Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                                 ԵԿԴ/0034/01/08

վերաքննիչ քրեական դատարանի

ԵԿԴ/0034/01/08 որոշում

Նախագահող դատավոր` Ա. Հովհաննիսյան

Դատավորներ` Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                               

                                               ք. Երևանում

 

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բերած վճռաբեկ բողոքը Սարգիս Սմբատի Մարգարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի մայիսի 23-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

 

i

1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի մարտի 13-ի դատավճռով Սարգիս Սմբատի Մարգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել 1 /մեկ/ տարի ժամկետով ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա դատարանը որոշել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով փորձաշրջան 2 /երկու/ տարի ժամկետով:

2. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով Սարգիս Սմբատի Մարգարյանի վերաբերյալ քրեական գործը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր 2008 թվականի մայիսի 23-ի որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի մարտի 13-ի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ, իսկ վերաքննիչ բողոքը մերժել է:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի մայիսի 23-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բերել է վճռաբեկ բողոք:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

i

Վճռաբեկ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա, 2008 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ բողոքն ընդունել է վարույթ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող

փաստական հանգամանքները

 

4. Սարգիս Սմբատի Մարգարյանը 2007 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 09.10-ի սահմաններում, «Գոռ» տաքսի ծառայության ՎԱԶ 21-07 մակնիշի 09 ՏՍ 269 պետհամարանիշի ավտոմեքենան ոգելից խմիչքների ազդեցության տակ վարելու ժամանակ, Երևան քաղաքի Խանջյան-Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում չի ենթարկվել երթևեկությունը կարգավորող, նշված վայրում ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչ, Ճանապարհային ոստիկանության տեսուչ Գևորգ Վարդանյանի օրինական պահանջներին, դուրս գալով ավտոմեքենայից` հայհոյանքներ է տվել նրա հասցեին, ձեռքերով ու ոտքերով հարվածելով Գևորգ Վարդանյանի մարմնի տարբեր մասերին` գործադրել է վերջինիս առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակը գտնում է, որ Սարգիս Մարգարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը համարելով իրավաչափ և թույլատրելի` դատարանները քրեական օրենքը ճիշտ չեն կիրառել, թույլ տալով նյութական իրավունքի այնպիսի հիմնարար խախտում, որի արդյունքում կայացված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

6. Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրում է բեկանել Սարգիս Մարգարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի մայիսի 23-ի որոշումը, գործն ուղարկել վերաքննիչ դատարան` նոր քննության` «Ս. Մարգարյանի նկատմամբ հոդվածի սանկցիայի շրջանակներում, առանց ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման, ազատազրկման ձևով պատիժ նշանակելու համար»:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

7. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե դատարանը կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

Փաստորեն պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունն առանց ռեալ (իրական) պատիժ նշանակելու դատապարտյալի ուղղվելու հնարավորության մասին: Դատարանը նման հետևության հանգում է միայն օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին:

i

8. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, դատարանը պարտավոր է, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված սկզբունքներով, հաշվի առնել նաև հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը:

9. Պատիժը պայմանականորեն չկիրառելու համար կարևոր նշանակություն ունեն հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մեղքի ձևը, հանցավորի կողմից այդ հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը:

10. Ինչպես երևում է քրեական գործի նյութերից, հանդիսանալով տաքսու վարորդ և պատասխանատու լինելով ուղևորների անվտանգ փոխադրման համար, Սարգիս Մարգարյանը 2007 թվականի դեկտեմբերի 20-ին, առավոտյան ժամը 09.10-ի սահմաններում տաքսի ավտոմեքենան վարել է ալկոհոլի ազդեցության տակ, Երևան քաղաքի Խանջյան-Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում չի ենթարկվել երթևեկությունը կարգավորող ճանապարհային ոստիկանության տեսուչ Գևորգ Վարդանյանի օրինական պահանջներին, ավտոմեքենան խաչմերուկի միջնամասում կանգնեցնելով` ստեղծել է խցանում և դուրս գալով ավտոմեքենայից` հայհոյանքներ է տվել տեսուչ Գևորգ Վարդանյանին, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, պոկել ուսադիրը: Վիճաբանության հետագա ընթացքը կանխվել է Սարգիս Մարգարյանի վարած տաքսի ավտոմեքենայի ուղևորի և դեպքի վայրում եղած այլ վարորդների միջամտությամբ, որից հետո Սարգիս Մարգարյանը նստել է ավտոմեքենան և հեռացել դեպքի վայրից:

11. Սարգիս Մարգարյանի կողմից հանցագործության կատարման վերը նշված հանգամանքները վկայում են նրա անձի հասարակական վտանգավորության բարձր աստիճանի մասին և բացառում են նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը:

12. Այս պայմաններում ստորադաս դատարանի մատնանշած` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները (իրեն մեղավոր ճանաչելը, կատարածի համար զղջալը, ամուսնացած լինելն ու խնամքին երկու անչափահաս երեխայի առկայությունը, դրական բնութագրվելը, երիտասարդ տարիքը, նախկինում դատապարտված և արատավորված չլինելը, ինչպես նաև տուժողի դիրքորոշումը) չեն նվազեցնում Սարգիս Մարգարյանի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու օբյեկտիվ հիմք չեն:

13. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սարգիս Մարգարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ դատարանի հետևությունները հիմնավորված չեն: Վերաքննիչ դատարանը օբյեկտիվ ստուգման ու գնահատման չի ենթարկել Սարգիս Մարգարյանի կողմից կատարված հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, գործի կոնկրետ հանգամանքները, նրա անձը բնութագրող տվյալները, հաշվի չի առել օրենքով պաշտպանվող հարաբերությունների սոցիալական նշանակությունը, բնույթը, որոնք բարձրացնում են Սարգիս Մարգարյանի կատարած հանցագործության վտանգավորության աստիճանը:

i

14. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով ամրագրված` պատիժը պայմանականորեն չկիրառելու չափանիշները թեև սպառիչ չեն, այնուհանդերձ, պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավական հիմքերը բացահայտելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածում սահմանված իրավադրույթներն անհրաժեշտ է մեկնաբանել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պատժի նպատակների համատեքստում, համաձայն որի` պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները (տես` Գ. Մարտիրոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի փետրվարի 1-ի ՎԲ-01/08 որոշումը): Մինչդեռ, Սարգիս Մարգարյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելով դատարանն անտեսել է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջները:

15. Ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանները սխալ հետևության են հանգել Սարգիս Մարգարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը հասնելու հնարավորության մասին:

i

16. Այսպիսով, Սարգիս Մարգարյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելով թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի նորմերի` 5-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքների խախտումներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող անօրինական և չհիմնավորված դատական ակտի կայացմանը:

17. Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա, վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք են:

i

18. Նկատի ունենալով, որ Սարգիս Մարգարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը չի բխում օրենքի պահանջներից, և այդ հիմքով վճռաբեկ բողոք է բերել դատախազը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի մայիսի 23-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել վերաքննիչ դատարան` նոր քննության:

i

19. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բեկանելը պայմանավորված է նրանով, որ վերաքննիչ դատարանում գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետում և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի թիվ 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին: Սույն գործով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը հանգեցրել է դատական սխալի, որի արդյունքում կայացված որոշումը չի համապատասխանում արդարության պահանջներին:

20. Նշված դատական սխալը, որն ազդել է գործի արդյունքի վրա, խաթարում է արդարադատության բուն էությունը, դատարանի որոշման` որպես արդարադատության ակտի իմաստը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

21. Քննվող բողոքի կապակցությամբ` պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցի վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Սարգիս Սմբատի Մարգարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի մայիսի 23-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
31.10.2008
N ԵԿԴ/0034/01/08
Որոշում