(ուժը կորցրել է 04.04.2024 թիվ 477-Ն որոշում)
i
040.1192.010904
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 օգոստոսի 2004 թվականի N 1192-Ն
i
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքն օգտագործման տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի օգոստոսի 19-ի
N 1192-Ն որոշման
ԿԱՐԳ
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Սույն կարգով սահմանվում է երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքն օգտագործման տրամադրելու (բացի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումից) կարգը:
2. Ընդերքը երկրաբանական ուսումնասիրության է տրամադրվում Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
3. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքի օգտագործման իրավունքը (այսուհետ` ընդերքօգտագործման իրավունք) դադարեցվում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով և կարգով:
i
4. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները գրանցվում և հաշվառվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունում (այսուհետ` լիազոր մարմին)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1055-Ն որոշմամբ սահմանված կարգով:
II. ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ` ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ
5. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվում է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցումից հետո:
6. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված ընդերքօգտագործման իրավունքն ստանալու համար ընդերքօգտագործողը լիազոր մարմին է ներկայացնում դիմում:
Դիմումին կից ներկայացվում են`
ա) անձնագրի տվյալները, եթե դիմումատուն ֆիզիկական անձ է.
բ) պետական ռեգիստրի վկայականի և կանոնադրության պատճենները, եթե դիմումատուն իրավաբանական անձ է.
գ) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախագիծը (այսուհետ` նախագիծ), որում նշվում են իրականացվող ուսումնասիրության աշխատանքների ձևը, նպատակը, մեթոդիկան և ժամկետները, և ուսումնասիրվող տեղամասի տեղադիրքը` 1:50000 մասշտաբից ոչ փոքր տոպոհիմքի վրա, երկրաբանական քարտեզը` իր կտրվածքներով (բացառությամբ երկրաբանական հանույթի և քարտեզագրման աշխատանքների):
7. Դիմումի գրանցումից հետո 10-օրյա ժամկետում այն ենթակա է քննարկման, և դրական եզրակացության դեպքում ներկայացված ուսումնասիրության աշխատանքները լիազոր մարմնի կողմից ստանում են պետական գրանցում:
8. Լիազոր մարմինը եզրակացության հիման վրա որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է դիմումատուին:
9. Լիազոր մարմինը մերժում է դիմումը, եթե`
ա) դիմումատուն ընդերքօգտագործման առնչությամբ ունեցել է կամ ունի պայմանագրային պարտավորությունների խախտում և այն չի վերացրել,
բ) ընդերքի այն տեղամասը կամ դրա մի մասը, որի համար նա դիմել է, հատկացված է այլ ընդերքօգտագործողի,
գ) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, և լիազոր մարմնի կողմից դրա մասին տեղեկացումից (ծանուցումից) հետո դիմումատուն մեկամսյա ժամկետում չի վերացնում նշված թերությունները:
III. ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ` ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
i
10. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվում է նախագծի և պայմանագրի հիման վրա:
i
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 893-Ն որոշմամբ հաստատված հատուկ ցանկում ընդգրկված աշխատանքներն իրականացնելիս, ինչպես նաև այն դեպքերում, երբ անհրաժեշտ է լեռնային փորվածքների և հորատանցքերի անցում, ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվում է լիազոր մարմնի և ընդերքօգտագործողի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
IV. ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ` ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ
i
12. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվում է համաձայնության հիման վրա:
13. Ընդերքօգտագործողը համաձայնություն ստանալու համար լիազոր մարմին է ներկայացնում դիմում:
Դիմումին կից ներկայացվում են`
ա) անձնագրի տվյալները, եթե դիմումատուն ֆիզիկական անձ է,
բ) պետական ռեգիստրի վկայականի և կանոնադրության պատճենները, եթե դիմումատուն իրավաբանական անձ է,
գ) տեղամասի տեղադիրքը` 1:50000 մասշտաբից ոչ փոքր տոպոհիմքի վրա, և տեղեկատվություն իրականացվող աշխատանքների ձևի, նպատակի ու ժամկետների մասին:
14. Երկրաբանական հավաքածուների ստեղծման նպատակով կատարվող աշխատանքների դեպքում դիմումում պետք է նշվի հավաքվող երկրաբանական նյութի (ապար, միներալ, բրածո, նմուշ) քանակը:
15. Ելնելով հավաքածուների ստեղծման աշխատանքների ձևից և նպատակներից` լիազոր մարմինը կարող է սահմանել հավաքվող նյութի թույլատրելի չափաքանակը:
16. Դիմումի գրանցումից հետո 10-օրյա ժամկետում այն ենթակա է քննարկման, և դրական եզրակացության դեպքում լիազոր մարմինը տալիս է հայցվող աշխատանքների իրականացման համաձայնությունը` համաձայն ձևի:
17. Լիազոր մարմինը եզրակացության հիման վրա որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է դիմումատուին:
18. Լիազորված մարմինը մերժում է դիմումը, եթե`
ա) դիմումատուն ընդերքօգտագործման առնչությամբ ունեցել է կամ ունի պայմանագրային պարտավորությունների խախտում և այն չի վերացրել,
բ) ընդերքի այն տեղամասը կամ դրա մի մասը, որի համար նա դիմել է, հատկացված է այլ ընդերքօգտագործողի,
գ) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, և լիազոր մարմնի կողմից դրա մասին տեղեկացումից (ծանուցումից) հետո դիմումատուն մեկամսյա ժամկետում չի վերացնում նշված թերությունները:
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇԱԿԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ (ՏԵՂԱՄԱՍՈՒՄ) ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը տալիս է իր համաձայնությունը` ________________________________________________________
(տեղամասի անվանումը, տեղադիրքը, մարզը,
__________________________________________________________________________
հեռավորությունը մոտակա բնակավայրից (բնակավայրերից), տարածքի մակերեսը)
__________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ___________ -ի կողմից մինչև ___ ________ 200 թ. ժամանակահատվածը ________ հայրանունը)
__________________________________________________________________________
_______________________ ուսումնասիրություններ կատարելու նպատակով:
Պաշտոնատար անձի ___________________ _____________________________
(ստորագրությունը) (ազգանունը, անունը)
_____________________________
(զբաղեցրած պաշտոնը)
____ ___________ 200 թ.
Կ.Տ.