Սեղմել Esc փակելու համար:
«ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության          Քաղաքացիական գործ թիվ 3-1511 (ՎԴ)

    քաղաքացիական գործերով                                     2006թ.

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 06-2308

Նախագահող դատավոր` Վ.Ավանեսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ            Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                             Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                             Է.ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                             Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2006 թվականի հոկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով դիմող Գրիգոր Զարգարյանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.06.2006 թվականի թիվ 06-2308 վճռի դեմ` ըստ Գրիգոր Զարգարյանի հայցի (այսուհետ` հայցվոր) ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` քաղաքապետարան)` Երևանի քաղաքապետի (այսուհետ` քաղաքապետ) որոշումը մասնակի անվավեր ճանաչելու, շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով, գնելու նախապատվության իրավունքով կադաստրային արժեքը վճարելու և սահմանված կարգով պետական գրանցման ենթարկելու պայմանով հողամասը հայցվորին վարձակալությամբ տրամադրված ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` հայցվորը խնդրել է մասնակի` հայցվոր Գրիգոր Զարգարյանի կողմից օգտագործվող 495,1 քմ. մակերեսով շինության օրինականացումը մերժելու մասով և նրա կողմից զբաղեցված 177 քմ. հողամասը հայցվորին վարձակալության իրավունքով չտրամադրելու մասով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 839-Ա որոշումը և ճանաչել հայցվորի սեփականության իրավունքը նշված շինության նկատմամբ, իսկ նշված հողամասը ճանաչել հայցվորին վարձակալությամբ տրամադրված` հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով, գնելու նախապատվության իրավունքով, դրա կադաստրային արժեքը վճարելու և սահմանված կարգով պետական գրանցման ենթարկելու պայմանով:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 17.02.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ նաև` դատարան) 06.06.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել հայցվոր Գրիգոր Զարգարյանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը:

Բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.06.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` քաղաքացիական նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ:

Խախտելով օրենսգրքի նշված պահանջը` դատարանը «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասին տվել է այնպիսի մեկնաբանություն, որից հետևում է, որ քաղաքապետի կողմից օրենքով սահմանված 30 օրացուցային օրում որոշում չկայացնելը հիմք է ոչ թե ինքնակամ կառույցի նկատմամբ շահագրգիռ անձի սեփականության իրավունքը ճանաչելու, իսկ հողամասը` նրան վարձակալությամբ տրամադրված ճանաչելու, այլ վերջինիս ընդամենը իրավունք է վերապահում դարձյալ հայցելու իրավասու մարմինների որոշումը: Նմանօրինակ մեկնաբանությունը հակասում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ պարբերության պահանջներին, որոնց համաձայն` քաղաքացիական իրավական նորմերի մեկնաբանությունը պետք է բոլոր դեպքերում համապատասխանի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետում շարադրված` քաղաքացիական օրենսդրության սկզբունքներին, որոնցից մեկը քաղաքացիական իրավունքների պաշտպանության ապահովման սկզբունքն է:

2) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածով սահմանված սեփականության անձեռնմխելիության իրավունքը:

«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով հայցվորը (դե յուրե) արդեն իսկ հանդիսացել է վիճելի գույքի սեփականատերը: ՈՒստի և նման պայմաններում քաղաքապետն այլևս իրավունք չի ունեցել նշված շինության և հողամասի նկատմամբ որևէ որոշում կայացնելու:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 11.01.2005 թվականին «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Գրիգոր Զարգարյանը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանմանը Երևանի Մարգարյան 2-րդ նրբանցք, 7-րդ շենքի դիմաց կառուցված ինքնակամ շինությունը չափագրելու և տվյալները քաղաքապետարան ուղարկելու մասին դիմումով:

2) 20.04.2005 թվականին Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է թիվ 839-Ա որոշումը, որով չի ճանաչվել հայցվորի սեփականության իրավունքը շինության նկատմամբ` մասամբ Երևանի քաղաքապետարանին պատկանող հասարակական շինության վրա գտնվելու պատճառով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով առաջացած իրավահարաբերության նկատմամբ կիրառելի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի տարածքային ստորաբաժանումները դիմումն ստանալու օրվանից 5 օրացուցային օրվա ընթացքում համայնքի վարչական սահմաններում համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին) են ներկայացնում ինքնակամ կառուցված շենքի, շինության կամ հողամասի հատակագիծը:

Համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը), իսկ համայնքի

վարչական տարածքից դուրս` համապատասխան մարզպետը 30 օրացուցային օրվա ընթացքում կայացնում է դիմումի մերժման կամ ինքնակամ կառուցված շենքի, շինության կամ ինքնակամ զբաղեցված հողամասի օրինականացման մասին որոշում:

Նշված ժամկետում որևէ որոշում չկայացվելու դեպքում ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները համարվում են օրինական, իսկ հողամասերը համարվում են տրամադրված վարձակալության իրավունքով, հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով, գնելու նախապատվության իրավունքով, դրանց կադաստրային արժեքը վճարելու պայմանով, իսկ դրանց նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման սահմանված կարգով:

Սույն գործով Երևանի քաղաքապետի որոշումը կայացվել է հայցվորի կողմից դիմելուց հետո 98-րդ օրը: «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության ուժով հայցվորի շինությունը համարվել է օրինական հայցվորի կողմից դիմելուց հետո 31-րդ օրացուցային օրը:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով: Տվյալ դեպքում սահմանված ժամկետի ավարտից հետո քաղաքապետի կայացրած որոշումը հակասում է «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությանը և հետևաբար ոչ իրավաչափ է:

 

2) վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության համաձայն` 30 օրացուցային օրվա ընթացքում սահմանված կարգով դիմումին չպատասխանելը հիմք է եղել դիմողի շինությունն օրինական համարվելու, այլ ոչ թե դրա նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման, ինչպես նշել է բողոք բերած անձը:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվոր Գրիգոր Զարգարյանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակի` Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 839-Ա որոշումը մասնակի անվավեր ճանաչելու մասով:

Շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով, գնելու նախապատվության իրավունքով, դրա կադաստրային արժեքը վճարելու և սահմանված կարգով պետական գրանցման ենթարկելու պայմանով հայցվորի կողմից զբաղեցված հողամասը հայցվորին վարձակալության իրավունքով տրամադրված ճանաչելու մասերով քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված ժամկետում քաղաքացու դիմումին չպատասխանելը հիմք է դիմողի շինությունն օրինական համարվելու, այլ ոչ թե դրա նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման համար: Միաժամանակ նույն հիմքով ծագել է նաև դիմողի` հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով, գնելու նախապատվության իրավունքով, հողի կադաստրային արժեքը վճարելու և սահմանված կարգով պետական գրանցման ենթարկելու պայմանով վարձակալության իրավունքով տրամադրված համարվելու իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված մասով բացակայում է վեճի առարկան (վեճը), որի պայմաններում նշված պահանջները ենթակա չեն դատարանում քննության:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.06.2006 թվականի վճռի` Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 839-Ա որոշումը մասնակի անվավեր ճանաչելու մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով, գնելու նախապատվության իրավունքով, դրա կադաստրային արժեքը վճարելու և սահմանված կարգով պետական գրանցման ենթարկելու պայմանով հայցվորի կողմից զբաղեցված հողամասը հայցվորին վարձակալության իրավունքով տրամադրված ճանաչելու մասերով քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ս.ԱՆՏՈՆՅԱՆ Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.10.2006
N 3-1511(ՎԴ)
Որոշում