Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱՅԱՆԵ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱՅԱՆԵ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐ ...

 

 

020.1163.160914

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱՅԱՆԵ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ ԵՎ 426.4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 16 սեպտեմբերի 2014թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմող` քաղաքացի Գ. Աշուղյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավա- բանական վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Գայանե Աշուղյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածի 4-րդ ենթակետի և 426.4-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Գ. Աշուղյանի` 2014 թվականի ապրիլի 4-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Դիմողի կողմից վիճարկվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածում կատարվել են մի շարք լրացումներ և փոփոխություններ (28.11.07 ՀՕ-270-Ն, 26.12.08 ՀՕ-237-Ն, 20.05.10 ՀՕ-96-Ն), որոնցից վերջինը` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-96-Ն օրենքով, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2010 թվականի մայիսի 20-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2010 թվականի հունիսի 14-ին և ուժի մեջ է մտել 2010 թվականի հուլիսի 3-ից: Իսկ դիմողի կողմից վիճարկվող մյուս` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածում կատարվել են մի շարք լրացումներ և փոփոխություններ (28.11.07 ՀՕ-270-Ն, 26.12.08 ՀՕ-237-Ն, 20.05.10 ՀՕ-96-Ն, 26.10.11 ՀՕ-270-Ն, 21.06.14 ՀՕ-87-Ն), որոնցից վերջինը` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՕ-87-Ն օրենքով, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2014 թվականի հունիսի 21-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2014 թվականի հուլիսի 17-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 2-ից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` սույն գործով վիճարկվող` «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք» վերտառությամբ 426.2-րդ հոդվածի 4-րդ ենթակետը սահմանում է.

«Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեն`

...

4) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները»:

i

Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` սույն գործով վիճարկվող` «Գործերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր հանգամանքների հետևանքով» վերտառությամբ 426.4-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է.

«3. Նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու համար բողոք կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին»:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Աշուղյանն ընդդեմ Հայաստանի» (գործի համարը` 33268/03) գործով 17.07.2008թ. վճիռն օրինական ուժի մեջ է մտել 01.12.2008թ. և 13.10.2010թ. հրապարակվել է ՀՀ պաշտոնական տեղեկագրի թիվ 50(784) համարում: Գայանե Աշուղյանը 11.01.2011թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 07.04.2003թ. և 09.04.2003թ. «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայելու պահանջով դատարան դիմելու պահանջի մասին դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Ի պատասխան նշված դիմումի` ՀՀ գլխավոր դատախազությունից ստացվել է 21.02.2011թ. թիվ 15-16-11 գրությունը: Դիմողի ներկայացուցիչները 07.03.2011թ. բողոք են ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով դատարանին, ի թիվս այլնի, պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազին դիմել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2003թ. և 09.04.2003թ. «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումների վերանայման վարույթ հարուցելու պահանջով: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր` 07.04.2011թ. որոշմամբ բողոքը մերժել է, գտնելով, որ. «... Գ. Աշուղյանի իրավունքներն ու ազատությունները ՀՀ գլխավոր դատախազի և դատախազության կողմից չեն խախտվել» և «... դիմողը ... լիարժեք հնարավորություն ու ժամանակ ուներ պաշտպանելու իր իրավունքները: Սակայն,..., ՄԻԵԴ-ի վճիռը ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում վերջինս դատարան չի դիմել, չի օգտվել իր իրավունքներից, իսկ բողոքարկման բաց թողած ժամկետը հարգելի համարելու հարցը սույն քննարկման արդյունքում լուծվել չի կարող: Նման պահանջ չի ներկայացվել»: Դատարանը նշել է նաև, որ. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 491 գլուխը ... նոր հանգամանքներով ՀՀ գլխավոր դատախազի վրա դատական ակտը բողոքարկելու պարտականություն չի դրել: ... իսկ այլ պաշտոնատար անձ, այդ թվում գլխավոր դատախազը նրա փոխարեն, նրա իրավունքների պաշտպանության լիազորությամբ օժտված չէ և նման պարտականություն օրենսդիրը նրա վրա չի դրել» և որպես նշվածի եզրահանգում` դատարանը գտել է. «... նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելը ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների հայեցողական իրավունքն է` ոչ թե պարտականությունը»:

Նշված որոշման դեմ դիմողի ներկայացուցիչները 22.04.2011թ. ներկայացրել են վերաքննիչ բողոք, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր` 28.04.2011թ. ԵԿԴ/0025/11/11 որոշմամբ վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառով: Նշված որոշման դեմ դիմողի ներկայացուցիչները ներկայացրել են վճռաբեկ բողոք, որը վճռաբեկ դատարանի` 24.05.2011թ. ԵԿԴ/0025/11/11 որոշմամբ վերադարձվել է: Դիմողի ներկայացուցիչները Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված որոշման դեմ ներկայացրել են վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր` 08.07.2011թ. ԵԿԴ/0033/15/11 որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը: Նշված որոշման դեմ դիմողի ներկայացուցիչները ներկայացրել են վճռաբեկ բողոք, որը վճռաբեկ դատարանի 22.08.2011թ. ԵԿԴ/0033/15/11 որոշմամբ վերադարձվել է:

i

Վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սահմանադրականությունը` Գայանե Աշուղյանը դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան, որի արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը 2012թ. հոկտեմբերի 16-ին կայացրել է ՍԴՈ-1052 որոշումը: 14.01.2013թ. դիմողի ներկայացուցիչները, մատնանշելով ՀՀ սահմանադրական դատարանի հիշյալ որոշումը` որպես նոր հանգամանք, ներկայացրել են վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի` 18.04.2013թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է, որոշվել է վերանայել նույն դատարանի 24.05.2011թ. և 22.08.2011թ. որոշումները, բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 28.04.2011թ., ինչպես նաև 08.07.2011թ. որոշումները և գործն ուղարկել նոր քննության:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր` 16.07.2013թ. գործ թիվ ԵԿԴ/0025/11/12 ԵԿԴ/0033/15/11 որոշմամբ մերժել է 22.04.2011թ. վերաքննիչ բողոքը` օրինական ուժի մեջ թողնելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2011թ. որոշումը` վերահաստատելով այն դիրքորոշումը, որ «... նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելը ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների հայեցողական իրավունքն է` ոչ թե պարտականությունը»:

Գայանե Աշուղյանի անունից ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 16.07.2013թ. թիվ ԵԿԴ/0025/11/12 ԵԿԴ/0033/15/11 որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը 03.10.2013թ. ընդունել է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում:

 

3. Դիմողը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ և 103-րդ հոդվածները, գտնում է, որ անհատական դիմումով վիճարկվող դրույթները ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտման փաստը ճանաչելու դեպքում անձանց` իրենց խախտված իրավունքները վերականգնելու` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով երաշխավորված իրավունքն ապահովելու նպատակով «...դատավարական օրենքներով պետք է երաշխավորվեն դատական ակտերի վերանայման ընթացակարգեր, այդ ընթացակարգերը պետք է իրական և կոնկրետ մարդկանց համար շոշափելի և օգտակար արդյունքներ տան», այլապես տեսական և ոչ իրական կլինեն անձի` ՀՀ սահմանադրական դատարան կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու` ՀՀ Սահմանադրության 101-րդ և 18-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները:

Դիմողը կարծում է, որ «... անձին պետք է դատավարական օրենքով տրամադրել կրկին դատարան դիմելու իրավունք` առանց ժամկետային սահմանափակման կամ դատախազին օժտել նման դիմումով դատարան դիմելու ոչ թե հայեցողական, այլ պոզիտիվ պարտականությամբ: Հակառակը պնդելը կնշանակի, որ պետությունը, տեղյակ լինելով քաղաքացու իրավունքներին ոչ իրավաչափ միջամտած լինելու, քրեական հետապնդում իրականացրած և դատապարտած լինելու և այդ հիմքով դատարանի իրավունքի մասին, բանեցնելով իր հայեցողությունը` ցուցաբերում է անգործություն»:

Վերլուծելով վիճարկվող նորմը` դիմողը եկել է այն եզրահանգման, որ դատախազի համար իրավախախտումից տուժողի իրավունքները վերականգնելու հայեցողական լիազորություն սահմանելը հանգեցնում է անձի` ՀՀ սահմանադրական դատարան կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավունքի խախտման և այդ իրավունքը ապահովելու` պետության պոզիտիվ պարտականությունը սահմանող սահմանադրական դրույթների խախտման:

Վերոնշյալի վերլուծության արդյունքում դիմողը համոզմունք է հայտնում, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածի 4-րդ ենթակետը և 426.4-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում են ՀՀ Սահմանադրության 3, 18, 19, 20, 21, 22, 101 և 103-րդ հոդվածներին:

 

4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ օրենսդրությամբ ներպետական դատական ատյաններում գործի վերանայման միջոցներ ձեռնարկելու համար որոշակի ժամկետի սահմանումը լիովին արդարացված է: Սա, ըստ պատասխանողի, նպատակ է հետապնդում անձի մոտ ձևավորելու իր իրավունքների պաշտպանության նկատմամբ հետևողական և պատասխանատու վերաբերմունք: Բացի դրանից, պատասխանող կողմը կարծում է, որ իրավունքների դատական պաշտպանության վերաբերյալ սահմանադրական սկզբունքի ապահովումը չի ենթադրում ընդհանրապես դատավարական ժամկետների բացառում և ժամանակի ու տարածության մեջ իրավունքների պաշտպանության բացարձակ հնարավորության ապահովում:

Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների համար նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով գործի վերանայման համար դատարան դիմելու հայեցողական լիազորություն նախատեսելու հանգամանքին` պատասխանողը գտնում է, որ նման կարգավորումն «արդարացված է այնքանով, որքանով նման կառուցակարգի առկայությունը խախտված իրավունքների վերականգնման ոչ թե հիմնական միջոցն է, այլ հավելյալ երաշխիք այն դեպքերի համար, երբ անձը ինքնուրույն չի իրականացնում խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված գործողություններ»:

Ամփոփելով իր դիրքորոշումները վիճարկվող դրույթների վերաբերյալ` պատասխանող կողմը հանգում է այն եզրակացության, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածի 4-րդ ենթակետը և 426.4-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

 

5. Սույն գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի` քաղաքացի Գ. Աշուղյանի կողմից սույն գործով սահմանադրական դատարան ներկայացված` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 07.04.2011թ., ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 16.07.2013թ. և ՀՀ վճռաբեկ դատարանի` 03.10.2013թ. որոշումներում վիճարկվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածի 4-րդ ենթակետի և 426.4-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները նրա նկատմամբ չեն կիրառվել, չնայած դրանցում անդրադարձ է կատարվել հիշյալ չկիրառված կարգավորումների իրավական բովանդակությանը:

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»:

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը նշված սահմանադրական դրույթին և դրա հիմքում ընկած կոնկրետ սահմանադրական վերահսկողության տրամաբանությանը համահունչ` սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները, այդ թվում օրենքի դրույթի` դիմողի նկատմամբ կիրառված լինելու պայմանը:

i

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի դրույթի կիրառում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը սահմանադրական դատարանը բացահայտել է իր` 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, մասնավորապես արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «... ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի` «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»:

i

Սահմանադրական դատարանն իր` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, ըստ որի` «... «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը` գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»:

i

ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատելով ՍԴՈ-751, ՍԴՈ-758, ՍԴՈ-767, ՍԴՈ-833, ՍԴՈ-935, ՍԴՈ-984, ՍԴՈ-1049, ՍԴՈ-1089 և ՍԴՈ-1114 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները նոր հանգամանքներով պայմանավորված դատական ակտը վերանայելու ինստիտուտի վերաբերյալ, միաժամանակ անհրաժեշտ է համարում փաստել, որ դիմողը կարող էր և ներկայումս նույնպես կարող է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնել դատարան` ներկայացնելով բաց թողնված եռամսյա ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32, 60, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Քաղաքացի Գայանե Աշուղյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածի 4-րդ ենթակետի և 426.4-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

16 սեպտեմբերի 2014 թվականի

ՍԴՈ-1163

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.09.2014
N ՍԴՈ-1163
Որոշում