անհարկի ձգձգումներն ու շրջապտույտը:

5. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի առնչությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողն իր իրավունքների խախտումը հիմնականում պայմանավորում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետում օգտագործված «կամայականություն դրսևորելը» բառակապակցության իրավական անորոշությամբ և դրա հետևանքով իրավակիրառ պրակտիկայում այդ դրույթներին տրված, իր կարծիքով, սխալ մեկնաբանությամբ, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի և 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը կարևորում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետում օգտագործված` «կամայականություն դրսևորելը» բառակապակցության սահմանադրաիրավական իմաստի բացահայտման անհրաժեշտությունը:

i

6. Սահմանադրական դատարանը` վերահաստատելով իր ՍԴՈ-747 և ՍԴՈ-780 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները, սույն գործով կրկին անգամ ընդգծում է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել: Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետում օգտագործված` «կամայականություն դրսևորելը» բառակապակցության և դրան բնորոշ հատկանիշների բովանդակության բացահայտմանը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետում օգտագործված` «կամայականություն դրսևորելը» բառակապակցությունը մեկնաբանել է որպես ցանկացած գործողություն կամ անգործություն` կատարված պաշտոնատար անձի կողմից, որը նախատեսված չէ օրենքով և կատարվել է դրա պահանջների խախտմամբ: Այսինքն` վերաքննիչ դատարանը «կամայականություն» եզրույթի նման մեկնաբանությամբ կամայական գործողության բովանդակությունն ըստ էության նույնացրել է ապօրինի գործողության բովանդակության հետ:

«Կամայականություն» եզրույթը ՀՀ օրենսդրության մեջ հստակ բնորոշված չէ, այն սահմանափակ կիրառում ունի և գործող օրենսդրության, մասնավորապես, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի երկրորդ պարբերության, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև դատական պրակտիկայի` ՀՀ վճռաբեկ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 3-2497 (ՎԴ), 2006թ. դեկտեմբերի 22-ի թիվ ՎԲ-341/06, 2007 թվականի հունվարի 26-ի թիվ 3-1 (ՏԴ), 2007 թվականի մարտի 2-ի թիվ 3-295 (ՎԴ), 2007 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 3-1832 (ՎԴ), 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԼԴ/0162/06/08 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ ՀՀ օրենսդրության մեջ և դատական պրակտիկայում «կամայականություն» եզրույթը մեկնաբանվում է որպես ապօրինություն, օրինականության սկզբունքի խախտում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող` 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետում առկա է նաև «իր և այլոց համար անօրինական եկամուտներ ստանալը կամ այլ անձնական դրդապատճառներով պաշտոնեական դիրքը օգտագործելը» բառակապակցությունը, որպես ապօրինի վարքագծի դրսևորման առանձնահատուկ ձև, որն առավել որոշակի է, քան «կամայականություն դրսևորելը» բառակապակցությունը:

Հաշվի առնելով «կամայականություն» եզրույթի վերաբերյալ ՀՀ օրենսդրության մեջ և դատական պրակտիկայում ըստ էության միասնական նման բնորոշման առկայությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող` 221-րդ հոդվածի բոլոր դրույթները, ինչպես նաև երկրորդ մասի 3-րդ կետի դիսպոզիցիան որպես ապօրինի վարքագծի դրսևորման ձև են մատնանշում անօրինականության տարբեր տեսակներ, սահմանադրական դատարանը գտնում է, որ նման պայմաններում ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող` 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետում «կամայականություն դրսևորելը» բառակապակցությունն ինքնին ավելորդ է և կարող է «ապօրինի» եզրույթի կամայական և հակասական մեկնաբանության տեղիք տալ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը կամայականություն դրսևորելը համարում է աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում, որը հիմք է հանդիսանում աշխատողին առանց կարգապահական առավել մեղմ տույժերի ենթարկելու աշխատանքից անհապաղ ազատելու համար, սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետում օգտագործված` «կամայականություն դրսևորելը» բառակապակցությունն ապօրինի վարքագծի սուբյեկտիվ ընկալման ու տարածական մեկնաբանության և դրա արդյունքում` աշխատողին անհապաղ աշխատանքից ազատելու իրավականորեն չհիմնավորված հնարավորություն է ստեղծում:

7. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի առնչությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողն իր իրավունքների խախտումը հիմնականում պայմանավորում է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով սահմանված` համապատասխանաբար դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և արդար դատաքննության իրավունքների, իր կարծիքով` խախտմամբ, սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը կարևորում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի դրույթների սահմանադրականության գնահատումը ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի առաջին մասում ամրագրված` գործի քննության ողջամիտ ժամկետների և դատական ակտի պատճառաբանվածության երաշխիքների միաժամանակյա ապահովման համատեքստում:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությանը ՀՀ սահմանադրական դատարանն անդրադարձել է բազմաթիվ որոշումներում (ՍԴՈ-664, ՍԴՈ-665, ՍԴՈ-690, ՍԴՈ-691, ՍԴՈ-773, ՍԴՈ-751, ՍԴՈ-758, ՍԴՈ-765, ՍԴՈ-767, ՍԴՈ-780, ՍԴՈ-787, ՍԴՈ-818, ՍԴՈ-833, ՍԴՈ-851): Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը կարևորում է հարցին անդրադարձը բողոքարկման ինստիտուտի արդյունավետության ապահովման տեսանկյունից:

Վերաքննիչ ատյանի դատարանների` դատական համակարգում ունեցած դերով են պայմանավորված դատական բողոքարկման հարաբերությունների կարգավորման բնագավառում կատարված օրենսդրական փոփոխությունները, որոնց արդյունքում համապատասխանաբար ՀՀ վերաքննիչ քրեական և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարաններին, ի լրումն այլ լիազորությունների, իրավունք է վերապահվում վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել անփոփոխ թողնված դատական ակտը, եթե դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ` դրանով իսկ երաշխավորելով առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծած դատական ակտի ինչպես հիմնավորվածությունը, այնպես էլ հնարավորինս լիարժեք ընկալումն ու մատչելիությունը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քննարկվող լիազորությունը վերապահված է նաև ՀՀ վճռաբեկ դատարանին` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով: Բացի դրանից, համանման նորմեր տեղ են գտել նաև ՀՀ դատական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված լիազորության համադրված վերլուծությունը վկայում է, որ վերաքննիչ ատյանի դատարաններին նման լիազորություն վերապահելը նպատակ է հետապնդել անհրաժեշտության դեպքում երաշխավորել առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծած դատական ակտի պատճառաբանվածությունը և դատաքննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու սահմանադրաիրավական պահանջի իրացումը, ինչպես նաև ապահովել իրավական որոշակիության սկզբունքի իրացումը:

Սահմանադրական դատարանը միաժամանակ ընդգծում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը, նախատեսելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` խնդրո առարկա լիազորությունը, միաժամանակ, որպես այդ լիազորության կիրառման իրավաչափությունն ապահովող երաշխիք, ամրագրում է դրանից օգտվելու չափորոշիչներ: Այն է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված լիազորությունը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը կարող է կիրառել բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, սակայն այն «...թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ»: Նման գործը վերաքննության կարգով վերանայելիս ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը պարտավոր է առաջին ատյանի դատական ակտի պատճառաբանությունները լրացնել նոր պատճառաբանություններով, եթե այդ ակտը թերի է պատճառաբանված, ճիշտ պատճառաբանել, եթե այդ ակտը սխալ է պատճառաբանված, կամ պատճառաբանել, եթե այդ ակտն ընդհանրապես պատճառաբանված չէ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին նշված լիազորությունը վերապահելիս օրենսդիրը նկատի է ունեցել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` ըստ էության ճիշտ վճռի` ձևական նկատառումներով բեկանման արգելքի հանգամանքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի` «...թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված» բառակապակցությունը սահմանադրականության խնդիր չի առաջացնում և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին վերապահված` քննարկվող լիազորությունը համահունչ է ՀՀ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված` արդար դատաքննության և ողջամիտ ժամկետներում դատական քննության իրավունքներին: Հիշյալ լիազորության բացակայությունը, ընդհակառակը, կարող է վտանգել արդար դատաքննության, ինչպես նաև ողջամիտ ժամկետներում դատաքննության իրավունքները:

Այլ է վիճակը «...կամ պատճառաբանված չէ» բառակապակցության առնչությամբ: Նման ձևակերպման առկայությունն ինքնաբերաբար ենթադրում է չպատճառաբանված դատական ակտի գոյություն: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 9 ապրիլի 2007թ. ՍԴՈ-690 որոշման մեջ հստակ իրավական դիրքորոշումներ է արտահայտել դատական ակտի պատճառաբանված լինելու սահմանադրաիրավական անհրաժեշտության վերաբերյալ, և այդ դիրքորոշումներն ամբողջությամբ վերաբերելի են նաև քննության առարկա գործին: Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրությունն ընդհանրապես պետք է բացառի չպատճառաբանված դատական ակտի գոյությունը, որովհետև նման ակտը չի կարող համապատասխանել իրավական պետության հիմնարար սկզբունքներին, չի կարող երաշխավորել մարդկանց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանություն, ինչպես նաև ապահովել խախտված իրավունքների արդյունավետ վերականգնում:

Այդ նկատառումներից ելնելով է, որ, մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (հոդված 132) պարտադիր նորմատիվ պահանջ է սահմանում դատական վճռի բովանդակության վերաբերյալ, նախատեսելով, որ «դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից»: Միաժամանակ, նույն հոդվածի 1-ին մասում սահմանվում է, որ «Վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս»:

Դատարանի վճռի պատճառաբանման անհրաժեշտությանն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` մասնավորապես շեշտելով, որ արդար դատաքննության պահանջը ներառում է նաև դատարանի պատճառաբանված որոշում ընդունելու պարտավորությունը (տե՛ս Van de Hunk v. the Netherlands, Judgment of 19 April 1994):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետը` «...ինչպես նաև կամայականություն դրսևորելը» բառակապակցության մասով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 3, 14.1-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

i

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը` «...կամ պատճառաբանված չէ» բառակապակցության մասով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 18-րդ (1-ին մաս), 19-րդ (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

i

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի հիմքով ՀՀ Սահմանադրության 1-ին, 18-րդ (1-ին մաս), 19-րդ (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր ճանաչել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` «...կամ չպատճառաբանված է» և 6-րդ կետը` «...պատճառաբանված չէ» բառակապակցությունների մասով:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

15 հունիսի 2010 թվականի

ՍԴՈ-896

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
15.06.2010
N ՍԴՈ-896
Որոշում