ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-560 (ՎԴ)
դատարանի որոշում 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 08-805
Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան
Դատավորներ` Գ. Մատինյան
Ե. Խունդկարյան
ՈՐՈՇՈՒՄ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի հոկտեմբերի 31-ին
քննարկելով Գրիշա Երվանդյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.04.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անահիտ Գևորգյանի ընդդեմ Գրիշա Երվանդյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` կադաստր)` առուվաճառքի գործարքը վավեր ճանաչելու, այն կադաստրում գրանցելու, բնակարանի նկատմամբ պատասխանողների սեփականության իրավունքը դադարեցնելու, իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին և Գրիշա Երվանդյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Անահիտ Գևորգյանի և կադաստրի` սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործով կայացված դատական ակտի էությունը.
Դիմելով դատարան` Անահիտ Գևորգյանը խնդրել է վավեր ճանաչել Սևան քաղաքի Նաիրյան 141/30 բնակարանի առուվաճառքի գործարքը, դադարեցնել պատասխանողների սեփականության իրավունքը բնակարանի նկատմամբ և անվավեր ճանաչել պատասխանողների սեփականության իրավունքի գրանցումը:
Դիմելով դատարան` Գրիշա Երվանդյանը խնդրել է անվավեր ճանաչել Անահիտ Գևորգյանի` վերոնշյալ բնակարանի 1/5-րդ մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 02.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.04.2008 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գրիշա Երվանդյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասը, 47-րդ հոդվածի առաջին մասը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 297-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գործում առկա «ստացական» վերնագրված փաստաթուղթը չի հետազոտել բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Այսպես, վերոնշյալ փաստաթղթում արտացոլված այն փաստը, որ Նինա Վարդանյանը Անահիտ Գևորգյանի ամուսնուց ստացել է 2500 ԱՄՆ դոլար և ոչ մի պարտք ու պահանջ չունեն իրար նկատմամբ, չէր կարող հիմք հանդիսանալ հաստատված համարելու այն հանգամանքը, որ Նինա Վարդանյանը վերոնշյալ գումարը ստացել է որպես վիճելի բնակարանի վաճառքի գումար:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունի հետևյալ փաստը`
12.07.2000 թվականին կազմված «ՍՏԱՑԱԿԱՆ» վերնագրված փաստաթղթի համաձայն` «Ես Նինա Դավթյանս ստացել եմ Հենրիկ Վաչագանի Ավետիսյանից երկու հազար հինգ հարյուր ամերիկյան դոլար և ոչ մի պարտք ու պահանջ չունենք, որի համար ստորագրում եմ»:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն` եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:
Ելնելով սույն նորմի բովանդակությունից` գործարքը վավերական ճանաչելու համար անհրաժեշտ է հաստատել հետևյալ 2 փաստերի միաժամանակյա առկայությունը`
1. գործարքը լրիվ կամ մասնակի կատարված լինելը,
2. կողմի խուսափելը գործարքի վավերացումից:
i
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (իրավական հիմնավորումները տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)):
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով, Վերաքննիչ դատարանը գործարքը վավեր ճանաչելու հիմքում դնելով Նինա Դավթյանի և Հենրիկ Ավետիսյանի կողմից ստորագրված «ստացական» վերնագրված փաստաթուղթը հաշվի չի առել, որ նրանում ոչ մի խոսք չկա անշարժ գույքի առուվաճառքի վերաբերյալ: Ինչ վերաբերում է Անահիտ Գևորգյանի` վիճելի բնակարանում հաշվառված լինելուն, ինչպես նաև` իր անվամբ վեճի առարկա բնակարանի մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական ձեռք բերելուն, ապա նշված հանգամանքները չեն կարող վկայել ամբողջ բնակարանի առուվաճառքի գործարքի գոյության մասին:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանի որոշումը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-240.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան