010.0218.121209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2009 թվականի նոյեմբերի 17-ին
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ և 7-րդ մասերով.
«3.1. Քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայությունը (այսուհետ` քաղաքացիական հատուկ ծառայություն) պետական ծառայության տեսակ է:
Քաղաքացիական հատուկ ծառայությունը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն է` ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քրեակատարողական ծառայությանը վերապահված առանձին խնդիրների և գործառույթների իրականացմանը:
Քրեակատարողական ծառայության խնդիրների և պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության կարող են անցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:»:
«7. Քրեակատարողական ծառայողի և քաղաքացիական ծառայողի զինվորական հաշվառումն իրականացնում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Քրեակատարողական ծառայողների և քաղաքացիական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե քրեակատարողական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում`
i
1) 2-րդ կետը «քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ,» բառերից հետո լրացնել «քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ,» բառերով.
2) 3-րդ կետից հանել «քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ,» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 10-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասը «-արդարադատության գեներալ-մայոր,» տողից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«- արդարադատության գեներալ-լեյտենանտ,».
2) 2-րդ մասի «գեներալ-մայոր կոչումը» բառերը փոխարինել «գեներալ-լեյտենանտ և գեներալ-մայոր կոչումները» բառերով.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Քրեակատարողական ծառայության պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների կոչումները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով և սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի, շնորհում է քրեակատարողական վարչության պետը:
Քրեակատարողական հիմնարկի կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողներին կոչումներ շնորհում է քրեակատարողական հիմնարկի պետը:»:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 11-րդ հոդվածի 1-5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ`
ա. քրեակատարողական վարչության պետ` արդարադատության գեներալ-լեյտենանտ,
բ. քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ, քրեակատարողական վարչության պետի տեղակալ` արդարադատության գեներալ-մայոր.
2) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ`
ա. քրեակատարողական հիմնարկի պետ, քրեակատարողական վարչության բաժնի պետ` արդարադատության գնդապետ,
բ. քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, քրեակատարողական վարչության բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական վարչության բաժանմունքի պետ` արդարադատության փոխգնդապետ.
3) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններ`
ա. քրեակատարողական վարչության գլխավոր մասնագետ, քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ, քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ` արդարադատության փոխգնդապետ,
բ. քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետ, քրեակատարողական հիմնարկի խմբի ղեկավար, քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ` արդարադատության մայոր.
4) քրեակատարողական ծառայության միջին խմբի պաշտոններ`
ա. քրեակատարողական վարչության առաջատար մասնագետ, քրեակատարողական վարչության առաջին կարգի մասնագետ, քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ` արդարադատության մայոր.
5) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ`
ա. քրեակատարողական վարչության երկրորդ կարգի մասնագետ, քրեակատարողական վարչության երրորդ կարգի մասնագետ, քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ, քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մասնագետ` արդարադատության ավագ ենթասպա,
բ. քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ` արդարադատության ենթասպա:»:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների համապատասխանությունը քրեակատարողական ծառայության կոչումներին, ինչպես նաև դրանք շնորհելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Դասային աստիճանների և քրեակատարողական ծառայության կոչումների համապատասխանությունը հաշվի է առնվում քաղաքացիական ծառայողին սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված պաշտոնների նշանակելիս կամ քրեակատարողական ծառայողին սույն օրենքի 51.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնների նշանակելիս:»:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 14-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) դիմելու պահին նրա 30 տարեկանը չի լրացել, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի:».
2) 4-րդ մասի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով.
«6) դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից.
7) դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը`
i
1) «միջին և» բառերից հետո լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Քրեակատարողական հիմնարկի կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին նշանակում, տվյալ քրեակատարողական հիմնարկում այլ պաշտոնի փոխադրում և պաշտոնից ազատում է քրեակատարողական հիմնարկի պետը:»:
i
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասում «ուղեգրել» բառը փոխարինել «գործուղել» բառով, իսկ «ուղեգրված» բառը` «գործուղված» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում «5 տարին մեկ» բառերը փոխարինել «3 տարին մեկ և հատուկ ուսուցման` առնվազն տարին մեկ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 21-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասի`
ա. առաջին պարբերությունը «պայմանավորված» բառից հետո լրացնել «կամ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում» բառերով,
բ. 1-ին կետը «մեկ տարի» բառերից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` նվազագույնը երեք և առավելագույնը 5 տարի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Քրեակատարողական հիմնարկների պետերի պարտադիր ռոտացիան քրեակատարողական վարչության պետի առաջարկությամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»:
i
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը «եկամուտների» բառից առաջ լրացնել «օրենքով նախատեսված դեպքում» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 25-րդ հոդվածի երկրորդ պարբերության 4-րդ կետից հանել «, ինչպես նաև քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Քրեակատարողական վարչության պետը`
1) ղեկավարում և հսկում է քրեակատարողական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության գործունեությունը.
2) ապահովում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների և ցուցումների կատարումը.
3) ընդունում է քրեակատարողական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս է ցուցումներ, անհրաժեշտության դեպքում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ կամ ուժեղացված ծառայություն.
4) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ծառայության կառուցվածքի, իր տեղակալների միջև պարտականությունների բաշխման, քրեակատարողական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում նշանակելու կամ պաշտոնից ազատելու վերաբերյալ.
5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում քաղաքացիական ծառայողների պաշտոնի անձնագրերը.
6) իր իրավասությունների շրջանակներում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքացիական ծառայողներին.
7) շնորհում է քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճաններ, բացառությամբ սույն օրենքի 51.4-րդ հոդվածով նախատեսված դեպքերի.
8) միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` քրեակատարողական ծառայողներին և քաղաքացիական ծառայողներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.
9) քննարկում է քրեակատարողական ծառայողների և քաղաքացիական ծառայողների նկատմամբ բերված բողոքները.
10) վերացնում է քրեակատարողական ծառայողների և քաղաքացիական ծառայողների անօրինական հրամանները և ցուցումները.
11) նշանակում և անցկացնում է ծառայողական քննություններ.
12) իր իրավասության սահմաններում խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում քրեակատարողական ծառայողներին, քաղաքացիական ծառայողներին և քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարձու աշխատողներին.
13) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել իր կողմից պաշտոնում նշանակված քրեակատարողական ծառայողի կամ քաղաքացիական ծառայողի լիազորությունները.
14) իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով, ինչպես նաև քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:»:
i
ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 29-րդ հոդվածում`
i
1) 3-րդ մասի աղյուսակ 1-ի`
ա. 2-րդ կետը «քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ» բառերից հետո լրացնել «, քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ» բառերով,
բ. 3-րդ կետից հանել «քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ» բառերը.
2) 7-րդ մասի աղյուսակը «Արդարադատության գեներալ-մայոր» տողից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
Արդարադատության գեներալ-լեյտենանտ |
2.6 |
i
ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «, ստեղծագործական և բուժական» բառերը փոխարինել «և ստեղծագործական» բառերով:
ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 35-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով.
«4.1) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը.».
2) 3-րդ և 5-րդ մասերի «4-րդ կետով» բառերը փոխարինել «4-րդ և 4.1-րդ կետերով» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նաև քրեակատարողական վարչության պետը: Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժը քրեակատարողական վարչության պետը կարող է կիրառել միայն իր կողմից պաշտոնում նշանակված քրեակատարողական ծառայողների նկատմամբ:»:
i
ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.
«1.1. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե մեկ տարուց ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից:»:
i
ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 39-րդ հոդվածում 1-ին մասի 9-րդ կետի «սահմանված կարգով» բառերը փոխարինել «նախատեսված դեպքում» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 22. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Քրեակատարողական ծառայողների համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնողների համար 50 տարեկանը, միջին և առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնողների համար` 55 տարեկանը, գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնողների համար` 60 տարեկանը, իսկ բարձրագույն խմբերի պաշտոններ զբաղեցնողների համար` 65 տարեկանը:»:
ՀՈԴՎԱԾ 23. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-րդ գլխով.
i
«ԳԼՈՒԽ 14.1 ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 51.1. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոնն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:
2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ.
2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ.
3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ.
4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններ:
3. Քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի: Քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է: Քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն խումբը ենթախմբերի չի դասակարգվում:
4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ:
ՀՈԴՎԱԾ 51.2. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
1. Քաղաքացիական ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.
1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան.
2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնների`
ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան,
գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.
3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների`
ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան,
բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,
գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.
4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոնների`
ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,
բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան,
գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:
2. Բարձրագույն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի, շնորհում է քրեակատարողական վարչության պետը:
4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի (բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնի) նշանակման հետ միաժամանակ քաղաքացիական ծառայողին շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան կամ ավելի բարձր դասային աստիճան:
5. Քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան (բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն դասային աստիճանի) շնորհվում է համապատասխան դասային աստիճանն ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի, և ոչ ուշ, քան հինգ տարի հետո:
6. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն (բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնի) առաջին անգամ զբաղեցնող անձին քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:
7. Սույն օրենքի 51.27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 17-րդ և 19-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվելու հետ միաժամանակ քաղաքացիական ծառայողը զրկվում է քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանից` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:
ՀՈԴՎԱԾ 51.3. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼԸ (ՓՈՓՈԽԵԼԸ)
1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ:
2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների հաստիքացուցակը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հաստատում (փոփոխում) է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելուց (փոփոխելուց) հետո` 15-օրյա ժամկետում:
3. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
ՀՈԴՎԱԾ 51.4. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ
1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում (փոփոխում) է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա:
2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.
1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ` բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական հատուկ ծառայության ստաժ և քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.
2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ` բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական հատուկ ծառայության ստաժ և քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.
3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ` բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններ` առանց աշխատանքային ստաժի:
3. Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաև աշխատանքային ստաժի և փորձի հետևյալ չափանիշները.
1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ.
2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերով կարող են նախատեսվել նաև այլ չափանիշներ:
5. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագիրը կարող է փոփոխվել, եթե դա տվյալ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար չի առաջացնում այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստման արդյունքով:
ՀՈԴՎԱԾ 51.5. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ
Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած այն քաղաքացին, որը բավարարում է սույն օրենքի 51.4-րդ հոդվածի պահանջները:
ՀՈԴՎԱԾ 51.6. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԸ
Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է պետական կամ համայնքային ծառայության որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքով սահմանված կարգի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն:
ՀՈԴՎԱԾ 51.7. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ
Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնը զբաղեցվում է արտամրցութային կարգով կամ մրցույթով:
ՀՈԴՎԱԾ 51.8. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ
Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում առնվազն մեկամսյա ժամկետում` մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակելու`
1) այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ`
ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,
բ. համարվում է քաղաքացիական հատուկ ծառայության միևնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու է քաղաքացիական հատուկ ծառայության իր զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ կամ 2-րդ ենթախմբերի պաշտոն,
գ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն.
2) սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձին կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ`
ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,
բ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:
ՀՈԴՎԱԾ 51.9. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԸ
1. Նոր ստեղծված քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում (բացառությամբ սույն օրենքի 51.24-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր թափուր պաշտոնների), ինչպես նաև քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններում սույն օրենքի 51.8-րդ հոդվածով և 51.24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում նշանակումներ չկատարվելու դեպքերում այդ պաշտոնները զբաղեցվում են մրցույթով:
2. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է քրեակատարողական վարչության համապատասխան ստորաբաժանումը:
3. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:
4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 51.5-րդ հոդվածով և 51.28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 51.6-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
5. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:
6. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:
7. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:
8. Թեստերը կազմվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով` համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.
2) քաղաքացիական հատուկ ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն.
3) քրեական, քրեադատավարական և քրեակատարողական ոլորտը կանոնակարգող օրենսդրություն.
4) համապատասխան պետական մարմնի իրավասությունը կանոնակարգող, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականություններին վերաբերող պահանջները սահմանող օրենսդրություն (մասնագիտական հարցեր):
9. Համակարգչում զետեղված հարցաշարը ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ պետք է հրապարակվի:
10. Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան:
11. Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով:
12. Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:
13. Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
14. Մրցութային հանձնաժողովը հարցազրույցի արդյունքի հիման վրա յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
15. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքով հավաքել են մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:
16. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը:
17. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո այդ արդյունքները կարող են մասնակցի (իր արդյունքների մասով) կամ մրցութային հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել:
18. Գրավոր բողոքի քննության ժամանակ ուսումնասիրվում են մասնակցի տված պատասխանները, դրանց վերաբերյալ մրցութային հանձնաժողովի գնահատականները (դրանց ճիշտ կամ սխալ լինելը)` դրանք համադրելով քվեարկության արդյունքների հետ և որոշելով տվյալ մասնակցի` մրցույթի արդյունքով հաղթող ճանաչվելու հարցը:
19. Բողոքի վերաբերյալ ընդունված որոշումը հրապարակվում է դա ընդունվելուց հետո` նույն օրը:
20. Գրավոր բողոք ներկայացնելու, դա քննության առնելու և որոշում կայացնելու կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
21. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո գրավոր բողոքի բացակայության դեպքում մրցութային հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:
22. Գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն հոդվածի 21-րդ մասով նախատեսված կարգով, եզրակացության հետ ուղարկվում է նաև սույն հոդվածի 18-րդ մասով նախատեսված որոշումը` դա ստանալուց անմիջապես հետո:
23. Եթե մրցույթի արդյունքով մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքով չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, կամ համապատասխան մարմնի ղեկավարը սույն հոդվածի 18-րդ մասով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթում հաղթող չճանաչելու մասին որոշում, ապա անցկացվում է նոր մրցույթ:
24. Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:
25. Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով:
26. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ:
27. Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:
28. Նոր մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:
29. Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:
30. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքով հաղթող չի ճանաչվում, ապա քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:
31. Մրցույթի հետ կապված և սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:
ՀՈԴՎԱԾ 51.10. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակվող անձն անփոփոխելի է:
2. Քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
3. Քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է քրեակատարողական վարչության պետը:
4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 51.11. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԻՍ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՈՒՄԸ
1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է հանդիսավոր պայմաններում իրեն պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցիչների ներկայությամբ տրված հետևյալ երդմամբ.
«Ես` (անուն, ազգանուն, հայրանուն), ստանձնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը, երդվում եմ. անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններս և պահպանել պետական ու ծառայողական գաղտնիքը»:
2. Երդումը տրվում է անհատական կարգով` յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:
3. Քաղաքացիական ծառայողն ստորագրում է երդման իր ընթերցած տեքստը, որը կցվում է նրա անձնական գործին:
ՀՈԴՎԱԾ 51.12. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱԺԸ
1. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը ներառում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելը քրեակատարողական ծառայության, ինչպես նաև այլ պետական մարմիններում քաղաքացիական կամ քաղաքացիական հատուկ ծառայության, քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու և քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ողջ ժամանակահատվածը:
2. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը չի ներառում սույն հոդվածի 1-ին մասում նշված` օրենքով սահմանված կարգի խախտմամբ աշխատած ժամանակահատվածի ստաժը:
3. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը հաշվարկվում է քաղաքացիական ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում:
4. Սույն օրենքի 51.27-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հավասարեցվում է քաղաքացիական հատուկ ծառայության ստաժին:
5. Քաղաքացիական հատուկ ծառայությունում ժամանակահատվածը համարվում է քրեակատարողական ծառայությունում ծառայության ստաժ և հաշվի է առնվում քաղաքացիական ծառայողին սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված պաշտոնների նշանակելիս:
ՀՈԴՎԱԾ 51.13. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ
1. Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության և ծննդաբերության արձակուրդի, մինչև քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, սույն օրենքի 51.15-րդ հոդվածի 7-րդ մասով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է`
1) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից մինչև վեց ամիս ժամկետով կամ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու եղանակով սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձանց կողմից, բացառությամբ հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն օրենքի 51.15-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործուղման դեպքերի: Այդ ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության կամ սույն կետով նախատեսված մյուս դեպքերում մեկշաբաթյա ժամկետում.
2) քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում հաշվի առնելով սույն օրենքի 51.5-րդ հոդվածի, 51.19-րդ հոդվածի 3-րդ մասի և 51.28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:
2. Չի թույլատրվում սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա` այդ պաշտոնից սույն օրենքի 51.27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ և 19-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու հետևանքով:
ՀՈԴՎԱԾ 51.14. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ
1. Յուրաքանչյուր տարի քաղաքացիական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:
2. Քաղաքացիական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:
3. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:
4. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա:
5. Ատեստավորումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի անմիջական մասնակցությամբ:
6. Ատեստավորման ենթակա չեն`
1) տվյալ պաշտոնը երեք տարուց պակաս ժամկետով զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:
7. Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:
8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
9. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը չի տարածվում սույն օրենքի 51.8-րդ և 51.24-րդ հոդվածներով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:
10. Ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
11. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է քաղաքացիական ծառայողի ծառայողական բնութագիրը:
12. Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քաղաքացիական ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին յուրաքանչյուր կիսամյակ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:
13. Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ատեստավորման արդյունքով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (հայեցողական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում` հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակահատվածի երկու երրորդից ավելին, ապա քաղաքացիական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:
14. Քաղաքացիական ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:
15. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քաղաքացիական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:
16. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով.
1) փաստաթղթային.
2) թեստավորման և հարցազրույցի:
17. Այն քաղաքացիական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված առավելագույն քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:
18. Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
19. Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն հոդվածի 20-րդ մասի 1-ին կետի որոշումը, որը հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն հոդվածի 20-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը:
20. Փաստաթղթային ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:
21. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն քաղաքացիական ծառայողները`
1) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.
2) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 20-րդ մասի 2-րդ կետում նշված որոշումը:
22. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:
23. Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է ատեստավորման հանձնաժողովը` սույն օրենքի 51.9-րդ հոդվածով սահմանված կարգով:
24. Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
25. Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն հոդվածի 24-րդ մասի 1-ին կետի որոշումը, որը հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն հոդվածի 24-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը:
26. Ատեստավորման հանձնաժողովի որոշումը պարտադիր է քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համար, բացառությամբ ատեստավորման հանձնաժողովի որոշման բողոքարկման դեպքերի:
27. Քաղաքացիական ծառայողը, ինչպես նաև ատեստավորման հանձնաժողովի անդամն իրավունք ունեն ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և բողոքարկելու դրանք սույն օրենքի 51.9-րդ հոդվածով սահմանված կարգով:
28. Ատեստավորման արդյունքները, սույն օրենքի 51.9-րդ հոդվածի 21-րդ և 23-րդ մասերով սահմանված կարգով եռօրյա ժամկետում ներկայացվում են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որը քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու արդյունքի դեպքում ընդունում է նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում:
29. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը սույն հոդվածի 28-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:
30. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու ժամանակ սույն հոդվածի 28-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է նրա` աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:
31. Ատեստավորման հետ կապված և սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:
ՀՈԴՎԱԾ 51.15. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂՈՒՄԸ
1. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:
2. Վերապատրաստումն անցկացվում է նաև քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման որոշակի պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում` քաղաքացիական ծառայողի կամ քրեակատարողական վարչության պետի նախաձեռնությամբ:
3. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է քրեակատարողական վարչության պետի հայտի հիման վրա:
4. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատած ծրագրերով:
5. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
6. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղումն իրականացնում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում պահպանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը և ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ:
8. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
ՀՈԴՎԱԾ 51.16. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ
1. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը վարում է քրեակատարողական վարչությունը:
2. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 51.27-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 7-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված անձինք.
2) 20-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:
3. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:
4. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
ՀՈԴՎԱԾ 51.17. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
1. Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքներն են`
1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.
2) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.
3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.
4) սահմանված կարգով որոշումներ ընդունելը.
5) սահմանված կարգով և դեպքերում ծառայողական քննություն անցկացնել պահանջելը.
6) աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանությունը, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.
7) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.
8) իրավական պաշտպանությունը, այդ թվում` քաղաքական հետապնդումներից.
9) քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանի սահմանված կարգով բարձրացումը.
10) պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.
11) մրցույթի և ատեստավորման արդյունքները բողոքարկելը, այդ թվում` դատական կարգով.
12) քաղաքացիական հատուկ ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննությանը մասնակցելը և առաջարկություններ ներկայացնելը:
2. Քաղաքացիական ծառայողն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:
ՀՈԴՎԱԾ 51.18. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականություններն են`
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.
2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ ներկայացնելը.
4) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց սահմանված կարգով տված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը.
5) օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելը.
6) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.
7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը նաև ծառայությունը դադարեցնելուց հետո.
8) օրենքով նախատեսված դեպքում իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը.
9) սահմանված կարգով և ժամկետներում մասնակցել ատեստավորմանը և վերապատրաստմանը:
2. Քաղաքացիական ծառայողն ունի նաև սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ պարտականություններ:
ՀՈԴՎԱԾ 51.19. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
1. Քաղաքացիական ծառայողն իրավունք չունի`
1) կատարելու այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և բուժական աշխատանքից.
2) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.
3) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը ծառայության մեջ է, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.
4) իրականացնելու քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումներ` իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական միավորումների (այդ թվում` կրոնական) շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու.
5) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.
7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
8) որպես պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքելու սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, քաղաքացիական ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:
3. Քաղաքացիական ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:
ՀՈԴՎԱԾ 51.20. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
1. Քաղաքացիական ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք`
1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.
2) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են:
2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում քաղաքացիական ծառայողը պարտավոր է հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաստատում է հանձնարարականը, ապա քաղաքացիական ծառայողը պարտավոր է դա կատարել (բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության) և այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին: Քաղաքացիական ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած անձը:
ՀՈԴՎԱԾ 51.21. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
1. Պետությունը քաղաքացիական ծառայողի համար երաշխավորում է`
1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.
2) վարձատրություն, իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար հավելավճար և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ.
3) ամենամյա վճարովի արձակուրդ.
4) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը և դրա համար նախատեսված վարձատրությունը.
5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.
6) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում` նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, քաղաքացիական ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված` նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովում բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.
8) ծառայողական գործուղումների հետ կապված` տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում:
2. Քաղաքացիական ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:
ՀՈԴՎԱԾ 51.22. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Քաղաքացիական ծառայողի աշխատանքի վարձատրությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 51.23. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ
Քաղաքացիական ծառայողի սոցիալական (այդ թվում` կենսաթոշակային) ապահովությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 51.24. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ (ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ) ԺԱՄԱՆԱԿ
1. Քրեակատարողական ծառայության կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են կառուցվածքային փոփոխությամբ (անվանափոխությամբ) պայմանավորված հաստիքների կրճատմամբ: Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` քաղաքացիական հատուկ ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` քաղաքացիական հատուկ ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողին:
2. Քրեակատարողական ծառայության կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոնները զբաղեցվում են անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո` սույն օրենքի 51.8-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով և ժամկետում նշանակումներ չկատարելու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են սույն օրենքով նախատեսված մրցույթով:
ՀՈԴՎԱԾ 51.25. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.
1) շնորհակալության հայտարարում.
2) միանվագ դրամական պարգևատրում.
3) հուշանվերով պարգևատրում.
4) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.
5) կարգապահական տույժի հանում:
2. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաև օրենքով սահմանված խրախուսման այլ տեսակներ:
3. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
ՀՈԴՎԱԾ 51.26. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ
1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զբաղեցրած պաշտոնից ազատում.
4) քաղաքացիական հատուկ ծառայության ավելի բարձր դասային աստիճանի (բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն դասային աստիճանի) իջեցում` մեկ աստիճանով:
2. Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված քաղաքացիական ծառայողից: Բացատրություն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն: Բացատրություն տալուց հրաժարվելը հիմք չէ կարգապահական տույժ չկիրառելու համար:
3. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելը:
4. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե մեկ տարուց ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից:
5. Կարգապահական տույժը քաղաքացիական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:
6. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
7. Եթե քաղաքացիական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ ծառայող:
8. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
9. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
10. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո: Ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
11. Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչև մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել քաղաքացիական ծառայողի վարձատրության պահպանմամբ:
ՀՈԴՎԱԾ 51.27. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
1. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են`
1) անձնական դիմումը.
2) օրենքով սահմանված դեպքում իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.
3) սույն օրենքի 51.26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.
4) սույն օրենքի 51.26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը.
5) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը.
6) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքները.
7) հաստիքների կրճատումը.
8) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը` չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը.
9) քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական կամ քրեակատարողական ծառայության պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.
10) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.
11) սույն օրենքի 51.19-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.
12) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.
13) մեղադրական դատավճիռն ուժի մեջ մտնելը.
14) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը.
15) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.
16) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.
17) դատական կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.
18) սույն օրենքի 51.6-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.
19) սույն օրենքի 51.26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելը.
20) սույն օրենքի 51.24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում նշանակում չկատարելը.
21) սույն օրենքի 51.8-րդ հոդվածի հիմքով արտամրցութային կարգով քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնին նշանակվելը:
2. Քաղաքացիական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան դեպքում:
3. Քաղաքացիական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին մասի 2-21-րդ կետերով նախատեսված` պաշտոնից ազատման հիմքերից որևէ մեկը:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով քաղաքացիական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նախատեսված չէ:
ՀՈԴՎԱԾ 51.28. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԸ
1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ քաղաքացիական ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:
ՀՈԴՎԱԾ 51.29. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՂՈՔԱՐԿԵԼԸ
1. Քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատելու որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:
2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում քաղաքացիական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` հնգօրյա ժամկետում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:
ՀՈԴՎԱԾ 51.30. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթը և քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են համապատասխանաբար քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները:
2. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերում ներգրավվում են նաև գիտական կամ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
3. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, իսկ անհատական կազմերը` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
ՀՈԴՎԱԾ 51.31. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
1. Քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից կամ դատական կարգով:
2. Քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:»:
ՀՈԴՎԱԾ 24. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Սույն օրենքը, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 10-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ՀՈԴՎԱԾ 25. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ԸՆԴՈՒՆԵԼԸ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 26. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼԸ
Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը սահմանված կարգով ենթակա է հաստատման սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` տասներորդ ամսվա 1-ից:
ՀՈԴՎԱԾ 27. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԻՎԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼԸ
1. Քրեակատարողական ծառայության պաշտոնների հաստիքացուցակը, աշխատողների առավելագույն թիվը և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատումից հետո` մեկամսյա ժամկետում, սույն օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված կարգով ենթակա են հաստատման (փոփոխման):
2. Քրեակատարողական ծառայությունում հաստիքների կրճատման դեպքում աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքները և երաշխիքներն ապահովվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
ՀՈԴՎԱԾ 28. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
1. Քրեակատարողական ծառայությունում սույն օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված հաստիքացուցակի հաստատումից (փոփոխումից) հետո` երկամսյա ժամկետում, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում կարող են նշանակվել համապատասխան մարմնում ծառայություն անցնող այն անձինք, ովքեր դիմում են ներկայացրել քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելու համաձայնության վերաբերյալ:
2. Քրեակատարողական ծառայության ծառայողի կողմից գրավոր համաձայնություն չտալը արգելք է նրան քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակելու համար:
3. Քրեակատարողական ծառայության ծառայողների պաշտոնային խմբերի համապատասխանությունը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Քաղաքացիական հատուկ ծառայության և քրեակատարողական ծառայության պաշտոնային խմբերի համապատասխանությունը հաշվի է առնվում սույն օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված 51.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնների նշանակելիս:
ՀՈԴՎԱԾ 29. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ ՀԱՄԱՐԵԼԸ
1. Քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են քաղաքացիական ծառայողներ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` տասներեքերորդ ամսվա 1-ից:
2. Քրեակատարողական ծառայության աշխատողները սույն հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական ծառայողներ են համարվում` հաշվի առնելով սույն օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված 51.4-51.6-րդ հոդվածների, 51.19-րդ հոդվածի 3-րդ մասի և 51.29-րդ հոդվածի պահանջները:
3. Սույն հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական ծառայող համարված աշխատողներին քաղաքացիական հատուկ ծառայության առաջին համապատասխան դասային աստիճանը շնորհվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` տասներեքերորդ ամսվա 1-ին:
4. Քրեակատարողական ծառայությունում սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` տասներեքերորդ ամսվա 1-ից հետո, քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 30. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստումն անցկացվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` տասնչորսերորդ ամսվա 1-ից:
ՀՈԴՎԱԾ 31. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ
1. Քրեակատարողական ծառայությունում վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` տասնհինգերորդ ամսվա 1-ից:
2. Սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չի տարածվում սույն օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված 51.14-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի պահանջը:
ՀՈԴՎԱԾ 32. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
1. Քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների նշանակված անձանց սոցիալական այլ իրավունքները սահմանվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. Մինչև քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին համապատասխան օրենքի ընդունումը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված ծառայողները ստանում են վարձատրություն` քրեակատարողական ծառայության ծառայողների համար օրենսդրությամբ նախատեսված վարձատրության չափով:
ՀՈԴՎԱԾ 33. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂ ՀԱՄԱՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՇՆՈՐՀՎԱԾ ԴԱՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼԸ
Քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայող համարված անձանց նախկինում շնորհված դասային և հատուկ կոչումները (որակավորման դասերը) պահպանվում են դրանք շնորհելու համար հիմք համարվող իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում:
12 դեկտեմբերի 2009 թվականի
ՀՕ-218-Ն