020.0891.010610
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՆԱՍՏԱՍ ԳԻՇՅԱՆԻ, ՆՈՐԱՅՐ ԵՂԻԿՅԱՆԻ, ԱՐՏԱԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ, ՍՈՒՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ, ՍՐԲՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԵՐՁԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐՐՈՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
1 հունիսի 2010թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ`
դիմողներ Ա. Գիշյանի, Ն. Եղիկյանի,
գործով որպես պատասխանող ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Անաստաս Գիշյանի, Նորայր Եղիկյանի, Արտակ Մուրադյանի, Սուրեն Թադևոսյանի, Սրբուհի Հարությունյանի և Հովհաննես Դերձակյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի և 113-րդ հոդվածի երրորդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Սահմանադրական դատարանը` նկատի ունենալով, որ քաղաքացիներ Անաստաս Գիշյանի, Նորայր Եղիկյանի, Արտակ Մուրադյանի, Սուրեն Թադևոսյանի, Սրբուհի Հարությունյանի և Հովհաննես Դերձակյանի դիմումների հիման վրա քննության ընդունված դիմումները վերաբերում են նույն հարցին, իր` 08.04.2010թ. աշխատակարգային որոշմամբ որոշել է դրանք միավորել և քննել դատարանի նույն նիստում:
Գործի քննության առիթը քաղաքացիներ Ա. Գիշյանի և Ն. Եղիկյանի` 24.02.2010թ. և Ա. Մուրադյանի, Ս. Թադևոսյանի, Ս. Հարությունյանի և Հ. Դերձակյանի` 22.03.2010թ.ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:
ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2004 թվականի դեկտեմբերի 14-ին և ուժի մեջ է մտել 2005 թվականի հունիսի 21-ին:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող` «Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ» վերտառությամբ 113-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետը սահմանում է. «Գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը ... արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում»:
Նույն հոդվածի երրորդ մասը սահմանում է. «Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով գործատուն աշխատանքային պայմանագիրը կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:
Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու»:
2. Դիմողներից Ա. Գիշյանի և Ն. Եղիկյանի առնչությամբ քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի 14.01.2008 թվականի համապատասխանաբար` թիվ 052-Կ և 050-Կ հրամաններով, հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետը և 115-րդ հոդվածի երկրորդ մասը, դիմողներն ազատվել են աշխատանքից:
i
Դիմողները դիմել են Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի դիմաց վճարելու, նյութական և բարոյական վնասի փոխհատուցման պահանջներով: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 16.04.2008 թվականի թիվ 2-605 վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` հայցը մերժվել է միայն նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասով: Հայցը մասնակիորեն բավարարելիս դատարանը հիմք է ընդունել, ի թիվս այլոց, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2006թ. թիվ 3-1775 (ՎԴ) և 26.01.2007թ. թիվ 3-34 (ՎԴ) նախադեպային որոշումները:
Վերը նշված վճռի դեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Վերջինս իր` 19.09.2008թ. թիվ ԵԱՔԴ/0605/02/08 որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն` բեկանել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 16.04.2008 թվականի թիվ 2-605 վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 10.12.2008 թվականի թիվ ԵԱՔԴ/0605/02/08 վճռով նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի դիմաց վճարելու պահանջի մասին հայցը բավարարվել է:
Վերը նշված վճռի դեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Վերջինս իր` 30.04.2009թ. թիվ ԵԱՔԴ/0605/02/08 որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը` անփոփոխ և օրինական ուժի մեջ թողնելով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 16.04.2008 թվականի թիվ 2-605 վճիռը:
Վերը նշված որոշման դեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան: Վերջինս իր` 06.11.2009թ. թիվ ԵԱՔԴ/0605/02/08 որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարել է` բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2009թ. թիվ ԵԱՔԴ/0605/02/08 որոշումը և այն փոփոխել` մերժել է դիմողի հայցը:
Դիմողներից Ա. Մուրադյանի, Ս. Թադևոսյանի, Ս. Հարությունյանի և Հ. Դերձակյանի առնչությամբ քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի համապատասխանաբար` թիվ 07.11.2008.-Ա5, 07.11.2008.-Ա2, 07.11.2008.-Ա3, 07.11.2008.-Ա4 հրամաններով, հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետը և 115-րդ հոդվածի երկրորդ մասը, դիմողներն ազատվել են աշխատանքից:
Դիմողները դիմել են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` աշխատանքից ազատելու մասին հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջներով: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2009 թվականի թիվ ԵԿԴ-3613/02/08 վճռով հայցը մերժվել է:
Վերը նշված վճռի դեմ դիմողները վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Վերջինս իր` 25.05.2009թ. թիվ ԵԿԴ-3613/02/08 որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն` բեկանել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2009 թվականի թիվ ԵԿԴ-3613/02/08 վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելիս դատարանը հիմք է ընդունել, ի թիվս այլոց, այն հանգամանքը, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետում նշված` աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման հիմքով աշխատողների թվաքանակը չի կարող կրճատվել` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետում նման հիմքերի բացակայության պատճառով:
i
Վերը նշված որոշման դեմ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան: Վերջինս իր` 04.12.2009թ. թիվ ԵԿԴ-3613/02/08 որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարել է մասնակիորեն` բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.05.2009թ. թիվ ԵԿԴ-3613/02/08 որոշումը և այն փոփոխել` մերժել է դիմողների հայցը: Վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելիս դատարանը հիմք է ընդունել, ի թիվս այլոց, այն հանգամանքը, որ ՀՀ վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի կարգավորումը, հանգել է անհիմն եզրակացության այն մասին, որ օրենքը աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման հիմքով աշխատողների թվաքանակի կրճատման հնարավորություն չի նախատեսում:
3. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի առնչությամբ դիմողներից Ա. Գիշյանը և Ն. Եղիկյանը գտնում են, որ նշված կետով օրենսդիրը խախտում է, նախ` ՀՀ Սահմանադրության 1-ին (սոցիալական պետության սկզբունք), 14-րդ (մարդու արժանապատվության հարգում) և 14.1-րդ (խտրականության արգելք) հոդվածների պահանջները, քանի որ վիճարկվող օրինադրույթը նման ձևակերպմամբ գործատուներին այդ դրույթի սուբյեկտիվ մեկնաբանման և ոչ իրավաչափ կիրառման լայն հնարավորություն է տալիս:
Ա. Գիշյանը և Ն. Եղիկյանը պնդում են նաև, որ դատական ակտերի հիման վրա ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վիճարկվող դրույթը հնարավորություն է տալիս գործատուներին տվյալ դրույթի հիման վրա աշխատողներին աշխատանքից ազատել հիմնավոր պատճառների բացակայության դեպքում` սխալ մեկնաբանելով այն: Ըստ դիմողների` վիճարկվող օրինադրույթում ամրագրված նախապայմանների առկայությունը հնարավոր է պարզել միայն գործատուից, իսկ աշխատողները, որպես կանոն, դրանք պարզելու հնարավորություն չունեն, և արդյունքում ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածին համապատասխան իրավունքների դատական պաշտպանության իրավունքը դառնում է ընդամենը փաստաթղթային ձևակերպում:
Ա. Գիշյանի և Ն. Եղիկյանի պնդմամբ` օրենսգրքի վիճարկվող դրույթը հակասում է նաև ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածին և 48-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին, քանի որ դիմողներին տվյալ հիմքով աշխատանքից ազատելիս գործատուն նրանց չի տեղեկացրել աշխատողների կրճատման ընթացակարգերի մասին, ընդհակառակը, գործատուն չի պատասխանել դիմողների դիմումներին և նրանց աշխատանքից ազատել է ոչ հիմնավոր պատճառներով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի երրորդ մասի առնչությամբ դիմողներ Ա. Գիշյանը և Ն. Եղիկյանը գտնում են, որ նշված մասով օրենսդիրը խախտում է աշխատողների` ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 14, 14.1., 32 և 48-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները, քանի որ` «եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում» և «գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում» ձևակերպումներով գործատուի համար սուբյեկտիվ գործողությունների լայն դաշտ է ստեղծում: Այստեղից դիմողները եզրակացնում են, որ իրավակիրառողի (այդ թվում` վճռաբեկ դատարանի) կողմից օրենսգրքի վիճարկվող դրույթի տարընթերցման և տարաբնույթ մեկնաբանման արդյունքում անհամապատասխանություն է առաջանում ՀՀ Սահմանադրության հիշատակված նորմերի և վիճարկվող օրինադրույթի միջև:
Դիմողներից Ա. Մուրադյանի, Ս. Թադևոսյանի, Ս. Հարությունյանի և Հ. Դերձակյանի կարծիքով` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 14, 14.1., 32 և 48-րդ հոդվածներին, քանի որ վիճարկվող դրույթի իրավակիրառական պրակտիկան ցույց է տալիս, որ գործատուների կողմից նշված հոդվածը կիրառվում է հիմնականում այն դեպքերում, երբ որևէ հիմնավորված պատճառ չկա աշխատողներին աշխատանքից ազատելու համար: Հետևաբար, դիմողների կարծիքով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող դրույթի կապակցությամբ ձևավորված իրավակիրառական պրակտիկան ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողների փաստարկների դեմ, գտնում է, որ դիմողներ Ա. Մուրադյանը, Ս. Թադևոսյանը, Ս. Հարությունյանը, Հ. Դերձակյանը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում են վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափության հարց: Ըստ պատասխանողի` դիմողներն ըստ էության գտնում են, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է գործատուի կողմից այդ հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման կոնկրետ հիմքեր, որոնք, սակայն, դիմողների պարագայում չեն պահպանվել: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասով, 32-րդ հոդվածով և ՍԴԱՈ-21, ՍԴՈ-870, ՍԴՈ-839, ՍԴՈ-817 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներով` պատասխանող կողմն առաջարկել է դիմողներ Ա. Մուրադյանի, Ս. Թադևոսյանի, Ս. Հարությունյանի, Հ. Դերձակյանի դիմումի մասով գործի վարույթը կարճել:
Ինչ վերաբերում է դիմողներ Ա. Գիշյանի և Ն. Եղիկյանի դիմումին, պատասխանողն այս առնչությամբ նշում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 24.02.2009թ. ՍԴՈ-792 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը կարող է օգտագործվել որպես ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի սահմանադրականության հիմնավորման փաստարկ: Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն անդրադարձել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` որպես գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման ինքնուրույն հիմքի նպատակահարմարությանը և այն դիտել է որպես աշխատանքային պայմանագրի լուծման օբյեկտիվ պատճառ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ պատասխանող կողմը գտնում է, որ օրենսդիրը սահմանել է աշխատողների իրավունքների պաշտպանության ևս մեկ երաշխիք, այն է` որոշակի հիմքերի առկայության դեպքում գործատուն իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում պարտավոր է աշխատողին առաջարկել նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ նման հնարավորությունների բացակայության դեպքում լուծել աշխատանքային պայմանագիրը աշխատողի հետ` առանց այլ աշխատանք առաջարկելու: Վերոգրյալի հիման վրա պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 113-րդ հոդվածի 3-րդ մասը չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը և առաջարկում է օրենսգրքի նշված դրույթները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:
5. Ամփոփելով դիմողների փաստարկները` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողներն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումը հիմնականում պայմանավորում են վիճարկվող դրույթների իրավակիրառական պրակտիկայով, այն է` գործատուների և դատարանների կողմից դրանց սխալ մեկնաբանմամբ և սխալ կիրառմամբ` նման իրավակիրառական պրակտիկայի հիմքը համարելով վիճարկվող դրույթների իրավական անորոշությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողներն իրենց իրավունքների խախտումը հիմնականում պայմանավորում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի ձևակերպումների և 113-րդ հոդվածի երրորդ մասում օգտագործված` «եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում» և «գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում» բառակապակցությունների իրավական անորոշությամբ և դրա հետևանքով իրավակիրառ պրակտիկայում այդ դրույթներին տրված, իրենց կարծիքով, սխալ մեկնաբանությամբ, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի և 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները` սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը կարևորում է վիճարկվող դրույթների կիրառման պրակտիկայում դրանց նկատմամբ դրսևորված մոտեցումների գնահատման անհրաժեշտությունը:
6. Սահմանադրական դատարանը` վերահաստատելով իր ՍԴՈ-747 և ՍԴՈ-780 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները, սույն գործով կրկին անգամ ընդգծում է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել: Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի ձևակերպումների և 113-րդ հոդվածի երրորդ մասում օգտագործված` «եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում» և «գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում» բառակապակցությունների և դրանց բնորոշ հատկանիշների բովանդակության բացահայտմանը: Ընդ որում, նշված ձևակերպումները և բառակապակցությունները գնահատման ենթակա ձևակերպումներ և բառակապակցություններ են: Դրանք ենթակա են գնահատման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` ելնելով տվյալ գործի բոլոր կոնկրետ փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից: Գործը քննող դատարանն է իրավասու գնահատելու այս իրավիճակը և պարզելու, թե արդյո՞ք տվյալ անձը, կոնկրետ դեպքում` գործատուն, ցուցաբերել է կամայականություն:
Գործի նյութերի ուսումնասիրության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ գործերով ՀՀ վճռաբեկ դատարանը` ելնելով իր սահմանադրաիրավական կարգավիճակից, հստակեցրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի և նույն հոդվածի երրորդ մասի բովանդակությունը` ապահովելով ստորադաս դատարանների և մյուս իրավակիրառողների կողմից վիճարկվող դրույթների միատեսակ ընկալումը և կիրառումը:
Բացի դրանից, ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող դրույթների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային նշանակության որոշումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առկա են ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներ, որոնք հանդես են գալիս որպես ստորադաս դատարանների և մյուս իրավակիրառողների կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող դրույթների միատեսակ ընկալման և միատեսակ կիրառման երաշխիք: Նշված որոշումների մի մասով վճռաբեկ դատարանը բեկանել է ստորադաս դատարանների դատական ակտերը` ապահովելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի հիմքով աշխատանքից ազատված անձանց իրավունքների վերականգնումը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 26.10.2006թ. թիվ 3-1775 (ՎԴ), 26.10.2006թ. թիվ 3-1880 (ՎԴ) և 26.01.2007թ. թիվ 3-34 (ՎԴ) քաղաքացիական գործերով բացահայտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող դրույթների կիրառման ոլորտում ստորադաս ատյանների հետևյալ դատական սխալները.
- գործատուի մոտ աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան այլ աշխատանքի բացակայության վերաբերյալ գործատուի բացատրությունները և գրությունները չեն հանդիսանում թույլատրելի ապացույցներ,
- գործատուի մոտ աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան այլ աշխատանքի բացակայության վերաբերյալ թույլատրելի ապացույցներ են հանդիսանում, օրինակ, կազմակերպության աշխատողների թվաքանակը և պաշտոնների անվանումները սահմանող փաստաթղթերն այն մասին, որ գործատուի մոտ առկա չէ աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան այլ աշխատանք,
- գործատուն կրում է անուղղակի ապացուցման պարտականություն աշխատողի հանդեպ նրան արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում աշխատանքից ազատելիս ապացուցելու, որ իր մոտ բացակայում է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք:
Ընդ որում, նշված որոշումներից երկուսով (ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2006թ. թիվ 3-1775 (ՎԴ) և 26.01.2007թ. թիվ 3-34 (ՎԴ) որոշումներ) արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառվել են Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 16.04.2008թ. թիվ 2-605 վճռով` դիմողներից Ա. Գիշյանի և Ն. Եղիկյանի վերաբերյալ քաղաքացիական գործով:
7. Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողների իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորված չէ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի և 113-րդ հոդվածի երրորդ մասի դրույթների իրավական անորոշությամբ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
i
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի երրորդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
1 հունիսի 2010 թվականի
ՍԴՈ-891