Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ, 207 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական           Քաղաքացիական գործ թիվ 3-53 (ՎԴ)

    դատարանի որոշում                                            2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-1982

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

Դատավորներ` Տ. Սահակյան

Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սարգիս Դանիելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սարգիս Դանիելյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սարգիս Դանիելյանը պահանջել է ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Լենինգրադյան փողոցի 48/3 շենքի մոտ գտնվող իրեն սեփականության իրավունքով պատկանող 90,2 քմ մակերեսով ավտոտնակների վրա կառուցված 101,6 քմ մակերեսով շինության նկատմամբ:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 03.06.2004 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վճռի դեմ 17.10.2008 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված Երևանի քաղաքապետարանը (այսուհետ` Քաղաքապետարան):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.12.2008 թվականի որոշմամբ վճիռը բեկանվել, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սարգիս Դանիելյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 207-րդ հոդվածի 5-րդ կետի, 220-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանի 03.06.2004 թվականի վճռի հիման վրա կատարվել է Երևանի Լենինգրադյան փողոցի 48/3 շենքի մոտ տեղակայված, Սարգիս Դանիելյանի սեփականության ներքո գտնվող 90,2 քմ մակերեսով ավտոտնակների վրա կառուցված 101,6 քմ մակերեսով շինության նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում, որից հետո Քաղաքապետարանին ներկայացված դիմումով, որին կից ներկայացվել է նաև հիշատակված վճիռը, խնդրվել է շինության համար տրամադրել փոստային հասցե: Քաղաքապետարանը 09.07.2004 թվականի գրությամբ տրամադրել է Երևանի Լենինգրադյան փողոցի 48/10 փոստային հասցեն: Փաստորեն Քաղաքապետարանը Դատարանի 03.06.2004 թվականի վճռի մասին 09.07.2004 թվականից տեղեկացված է եղել: Բացի այդ, 13.06.2008 թվականին Սարգիս Դանիելյանը դիմում է ներկայացրել Քաղաքապետարան` խնդրելով «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի հիման վրա Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 48/10 հասցեում գտնվող շինությամբ ծանրաբեռնված հողամասը սեփականության իրավունքով հատկացնել իրեն: Նշված դիմումին կից ներկայացվել է Դատարանի 03.06.2004 թվականի վճիռը և Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 48/10 հասցեում գտնվող շինության նկատմամբ Սարգիս Դանիելյանի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը: Սա նշանակում է, որ Քաղաքապետարանը երկրորդ անգամ Դատարանի 03.06.2004 թվականի վճռի մասին տեղեկացվել է 13.06.2008 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը ներկայացրել է 17.10.2008 թվականին: Այսինքն` Քաղաքապետարանի կողմից բաց է թողնվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված ժամկետը:

Վերոգրյալի հիման վրա` վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.12.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 03.06.2004 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի 09.07.2004 թվականի գրությամբ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 48/3 շենքի բակում գտնվող շինությանը տրամադրվել է թիվ 48/10 փոստային հասցեն (գ.թ.56):

2. Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 48/10 հասցեում գտնվող շինությամբ ծանրաբեռնված հողամասը սեփականության իրավունքով հատկացնելու մասին Քաղաքապետարան ներկայացված Սարգիս Դանիելյանի 13.06.2008 թվականի դիմումի համաձայն` դրան կից ներկայացվել է Դատարանի 03.06.2004 թվականի վճիռը (գ.թ.57-58):

3. Դատարանի 03.06.2004 թվականի վճռի դեմ Քաղաքապետարանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 17.10.2008 թվականին (գ.թ.24):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից:

Սույն դեպքում Քաղաքապետարանը, որպես գործին մասնակից չդարձված անձ, վերաքննիչ բողոք է ներկայացրել 17.10.2008 թվականին` պատճառաբանելով, որ Դատարանի 03.06.2004 թվականի վճռի մասին Քաղաքապետարանին հայտնի է դարձել միայն 2008 թվականի հուլիսի 9-ից հետո, որով ըստ էության փաստարկվել է, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է այն ներկայացնելու ժամկետից հետ հաշված եռամսյա ժամկետի սահմաններում: Մինչդեռ Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի 09.07.2004 թվականի գրությամբ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 48/3 շենքի բակում գտնվող շինությանը տրամադրվել է թիվ 48/10 փոստային հասցեն, ինչը նշանակում է, որ նշված շինության նկատմամբ սեփականության իրավունքի ծագման հիմքը պարզելիս Քաղաքապետարանն իմացել կամ կարող էր իմանալ կայացված 03.06.2004 թվականի վճռի մասին: Բացի այդ, վերաքննիչ բողոքի պատասխանին կից ներկայացված Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 48/10 հասցեում գտնվող շինությամբ ծանրաբեռնված հողամասը սեփականության իրավունքով հատկացնելու մասին Քաղաքապետարանին հասցեագրված Սարգիս Դանիելյանի 13.06.2008 թվականի դիմումի համաձայն` դրան կից ներկայացվել է Դատարանի 03.06.2004 թվականի վճիռը: Այսինքն` Քաղաքապետարանը 13.06.2008 թվականից տեղեկացված էր Դատարանի 03.06.2004 թվականի վճռի մասին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում Դատարանի 03.06.2004 թվականի վճռի մասին 2008 թվականի հուլիսի 9-ից հետո տեղեկանալու մասին Քաղաքապետարանի պատճառաբանությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քաղաքապետարանի կողմից բաց է թողնվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված վերաքննիչ բողոք բերելու եռամսյա ժամկետը, հետևաբար, այդ ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ հիմնավոր միջնորդության բացակայության պայմաններում վերաքննիչ բողոքը քննության առնելն անհիմն է:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 03.06.2004 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2009
N 3-53(ՎԴ)
Որոշում