050.0386.211205
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 12 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005481
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2005 թվականի N 386-Ն
i
«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՌԱՔՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 173 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և հաշվի առնելով ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու, տնտեսական ռիսկերը կանխարգելելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կատարելագործման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման» կարգը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):
i
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից կանխիկ արտարժույթի և արտարժույթով արտահայտված արժեթղթերի արտահանման» կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու մասին թիվ 173 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ
ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի հուլիսի 29-ի
թիվ 386-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՌԱՔՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ
i
Սույն կարգով սահմանվում են արժութային արժեքների և ըստ ներկայացնողի արժեթղթերի փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման հետ կապված հարաբերությունները, դրանց կարգն ու պայմանները:
(նախաբանը փոփ. 29.04.14 թիվ 106-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1.1. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները մեկնաբանվում են «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացություններին համապատասխան:
1.2. Ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից արժութային արժեքների փոխադրումը, առաքումը, ներմուծումն ու արտահանումն իրականացվում է առանց սահմանափակումների, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:
i
ԳԼՈՒԽ 2. |
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ, ԱՌԱՔՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ |
(2-րդ գլուխը խմբ. 27.11.07 թիվ 388-Ն, 29.04.14 թիվ 106-Ն որոշումներ)
2.1 Ֆիզիկական անձինք 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ընդհանուր գումարի չափը գերազանցող արժութային արժեքների (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների) և գանձապետական տոմսերի (այսուհետ` դրամական գործիքներ), ինչպես նաև ճանապարհային չեկերի` Մաքսային միության մաքսային սահմանով միանվագ ներմուծման կամ արտահանման դեպքում պարտավոր են մինչև դրամական գործիքները և կամ ճանապարհային չեկերը մաքսային հսկողության ներկայացնելը ամբողջ գումարի մասով գրավոր կերպով հայտարարագրել` ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:
2.2 Ֆիզիկական անձինք, անկախ գումարի չափից, ըստ ներկայացնողի արժեթղթերի, բացառությամբ ճանապարհային չեկերի` Մաքսային միության մաքսային սահմանով ներմուծման կամ արտահանման դեպքում պարտավոր են մինչև մաքսային հսկողության ներկայացնելը դրանք գրավոր կերպով հայտարարագրել` ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:
2.3 Պարտադիր գրավոր մաքսային հայտարարագրման դեպքերում ուղևորային մաքսային հայտարարագրում պետք է լրացվեն.
1) ֆիզիկական անձի նույնականացման տվյալները` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա,
2) դրամական գործիքների և (կամ) ճանապարհային չեկերի գումարը և այն արժույթը, որով արտահայտված է գումարը,
3) ըստ ներկայացնողի արժեթղթերի, բացառությամբ ճանապարհային չեկերի վերաբերյալ տվյալներ` տեսակը, թողարկողը, թողարկման ամսաթիվը, նույնականացնող համարը` առկայության դեպքում, դրանց անվանական արժեքը կամ համապատասխան գումարը` այն պետության արժույթով, որի ստացման իրավունքը հավաստվում է հայտարարագրվող արժեթղթով, իսկ անվանական արժեքի բացակայության և գումարը սույն ենթակետով նախատեսված պետության արժույթով սահմանելու անհնարինության դեպքում` տեղափոխված ըստ ներկայացնողի արժեթղթերի թիվը,
4) դրամական գործիքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի տեղափոխման ուղու և միջոցի (տրանսպորտի տեսակի) վերաբերյալ տեղեկություններ,
5) հայտարարագրի լրացման ամսաթիվը,
6) ֆիզիկական անձի ստորագրությունը:
ԳԼՈՒԽ 3. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ, ԱՌԱՔՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ |
i
3.1. Հայաստանի Հանրապետության բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (այսուհետ` բանկեր), ինչպես նաև վարկային կազմակերպությունների, ինկասացիոն կազմակերպությունների կողմից արժութային արժեքների Հայաստանի Հանրապետություն փոխադրումը, առաքումը, ներմուծումը և Հայաստանի Հանրապետությունից փոխադրումը, առաքումն ու արտահանումը իրականացվում է առանց ծավալային և այլ սահմանափակումների:
(3.1-րդ կետը փոփ. 27.11.07 թիվ 388-Ն որոշում)
3.2. Կենտրոնական բանկի կողմից սահմանված առավելագույն սահմանաքանակը գերազանցող կանխիկ դրամի փոխադրումը, առաքումը և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և փոխադրումը, առաքումն ու արտահանումը Հայաստանի Հանրապետությունից դուրս, եթե դրան մասնակցում է բանկ կամ վարկային կազմակերպություն, կազմակերպվում է բանկի, կամ վարկային կազմակերպության, կամ ինկասացիոն ծառայության ներկայացուցչի կողմից:
Բանկի, կամ վարկային կազմակերպության, կամ ինկասացիոն ծառայության ներկայացուցիչը գործում է իր գործադիր մարմնի կողմից տրված լիազորագրի հիման վրա:
3.3. Արժութային արժեքների փոխադրման մասին մաքսային ծառայությանը տեղեկացվում է բանկի կամ ինկասացիոն ծառայության ներկայացուցչի կողմից` մաքսային սահմանով անցկացումը սկսելու պահից առնվազն 3 ժամ առաջ:
3.4. Բանկի, կամ վարկային կազմակերպության, կամ ինկասացիոն ծառայության ներկայացուցիչը մաքսատան համապատասխան ստորաբաժանմանն է ներկայացնում իր գործադիր մարմնի կողմից տրված լիազորագիրը, անձը հաստատող փաստաթուղթը, իսկ կանխիկ դրամի կամ արտարժույթի ներմուծման և արտահանման դեպքում նաև բանկի կամ վարկային կազմակերպության ելքային օրդերը: Ինկասացիոն ծառայության ներկայացուցիչը ներկայացնում է նաև բանկի, կամ վարկային կազմակերպության և ինկասացիոն ծառայության միջև կնքված պայմանագիրը կամ գործարքը հաստատող այլ փաստաթուղթ (ակտ):
3.5. Լիազորագրի ներկայացումից հետո լրացվում է բեռնամաքսային հայտարարագիր` ըստ մաքսային ձևակերպումների արարողակարգի:
3.6. Արժութային արժեքների փոխադրումը մաքսային հսկողության գոտով և բանկից կամ վարկային կազմակերպությունից մինչև մաքսային կետ կամ մաքսային կետից մինչև բանկ կամ վարկային կազմակերպություն իրականացվում է բանկի կամ վարկային կազմակերպության ինկասացիոն մեքենայով կամ համապատասխան մասնագիտացված ծառայության ուժերով: Մաքսատունը մաքսային սահմանով արժութային արժեքների անցկացման ժամանակային սահմանափակման առկայության դեպքում իրականացնում է ստուգման և ձևակերպման անհրաժեշտ գործողություններ:
3.7. Ինկասացիոն պայուսակի ստուգումն իրականացվում է մաքսատան կողմից սահմանված տեղում, մաքսատան աշխատակցի (աշխատակիցների) կողմից, բանկի կամ ինկասացիոն ծառայության ներկայացուցչի և ուղեկցողի (ինկասատորի) ներկայությամբ:
Ինկասացիոն պայուսակի ստուգումն իրականացվում է մաքսատան և բանկի կամ վարկային կազմակերպության (կամ ինկասացիոն ծառայության) կապարակնիքով:
3.9. Լրացված բեռնամաքսային հայտարարագրի 2-րդ օրինակը (թերթիկը) վերադարձվում է հայտարարատուին` բանկի կամ վարկային կազմակերպության (կամ ինկասացիոն ծառայության) լիազորված ներկայացուցչին:
3.10. Սույն կարգից բխող կանոնների վերաբերյալ տեղեկությունները փակցվում են մաքսատանը` տեսանելի վայրում:
----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - Կարգում «3.8» կետ չկա